«ԱԹՈՌԻ ՔԱՂՑՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՉԿԱ»
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (անկախ պատգամավոր)
-Դուք որոշել եք նորից առաջադրվել այն նույն տարածքում, որտեղ կրկին ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Մարքսիզմի գաղափարների հետ մրցակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում:
-Ճիշտն ասած, չգիտեմ` բացի ինձնից էլ ով է ուզում իմ ընտրատարածքում առաջադրվել: Իսկ գաղափարներն ընդունել- չընդունելն ընտրողի խնդիրն է: Եթե ուզենան գնալ մարքսիստի հետևից, նրան էլ ձայն կտան:
-Ինչպիսի՞ մրցակից է Ձեզ համար «մարքսիզմի ծանր հրետանին»:
-Նախորդ ընտրությունների ժամանակ էլ նա առաջադրվել էր: Ես հավաքել էի 21 հազարից ավելի ձայն, մարքսիստը՝ շուրջ 7 հազար: Այսքանով ամեն ինչ արդեն պարզ է:
-«Դառը» փորձը հաշվի չի՞ առնվում:
-Երևի թե ինքը պիտի այդ հարցին պատասխանի:
-Իսկ ինչո՞ւ որոշեցիք նորից առաջադրվել, պատգամավորի աթոռն այդքան քա՞ղցր է:
-Աթոռի քաղցրության խնդիր չկա: Ես Ազգային ժողովում ինձ շատ լավ եմ զգում, օրենքների քննարկմանը միշտ մասնակցում եմ և այսօր շատ լավ աշխատում եմ: ՈՒզում եմ շարունակել իմ գործունեությունը:
-Ո՞ր կուսակցությունը կուզենայիք Ձեր թեկնածությունը պաշտպաներ:
-Նախընտրելի կլիներ՝ բոլորը:
-Որևէ կուսակցության անդամագրվելու, նրա հովանու ներքո հանդես գալու ցանկություն չունե՞ք:
-Այս պահին անկուսակցական եմ ու դեռ մտադրություն չունեմ կուսակցական դառնալու:
-Չե՞ք կարծում, որ իշխանական կուսակցության կրծքանշանով ավելի շատ ձայներ կունենաք:
-Ձայներ բերելու խնդիր չունեմ, հինգ տարի ակտիվ աշխատել եմ իմ ընտրողների հետ, ինձ անձամբ բոլորը ճանաչում են, դեմքով գիտեն: Այնպես որ, ձայն հավաքելու խնդիր բացարձակապես չունեմ: Իսկ օգնելու առումով ասեմ, որ համագործակցում եմ բոլոր խմբակցությունների հետ, և եթե հարց է լինում, կարողանում եմ բոլորի հետ էլ համաձայնության գալ:
«ԵՍ Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ ԵՄ»
ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցություն)
-Դուք դեռ մնում եք նույն կարծիքի՞ն, կրկին առաջադրվելո՞ւ եք:
-Այդ խնդիրը քննարկման փուլում է, առայժմ ոչինչ չեմ կարող ասել: Կուսակցությունը վերջնական որոշում կկայացնի, ու դրանով էլ կառաջնորդվենք: Այնպես որ, ինքս էլ դեռ չգիտեմ:
-Ձեզ չի՞ մտահոգում, որ Ձեր անվան փոխարեն արդեն շրջանառվում են այլ անուններ:
-Ամեն դեպքում, ընտրապայքար է, եթե որոշվի, որ ես առաջադրվելու եմ, կողջունեմ նաև մյուս մրցակիցներին:
-Եթե ՀՀԿ-ն որոշի չպաշտպանել Ձեզ, կառաջադրվե՞ք:
-Ես կուսակցական եմ, կա կուսակցական կարգուկանոն, եթե որոշում կայացվեց, որ չպիտի մասնակցեմ, ես ո՞նց կարող եմ թեկնածությունս դնել:
«ԴՈՒ ՇԱՏ ԱՖԵՐԻՍՏ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԿԱ ԵՍ»
ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցություն)
-Պարոն Աղաբաբյան, մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՀՀԿ-ն չի ցանկանում Ձեզ նորից առաջադրել: Այդպե՞ս է:
-Ո՞վ ա դա ասում:
-Թերթերն են գրում:
-Ես էդ թերթերին չեմ հավատում:
-Լավ, Դուք անձամբ ցանկություն ունե՞ք նորից պատգամավոր լինելու:
-Եթե լրիվ գրելու եք` կասեմ:
-Անպայման:
-Դու շատ աֆերիստ ժուռնալիստկա ես: Ասե՞մ` խի: Որովհետև շատ աֆերիստ հարց ես տալիս: Դրա համար չեմ պատասխանում (այդպես էլ չհասկացանք` հարցի «աֆերիստ» ենթատեքստը ո՞րն էր- Ռ. Խ. ):
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ