Հայ ազգային կոնգրեսի մարտավարությունը հաճախ քաղաքական հակառակորդների, երբեմն էլ զինակիցների կողմից միանշանակ չի գնահատվում։ Եթե իշխանություններն արմատական ու ոչ կառուցողական են որակում կոնգրեսի քաղաքականությունը, ապա զինակիցները մեղադրում են ՀԱԿ-ի առաջնորդին հապաղելու համար։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ այսօր ընդդիմության քայլերի տրամաբանությունն իրարամերժ կարծիքների տեղիք է տալիս։ Մեզ հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև այս խնդրին։
-Կոնգրեսի այսօրվա մարտավարությունը, պայքարի տրամաբանությունը, Ձեր գնահատմամբ, ի՞նչ հանգրվանի են տանում:
-Կոնգրեսի մարտավարության և պայքարի տրամաբանության ուղենիշները ձևավորվում են յուրաքանչյուր փուլում առկա բազմաբնույթ գործոնների ազդեցությամբ և հաշվառմամբ: Ներկայումս ինքնախաբեություն է ենթադրելը, թե առկա սոցիալ-տնտեսական ծանր պայմանները և բացասական այլ երևույթները հանրային գիտակցության մեջ հեղափոխություն են առաջացրել, և մնում է միայն հենց այս առավոտ դրոշակը պարզած դուրս գալ փողոց ու կեսօրին տապալել այս հակաժողովրդական իշխանությունը: Սա քաղաքական մտածելակերպ չէ: Միաժամանակ ակնհայտ է, որ միջազգայնորեն թուլացած, ծայրաստիճան վտանգավոր դիրքերում հայտնված, տնտեսական կոլապսի սպառնալիքի առջև կանգնած, օտարերկրյա գործակալների կողմից հասարակական խոր պառակտվածության հասած Հայաստանի ազգային և պետական շահերը պահանջում են հնարավորինս արագ իրականացնել իշխանափոխություն` ներկա կոռուպցիոն-բռնատիրական բուրգի կազմաքանդում և երկրում սահմանադրական կարգի վերահաստատում: Կարծում եմ՝ այս իրողության գիտակցությամբ է ղեկավարվում կոնգրեսը, ինչը ենթադրում է ուժերի հնարավորինս արագ կուտակում և համախմբում, հնարավորինս արագ իշխանափոխություն:
-ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից հետո քաղաքական տարբեր շրջանակներ կարծիք են հայտնում, թե ընդդիմությունն այսպիսի քաղաքականությամբ պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին, քանի որ այլևս արտահերթ ընտրությունների պատուհանը փակ է: Համակարծի՞ք եք և ինչպե՞ս եք բացատրում կոնգրեսի առաջնորդի նախապես հռչակած 15 պահանջների կրճատումը:
-Ո՛չ, համակարծիք չեմ: ՀԱԿ-ի բոլոր հանրահավաքները նշանավորում են որոշակի փուլի հաղթահարում` նշված նպատակին հասնելու ճանապարհին: Վերջին ժամանակներս Ձեր նշած այդ շրջանակները, որոնց մեծ մասն իշխանության պատվերներն է կատարում, հատկապես վերջերս կաշվից դուրս են գալիս ժողովրդին համոզելու, իբր ՀԱԿ-ը գնում է իշխանությունների հետ պայմանավորվածությունների, իբր համակերպվել է «հերթական ընտրությունների գնալու մտքին» և այլն: Այդ ո՞վ է որոշել, որ «արտահերթ ընտրությունների պատուհանը փակ է»: Երկրում այդ ի՞նչ համապետական նշանակության հարցեր են լուծվել կամ լուծվում (գործազրկություն, աղքատություն, արտագաղթ և այլն, և այլն), որ այդ պատուհանը «փակել» են: Հայաստանում վաղուց առաջացել է այնպիսի իրավիճակ, որ չի բացառվում` հենց վաղն էլ իշխանափոխության հարմար պահ առաջանա և` ոչ միայն հանրահավաքային կրիտիկական զանգվածի առկայության պարագայում: Իսկ եթե, ասենք, չհաջողվեց արտահերթ ընտրությունների հասնել, ի՞նչ է` հանցագործությո՞ւն է հերթական ընտրություններին մասնակցելը: Կոնգրեսի հակառակորդների այս մտածելակերպը, մեղմ ասած, արտառոց է: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հռչակած 15 պահանջների «կրճատմանը», այդ պնդումն անլուրջ է, քանի որ առաջին նախագահն իր վերջին ելույթում շեշտեց, որ ոչ թե պահանջների թիվն է կրճատվում, այլ ներկա փուլում, ներկա պահին դրանցից երեքին է առաջնահերթություն տրվում:
-Ապագա խորհրդարանում մանդատներ ունենալու համար այսօր ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր դաշտում ակտիվ գործընթացներ են: Եթե ՀԱԿ-ի ներկայացուցիչներին չհաջողվի արտահերթ ընտրությունների հասնել, հերթականի պարագայում կոնգրեսին կհաջողվի՞ ունենալ ծանրակշիռ ներկայություն խորհրդարանում:
-«Եթե»-ով չխոսենք, դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա մինչև հերթական ընտրությունները, իսկ դրությունը երկրում օրավուր վատթարանում և սրվում է:
-Վերջին հանրահավաքից հետո խոսակցություններ կային, թե իշխանություն-ընդդիմություն «արժանապատիվ գործարքի» առանցքն ապագա խորհրդարանում ուժերի հավասարաչափ բաշխումն է եղել: Ձեր գնահատականը:
-Դա իշխանության լաքեյների կամ քաղաքական տկարամիտների տարածած ասեկոսեն է: Ի դեպ, տարրական տրամաբանությունը հուշում է, որ այդ «հավասարաչափ բաշխումը» ձեռնտու չի կարող լինել ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ իրական ընդդիմությանը:
-Վերջին շրջանում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ընդդիմության պայքարը ոչ թե իշխանությունների դեմ է, այլ մյուս ընդդիմադիրների: «Ժառանգություն»-ՀԱԿ «փոխհրաձգությունը» արդյոք հօգուտ իշխանության չէ՞ր։
-Ակնհայտ է, որ կոնգրեսն ունի քաշային այլ կատեգորիա, և նրա վերաբերմունքը չի կարող լինել այլ բան, քան իր կատեգորիային համապատասխան վարվեցողություն: Այդ աղմուկը մի բաժակ ջրի ալեկոծություն է, և չարժե դրան ուշադրություն դարձնել: Պառակտվում է մի բան, որը միասնական է լինում, իսկ երկրորդական հարցերում նույնատիպ դիրքորոշում ունենալը դեռ միասնականության նշան չէ: Վերջին հաշվով, կոնգրեսը կարող է համագործակցել իրենց ընդդիմադիր հռչակած բոլոր ուժերի հետ շատ կարևոր մեկ-երկու հարցերի շուրջ, բայց երբ տեսնում ես, որ դրանցից մեկը դեմ է քո գլխավոր կարգախոսին, իսկ մյուսն անհասկանալի գործելակերպ է որդեգրել, քեզ մնում է սպասել հերթական «ընդդիմադիր» ականների պայթյուններին:
-Ընդդիմադիր ուժերից այսօր ո՞ւմ հետ եք տեսնում իրական համագործակցության եզրեր:
-Բոլոր նրանց, ովքեր իրապես գիտակցում են այսօր հայկական պետականությանն սպառնացող վտանգի լրջությունը և պատրաստ են հանուն մեր ժողովրդի պայքարի ելնելու իշխանությամբ զրահավորված ծախու «հայրենասերների» դեմ:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ