Նախ ազնվորեն արձանագրենք, որ ճիշտ, մի քիչ էլ արդար չի լինի, եթե Վարդան Մինասիչը, որին անձամբ պարոն Մեթը` Բրայզա, ասել է` «he is good guy», մեկ էլ ու տեղ չգտնի հայոց ազգընտիր պառլամենտում: Նրա հետ շա՜տ հետաքրքիր է, և եթե մի պահ պատկերացնում ես` պառլամենտը մնալու է առանց նրա սերիալական մտքերի, «սիրտդ լցվում է թախծով»:
Պարոն Օսկանյանն իր կյանքի բոլոր հատվածներում ապացուցել է, որ ինքն «այլոց» լավ փոխանորդն է` քաղաքական գետնին վրա, և իրենով շատ հեշտ ես կողմնորոշվում քաղաքական, արտքաղաքական, էլ չենք ասում` տնտեսական իրողությունների հորձանուտում:
Ճիշտ է, մեկ-մեկ նրա մտքի թռիչքն ահավոր վագրային է լինում, մեկ-մեկ էլ լեզվա-նեյրոլինգվիստիկ ու «սվիստիկ» «պրոմախներ» ունենում (չէ՛, նկատի չունենք «օքոպեյշըն» արված «տուալետները», այլ որ` էն տարիներին, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, ինքն էլ` արտգործնախարար, ու հեչ պետք չէր, որ ասվեր` տեղի է ունեցել Բեժուաշվիլի-Սերժ Սարգսյան հանդիպում, որովհետև այցը կոնֆիդենցիալ էր, ինքը «դիվանագիտորեն» վերցրեց ու «անկեղծորեն» ասաց` էն օրը ես, Սերժ Սարգսյանը, Բեժուաշվիլին «Փարվանայում» ընթրում էինք):
Պետք է արձանագրել նաև, որ մեր «դիվանագիտության հայր» Օսկանյանն ահագին էլ ֆորտունալ է. ճակատագիրը նրան ոչ թե «աութսայդեր» է սարքում, այլ հզոր առանցքային ֆիգուրի է վերածում:
Երբ ժամանակին նրան հարցրինք` պարոն Օսկանյան, ո՞նց ստացվեց, որ հոկտեմբերի 27-ին Դուք ԱԺ դահլիճում չէիք, նա ասաց, որ այդ պահին վերադառնում էր օդանավակայանից, ուր ճանապարհել էր Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Թելբոթին:
Հաջորդ հետաքրքիր «դիպվածը» մարտի 1-ն էր: Նա էր այդ օրվա կոնֆերանսիեն, «ասողը»: Ինչեր «ասաց», բոլորս լավ գիտենք: Ինչու «ասաց», ավելի լավ գիտենք:
Հետո` «այս օրերին» «ասացողն» ասաց, որ գնալու է ՀՀԿ-ի միտինգին: «Ասացողն» այդ օրն ուղղակի Քեյսի էր (Քեյնսի չէ, Քեյսի)` պայծառատես-տեսանող: Նա մարգարեացավ. ՀՀԿ միտինգին միայն համերգ է լինելու, գնալու եմ համերգ լսեմ:
Հիմա հարցեր.
ա) Վարդան Մինասիչ, գնացի՞ք այդ միտինգին (դրա համար ենք ուզում, որ գաք պառլամենտ, հարցնենք):
բ) Դուք մի՞շտ եք ՀՀԿ միջոցառում-համերգներին մասնակցում:
գ) «Վարդան-Վարդան` քաջ Վարդան, հոգիս եղնի քեզ ղուրբան», եթե գնացել էիք, Ձեր «այֆոնն» ու «ֆեյսբուքը» Ձեզ հետ տարե՞լ էիք միտինգի:
դ) Վարդան Մինասիչ, ինչո՞ւ այդպես վրդովվեցիք, որ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ. կարո՞ղ է պիտի ելույթ չունենար: Թե՞ պիտի ելույթ ունենար, որ պանիկա չլիներ, մարտի 1-ի զգացողությունը չվերադառնար:
ե) Պարոն նախկին արտգործնախարար, Դուք իսկապե՞ս ուզում էիք, որ Սերժ Սարգսյանը Չիկագո գնար: ՈՒզո՜ւմ էիք: Որովհետև, որ գնար, Ռուսաստան-«հայրիկը» լիքը կջղայնանար, լիքը «ալֆա» բաներ կաներ (էն 27-ին էլ, հիշում եք, «Ալֆա» ջոկատն էր պառլամենտում):
Չգնա՜ց Սերժ Ազատիչը: Չգնա՛ց, պարոն Օսկանյան, էն ո՜նց չգնաց:
զ) Պարոն Օսկանյան, օրերս Դուք աններելի բացթողում եք ունեցել. չեք անդրադարձել ՀՀԿ գրասենյակի հրդեհին. մենք սպասում ենք Ձեր հեղինակավոր, կողմնորոշիչ խոսքին:
Գալուստ Սահակյանի ավտովթարին էլ, ի դեպ, չեք անդրադարձել:
Կարմեն Դավթյան