Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Եվրոպական քաղաքակրթության ժամանակավոր հաջողության հիմնական գաղտնիքը

Եվրոպական քաղաքակրթության ժամանակավոր հաջողության հիմնական գաղտնիքը
29.03.2024 | 07:38

Պասիոնարության կամ մարդու զոհողության գնալու պատրաստակամության աստիճանը, մարդկային այլ հատկությունները կորցնելու նման, ունի չվերադարձի կամ բեկման կետ (point of no return, tipping point, точка невозврата, переломный момент):

Եվ այդ չվերադարձի կամ վարքային բեկման կետը կարող է կապված լինել մարդկանց կամ ժողովրդի երկու ծայրահեղ կենսապայմանների հետ՝

1․ Տևական գոյաբանական վախի պայմաններում ապրելու հետ,

2․ Պատմական տվյալ կոնկրետ ժամանակաշրջանում տևական ու հնարավոր ամենաբարձր հարաբերական բարեկեցության պայմաններում ապրելու հետ։

Այսինքն, մարդկանց կողմից պասիոնարության կամ ուրիշների գոյաբանական շահի համար զոհողության գնալու հատկության դինամիկան հասկանալու համար առաջին դեպքում կարևոր գործոն է տևական գոյաբանական վախի զգացումը, իսկ երկրորդում, այսինքն հարաբերական բարձր մակարդակի բարեկեցիկ կյանքի դեպքում՝ տևական հաճույքի զգացումը։

Երկու դեպքում էլ արդյունքը լինում է նույնը՝ մարդիկ դառնում են ծայրահեղ վախկոտ ու զգուշավոր։

Դա էլ, իր հերթին, հանրության կամ հասարակական մակարդակով բերում է որակապես նոր արդյունքի, այն է՝ նման ծայրահեղ վախկոտությունն ու զգուշավորությունը անվճռականության հետ միասին բերում են ավելի մեծ կորուստների, քան եթե գոյաբանական պայքարում կռվից չխուսափեին և ավելի քիչ կորուստներով հաղթանակի հասնեին։

Բայց սա ևս միարժեք չէ և կախված է գոյաբանական պայքարում հակամարտության կողմերի ուժերի ու կազմակերպվածության հարաբերությունից։

Այսինքն, հակամարտ կողմերի ուժերի ու կազմակերպվածության մեծ տարբերության դեպքում կա մի շեմ, որից հետո, անկախ ամեն ինչից, թույլ կողմը կպարտվի։

Դա նշանակում է նաև, որ ցանկացած բնույթի գոյատևում ենթադրում է հակամարտող կողմերի, նրանց ուժերով ու կազմակերպվածությամբ պայմանավորված հզորությունների միջև հավասարակշիռ վիճակ։

Այսինքն, ուժային հակամարտության պայմաններում թույլ կողմի գոյատևումը հնարավոր է կա՛մ դաշնակից ունենալով, կա՛մ էլ պակաս ագրեսիվ հակառակորդ ունենալով։

Թույլի գոյատևման պրոցեսը հասկանալու համար շատ կարևոր է հասկանալ նաև այն միջավայրի կառավարող հանգամանքները, որոնցում գտնվում է թույլը։

Այս իմաստով շատ տիպական է թույլերի վիճակը բարեկեցիկ միլիարդի պայմաններում, երբ բոլորի կողմից աշխարհի թալանը հարթում է ներքին հակասությունները, և աշխարհի հաշվին դառնում են միմյանց նկատմամբ շատ ավելի հանդուրժող։

Սա է եվրոպական քաղաքակրթության ժամանակավոր հաջողության հիմնական գաղտնիքը՝ ուրիշների հաշվին ներքին հանդուրժողականություն կամ ներքին հակասությունների տակտիկական ու ժամանակավոր անտեսում։

Ըստ որում, վերջին հանգամանքը վերաբերում է ոչ միայն տարբեր հզոր ու թույլ եվրոպական պետությունների մեկը մյուսի նկատմամբ ունեցած վերաբերմունքին, այլ նաև կոնկրետ երկրի ներսում վերնախավի ու ժողովրդի հարաբերություններին։

Այն հանգամանքը, որ դու հզոր ես, նշանակում է նաև, որ դու քո ժողովրդին ևս պետք է ներշնչես, որ ինքն էլ մյուսների նկատմամբ ունի առավելություններ, որն էլ հնարավար է միայն ժողովրդի կյանքը թույլատրելիության և նպատակահարմարության սահմաններում ավելի ազատ ու ավելի բարեկեցիկ դարձնելով։

Սա նշանակում է նաև, որ եվրոպական քաղաքակրթության հնարավոր նահանջի դեպքում նշված միջպետական և ներքին հակասությունները մեծ արագությամբ կդառնան վճռական գործոններ։

Բոլորովին այլ է թույլի վիճակը աղքատ ու ագրեսիվ միջավայրում, որտեղ փոխադարձ հանդուրժողականությունը ևս գտնվում է շատ ցածր մակարդակի վրա։

Այստեղ է, որ թույլի գոյատևելու միակ պայմանը ուրիշի հզորության հաշվին ուժային հավասարակշռության հասնելն է ագրեսիվ և ուժեղ թշնամու հետ, այն, ինչ որ տիպական է եղել վերջին հարյուրամյակների մեր կյանքի համար, և որից զրկվեցինք անկախության հետ միասին, իհարկե, որոշ իներցիոն շրջանից հետո։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ