38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՈՒՆԵՆԱԼՈՎ «ԹՈՒՅԼ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ` ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

«ՈՒՆԵՆԱԼՈՎ «ԹՈՒՅԼ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ` ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»
24.09.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` Արևիկ Պետրոսյանի հրաժարականը ինչո՞վ էր պայմանավորված, իրո՞ք նա այդքան վատ էր աշխատում իբրև ԱԺ փոխնախագահ:
-Արևիկ Պետրոսյանն այն եզակի պատգամավորներից է, որն իսկապես աշխատում է և խորհրդարանի օրենսդրական գործունեության շարժիչ ուժերից է: Մինչև ԱԺ պատգամավոր դառնալը նա աշխատանքային մեծ փորձ էր կուտակել որպես արդարադատության փոխնախարար, քաղծառայության խորհրդի անդամ, պրոֆեսիոնալ է և տիրապետում է պետական կառավարման համակարգի գաղտնիքներին ու աշխատանքի մեխանիզմներին, այդ փորձը շատ օգտակար է տարբեր ոլորտների օրինագծերի քննարկման ժամանակ: Ես չգիտեմ` ինչո՞վ էր նրա հրաժարականը պայմանավորված, բացատրությունը նախ և առաջ ԲՀԿ-ի և տիկին Պետրոսյանի խնդիրն է, բոլոր դեպքերում` համոզված եմ, որ որպես պատգամավոր նա կշարունակի իր նպաստը բերել խորհրդարանի օրենսդրական աշխատանքներին:
-Անկախության 19-րդ տարեդարձին կարո՞ղ ենք ասել, որ հասել ենք քաղաքական, տնտեսական, պատմամշակութային անկախության:
-Իսկապես մենք ունենք անկախ պետականություն, այլ խնդիր է, թե այդ անկախ պետականությունը մեր ցանկացած մոդելի հաստատման ճանապարհո՞վ է զարգանում: Հետանկախական շրջանի դժգոհությունը սխալմամբ ուղղորդվում է դեպի անկախությունը, որը որևէ մեղք չունի: Հայաստանի Հանրապետությունը պետականություն կառուցելու ճանապարհին գնաց ոչ թե դեպի ազգային պետություն ստեղծելու, այլ բոլորովին ուրիշ մոդելով: Հիմքում ազգայինն ունեցող պետությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով` հասարակության էլիտայի շտեմարանը ամբողջ ազգն է, ամբողջ ժողովուրդը: Զարգացած, ժողովրդավար պետությունների արդի քաղաքական համակարգը ձևավորվել է 200-250 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունների հետևանքով: Խոսքը Հոլանդիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի մասին է: Ազգային հեղափոխությունները այդ երկրներում հանգեցրին նոր հասարակարգի ձևավորմանը, որը մերժում էր ֆեոդալ խավի էլիտարությունը: Ի դեպ, այդ իշխող ֆեոդալ խավն իրեն շատ ավելի հոգեհարազատ էր զգում հարևան պետության իշխող խավին, քան սեփական ազգակիցներին: Ֆրանսիական հեղափոխության կարգախոսները իրականում ազգայնական կարգախոսներ էին` Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու պետության կառավարմանը, օգտվելու բոլոր սոցիալական բարիքներից, որոնցից նախկինում օգտվում էին ընտրյալները: Այսինքն` ազգային պետություն կառուցելն իր հերթին բերեց ժողովրդավարություն և սոցիալական արդարության համակարգ: Ազգերի ձևավորումը, ազգային պետությունների հիմնադրումն ընթացել են (և չէր կարող այլ կերպ լինել) ժողովրդավարական և սոցիալական արդարության գաղափարների զարգացմանն ու տարածմանը զուգահեռ, քանի որ ազգային պետության կառուցման հայեցակարգն ասում է. ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է բավարարի որոշակի ազգային չափորոշիչների, օգտվի հասարակական բարիքներից (խոսքն արժեքային համակարգի, կրթական մակարդակի, մշակութային արժեքների, առողջապահական և սոցիալական ծառայությունների մասին է) և այլն, և այլն... Հայաստանի Հանրապետությունը անկախություն ստանալուց հետո գնաց հակառակ ճանապարհով` գնաց դեպի ֆեոդալացում և հասարակությունը տարավ դեպի խիստ շերտավորում, Հայաստանում ձևավորվեց էլիտարացված մի խավ, որն իրականում օտարված է հասարակությունից և ազգային խնդիրներից: Նոր արժեքային համակարգը, հասարակության էլիտարացումը և տարբեր խավերի օտարացումը հանգեցրին մի իրավիճակի, որ չունենք զարգացած ժողովրդավար պետություններին բնորոշ հայտանիշեր` նորմալ ընտրություններ, անկախ դատարաններ, սոցիալական պաշտպանության համակարգ... Ազգային պետություն կառուցելը նախ և առաջ նշանակում է հասարակության յուրաքանչյուր անդամի դիտարկել որպես ընտրյալ խավի մաս, որն իրավունք ունի օգտվելու բոլոր իրավունքներից: Այսօրվա իշխող էլիտան բոլորովին այլ արժեքային համակարգով է ապրում:
-Այսինքն` մեր պետությունն անկախ է, բայց մեզնից` իր քաղաքացիներից, համենայն դեպս, իր քաղաքացիների ստվար զանգվածից: Ինչքա՞ն ժամանակ կամ ի՞նչ քայլեր են պետք, որ քաղաքացին հանդիպի իր պետությանը, պետությունը` իր քաղաքացուն:
-Ազգային գաղափարախոսությունը, ազգայնականությունը նշանակում են, որ առաջին հերթին դու պահանջատեր ես քո անձի նկատմամբ: Բոլոր նրանք, ովքեր «ազգայնական» բառից ջղաձգվում են, պարզապես ազգայնականությունը շփոթում են շովինիզմի կամ նացիզմի հետ: Եթե ազգայնամոլական ուժերն իրենց պրոբլեմների մեղավոր համարում են այլ ազգերին, ազգայնականը հասկանում է, որ իր խնդիրն իր մեջ է, և առաջին հերթին պահանջատեր է իր նկատմամբ: Նա գիտակցում է, որ ինքնուրույն պիտի լուծի իր խնդիրները, առավել ևս` անկախության պայմաններում: Ցանկացած վատ երևույթի, սխալի առաջին մեղավորն ու պատճառն ինքն է: Եթե այդ գիտակցությունն ունենան հասարակության բոլոր շերտերը` երկրի բարձրագույն ղեկավարությունից մինչև շարքային քաղաքացի, կունենանք բոլորովին այլ հասարակարգ: Այսօր քաղաքացին իր անհաջողությունների ու ձախողումների մեղքը բարդում է ուրիշների վրա` ռուսների, ամերիկացիների, թուրքերի, իշխանության, հարևանի, բայց ոչ իր: Նույնն անում է իշխող վերնախավը` իր անհաջողությունների մեղավոր տեսնելով ընդդիմությանը, օտարերկրյա ուժերին, ճգնաժամը: Միջազգային փորձը և համաշխարհային պատմությունը ցույց են տալիս, որ իր նկատմամբ պահանջատեր և սեփական ճակատագիրն իր ձեռքով տնօրինող ազգն է հաջողության հասնում:
-Այո, բայց ինչպե՞ս ձևավորել այդ գիտակցությունը: Նաև շատ մարդկային է, որ քո ձախողումների մեղավորին ուրիշի մեջ ես որոնում: Արվե՞ստը, մշակո՞ւյթը, պատմությո՞ւնը, քաղաքականությո՞ւնը, ի՞նչ լծակներ պետք է գործադրել, որ վերջապես հասարակական գիտակցությունը շարժվի: Մովսեսն անապատի 40 տարով հրեաների այդ հարցը լուծեց, խորհրդանշական 40 տարին ինչքա՞ն է տևելու մեր պարագայում, ինչպե՞ս է սկսվելու, ո՞վ է լինելու շարժիչ ուժը:
-Պատմությունն առայժմ որևէ օրինաչափություն չի սահմանել, թե ինչքան պետք է որևէ ազգ դեգերի մոլորության մեջ, մինչև իր ճակատագիրն իր ձեռքը վերցնի: Փաստ է, որ այդ փոփոխությունները լինում են միայն հեղափոխությունների ժամանակ: Հեղափոխությունները պարտադիր արյունահեղություն չեն: Խոսքը գաղափարական և հասարակական հեղափոխությունների մասին է, որոնք տեղի են ունենում, երբ ի հայտ են գալիս այն առաջադեմ կերպարները, ովքեր պատրաստ են ստանձնելու ազգն առաջնորդելու պատասխանատվությունը և հանուն ապագա սերունդների գնալու զոհողությունների: Հայ հասարակությունը և հայ մարդը, առաջնորդվելով «Կյանքը մեկն է, եթե ոչ հիմա, ե՞րբ պիտի վայելենք» սկզբունքով, ուղղակի գնում են դեպի կործանում: Ճիշտ է, կարծես թե դու ամեն ինչ անում ես քո մտերիմների, քո երեխաների բարեկեցության ու երջանկության համար, բայց քո գործունեության արդյունքում երեխաներիդ ժառանգում ես շատ ավելի վատ երկիր, քան ստացել ես:
-Դաժան գնահատական եք տալիս:
-Անկեղծ: Ես համոզված եմ, որ մինչև չհասկանանք` իրական պրոբլեմը որտե՞ղ է, մենք չենք կարող փոփոխությունների հասնել: Մենք շարունակում ենք փոքրիկ պետության տարանջատումը ֆեոդալական ընտանիքների միջև, շարունակում ենք քաղաքական, տնտեսական դաշտի բաժանում-վերաբաժանումները, էլիտարացումը, տարբեր խավերի փոխհարաբերությունների սրումն ու միմյանցից օտարացումը:
-Իսկ որտե՞ղ են լուծումները:
-Ազգային պետություն կառուցելու մեջ, բայց մինչև չհասկանանք, որ սխալ ճանապարհով ենք գնում, չենք կարող փոխել մեր քաղաքական կուրսը:
-Գյումրիի ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարացումն իրո՞ք ՀՀ ազգային անվտանգության խնդիրն էր լուծում, հայկակա՞ն շահին էր հետամուտ, թե՞ ռուսական:
-Նման հարցեր քննարկելու համար բավարար չափով տեղեկացված պետք է լինես: Ինձ զարմացնում է փորձագիտական-քաղաքագիտական շերտի վարկածային բազմազանությունը, երբ տեղյակ չենք բանակցությունների, ինչպես նաև ստորագրված, այդ թվում` հնարավոր գաղտնի արձանագրությունների բովանդակությանը: Կարծում եմ` իրական պատկերն ունեն միայն երկրի նախագահը և այն մարդիկ, ովքեր մասնակցել են այդ գործընթացին: Մնացածի գնահատականները վարկածների և ենթադրությունների դաշտից են:
-Ինչո՞ւ, հրապարակային գնահատականներ են տվել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները, արտգործնախարարները, ի՞նչ հիմք ունենք նրանց չվստահելու: Նույնիսկ եթե իրական համաձայնագրի մասին ոչ մի պատկերացում չունենք, ճի՞շտ եք համարում, որ մինչև դարակեսի պայմանագիր է կնքվում, այն էլ ժամկետի ավարտից 10 տարի առաջ: Հակասությունների ի՞նչ կիզակետում էր հայտնվել Հայաստանը, ո՞ր մարտահրավերների թիրախն էր, որ նման պայմանագիրը պիտի վահանափակ դառնար ու փրկեր, ինչպես հրամցվում է:
-Այն, որ նման համաձայնագրերը ներկայացվում են որպես խոշորագույն նվաճում, ազգի փրկություն, նաև քարոզչական բաղադրիչ ունեն` իշխանությունն իր կատարած ցանկացած քայլ հրամցնում է որպես նվաճում: Դա նորմալ է, ցանկացած երկրի իշխանություն իր ցանկացած քայլ որպես մեծագույն նվաճում է ներկայացնում: Իսկ նման բուռն քննարկումը... Կան հարցեր, որ մեզ հերթական անգամ շեղում են իրական խնդիրներից: Օրինակ` Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում պատարագին մասնակցելու-չմասնակցելու, ռազմաբազայի... Հասարակությունը բուռն քննարկումների մեջ է ընկղմվում արտաքին, ներքին խնդիրների վերաբերյալ, բայց չի տեսնում իր բուն խնդիրները: Գիտե՞ք ինչու չենք կարողանում կողմնորոշվել և ազգովին գտնել նույնիսկ հասարակ խնդիրների լուծումը: Եթե ունենայինք ընդգծված և հստակ ազգային քաղաքական կուրս, բոլոր հարցերի պատասխանները մեզ համար կլինեին ակնհայտ:
-Չե՞ք կարծում, որ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետությունը լուծում է ընդամենը օրվա խնդիր: 5-10-15-49 տարվա հեռանկար ապահովող լուծումներ չկան ու չեն կանխատեսվում:
-Համաձայն եմ, եթե նախկինում կարծում էի, որ իրավիճակային քաղաքականությունը կամ իրավիճակային մենեջմենթը թելադրված է մեր արտառոց վիճակով` հետպատերազմյան, շրջափակումային, այսօր համոզված եմ, որ այդ մենեջմենթը մեր պետության ընտրած մոդելի բաղադրիչն է: Այսպես շարունակվելու է, մեր որոշումները միշտ լինելու են պահի պահանջ ու լուծելու են պահի խնդիր: Իշխանությունը չունի մեծ գաղափարական խնդիր, որ պիտի առաջադրեր հասարակությանը և հասարակության հետ ուս ուսի լուծեր: 16 տարի հրադադար է, եթե Ղարաբաղի հարցն էլ լուծվի, Թուրքիայի հետ հարաբերություններն էլ հաստատվեն (թեև կասկածում եմ, որ իրավիճակային քաղաքականությամբ ռազմավարական հիմնախնդիրները կստանան հայանպաստ լուծում), մենք շարունակելու ենք ընդունել իրավիճակային որոշումներ:
Աշխարհի զարգացած ժողովրդավարությամբ պետություններում գործում է «ՈՒժեղ պետություն-թույլ իշխանություն» սկզբունքը: Օրինակ` Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում կամ Ավստրիայում իշխանությունն այնքան ուժեղ չէ, որ մշտապես ապահովի սեփական վերարտադրությունը: Իշխանությունն այնքան թույլ է, որ վախենում է հասարակական սեկտորի քննադատությունից, որ սխալներ գործելու դեպքում հասարակությունը կարող է հանգիստ փոխել այդ իշխանությունը և իշխանության բերել նոր մարդկանց: Սակայն մեր` հայկական չափանիշներով այդ «թույլ» իշխանությունը ջանում է հնարավորն ու լավագույնն անել` հասարակության բարձր գնահատականը ստանալու համար, որպեսզի հասարակությունը թույլ տա շարունակել երկրի կառավարումը, թույլ տա իշխել: Արդյունքում մրցակցային քաղաքական համակարգի առկայության պայմաններում այդ ժողովրդավարական պետություններում մշտապես ընտրվում է լավագույն իշխանությունը: Եթե պարզվի, որ ընտրությունն այնքան էլ հաջող չէ, հասարակությունը միշտ կարող է իշխողներին նորերով փոխարինել: ՈՒնենալով «թույլ» իշխանություն` ունենում են ուժեղ պետություն: Հայաստանի պես պետություններում գործում է հակառակ մոդելը` ուժեղ իշխանություն-թույլ պետություն: Իշխանությունն այնքան ուժեղ է, որ երկրի ներսում կարող է կայացնել և պարտադրել ցանկացած որոշում, և հասարակության նույնիսկ 90 տոկոսի դժգոհությունը չի կարող ազդել իշխանության կայացրած որոշումների վրա: Իշխանությունն այնքան ուժեղ է, որ մշտապես կարող է ապահովել սեփական վերարտադրությունը, ինքը` իշխանությունն է որոշում` ո՞վ է լինելու իր ժառանգորդը: Արդյոք այդ պայմաններում ունե՞նք ուժեղ պետություն: Իհարկե` ոչ: Ոչ մրցակցային պայմաններում գործող ուժեղ իշխանության դեպքում ունենք թույլ պետություն, հետևաբար, անհիմն են պնդումները, թե Հայաստանին պետք է ուժեղ իշխանություն, որ ունենանք ուժեղ պետություն: Դա որևէ քննադատության չի դիմանում: Այդ սկզբունքը կարող էր արդյունավետ լինել դարեր առաջ` ֆեոդալական հասարակարգերում, սակայն թռիչքային զարգացում ապահոված հզոր ազգային պետությունների հետ մրցակցությանը դիմակայելու համար պահանջվում են նոր, առաջադիմական մոտեցումներ:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ