Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` 2012-ի պետբյուջեի նախագծի ամենաբովանդակային ու ամենահավանական բնորոշումը ո՞րն է:
-Սոցիալականը, որովհետև ուղղվածությունը սոցիալական է, բազմաթիվ սոցիալական հարցեր ունենք դեռ լուծելու, և այդ դժվարությունները հաղթահարելուն պիտի ծառայեն նաև բյուջեում ներառված ծրագրերն ու ֆինանսները: Բյուջեն նաև տնտեսական զարգացման միտումներ ունի, բացի այդ` պիտի փորձենք հաղթահարել ճգնաժամի երկրորդ ալիքը: Կարծում եմ` խորհրդարանում դեռ բուռն քննարկումներ կլինեն, քաղաքական ուժերի ներկայացուցիչների տեսակետները շատ տարբեր են, հատկապես հարկային փաթեթի վերաբերյալ, հույս ունեմ, որ ընդհանուր հայտարարի կգանք ու կընդունենք 2012-ի պետական բյուջեի նախագիծը:
-Տարիներ շարունակ մեր բյուջեն սոցիալական է, ուրիշ հեռանկարներ մեր երկիրը չունի՞ , կենսաթոշակներ ու նպաստներ վճարելուց բացի:
-Կենսաթոշակներ ու նպաստներ, իհարկե, վճարվելու են, ցավոք, քիչ են ավելացումները: Սոցիալական ասելով` նկատի ունենք այն հարցերը, որոնք կապված են կոնկրետ սոցիալական շերտերի, հասարակության տնտեսական խնդիրների հետ: Եթե եվրոպական շատ երկրներում ուսանողներն այսօր էլ դուրս են գալիս փողոց ու իրենց բողոքն են արտահայտում կրթության ոլորտին հատկացվող ֆինանսների կրճատման դեմ, Հայաստանում այդպես չէ. ոչ միայն պահպանվել, այլև գիտության ոլորտում 7,5 տոկոսով ավելացել են հատկացումները: Ոլորտում նախատեսված բոլոր բարեփոխումներն ամրագրված են ֆինանսական հատկացումներով, ոչ մի ճյուղում նվազեցում չկա: Շատ եմ կարևորում գիտության ոլորտի ծրագրային ֆինանսավորումը, որովհետև խնդիրներն իսկապես շատ են ու կուտակված: Եթե ուզում ենք, որ գիտությունը մեր երկրում զարգանա, նորարարական մտածողությունն իր տեղն ունենա, անպայման պիտի պետականորեն խրախուսենք: Գիտությունը ոչ մի երկրում ինքնահոսի թողնված չի զարգանում, դժվար ու մեծ հատկացումներ պահանջող ոլորտ է, քննարկման ժամանակ նախարարն էլ դժգոհեց, որ տարեցտարի կրկնվում են հայտերը` միայն ամսաթիվը փոխելով: Փոխարենը նորարարական շատ ծրագրեր, հեռանկարային գաղափարներ մնում են օդի մեջ, ակնհայտորեն մեծ խնդիր է գիտության ոլորտի նպատակային ֆինանսավորումը, և, լուրջ վերահսկողության դեպքում, կարծում եմ, այդ գումարներն իրենց նպատակին կծառայեն:
-Գիտության ոլորտում դեռ ունե՞նք ուղեղների արտահոսքի խնդիր և, եթե այո, բյուջեի նախագծում այդ խնդրի լուծմանը նպաստող քայլեր կա՞ն:
-Հենց այդ խնդրի լուծմանն է ուղղված գիտության նպատակային ֆինանսավորումը։ Ես ճանաչում եմ փայլուն գիտնականների, որ երազում են հայրենիքում աշխատել, բայց պայմաններ չկան: Այս պահին մենք օրենսդրական ոչ մի լծակ չունենք որևէ գյուտի, հայտնագործության, գաղափարի վաճառքը կանխելու, յուրաքանչյուր գիտնական ազատ է իր գաղափարների կենսագործման վայրի ընտրության մեջ: Ես չեմ կասկածում ոչ մեկի հայրենասիրությանը, բայց ակնհայտ է, որ միայն հայրենասիրությունն այս պարագայում շատ քիչ է, հայրենիքում աշխատելու պայմաններ են պետք, մթնոլորտ: Ե՛վ գիտության, և՛ մշակույթի ոլորտի, և՛ շնորհալի երեխաների ապագան ապահովելու քաղաքականությունը պետք է ուղղված լինի արժեքավորի ու հեռանկարայինի զարգացմանը: Ամբողջ աշխարհում որևէ ոլորտի քաղաքականությունն ուղղված է լավագույնի պահպանությանն ու զարգացմանը: Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ բոլորը դժգոհում են կենսամակարդակի անկումից, աշխատանքի պակասից, կարծում եմ, առաջնահերթ պիտի ֆինանսավորվեն այն ճյուղերը, որտեղ զարգացում ենք տեսնում, որտեղ միտք կա, նորարարություն:
-Նույնը վերաբերում է և մշակույթի՞ն:
-Գոհունակությամբ պիտի ասեմ, որ մշակույթի ոլորտի ֆինանսավորումը 23,5 տոկոսով աճել է, որ ճգնաժամի պայմաններում իսկապես կարևոր է:
-Եվ ինչի՞ վրա են ծախսվելու ավելացված գումարները:
-Հիմնականում երեք շատ կարևոր հանգամանքների. 2012 թ. գրատպության 500-ամյակն է լրանում, բացի այդ, 2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակված և բազում միջոցառումներ են նախատեսված, և երրորդը` Օպերայի և բալետի ազգային թատրոնի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքերի տեխնիկական վերազինումն է, որ շատ վաղուց չի իրականացվել: Ավստրիական ընկերություններից մեկը հանձնառել է մեր ազգային հպարտությունը կազմող շենքի ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինումը, որին մոտ 3 միլիարդ դրամ է հատկացված: Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր գործ է, և պատշաճ ուշադրություն պիտի դարձվի, որ գումարը չփոշիացվի և ծառայի իր բուն նպատակին: Վեց տարվա նորոգումից հետո վերջերս շահագործման հանձնվեց Մոսկվայի Մեծ թատրոնը, 1 միլիարդ եվրոյի ներդրումը ոչ մասնագետների համար ի հայտ է բերում բարեհարմարություն ու շքեղություն, բայց արդեն իսկ հնչել են արտիստների դժգոհության ձայները` կապված գուցե մանրուքների` անտիկվար բռնակների, ջահերի փոխարինման հետ նորօրյա արտադրանքով, որ ապահովում էր թատերական անկրկնելի մթնոլորտ: Ավելացրեք անլուսամուտ գրիմանոցները, բալետի նորմերին չհամապատասխանող փորձասենյակները... Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն ֆինանսական, այլև մասնագիտական ուշադրություն պետք է դարձվի Թամանյանի նախագծած ու կառուցած թատրոնի շենքի պահպանությանն ու վերակառուցմանը, մշտապես պիտի հիշենք, որ դա շենքի շինարարություն չէ, այլ թատրոնի, ուր ամենափոքր ու աննշան մանրուքն էլ կարևոր է, և անպայման պետք է հաշվի առնվեն նրանց տեսակետներն ու կարծիքը, ովքեր այդ շենքում ոչ միայն աշխատում են, այլև, շատ ավելի դիպուկ ու բնորոշ բառով, ծառայում են արվեստին, հասարակությանը, հայրենիքին:
-Այսինքն` Դուք մշակութային ժառանգության պահպանման խնդիր եք դնում ընդհանրապես:
-Մշակութային ժառանգության պահպանությանը մոտ 360 միլիոն դրամ է հատկացված, որը իսկապես բավարար չէ, բայց նույնիսկ այդ գումարի շրջանակներում նորմալ վերահսկողության դեպքում հնարավոր է հուշարձանների իսկապես որակյալ պահպանություն իրականացնել: Ես միշտ ասել եմ, որ ավելի լավ է մշակութային կոթողին ձեռք չտալ, քան այնպես «վերականգնել», որ աղավաղվի: Իհարկե, դա ոչ միայն ֆինանս է պահանջում, այլև հոգատարություն, խնամք, գործիմացություն, պրոֆեսիոնալիզմ:
-Ինչպե՞ս է բյուջեի նախագիծը վերաբերվում թատրոնին:
-Թատերարվեստին հատկացված գումարները նույնությամբ պահպանվել են: Երևի թե ոչ մի պետություն այսքան պետական թատրոններ չունի: Արվեստագետները հաճախ են դժգոհում, բայց թատրոնների, մշակութային օջախների խնդիրն ակնհայտորեն ոչ թե գումարների սակավությունն է, այլ արդյունավետ կառավարման ապահովումը: Այն գումարները, որ հատկացվում են կոնկրետ որևէ թատրոնի կամ մշակութային օջախի, բավականին մեծ են, հազիվ թե մշակույթի նախարարությունը կամ որևէ կառույց դեմ լինի ճիշտ մենեջմենթին ու տնտեսավարմանը, պետք է վերահսկել, որ մարդիկ իրենց պարտականությունները կատարեն, որ տնօրենը տնօրեն լինի, ոչ թե փողերը ստացող ու անկապ բաշխող, որ մի լավ ներկայացման հետ 10 խոտան չբեմադրվի, ու գումարները չփոշիացվեն: Հանրության հոգևոր պահանջների բավարարումը պակաս կարևոր չէ սոցիալական պահանջների բավարարումից:
-Մեր մշակութային քաղաքականությունը բյուջեում արտահայտվա՞ծ է, ի՞նչն է կարևորված, ի՞նչն է շեշտադրված:
-Հոդվածներով, ուղղություններով` այո, բայց իրականում ավելի կարևոր է մարդկային գործոնը, որ բյուջեում չի կարող արտահայտված լինել: Ոլորտի ֆինանսավորմանն են ուղղվում և՛ բարերարների, և՛ տարբեր հիմնադրամների ու կազմակերպությունների գումարները, և հարցերի հարցը մնում է նույնը` ինչպես են գումարները ծախսվում: Ես կարծում եմ` աշխարհում չկա մի երկիր, որտեղ բյուջեի հատկացումներից գոհ լինեն, որովհետև, բնականաբար, ցանկանում են ավելին ունենալ ու ավելին անել:
-Մենք հեռուստատեսությունը շրջանցեցի՞նք:
-Վերջերս մամուլում լրատվություն կար, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր երեխաներին արգելում է հեռուստացույց նայել:
-Նրա՞նք էլ են հայկական հեռուստատեսություն որսում:
-Հեգնանքը հասկանում եմ, բայց նրանք էլ իրենց արգելելիքն ունեն հաստատ: Իրականում հեռուստատեսությունից եկող բացասական ազդակներն իրենց ազդեցությունն ունենում են մարդկանց բնավորության, մտածողության, վարքագծի վրա, մանավանդ երեխաների: Բացառվում է, որ 21-րդ դարում գրաքննություն լինի, բայց...
-Իսկ ինձ թվում է, որ գրաքննությունն անհրաժեշտ է, բայց ոչ քաղաքական, այլ գեղագիտական:
-ՀՌԱՀ-ը չափանիշներ ձևավորեց և հիմա ԱԺ-ից ակնկալում է օրենքով ամրագրում` ինչ չենք ուզում հեռուստատեսությամբ տեսնել, արգելել օրենքով:
-Դա անհեթեթ, անիրականանալի և մեխանիկական վերաբերմունք է: Հեռուստադիտողի համար բացարձակապես մեկ է` ով կանի և ինչպես, բայց նա ուզում է հեռուստացույց նայելիս ոռնոցից, ողբից, հայհոյանքից, ցինիզմից, սպանությունից, տավտոլոգիայից ու հնարովի կրքերից դուրս իսկական, օրինակելի ինչ-որ բան տեսնել, սովորել, հասկանալ: Առավել ևս, որ իրական կյանքը բոլորովին էլ այնպես չէ, ինչպես մեր հեռուստաալիքներն են տեսնում ու ցուցադրում:
-Ես էլ եմ կարծում, որ մեր կյանքն իսկապես ավելի լավն է, և կան սերիալներ, որ պատահաբար հանդիպելիս, հնարավոր արագությամբ փոխում եմ ալիքը: Ես կարծում եմ, որ դա մասնագիտական խնդիր է, որոշակի պաշտոններում գտնվող մարդիկ պիտի մեղքը չգցեն հեռուստադիտողի վրա, որովհետև երբ նման խնդիր է դրվում, անմիջապես պատճառաբանվում է` ինչ պահանջարկն է, այն էլ առաջարկն է։ Այդպես չէ, միշտ էլ պետք է հեռուստատեսությունը մի քայլ առաջ լինի, ներկայացնի ոչ միայն ինչ կա, այլև` ինչ պիտի լինի: Եվ ամենակարևորը` ճաշակի ու մտածողության, ազգային ու համամարդկային արժեքների ընկալման, արժեհամակարգի ու չափանիշի ձևավորման խնդիրն է, որից մեր հեռուստաալիքները, ցավոք, հեռու են: Խնդիրն այս պարագայում ամենևին էլ ֆինանսական չէ: Իհարկե, կան նաև դրական երևույթներ, օրինակ, լրատվական ծրագրերը, որ օրեցօր ավելի հագեցած, հետաքրքիր ու արագ են արձագանքում օրվա ու աշխարհի իրադարձություններին:
-2012-ի պետբյուջեի նախագծում արտահայտվա՞ծ են նախընտրական տարվա տրամադրությունները:
-Այնքան, որքան պահանջում են ընտրությունների կազմակերպման ու անցկացման ծախսերը:
-Իսկ չկա՞ն պոպուլիստական նախագծեր ու ծրագրեր, որոնց նպատակն ընտրողներին սիրաշահելն է:
-Բյուջեի նախագիծը, հաստատումից հետո` բյուջեն երկրի կենսապահովման գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է, այնքան կարևոր և այնքան լուրջ, որ պոպուլիստական նախագծերի ու ծրագրերի ուղղակի տեղ ու հնարավորություն չկա, առավել ևս չհաղթահարված ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ