38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վարկային միջոցների խնայողություններով բացվում են համակարգչային նոր դասասենյակներ

Վարկային միջոցների խնայողություններով բացվում են համակարգչային նոր դասասենյակներ
01.12.2015 | 14:15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում բացվել է համակարգչային դասասենյակ: Նույն ծրագրի շրջանակում դպրոցը համալրվել է նաև դպրոցական նոր գույքով: Նախարարը շրջել է դասասենյակներում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ, ծանոթացել դպրոցի նյութատեխնիկական բազային, գրադարանին, ինչպես նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին:

Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Այնթափի միջնակարգ դպրոցը տիպային ուսումնական հաստատություն է` իրականացված կրթական բարեփոխումների և ընթացիկ նախագծերին ծանոթացնելու համար, որովհետև այս դպրոցում տեսանելի են վերջին տարիներին կյանքի կոչված գրեթե բոլոր կրթական ծրագրերը: «Դրանք են` շախմատի լսարանը, նախադպրոցական կրթության համար առանձին հնարավորություն` նախակրթարան, «Դպրոցական սնունդ» ծրագիրը, նոր համակարգչային լսարաններ, որոնք նախատեսված են մեծ թվով աշակերտներ ունեցող միջնակարգ դպրոցների համար: Այս դպրոցի օրինակով կցանկանայինք բոլոր մարզերում ունենալ նմանատիպ ուսումնական հաստատություն, որոնք և բարեկարգ լինեն, և ունենան արհեստավարժ մանկավարժական համակազմ: Ըստ մանկավարժների գնահատականների` նախակրթարան հաճախած երեխաներն ավելի լավ են սովորում դպրոցում, «Շախմատ» առարկան անցած աշակերտներն ավելի լավ են յուրացնում ճշգրիտ և բնական գիտությունները: «Դպրոցական սնունդ» ծրագրի շնորհիվ լուծում ենք առողջապահական և սոցիալական հարց, որն ունի նաև կրթական հետևանք, որովհետև եթե երեխան քաղցած չէ, բնականաբար, նա ավելի լավ է ընկալում ուսումնական նյութը: Համակարգչային լսարանի շնորհիվ հնարավորություն կտրվի երեխային օգտվել այն զանազան հայալեզու կրթական ռեսուրսներից, որ ստեղծել ենք վերջին տարիներին: Բացի այդ, մոտ ապագայում բոլոր դպրոցների համար նախատեսում ենք նոր վիրտուալ լաբորատորիաներ` հիմնական բնագիտական առարկաներից»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ պետությունը վերջին անգամ խոշոր համակարգչային համակազմ է դպրոցներին տրամադրել 2012 թվականին, երբ ՀՀ Նախագահի ծրագրով շուրջ 2500 համակարգիչ բաժանվեց դպրոցներին: «Սակայն տեխնիկան շատ արագ մաշվում է, որովհետև աշակերտ-համակարգիչ թիվը ներկայումս շատ օպտիմալ է` 17 աշակերտին բաժին է ընկնում 1 համակարգիչ: Համեմատության համար նշեմ, որ 10 տարի առաջ այն կազմում էր 40/1, այսինք` 25 անգամ այս ցուցանիշը բարելավվել է: Սակայն համակարգիչները պարբերաբար թարմացման կարիք ունեն` 4-5 տարին մեկ անգամ: Բացի այդ, հինգ տարի առաջ և այսօր անհամեմատելի է ԿԳ նախարարության ստեղծած հայալեզու կրթական նյութերի քանակը, որն առկա է համացանցում: Դրանք են` դասագրքերը, թեստերը, շտեմարանները, ուսումնական ձեռնարկները, լրացուցիչ գրականությունը, ինտերնետային խաղերը և այլն»,-նշել է Արմեն Աշոտյանը լրագրողների խնդրանքով անդրադառնալով նաև ոլորտի խնդիրներին: «Բոլոր դպրոցներում խնդիրները միատեսակ են` մանկավարժական համակազմի և աշակերտների թվի միջև եղած տարբերություն, շենքային պայմանների խնդիր` հանրապետության շուրջ 400 դպրոց այսօր ունեն քաղաքաշինական խնդիրներ և, վերջապես, ուսումնական բնույթի խնդիրներ: Գաղտնիք չէ, որ դպրոցական ուսումնական ծրագրերը գերբեռնված են, ուստի դրանք պետք է վերանայվեն Առհասարակ, կրթության ոլորտում բոլոր խնդիրները պահանջում են մշտական աշխատանք»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ համակարգչային լսարանները ԿԳՆ-ի և Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակներում են բացվել: Դրանք շարժական լսարաններ են` նոութբուքեր, որոնք իրենց պահարանով, ինքնուրույն սնուցման և կապի համակարգերով հնարավոր է հեշտությամբ տեղաշարժել ցանկացած առարկայի դասավանդման համար: Ծրագրի շրջանակում շուրջ 800 մլն դրամի համակարգչային սարքավորումներ և պրոյեկցիոն սարքեր են տրամադրվել ոչ միայն խոշոր միջնակարգ, այլև առաջնահերթության կարգով սահմանամերձ 15 գյուղերի, հիմնականում Տավուշի մարզում:

Դիտվել է՝ 2796

Մեկնաբանություններ