Վերջին տարիներին Հայաստանի բարձրլեռնային տարածքներում ավելացել է գայլերի քանակը: Այնտեղ, ուր դրանք շատ են բազմացել (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ), տուժել են ոչխարի հոտեր, նախիրներ: Վերջին դեպքն արձանագրվել է մայիսի 23-ին` Լոռու Արջուտ գյուղում, որտեղ գայլերը հոշոտել են համայնքի բնակչուհի Ռոզա Գասպարյանին պատկանող 26 գլուխ ոչխարը: Երկրորդ հարձակումը գրանցվել է դարձյալ նույն օրը Շիրակի մարզի Ջրառատ գյուղում, որտեղ գայլերը հոշոտել են Փայլակ Իսրայելյանի 42 գլուխ ոչխարի հոտը:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, նշված դեպքերը կատարվել են գիշերային ուշ ժամերին` փակ գոմերում, որոնց պատուհաններից խորամանկ կենդանիները ներթափանցելով` ոչնչացրել են վերոհիշյալ քանակը` մեծ վնաս հասցնելով տնտեսություններին: Հոշոտված անասուններին, ըստ տեղեկատվության, վնասազերծելուց հետո թաղել են: Համայնքապետերը խոստացել են հնարավորինս օգնել տուժած գյուղացիներին:
Վնասի վերաբերյալ վերջնական` գրավոր տեղեկություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը դեռևս չի ստացել: Ստանալուց հետո դրա հիման վրա կկազմվի համապատասխան հանձնարարական: Նշենք նաև, որ ոհմակների ակտիվացումը մասնագետները կապում եմ գայլերի բազմացման շրջանի հետ:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ