«ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԱ Է, ՈՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ՈՉ ԹԵ ԱՆՁԻՆ»
ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ («Հնչակյան» կուսակցության անդամ)
-Պարոն Շիրխանյան, փորձում եք ձախ ուժերը միավորել, ի՞նչ նպատակով։
-Չէի ասի, որ միավորում ենք, պարզապես ցանկանում ենք ստեղծել գաղափարակիցների միություն։ Մեր ժողովում (նկատի ունի վերջին համաժողովը- Ռ. Խ.) խնդիր է դրվել ներկայացնելու գաղափարներ։ Հայաստանն այս վիճակից հանելու համար պետք է համակարգային փոփոխություն։ Եթե մեզ հաջողվի միավորել համախոհների, կմշակենք հետագա ծրագիրն ու գործողությունների ընթացքը։
-Ո՞ր ճանապարհով եք ցանկանում համակարգային փոփոխություններ անել։
-Աշխարհում կան հեղափոխության տարբեր նախադեպեր` և՛ սահուն անցում, և՛ իշխանությունն ինքն է նախաձեռնում համակարգային հեղափոխություն ժողովրդի ճնշմամբ կամ առանց դրա։ Ամեն ինչ կախված է հետագա զարգացումներից։
-Հնարավո՞ր է` նոր ձևավորվող այս միավորումն ինչ-որ ուժերի հետ դաշինք կազմի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար։
-Այսօր դեռ այդպիսի նպատակ չունենք, հետագայում` գուցե։ Ամեն ինչ կախված է զարգացումներից։
-Հաշվի առնելով իշխանություն-ընդդիմություն այսօրվա տանդեմը, արդյոք մյուս ուժերը, այդ թվում` ձախերը, լուսանցքում չե՞ն հայտնվում։
-Իշխանություն-ընդդիմություն դաշտի մասին լրիվ այլ կարծիք ունեմ։ Ժողովրդին հույսեր են ներշնչել, որ ընդդիմությունը թող պայքարի ու երբ գա իշխանության, ամեն ինչ կփոխվի։ Բայց մենք հակառակում համոզվեցինք։ Նոր մարդիկ են գալիս իշխանության, բայց ամեն ինչ մնում է նույնը։ Իրական ընդդիմությունը նա է, ով համակարգին է ընդդիմադիր, ոչ թե անձին։
-ՀԱԿ-ն անձի՞ն է ընդդիմանում։
-Ես նրանցից երբեք չեմ լսել, թե պետք է ծրագիր, որը կփոխի լիբերալ համակարգը։
-Փոխարենն արտահերթ ընտրությունների մասին է մշտապես խոսվում։ Հնարավո՞ր է։
-Այդպիսի հնարավորություն չեմ տեսնում։
-Հերթականի պարագայում այսօրվա խորհրդարանի կազմը կկրի՞ լուրջ փոփոխություններ։
-Լուրջ` ոչ, բայց փոփոխություններ կլինեն։ Եթե քաղաքական դաշտում և իշխանության մեջ այսօրվա փիլիսոփայությունը, տրամաբանությունը մնան գերիշխող, ոչ մի լուրջ փոփոխություն չպետք է ակնկալել։ Երկիրը կշարունակի գահավիժել, հայը` գաղթել։
-Այդքան վատ կանխատեսո՞ւմ ունեք երկխոսության հանգուցալուծման առնչությամբ։
-Չեմ ցանկանում ասել, որ նախօրոք պայմանավորված խաղ է ընթանում։ Բայց ցանկացած շախմատային խաղ պատերազմ է երկու տարբեր ուժերի միջև, միայն թե այստեղ ես տարբեր ուժեր չեմ տեսնում, երկուսն էլ լիբերալ են։ Նույն գաղափարախոսությունն է։
-Եթե կոնգրեսին հաջողվի իշխանության գալ, Դուք դա հեղափոխություն կամ իշխանափոխություն չե՞ք համարի։
-Իշխանափոխությունը, նախ և առաջ, իշխանության փիլիսոփայության ու տրամաբանության փոփոխությունն է։ Անձանց փոփոխությունը լոկ իշխանավորների փոփոխություն է, ոչ թե իշխանության կամ համակարգի։
-Նեղ կուսակցական մի հարց. «Հնչակյանը» մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին։
-Առայժմ այդ մասին որոշում չկա։
«ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ ԵՐԿՆՔԻՑ ՉԻ ԻՋՆԵԼՈՒ»
ԷՄՄԱ ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ («Շրջադարձ» ՀԿ-ի նախագահ)
-Այսօրվա Հայաստանի քաղաքական գունապնակը` ըստ Էմմա Խուդաբաշյանի։
-Այնքան խայտաբղետ ու զզվելի է, որ չեմ ցանկանում որոշակի ինչ-որ բան ասել։
-Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները և՞ս «խայտաբղետ» են։
-Կարծում եմ` նրանք բառախաղերով են զբաղված ու երբեք չեն գնա իրական երկխոսության։ Ժամանակ են ձգում մինչև հերթական ընտրությունները։
-Փաստորեն, ընդդիմության հավաստիացումներին, թե արտահերթ ընտրություններ են լինելու, չե՞ք հավատում։
-Գուշակություններ չեմ սիրում, բայց չեն լինելու։ Ընդդիմությունը պիտի կարողանա իր ընտրազանգվածը պահել։ Երկխոսում են լիդերները, ոչ թե նրանց շրջապատում հավաքված մարդիկ։
-Ի՞նչ հիմքով եք բացառում արտահերթ ընտրությունները։
-Նախ ժամանակային առումով այլևս հնարավոր չէ։ Սեպտեմբերից սկսվելու են նախընտրական գործընթացները։
-Հնարավո՞ր է երրորդ ուժ ստեղծում։
-Երրորդ ուժը երկնքից չի իջնելու, դրանք այն նույն մարդիկ են, ովքեր այսօր քաղաքական դաշտում են։
-Վերջերս սոցհարցումներ ներկայացվեցին հանրությանը. դրանք Ձեզ հավատ ներշնչո՞ւմ են։
-Ով իշխանական լծակներ ունի, նա էլ հաղթելու է։ Ամենախոցելի խավը գործարարներն են, իսկ իշխանությունը երբ ցանկանա, կարող է նրանց իր «դուդուկի տակ պարեցնել»։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ