Երբ երկրիդ ղեկավարն ԱԺ ամբիոնից խոսում է թշնամի երկրի ղեկավարի շուրթերով, բարձրաձայնում նրա պահանջներն ու ուլտիմատում-վերջնագրերը, երբ վերջիններիս տեսակետներն երկուստեք համընկնում են, խոսույթը սինխրոն է, կարծես կա կոնսենսուս, ընդհանուր հայտարար և նույնիսկ համատեղ որոշում՝ դժվար է չհամաձայնել, որ ամեն ինչ կանխորոշված է և այդ որոշումը բացարձակ մեր օգտին չէ:
Ավելին՝ կա դառը իրականության ֆիքսում, որն արդեն իսկ բացահայտ կերպով հրամցվում է հասարակությանը՝ որպես անբեկանելի իրողություն ու մատուցվում՝ որպես հարմարվողականության ու հանդուրժաղականության ակնկալում:
Վարչապետը, ինչպես միշտ, իր ամպլուայի մեջ էր:
Նա կրկին խոսեց ամեն ինչից և ոչինչից:
Նորից մեջբերեց ու մեղավոր ճանաչեց «նախկիններին», նորից բանեցրեց ինքնախոստովանական սրտաճմլիկ ճառերը,
«ես էլ եմ մեղավոր, այ սրա-նրա համար ինձ էլ կարելի է դատել» էմոցիոնալ սպեկուլյացիաները, դեմագոգիկ ու պաթեթիկ, մանիպուլացնող ու ինտրիգային լեզվապաշարը, կրկին վառ արտահայտեց իր լիրիկական զեղումներն ու սոփեստությունը:
Խեղաթյուրեց և՛ Հելսինկյան եզրափակիչ ակտը, և՛ Մադրիդյան սկզբունքները, և՛ անկախություն ու ազգերի ինքնորոշում եզրույթները, և՛ մարդու իրավունքների կամարտահայտության դրսևորումները:
Հայտարարեց, որ չի էլ հասցրել բանակցել, այն դեպքում, երբ բանակցում էր իր զրո կետից և հենց այն, ինչ կուզեր:
Կարծես՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում եմ ու թող ինձ չասեն հը, այդ ի՞նչ եք բանակցում» ես եմ ասել, ոչ թե ինքը:
Մի խոսքով՝ այլափոխեց, աղավաղեց ամեն ինչ, հակասեց ինքն իրեն, նախկինում կատարած հայտարարությունները, իր իսկ որդեգրած սկզբունքները:
Իսկ որ ամենազավեշտալին է՝ փորձեց համոզել հայ ժողովրդին՝ փոխել հանրային ընկալումը և ընկալման դիտանկյունը:
Նման աբսուրդ, ինչպիսինն է՝ «արցախահայությունը Արրբեջանի կազմում լինելով, որպես ելակետ նոր պետք է ինքնորոշվի» չէր կարող ասել նույնիսկ ապազգային ու անհեռատես քաղաքական գործիչը:
Ինչևէ, նրանից ամեն ինչ սպասելի է:
Հետևաբար՝ ցանկացած նման խոսքերի համար բնավ պետք չէ զարմանալ:
Փաստ է՝ ըստ նրա օրակարգում այլևս չկա Արցախի հարց:
Նա իր կուսակիցների հետ այդ էջը փակել է, իսկ հիմա արձանագրում է, որ այլևս այդ խնդրի հետ առնչություն չունի:
Ավելին՝ նրանք համակերպվել են և հիմա ժողովրդին են հորդորում համակերպվել:
Հիմա նրա սպասելիքը ժողովրդից դա է, ու դրանում՝ իրեն օժանդակությունը...
Նա այս հարցում ակնկալում է համաժողովրդական համաձայնության կոնսենսուս:
Ըստ նրա՝ պետք է առերեսվել Արցախի կորստի իրողության հետ:
Միակ կապը Արցախում ապրող հայերն են ու նրանց հումանիտար իրավունքները:
Ընդ որում, այստեղ այլևս կարմիր գիծ չկա:
Այնպես, ինչպես այլևս չկա 29,8-ի պահպանման հարցում:
Շուրջ 1.500 կմ քառակուսի ՀՀ տարածքից փաստացի Ադրբեջանի օկուպացիայի տակ է:
Այս ելույթին հաջորդեց նրա «քաղաքակիրթ» գործընկերոջ անկեղծ ելույթը Բաքվից, որով վերջինս պահանջեց Հայաստանից՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Արցախը նրա կազմում:
Որպես ուլտիմատում Ալիևը պահանջեց կա՛մ համակերվել Արցախում ադրբեջանական դրոշի ծածանման ու ադրբեջանական քաղաքացիություն ընդունելու հետ, կա՛մ որ արցախահայերը հեռանան, գտնեն իրենց համար նոր բնակավայրեր:
Ալիևը նաև Հայաստանից պահանջեց՝ հստակ հայտարարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»:
Որ «Խաղաղության պայմանագիրն էլ ուզած, թե չուզած Երևանը ստորագրելու է. այլ տարբերակ չկա»:
Իսկ Երևանում ադրբեջանական դրոշն այրելու կապակցությամբ վերջինս սպառնաց, որ «մի օր հայերը կարող է բացեն իրենց աչքերն ու տեսնեն Ադրբեջանի դրոշն իրենց գլխավերևում»:
Ի դեպ, պարզվում է, Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վերականգնման շինաշխատանքներին Ալիևը ներգրավել է նաև հայ ռազմագերիներին:
Աղդամում՝ «դու՛ք եք ավերել, դու՛ք էլ ձեր ձեքերով կկառուցեք» «պատժիչ գործողությունների» շրջանակներում հայ գերիները կատարում են բանվորի աշխատանք:
Այսպիսով՝ Ալիևի պահանջները, առաջարկներն ու ուլտիմատումները պարզ են:
Արցախահայերի ջարդ ու կոտորած իրականացնելը մնում է՝
ԱՌԱՋԻՆ- Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը,
ԵՐԿՐՈՐԴ-նՀՀ քաղաքացիների հանդեպ շինծու քրեական գործերի բացումը,
ԵՐՐՈՐԴ-նրանց ունեզրկումը,
ՉՈՐՐՈՐԴ- հայկական տարրի, մշակութային կոթողների վերացումը կամ ալբանացումը, ՀԻՆԳԵՐՈՐԴ- հայ տղամարդկանց՝ որպես պատերազմի մասնակից-հանցագործներ, կամ պարզապես որպես ծառայողներ դատելը,
ՎԵՑԵՐՈՐԴ- տեղում...
Այս ամենը դեռ տեղի չի ունենում, քանի որ ՀՀ-ն առայժմ պաշտոնապես չի ճանաչել Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս:
Իսկ մինչ այդ, Արցախը դանդաղ հայաթափվում է:
Մարդիկ ինքնակամ լքում են Արցախը:
Իսկ այդ հարցում նրանց «անշահախնդիր» օգնում են ռուս խաղաղապահները:
Խաղաղապահները միաժամանակ «անշահախնդիր» իրականացնում են՝
տարատեսակ բեռների ու ապրանքների տեղափոխման միջնորդային ծառայություններ:
Մեկի համար սա ողբերգություն է, մյուսի համար՝ միակ ելք ու փրկություն, դե իսկ երրորդի համար՝ «Ничего личнего, это просто бизнес»:
Ինչևէ, իրավիճակն իրոք բարդ է ու խիստ վտանգավոր:
Եթե նայես վարչապետին, ապա նա դեռևս
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, պատերազմի առաջին իսկ օրերին հայտարարեց, որ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չպետք է համարենք»:
Չի բացառվում, որ վերջինս կրկին բոլորիս կանգնեցնի փաստի առաջ ու նման մելամաղձոտ հայտարարությամբ «սրբագրի» իր հետագա անելիքը, իր անկարողությունն ու ապիկարությունը:
Նման ղեկավարի պարագայում՝ գրեթե կասկած չկա, որ… ապագա չկա:
Եվ ոչ միայն ապագա, այլև հող ու հայրենիք կարող է չմնա...
Անկախ սահմանազատման ու սահմանագծման, անկախ Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտման պատրաստվում է մի թղթի կտոր, որ կոչվում է «խաղաղության պայմանագիր»:
Կստորագրի՞ վարչապետը՝ կարծում եմ այո:
- Ի՞նչ պետք է անել:
Պետք է բացառել նման մարդու կողմից, նման փաստաթղթի ստորագրումը:
- Ինչպե՞ս, - հանրային պահանջով՝ նրան լեգիտիմությունից զրկելով:
Չնայած՝ կոնկրետ այդ փաստաթուղթը միայն իր ստորագրությամբ իրավական ուժ ունենալ չի կարող:
Իսկ մինչ այդ, մեր անճարության, ապիկարության ու անտարբերության պատճառով «շագրենի կաշի» դարձած հայրենի հողը տնքում է:
Այն երեխայի պես գրկում է ոտքերդ ու ասում՝ ինձ մենակ մի՛ թող...
Տեր կանգնի հայրենիքիդ, հա՛յ ժողովուրդ:
Սա քո վերջին հայրենիքն է...
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ