Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՂԵԿԸ Ո՛Չ ՍԱՐԿՈԶԻԻ ՁԵՌՔԻՆ Է, Ո՛Չ ՄԵԴՎԵԴևԻ, ԱՅԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀԻ»

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՂԵԿԸ Ո՛Չ ՍԱՐԿՈԶԻԻ ՁԵՌՔԻՆ Է, Ո՛Չ ՄԵԴՎԵԴևԻ, ԱՅԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀԻ»
01.11.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի նախընտրական իրավիճակը:
-Նախընտրական:
-Ի՞նչ է դա նշանակում:
-Դա նշանակում է բոլոր քաղաքական ուժերի ակտիվացում, բացի ՀՀԿ-ից: Ինչքան էլ փորձում են կուսակցությունների ակտիվացման մեջ անբնական քայլեր գտնել, քաղաքական ուժերի ակտիվացումը բնական ու տրամաբանական է ընտրություններից առաջ:
-ՀՀԿ-ն ընտրությունների խնդիր չունի՞:
-Հանրապետականը չի ակտիվանում, այլ շարունակում է հետևողականորեն իրականացնել պետականաշինության և կուսակցական գործունեության իր ծրագրերը: Քանի որ ՀՀԿ-ն մեծ պարտավորություններ է ստանձնել, պարտադրված է եղել ամեն օր լինել ակտիվ և գործունյա: Համոզվելու համար բավական է թերթել ամենաբազմազան միջոցառումների ամփոփաթերթիկները, որ անցկացրել են մեր կուսակցության մարզային ու տարածքային կառույցները 2009-2011 թթ.: Վստահ եմ, որ որևէ մեկը չի կարող ասել, թե ՀՀԿ-ի 20-ամյակի տարում պակաս ակտիվ ենք եղել: Ամբողջ տարին գաղափարաքարոզչական, կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական միջոցառումներ են եղել բոլոր մարզերում ու մայրաքաղաքում: Եթե ընդամենը թվարկեմ աշխատանքային ուղղություններն ու միջոցառումները, որոնք իրականացրել է ՀՀԿ կանանց խորհուրդը, հարցազրույցին հատկացված էջը չի հերիքի: Նույնը երիտասարդական կառույցի մասին կարելի է ասել, նույնը` մարզական կազմակերպության: Այդ պատճառով էլ այսօր ՀՀԿ-ն աշխատանքային ոճի փոփոխություն չի անում և անելու կարիք էլ չունի:
-Հնարավո՞ր է, որ կոալիցիոն ուժերից մեկը դուրս գա կոալիցիայից:
-Քաղաքական կոալիցիան բաց է, և թե՛ մտնելը, թե՛ դուրս գալը կամավոր են: Որևէ պարագայում որևէ քայլ բացառված չէ, բնականաբար, սակայն յուրաքանչյուր քաղաքական ուժ որևէ քայլ անելիս պիտի իմանա` ինչի՞ համար է անում, ի՞նչ է փնտրում, ի՞նչ սպասելիքներ ունի, ի՞նչ արդյունքներ կստանա. ավելի՞ կհզորանա այդ քայլով, թե՞ ունեցած ազդեցությունն էլ կվտանգի: Իհարկե, հասկանում եմ հարցի ենթատեքստը, բայց կարծում եմ, որ ԲՀԿ-ական մեր գործընկերը լուրջ որոշումով է մտել կոալիցիա, իր դիրքորոշումը վերահաստատել է, և այդ խնդրի շուրջ աղմուկը մտացածին է ու անտեղի: Բնական է, որ քաղաքական միավորումները հենց այնպես չեն ստեղծվում, ունեն նպատակ ու խնդիր: Հենց այդ հենքի վրա ստեղծվեց կոալիցիան` ունենալով խոր տրամաբանություն ու իմաստ, որ գուցե առաջին հայացքից չընկալվեց:
-Ինչո՞ւ չընկալվեց, եթե կոալիցիան իր նպատակը հայտարարել է:
-50 տոկոսից ավելի բարձր ցուցանիշով հաղթած ՀՀԿ-ն կոալիցիոն ընկերների կարիքը չուներ իշխանության մարմիններ ձևավորելու համար, բայց կոալիցիա ստեղծվեց, որովհետև ՀՀԿ-ն բազմիցս ասել է, որ ազգովին միաբանվելու և ավելի ամուր ալյանսով երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու անհրաժեշտություն կա: Ակնհայտ է, որ պաշտոնների ավելցուկ ու կադրերի պակաս ՀՀԿ-ն չուներ ու չունի: 2011-ի փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հուշագիր ստորագրվեց, որը հիմնավորում էր երեք տարիների անցած ճանապարհը, կոալիցիայի ստեղծման կարևորությունը, ապագայում էլ ճանապարհը միասին շարունակելու նպատակահարմարությունը: Նախընտրական փուլում քաղաքական ուժերն ազատ են իրենց ռազմավարությունն ինքնուրույն որոշելու, բայց հիմա ցանկացած քայլ ավելի մեծ նշանակություն ու կարևորություն ունի և պիտի ոչ միայն բացատրվի, այլև հիմնավորվի քաղաքական կշռի փոփոխության առումով, միանշանակ պիտի ուղղվի քաղաքական կշռի ավելացմանը:
-Փաստորեն` իրավիճա՞կ պիտի փոխվի:
-Այո: Բացի այդ, վերջին տարիների ընտրական գործընթացներում կոալիցիոն ձևաչափով հանդես գալն այնքան էլ ընդունված չի եղել և կոալիցիաները ստեղծվել են ընտրություններից հետո: Ամեն մի քաղաքական ուժ իր ճշմարտության պահը ինքն է սահմանում և ինքն է ապրում: Կոալիցիաների նպատակը ծրագրերի իրականացումը և այդ իմաստով հետընտրական կոալիցիաների ստեղծումն ավելի տեղին եմ համարում:
-Հնարավո՞ր է կոալիցիա-ՀԱԿ բանակցությունների շարունակում որևէ այլ թեմայով կամ ձևաչափով:
-Կոալիցիայի առանցք հանդիսացող ՀՀԿ-ն միշտ բոլոր քաղաքական, տնտեսական պայմաններում պատրաստ է բանակցությունների, քննարկումների, համագործակցության` այնպես, ինչպես երկխոսության գնաց ՀԱԿ-ի հետ:
-Դա ինքնանպատա՞կ պատրաստակամություն է:
-Բնականաբար` ոչ, ի սկզբանե խնդիրը երկխոսության արդյունքում երկրի հետագա ժողովրդավարացումն է, բարեփոխումների լավագույն ընթացքի ապահովումը, լավագույն ընտրությունների անցկացումը, երկրի հզորացումն ու կյանքի լավացումը:
-Այնուամենայնիվ իմանալով ՀԱԿ-ի առաջադրած օրակարգը, ձևական չէ՞ր երկխոսությունն ի սկզբանե:
-Կոալիցիան անպայման պիտի գնար երկխոսության, որովհետև հակառակ պարագայում ինքն իրեն կհակասեր: Թե՛ հետընտրական առաջին օրից, թե՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության առաջին իսկ օրից քաղաքական կուրսը եղել է քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցությունը ի շահ երկրի: Այդ շրջագծում բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ են եղել տարբեր ձևաչափերով` և երկկողմանի, և բազմակողմ: Բոլոր այն ուժերն ու անհատները, ովքեր ասելիք ու անելիք են ունեցել, ունկնդրություն գտել են: Սա տարիների վարքագիծ է, ձեռագիր, ՀԱԿ-ի հետ երկխոսությունն այս շրջագծում է: Այլ հարց է, թե որքան էին կողմերն անկեղծ երկխոսության մեջ և որքա՞ն էր ռեալ, որ երկու բևեռները ժամանակային այդ հատվածում որևէ թեմայի շուրջ համաձայնության հասնեին: ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում մենք լսեցինք, որ աջ ու ահյակ բազմաթիվ դեգերումներից հետո ՀԱԿ-ը, ի վերջո, թեքվում է դեպի 2012 թ. հերթական խորհրդարանական ընտրություններ: Բազմաթիվ հրաժարականներ, արտահերթ ընտրություններ պահանջելուց հետո առաջին պլան է գալիս հերթական ընտրություններին մասնակցելու հրամայականը: Քաղաքական ուժն իր հասարակական ընկալման քննությունը հանձնում է ընտրությունների ժամանակ, ընտրությունն է ցույց տալիս այդ ուժի տեղը քաղաքական դաշտում:
-Ձեր կարծիքով` անակնկալներ լինելո՞ւ են ՀՀԿ համամասնական ընտրացուցակում, որ խորքով ու երկայնքով քննարկվում է` դեռ չկազմված:
-Յուրաքանչյուր քաղաքական ուժ նոր սահմանագիծ անցնելիս փորձում է ապահովել երեք սերնդի համագործակցության և ժառանգականության սկզբունքը: Առաջինը հենասյուներն են, որ ուղղորդող ու հավասարակշռող դեր ունեն, երկրորդը միջին սերունդն է, որ գործողը, բեռ տանողն է, և երրորդը երիտասարդներն են, որ պիտի փորձ ձեռք բերեն ու փոխարինեն: Բնականոն զարգացում ապրող յուրաքանչյուր քաղաքական ուժ մշտապես այս երեք շերտերի փոխներթափանցող և անքակտելի միասնությունն է: Եթե ուսումնասիրեք ՀՀԿ-ի անցած ճանապարհը, կտեսնեք, որ մշտապես գործել է երեք կետերի սկզբունքը, նորը հնարել իմաստ չունի, երբ հինն իրեն արդարացրել է: Առավել ևս, որ այս սկզբունքը մարդկության պատմության հազարամյակներով է փորձված, իսկ վարձավճարված խոսակցությունները, այլևայլությունները, ասեկոսեներն ընդամենը ուղեկից երևույթներ են: Երբ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը պատրաստ լինի, կհամոզվեք, որ այդ սկզբունքը գործել ու գործում է:
-Իբրև պատվիրակության անդամ, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահի առաջին պետական այցը ՌԴ:
-Ես կարծում եմ, որ դեռ գնահատված չէ պետական այցի իրական արժեքը, որ առաջինն էր անկախության 20 տարիների ընթացքում: Մտածե՞լ եք` ինչո՞ւ: Ակնհայտ է, չէ՞, որ երկու երկրներում էլ արարողակարգի պետական, պաշտոնական, աշխատանքային ու մասնավոր այցերի տարբերակները վաղուց հայտնի էին: Այսինքն` հարաբերությունների հասունացման, ընկալման, պետությունների միջև ու պետությունների ղեկավարների միջև հարաբերությունների որակի և մակարդակի հարց կա: Եվ այդ հարաբերություններն այսօր հասել են զարգացման այն կետին, որտեղ հնարավոր են դառնում երկկողմանի պետական այցերը: Կարծում եմ` լիարժեք չի գնահատվել նաև այն փաստը, որ առաջին անգամ պետական այցով ՌԴ նախագահը եկավ Հայաստան: Դա էլ իր նշանակությունն ուներ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի կտրվածքով, քանզի Հայաստանը տարածաշրջանի դեռևս միակ երկիրն է, ուր ՌԴ նախագահը եղել է պետական այցով: ՌԴ օրենսդիր ու գործադիր իշխանության ղեկավարների հետ հանդիպումներն անցնում էին ջերմ ու գործնական մթնոլորտում. դա կարող եմ վկայել իբրև մասնակից:
-Կոնկրետ ի՞նչ արդյունքներ մենք ունեցանք այդ այցից:
-Ստորագրվեցին փաստաթղթեր առողջապահության, մշակույթի, տնտեսության, արտաքին գործերի նախարարությունների գործունեության և համագործակցության վերաբերյալ, կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին կրթական, մշակութային, հաղորդակցության ուղիների վերաբերյալ: Շատ կարևոր էր հարաբերությունների բարձր մակարդակի ցուցահանումը: ՀՀ նախագահն այդ այցով հաստատեց, որ ՌԴ իշխանության բոլոր թևերի և ներկայացուցիչների համար Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ նախագահն ունեն ամենաբարձր ընկալումը: Ներկա ու մասնակից լինելով հարյուրավոր այլ հանդիպումների` կարող եմ վկայել, որ մթնոլորտը, իսկապես, բարյացակամ ու բարեկամական էր, հավուր պատշաճի ասված բառեր չկային, ակնհայտ էր բարձրացված խնդիրները լուծելու երկուստեք շահագրգռությունը: ՌԴ կառավարության նախագահի հետ հանդիպումը ևս շատ բարեկամական մթնոլորտում անցավ, երկու ղեկավարները լավագույնս բնութագրեցին երկու երկրների միջև զարգացող քաղաքական ու տնտեսական հարաբերությունները` կարևորելով ռազմավարական դաշնակցի դերն ու նշանակությունը: Որպես խորհրդարանականի` ինձ համար կարևոր էին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նորընտիր նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության խնդիրները, ձևերը և հեռանկարները միջազգային հարթակներում` և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՀԿ-ում, և՛ ԵԽԽՎ-ում:
-Կարծո՞ւմ եք, որ 2011-ի դեկտեմբերին ընտրվելիք Պետական դուման այդ պայմանավորվածությունները կպահի՞:
-Ես կարծում եմ, որ փոփոխվող անձերի դեպքում քաղաքական կուրսի կամ հարաբերությունների բովանդակային փոփոխություններ չեն լինի, որովհետև հարաբերությունների սկզբունքները կայացած ու կայուն են, անձերի փոփոխությունից քաղաքականությունը չի փոխվի: Հայամետ համարվող մի քանի պատգամավորներ ընտրվելիք խորհրդարանում չեն առաջադրվելու, և ջերմ խոսքեր կուզեի հնչեցնել հայ ազգի մեծ բարեկամներ Նիկոլայ Ռիժկովի, Իգոր Չեռնիշենկոյի, Կոնստանտին Զատուլինի հասցեին:
-Ֆրանսիայի նախագահի Հայաստան պետական այցի ժամանակ միջպետական հարաբերությունների և տարածաշրջանում Ֆրանսիայի հավակնությունների վերաբերյալ կարևոր հայտարարություններ արվեցին: Ձեր գնահատականով` ԼՂ հարցի կարգավորման սիմվոլիկ ղեկը ՌԴ նախագահը փոխանցե՞լ է Ֆրանսիայի նախագահին:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր մեծ ջանքեր են գործադրում, անվերապահորեն նրանք կոնֆլիկտի կարգավորման ամենագիտակ, տարիների փորձով հմտացած մարդիկ են, պատահական չէ, որ նրանցից այդքան մեծ են սպասելիքները, և այդքան մեծ է վստահությունը նրանց նկատմամբ: Շատ էական և շատ կարևոր դերակատարություն ունեն և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը: Ես չեմ կարծում, որ իմաստ ունի քննարկելու, թե ում ձեռքին է ղեկը, հատկապես, որ, Ֆրանսիայի նախագահի շատ կարևոր հայտարարություններից բացի, ՌԴ կատարած այցի ժամանակ նույնպես չէր կարող շրջանցվել ԼՂ կարգավորման թեման: Մասնավորապես նա ասաց, որ հետխորհրդային տարածքում, իր կարծիքով, ամենաարագ լուծման ենթակա հակամարտությունը ԼՂ-ինն է: Այսինքն` ղարաբաղյան թնջուկը բավական պարզ հանգուցալուծում ունի` ազգերի ինքնորոշման իրավունքը չի վիճարկվում: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մամուլի ասուլիսում ևս կարևորեց կոնֆլիկտի քաղաքական լուծումը:
-Ադրբեջանի նախագահը դա գիտի՞:
-Ադրբեջանը հաստատ տեղյակ է, որ ԼՂԻՄ-ի տարածքում արդեն 20 տարի գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետությունը: Հակամարտության լուծման հարցում ՄԽ համանախագահների մեծամասնության պատկերացումը հստակ է, մեխանիզմների, հանգուցալուծման դժվար ժամանակահատվածն ավելի հեշտ, առավել անարյուն, արդյունավետ անցնելու ձևերի փնտրտուքն ուրիշ օրակարգ է: Իսկ սկզբունքային խնդիրը` ինչպե՞ս ենք վերաբերվում ղարաբաղյան կոնֆլիկտին, և Մեդվեդևի, և Սարկոզիի խոսքերից կարող եմ եզրահանգել, որ ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքը չի վիճարկվում:
-ՄԱԿ-ի ԱԽ խորհրդի ոչ մշտական անդամ Ադրբեջանը չի՞ փորձի հակամարտության լուծումը ՄԽ-ից տեղափոխել այլ կառույցներ:
-Կփորձի, ինչպես մինչ այդ էլ շատ է փորձել, բայց ոչինչ չի ստացել: Ի վերջո, Ադրբեջանը մի քանի որոշումներ արդեն իսկ ունի ՄԱԿ-ից, ի՞նչ է փոխվել իր համար կամ ԼՂՀ-ի համար: Մենք պարզապես պիտի ընդունենք, որ ինչպես Եվրոպայի խորհրդում երկու տարի ունեցանք ձեռքից եկածը անելու, ձեռքը փրփուրներին գցելով ինչ-որ ձեռքբերումներ ունենալու քաղաքականություն, այնպես էլ ՄԱԿ-ում երկու տարի կունենանք նման գործընթաց և պիտի մեր գործողությունները վճռական ու ճիշտ կազմակերպենք: Մենք նախ պիտի մտածենք մեր անելիքն անելու մասին, ոչ թե նրանց պատասխանելու: Մեր քայլերը պիտի լինեն հավասարակշռված, Հայաստանին օգուտ բերող: Վերջին 3-4 տարիներին մեր երկրի արտաքին քաղաքական ընկալումը բարձրացնող շատ լուրջ քայլեր է արել ՀՀ նախագահը և այդպես էլ պետք է շարունակել` ներկայացնել մեր երկիրն ու պետությունը որպես լուրջ արտաքին քաղաքական միավոր` ձևավորելով վստահություն, որ ինչ ասում և անում ենք, հենց այն է, ինչ պիտի ասենք և անենք: Իսկ ղարաբաղյան հակամարտության լուծման ղեկը ո՛չ Սարկոզիի ձեռքին է, ո՛չ Մեդվեդևի, այլ Ղարաբաղի ժողովրդի ու նրա նախագահի:
-ՈՒրեմն ինչո՞ւ Բակո Սահակյանը հարցը չի լուծում:
-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իր օրինական ընտրված իշխանության հետ հարցը լուծել է, կառուցում է իր ժողովրդավարական պետությունը, և այլընտրանք չկա:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ