Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ»

«ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ»
25.03.2011 | 00:00

Հայաստանի Հանրապետության 331 հազար հա անտառներում այսօր աճում են 54 ընտանիքի և 118 ցեղի պատկանող 323 թփեր ու ծառատեսակներ: Դրանց մեջ գերակշռողը հաճարենին, կաղնին, բոխին, սոճին և գիհին են, որոնք, բնակլիմայական պայմանների և գոտիների բազմազանության պատճառով, անտառատարածքներում անհավասարաչափ են տեղաբաշխված:
Հանրապետության անտառազանգվածները հիմնականում հյուսիսային ու հարավային շրջաններում են և գտնվում են 500-2600 մետր բարձրությունների վրա. կենտրոնական մասը գրեթե անտառազուկ է:
Վերջին երկու տասնամյակում (տնտեսական շրջափակում, էներգետիկ ճգնաժամ, հանքարդյունաբերություն) անտառային էկոհամակարգերը ենթարկվել են ուժգին անթրոպոգեն ազդեցության, ինչի պատճառով տեղի է ունեցել անտառածածկ տարածքների կրճատում, զգալիորեն փոխվել է տեսակային կազմն ու կտրուկ իջել անտառների արտադրողականությունը: Հայաստանի անտառների արդի վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է տարեցտարի ավելացնել անտառապատման, անտառվերականգնման միջոցառումները:
«Անտառվերականգնման և անտառապատման ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու 2011-ին արտասահմանյան դոնոր կազմակերպությունների հետ» հարցով սկսեցինք զրույցը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ ՌՈՒԲԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

-«Հայանտառն» այս տարի առաջնահերթորեն իրականացնելու է նախկինում շուրջ 400 հա-ի վրա հիմնադրված անտառամշակույթների լրացման, իսկ մոտ 2000 հա-ի վրա` խնամքի աշխատանքներ: Զուգահեռաբար, միջազգային գործընկերների (հիմնականում WWF-ի) հետ համատեղ նախատեսվել է միատարր մշակույթներ ունեցող տարածքները վերափոխել խառն անտառների: Ծրագիրը նպատակաուղղված է անտառների կայունության, դիմադրողականության և վերարտադրողականության բարձրացմանը: Բացի դրանից, «Հայաստանի անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի» աջակցությամբ Երևանի անտառտնտեսությունում (Նուբարաշենին հարող տարածքում) 20 հա-ի վրա հիմնվելու է նոր անտառատարածք: Նշված հիմնադրամը ներկայումս վերոհիշյալ տեղանքում իրականացնում է ոռոգման ջրագծի անցկացման և ցանկապատման աշխատանքներ: Այս տարի հանրապետության անտառատարածքներում կիրականացվեն նաև նախկինում հիմնադրված անտառամշակույթների խնամքի աշխատանքներ:
-ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը 2011-ը հռչակել է «Անտառների վերականգնման տարի»: Այդ կապակցությամբ «Հայանտառն» ի՞նչ միջոցառումներ է իրականացնելու:
-ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) «Անտառների վերականգնման տարվան» ուղղված միջոցառումների շրջանակներում, 2010-ից Հրազդանում սկսվել և շարունակվում է «Անտառների վերականգնում և անտառապատում» 432 հազար դոլար արժողությամբ ծրագիրը: Այն նպատակաուղղված է հիմնականում նշված տարածաշրջանի գյուղական վայրերի տնտեսական զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Ծրագրի շրջանակներում Հրազդանի տարածքում կհիմնվի անտառային 15 հա ժամանակակից ջերմատուն, որտեղ, անտառային բույսերից բացի, արմատային եղանակով կաճեցվեն հազվագյուտ գեղազարդող ծառեր ու թփեր: Կից կստեղծվեն, կգործեն սերմերի վերամշակման, պահպանության արտադրական միավորներ:
Արդեն իսկ գործող գրասենյակային համալիրի աշխատողների համար կկազմակերպվեն դասընթացներ, որոնք նպատակաուղղվելու են անտառտնտեսության քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի լրամշակման աշխատանքների մեջ հմտության ձեռքբերմանը: Բացի դրանից, տնտեսությանը կտրամադրվեն նորագույն սարքավորումներ և նյութեր:
-Պահպանման ինչպիսի՞ գործառույթներ են իրականացվում այսօր հանրապետության անտառներում:
-Պահպանության աշխատանքները չնայած դեռևս բավարար չեն, սակայն այսօր արվում է հնարավորը դրանք ուժեղացնելու համար: Նշեմ, որ վերջին հինգ տարում ապօրինի հատումների դեմ համակարգված, կանխարգելիչ միջոցառումները, որն է` գազիֆիկացման ծավալների մեծացում, դրականորեն են ներգործել անտառի վերականգնողականության վրա: Դրականորեն են ազդել նաև անտառվերականգնման շրջանում սեզոնային աշխատողների (բյուջեից և միջազգային ծրագրերից հատկացվող գումարները ստեղծել են նաև աշխատատեղեր մարզերում) հետ տարվող բացատրական աշխատանքները: Շնորհիվ դրա, նրանք հետագայում սրտացավորեն են վերաբերվում և պահպանում են իրենց իսկ ձեռքով ստեղծածը:
Նշեմ նաև, որ «Հայանտառն» այսօր չունի անհրաժեշտ քանակի տեխնիկական միջոցներ, սարքավորումներ և հակահրդեհային մեքենաներ: Այդ պատճառով է, որ միայն 2010 թվականի երաշտի պատճառով հանրապետության անտառատարածքներում բռնկվել է 49 հրդեհ, վնասվել` 810 հա տարածք: Մեծ ծավալի հրդեհները բռնկվել են հոկտեմբերին, նոյեմբերին, նույնիսկ դեկտեմբերին: Դրանց հիմնական պատճառը եղել է առանց կանխարգելիչ միջոցառումների անտառներին հարող խոտհարքներն ու արոտավայրերը անփութորեն (գալիք բերքի համար) այրելը: Վերոնշյալ տարածքներում վնասվել են հիմնականում դեռահաս տնկիները, անտառի խոտածածկույթը, մասամբ էլ հաստաբուն ծառերը: Ասեմ, որ միայն վերջին 10 տարում անտառային հրդեհներից վնասվել է շուրջ 2000 հա տարածք, որից 40 տոկոսը (810 հա)` 2010-ին: Հրդեհները ժամանակին կանխելու նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցներով Կապանի և Սյունիքի անտառտնտեսություններին այս տարի կհատկացվի երկու ամենագնաց: Ծրագրով նշված տնտեսություններին կհատկացվեն նաև հակահրդեհային տեխնիկա, սարքավորումներ (պոմպեր, մղիչներ, ջրի տարաներ, հակահրդեհային համազգեստներ) և բեռնաձիեր: Նույն հենքի վրա կստեղծվեն նաև արագ արձագանքման խմբեր: Ծրագիրը լինելու է շարունակական:
-Վերոհիշյալ միջազգային կազմակերպություններից բացի, «Հայանտառն» ուրիշ ո՞ւմ հետ է համագործակցում:
-«Անտառային օրենսդրության կիրարկում և կառավարում ծրագրի» (FLEG), ինչպես նաև ՀԲ-ի «Բնության պահպանության միջազգային միություն կազմակերպության» (IUCN) հետ` համատեղ իրականացնելով նաև «Ապօրինի հատումների դեմ պայքարի ուժեղացման և կառավարման համակարգի բարելավման ծրագիր»: «Հայանտառը» համագործակցում է նաև «Հայաստանի ծառատունկ» և «Կանաչազարդ Հայաստան» կազմակերպությունների հետ, որոնք ամեն տարի անհատույց հատկացնում են անտառային տնկիներ: Դրանից թիվը վերջին երկու տարում անցել է 200 հազարից:
-«Հայանտառի» գործառույթները կարգավորելու համար վերջին երկու տարում ինչպիսի՞ նոր ծրագրեր են մշակվել և գործողության մեջ դրվել:
-ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից 2010-ին հաստատվել են 15 անտառտնտեսությունների (թվով 19) համար մշակվելիք «Անտառկառավարման պլանները»: Դրանք ներառվել են «2012-2014 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի» (ՄԺԾԾ) նախագծի մեջ: Վերոհիշյալ փաստաթղթի մշակումից հետո անտառային ոլորտի բոլոր տնտեսությունները կունենան 10 տարվա ժամկետով գործող անտառկառավարման պլաններ:
Բացի դրանից, ՀՀ բնապահպանության նախարարությունում մշակման փուլում է «ՀՀ անտառկառավարման պլանը»: Նշված փաստաթղթում ընդգրկվել են անտառների տարանջատման, դրանց արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման խնդիրները: Միաժամանակ անտառտնտեսությունների համար մշակվել են համալիր միջոցառումներ: Դրանք են` անտառապատում, անտառվերականգնում, բնական վերաճի օժանդակում, խնամք, որոնք նպատակաուղղված են դեգրադացված անտառների վերականգնմանը, անտառածածկի ավելացմանը, անտառային հողերի արտադրողականության բարձրացմանն ու կենսաբազմազանության ավելացմանը: Ծրագրով նախատեսվել է պարբերաբար իրականացնել նաև մոնիթորինգ և անտառվերականգնման միջոցառումներ, իսկ դրանց վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել պետական շահագրգիռ մարմիններին և հասարակայնությանը, ինչը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ վերահսկելու անտառվերականգնման աշխատանքները:
Ներկայումս կառույցի համար կարևոր խնդիր է նաև անհրաժեշտ քանակով անտառային մասնագետների պատրաստումը, որոնց թիվը դեռևս անբավարար է: Հիշյալ խնդրի լուծումը մեծ դեր կունենա անտառի հետ կապված հետագա հարցերի կարգավորման համար:
Այս տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում նախատեսվել է իրականացնել նաև կառուցվածքային բարեփոխումներ, որոնք նպատակաուղղվելու են ոլորտի կարգավիճակի բարելավմանը: Ասեմ նաև, որ մենք չենք սպասում ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմանը, անտառվերականգնումն ու դրան նպատակաուղղված միջոցառումները կիրականացնենք սեփական ռեսուրսներով: Դրանցից մեկը մարտին Հայաստանում գումարվելիք «Հայանտառի ազգային աջակցության» ծրագրի մշակմանը նպատակաուղղված մեծ սեմինարն է, որին մասնակցելու են Հռոմի և Բուդապեշտի մեր գործընկերները:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ