ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում «Սամսունգ» ընկերության աջակցությամբ վերազինված լսարանի բացմանը: ԵՊՀ նորաբաց կենտրոնում մայր բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ կուսումնասիրեն պլանշետների ծրագրերի ծրագրավորման դասընթացներ: Այն կօգտագործվի նաև ԵՊՀ ՏՏ կենտրոնի կարիքների համար:
Կրթական կենտրոնի բացումից հետո նախարար Արմեն Աշոտյանն ու «Սամսունգ» ընկերության ԱՊՀ երկրների նախագահ Սանգ Չուլ Լին ստորագրել են կրթական բնագավառում ծրագրավորման և ՏՏ հիմունքների ոլորտում լրացուցիչ կրթության զարգացման մասին համաձայնագիր: Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ տեղակատվական տեխնոլոգիաների ոլորտը հատուկ կարևորություն ունի հանրակրթության և բուհական կրթության բնագավառում. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտը անսահմանափակ հնարավորություն ունի ստեղծել ժամանակակից կրթական միջավայր: ՏՏ ոլորտը մենք դիտարկում ենք ոչ միայն մասնագիտական ուղղվածություն, այլև ժամանակակից գործիք՝ բոլոր մասնագիտությունների մրցունակ կրթություն կազմակերպելու համար՝ ապահովելով հետաքրքիր և ինտերակտիվ դասապրոցես»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ԵՊՀ-ում «Սամսունգ» կենտրոնի բացումն այս շարքում վերջին ձեռքբերումներից է: Նախարարը շեշտել է «խելացի դպրոց» հայեցակարգի կարևորությունը կրթության կազմակերպման գործում՝ նշելով, որ նման լսարան արդեն բացվել և գործում է նաև Գյումրու «Ֆոտոն» վարժարանում: Նախարարը նշել է նաև, որ նախարարությունը մտադիր է ԵՊՀ-ում ՏՏ ոլորտի և ծրագրավորման գիտահետազոտական կենտրոն ստեղծել. «ԵՊՀ գիտական ներուժն այս ասպարեզում իսկապես մեծ է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մակարդակով և կարող դերակատարում ունենալ տարածաշրջանային կարևոր նախագծերի իրագործման հարցում»,- նշել է Ա. Աշոտյանը:
«Սամսունգ» ընկերության ԱՊՀ երկրների նախագահ Սանգ Չուլ Լին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՆ-ին և ԵՊՀ ղեկավարությանը՝ նախաձեռնությանն աջակցելու համար՝ շեշտելով, որ իրենք կարևորում են ՏՏ ոլորտում բարձրակարգ մասնագետների պատրաստումը:
Մասնագիտացված էլեկտրոնային լսարանը վերազինված է էլեկտրոնային սարքավորումներով՝ էլ. գրատախտակ, նոթբուքեր, պլանշեթներ (Samsung LED LFD Display Touch Overlay Accessories` 75.4 անկյունագծով, 6 կետի ճանաչման հնարավորությամբ, 30 Galaxy Tab Tablet, 15 Notebook Core i5):
Պլանշեթներն ու նոթբուքերը միանում են մեկ լոկալ ցանցով, իսկ ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս հետևել ուսանողների ակտիվությանը, արգելափակել կամ թույլատրել օգտագործվող ծրագրերի հասանելիությունը՝ այն ցուցադրելով յուրաքանչյուր ուսանողի պլանշեթի կամ նոթբուքի վրա:
Լսարանը նախատեսվում է օգտագործել ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում իրականացվող մագիստրոսական ծրագրերի դասընթացների, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամանակ, ինչպես նաև ոչ մասնագիտական ֆակուլտետների համար նախատեսված «Համակարգչից օգտվելու հմտություններ» և «Android ծրագրավորման ներածություն» դասընթացներ մշակելու և իրականացնելու համար: Հետագայում կկազմակերպվեն նաև հատուկ ծրագրեր և թրեյնինգներ միջնակարգ դպրոցի և բարձր դասարանցիների համար, ովքեր պատրաստվում են ուսումը շարունակել ՏՏ ոլորտում: