Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՀԱՃԱԽ ԱՍՈՒՄ ԵՆ` ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է ԿԱՐՈՏԱԽՏՈՎ... ԲԱ ԴԱ Ա՞ԽՏ Է, ԱՅ ԱԽՏԱՎՈՐՆԵՐ»

«ՀԱՃԱԽ ԱՍՈՒՄ ԵՆ` ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է ԿԱՐՈՏԱԽՏՈՎ... ԲԱ ԴԱ Ա՞ԽՏ Է, ԱՅ ԱԽՏԱՎՈՐՆԵՐ»
03.12.2010 | 00:00

Նոյեմբերի 29-ին ՀԿԿ-ն անցկացրեց իր 38-րդ համագումարը, որի արդյունքներից կոմկուսի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ գոհ է։ «Փայլուն համագումար էր»,- այսպիսի ձևակերպում տվեց կոմկուսի ծանր հրետանին, որն արդեն երրորդ անգամ վերընտրվեց այդ «պաշտոնում»։ Ո՞րն է ընկեր Թովմասյանի երկարատև «պաշտոնավարման» գաղտնիքը։ «Չեմ ուզում անհամեստ երևալ։ Բայց վայելել ՀԿԿ-ի վստահությունը երրորդ անգամ և միաձայն ընտրվել, կյանքիս ամենալավ պահն էր։ Վերընտրվելն ինձ համար մեծ պատիվ է, որը փաստում է իմ կատարած աշխատանքի արդյունքը։ Հպարտ եմ, որ այդ կուսակցությունն ինձ մեծացրել է, ձեռքիցս բռնած տարել տարբեր աստիճաններով, կոփել է, երբեմն էլ, ճիշտ է, նեղացրել է, բայց հանուն իմ ապագայի»,- անցած ուղին վերհիշելով` նշեց ՀԿԿ առաջին քարտուղարը։
-Համագումարը բացահայտեց, որ ՀԿԿ շարքերը գրեթե ամբողջովին համալրված են տարեցներով։ Երիտասարդների պակասը Ձեզ չի՞ մտահոգում։
-Իհարկե, անհանգստացնում ու շատ է մտահոգում այդ խնդիրը։ Այն սպիտակահեր մարդիկ, ովքեր մասնակցում էին համագումարին, այս երկիրը ստեղծած մարդիկ են։ Նրանք խորհրդային պետությունը պահել են կրծքով ու իրենց կյանքի գնով աշխարհը փրկել ֆաշիզմից։ Սա գնահատում է կուսակցությունն ու անում ամեն ինչ, որ նրանց փորձը փոխանցի երիտասարդներին։ Սակայն ՀԿԿ-ի առջև փակված են բոլոր բուհերի դռները։ Ինչո՞ւ։ Որովհետև ՀԿԿ-ն բերում է ամենաարդար գաղափարախոսությունը, օրինակներով հիմնավորում մեր ճշմարտացիությունը և ոչ թե խոստումներ տալիս։ ՈՒսումը պիտի լինի անվճար, ինչպես 70 տարի արել ենք։
-Եվ համոզված եք, որ երիտասարդները կհարեն կոմունիստական գաղափարախոսությանն ու կհետևե՞ն դրան։
-Այո՛, երիտասարդները կհետևեն ՀԿԿ-ին ու կընդունեն մեր դավանանքը, եթե կարողանանք նրանց հասցնել մեր գաղափարները։ Օրինակ, ես պատրաստ եմ յուրաքանչյուր բուհում ուսանողների հետ հանդիպել, բանավիճել, քննարկել, պարզաբանել, բացատրել։ Ամեն երիտասարդ ունի իր դարդը, ցավը, մտահոգությունները։ Մի՞թե երիտասարդը չի ուզում անվճար ուսում, առողջապահություն, ընտանիք կազմել ու բնակարան ստանալ։ Մի՞թե երիտասարդը չի ուզում կոպեկներով ճամփորդել։
-Բայց Ձեր մատնանշած լուծումները որքա՞ն են իրատեսական, քանի որ այսօր դժվար է գտնել երիտասարդի, որը հավատա նման ուտոպիայի։
-Հավատում են, բայց այսօրվա համակարգն այնպիսի խնդիրներ է դնում նրանց առջև, որ անընդհատ փողի կարիք են զգում։ Այս պարագայում նրանք կախվածության մեջ են լինում այն կուսակցություններից, որոնք հաճախակի են ձեռքերը գրպանը տանում։ Մենք չենք կարող հաղթել ֆինանսական այդ պայքարում։
-Նման պատկեր ունեցող կուսակցության շարունակականությունն արդյոք վտանգված չէ՞։
-Սոցիալիստական, կոմունիստական գաղափարախոսությանը մեծ ապագա է սպասում։ Բոլոր մեծ գաղափարներն էլ ինչ-որ ժամանակ նահանջ են ապրել, բայց հետագայում թափ են հավաքել։ Այսօր աշխարհի բնակչության 40 տոկոսն ապրում է կոմունիստական գաղափարախոսությամբ, զորօրինակ, հզոր Չինաստանը։ ԱՄՆ-ն էլ նրա առջև ծնկի է անգամ գալիս, որ գլուխն ազատի ճգնաժամից... Չինաստանը միակ պետությունն էր, որ չապրեց ճգնաժամ։
-Շրջող լուրերի համաձայն` ՀԿԿ 38-րդ համագումարում պետք է վերամիավորվեն նորացված կոմկուսը և ՀԿԿ-ն։
-Համագումարում նման հարց չքննարկվեց ու ճիշտ էլ արվեց։ Առկա են գաղափարական լուրջ տարաձայնություններ։ Համագումարը ստեղծել է հանձնաժողով, որն էլ կուսումնասիրի այդ հարցն ու որոշումներ կկայացնի։ Կոլեգիալ որոշում կընդունվի, որով էլ կառաջնորդվենք։
-Համագումարում ներկա չէին նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ինչո՞ւ։
-Որովհետև չէինք հրավիրել։ Որովհետև նրանք էլ մեզ չեն հրավիրում իրենց համագումարներին։ Մեզ առաջիկայում համագումարի հրավեր է արել ՀԺԿ-ն, որին համարում ենք երկրի լավագույն կուսակցություններից մեկը։
-Դուք հայտարարել եք նաև, որ մասնակցելու եք ընտրություններին։ Ինչպե՞ս եք պատրաստվում։
-Դաշինքների մասին խոսելն անիմաստ է, որովհետև դրանք մի ժամում ստեղծվում են, մի քանի վայրկյանում` քանդվում։ Համագումարին մասնակցում էին մեր պատվիրակները տարբեր մարզերից, որոնց հանձնարարական տրվեց նախապատրաստվելու ընտրություններին։ Այսինքն, մեկ անգամ ևս մարդկանց պետք է բացատրել երկրի այսօրվա վիճակը։ Հաստատ համոզված ենք, որ Հայաստանի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը հակված է դեպի սոցիալիստական գաղափարախոսությունը, դեպի կոմկուսը։ Ինչքան ուզում են ընտրական օրենսգիրքը բարեփոխեն, ինչքան ուզում են վենետիկցիներ գան, միևնույն է, աշխատելու է այս համակարգի սխեման։ Խորհրդային Հայաստանը քանդում, քանդում են ու էլի չեն կարողանում մինչև վերջ քանդել։
-Իսկ ի՞նչ երաշխիք ունեք, որ մասնակցելով ընտրություններին, կկարողանաք որոշակի տոկոսներ հավաքել։
-Հենց այս համակարգի նկատմամբ է մեր առավելությունը, որովհետև համեմատվելու շատ եզրեր ունենք։ Ասում են` Թովմասյանը տառապում է կարոտախտով... Բա դա ա՞խտ է, այ ախտավորներ։ Հիմա էլ հեռուստատեսությամբ ասում են` երանելի ժամանակներ էին։ Եթե այդպես է, ինչո՞ւ եք հիստերիկ ձևով տառապում հակակոմունիզմով։ Հիշենք միայն, որ այն ժամանակ Ադրբեջանը ողջ սնունդը մեզնից էր տանում։ Նրանց մոտ կար մի մեծ պաստառ, որի վրա գրված էր իրենց լոզունգը` «Широко шагает Азербайджан», տակը հենց ադրբեջանցիների ձեռքով ավելացված էր` «По магазинам Армении»։
-Հիմա մոռացել են այդ իրողությունը։
-Իհարկե, կմոռանան, մանավանդ այս ընկնավոր Ալիևը։ Ինչքան պիտի Ղարաբաղն այս վիճակով պահել, Հունգարիայում մարդ մորթել, հովվին զոռով դիվերսանտ սարքել։ Սա կարծես քիչ է, հիմա էլ ասում է, Ստեփանակերտն այդպես է կոչվել բանդիտ Ստեփան Շահումյանի անունով։ Դուք Սումգայիթում բանդիտություն արեցիք` խաղաղ ժողովրդի վրա հարձակվելով ու սպանելով։ Ղարաբաղցին պահեց իր տունը, տեղը, իր նամուսը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ