38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դեսպոտիզմի ու օխլոկրատիայի սիմբիոզը

Դեսպոտիզմի ու օխլոկրատիայի սիմբիոզը
17.09.2023 | 22:31

Ողջու՜յն, հպարտ ու դուխով դեմոս:

- Ինչպե՞ս ես:

Իհարկե՝ գերազանց:

Չէ՞ որ հեղափոխականներդ գերված եք, գայթակղված, գնահատված, գովաբանված, գովասանքի ու գորովանքի արժանացած:

Չէ՞ որ առաջնորդը սիրում է ձեզ, հպարտանում է ձեզանով, խոնարհվում է բոլորիդ առաջ:

Չէ որ յուրաքանչյուրդ վարչապետ եք:

Չէ՞ որ, դուք ասում եք` նա անում է:

Մի՞թե ավելին է պետք:

Մի՞թե սա չէ էտալոնն ու գրավականը:

Մի՞թե այս սերն ու համերաշխությունը չէր,

որ ժամանակին պակասում էր, իսկ հիմա թևածում է հայոց երկնակամարում:

Մի՞թե չիրականացան ողջ հայության հավաքական բաղձանքն ու երազանքը:

Բրավո՛ Փաշինյան, դու ունիկալ ես:

Դու ապացուցում ես, որ կատարյալ տաղանդ ես:

Ապացուցում ես, որ քեզ պես երկրորդը հայ ազգը չի ծնել:

Ապացուցում ես, որ դու անսխալական ես, անփոխարինելի:

Որ անպարտելի ու անպատժելի ես,

անգամ եթե հայրենիքը վաճառես, երկիրը քանդես, կորուստ ու ցավ պատճառես:

Ապացուցում ես, որ դեսպոտ լինելով՝ ազգի ծառա ես, վախկոտ լինելով՝ փրկիչ հերոս ես, Նազար լինելով՝ Տիգրան Մեծ ես, որ քո գրիմասով՝ տոտեմ-իդոլ ես:

Անշուշտ, այդպես է:

Իսկ թե մեկը կասկածի ու բախտը փորձի՝ ասֆալտ կհամտեսի ու բորդյուր կլիզի:

Ապրե՛ս դու Նիկոլ, մեր հզո՛ր արքա:

Պատմությունը վկա քեզ պեսը չկա:

Ողբամ քեզ ոչ հպարտ քաղաքացի, որ առ այսօր չես հասկացել, որ փնթին հաղթել է մաքրասերին, տգետը՝ խելոքին, կեղծավորը՝ անկեղծին, նենգ ու խարդախը՝ պարզ ու ազնիվին, գծուծ արատավորը՝ անբիծ անարատին, եսամոլ երեսպաշտը՝ ալտրուիստ անաչառին, ճղճիմ փոքրոգին՝ վեհանձն անձին, շեղվածն ու խեղվածը՝ առողջ ադեկվատին, որ ապիկար բանսարկուն, դեմագոգն ու դիլետանտը հաղթում է կարող արժանավորին:

Ողբամ քեզ հայ ազգ, որ լուռ համաձայնությամբ ու հանցավոր անտարբերությամբ հանդուրժում ես հանճարեղ տգիտությունը, ֆանտաստիկ անգրագիտությունը, անոմալ լեզվաաճպարարությունը, աննորմալ բառապաշարը, պոռթկող պաթոսը, մարսում ես մանիպուլյացիաները, աններելի արարքները, մսխած հնարավորությունները:

Որ համտեսում ես մորմոք ու մաղձ,

Ապրում թախիծ, կսկիծ ու գաղջ,

Որ դարձել ես դինջ, չունես պահանջ,

Աչք կփակես, կանես նահանջ,

Որ խաբված ես, դավաճանված,

Ստորացված ես, նվաստացած…

Ողբամ քեզ հայ ազգ, որ չես գիտակցում, որ սա ազգային ողբերգություն է, պատիժ է ու խարան:

Ողորմի՜ քեզ, եռամեծն վարդապետ Մովսես:

Բազմության այդ ինչ ինքնատիպ ավարտաբանություն թողեցիր մեզ:

Մորմոքող սրտի ցավագին մի ճիչ, ողբ…

Այն գրեցիր դարերի ու հազարամյակների համար, որն անգամ համահունչ է մեր օրերին:

Ողբի նորօրյա մի ձայնակցող էլ ունես, սիրելի՛ պատմահայր, տիեզերահռչակ վարդապետ:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4017

Մեկնաբանություններ