ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Սոս Սարգսյանը կադրում այնքան ճշմարտացի էր, որ երկրորդ պլանում կենցաղային իրերը սխալ էին թվում

Սոս Սարգսյանը կադրում այնքան ճշմարտացի էր, որ երկրորդ պլանում կենցաղային իրերը սխալ էին թվում
29.09.2013 | 13:28

Մի հավք զարկի ես մի օր.

Թըռա՜վ, գընաց վիրավոր...

Համազգային թատրոնը բազմամարդ էր, հնչում էր սիրված դերասանի կենդանի ձայնը, շուրջ բոլորը մոմեր էին, հրաժեշտի ծաղիկներ, զսպված արցունքներ, լուռ աղոթք: Զրույցները ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ բացակայության ու նրա մշտատև ներկայության մասին էին: Ավելի քան երբևէ օդում թևածում էին հուշերը, ափսոսանքը, մտատանջությունը: Ավելի քան երբևէ շրջանառվում էր Համազգային թատրոնի շենքի հարցը: Դա վարպետի վերջին, մեծ երազանքն էր:

«ՆԱ ԻՐԵՆ ՉԽՆԱՅԵԼՈՒՉԱՓԱՆԿԵՂԾ ԷՐ, ԻՐԵՆ ՉԽՂՃԱԼՈՒՉԱՓ` ԱՆԿԵՂԾ»

«Մեզնից կախված ամեն ինչ արեցինք, բազմիցս հարցը բարձրացվել է, նույնիսկ հանրային քննարկում եղավ, կարծես թե ոչ մի խանգարող բան չկար, բայց ձգձվեց, ձգվեց և արդյունքում մեր պապին (մենք Սոս Սարգսյանին պապի էինք ասում) չտեսավ թատրոնի շենքը,-ասաց Համազգային թատրոնի դերասան ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:- Ասում էր, գոնե հիմքը գցեն, տեսնեմ, գոնե դա տեսնեմ: Այդպես էլ չտեսավ: Դա համարում եմ անխղճություն»:
Շենքի հարցը միշտ եղել է համազգայինի խնդիրների խնդիրը: Դերասանը պատմեց, որ էքսպոյի ժամանակ խաչբառ են կազմել, հարցին, թեո՞րն է Համազգային թատրոնի երազանքը, պատասխանել է հանրապետության նախագահը: Նա իր ձեռքով գրել է` շենք:

Ի՞նչ կլինի Համազգայինի երազանքի հետ հիմա արդեն, երբ Սոս Սարգսյանը մեզ հետ չէ:

«Ես հույս ունեմ, որ խոսքը, որ տվել են` շենքը կառուցելու, ի վերջո, տղամարդու խոսք է»,- վրդովված ասաց դերասանը:
Նա պատմելու շատ բան ուներ, կարծում եմ, անվերջ կարող էր խոսել Սոս Սարգսյանի մասին: Ասաց, որ մեծ փիլիսոփա էր Սոս Սարգսյանը, շատ բան էր տեսել և ինչ-որ տեսել էր, տեսել էր միայն հայի աչքերով : Դրանում էր նրա ամբողջ հմայքը: Պատմեց, որ ներկա է եղել համազգայինի վերջին պրեմիերային` Չեխովի «Քեռի Վանյա» ներկայացմանը: «Հացի խնդրի» բեմադրությունը նրան շատ է ուրախացրել, ներկա է եղել փորձերին, վարել է փորձը, բեմադրությունն էլ ստացվել է այնպես, ինչպես ինքն է ուզել: «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը»` նրա վերջին բեմադրությունն էր: «Այդ ներկայացումը, կարծես, իր մասին էր, հանձինս գլխավոր հերոսի, երևի, ինքն իրեն էր տեսնում,-ասաց դերասանն ու հավելեց:- Սիրում էր մեզ, գովեստի խոսքեր էր ասում, նրա ներկայությունը ոգևորող էր ու զսպող: Միշտ ասում էր բեմում ազնիվ եղեք, մի խաբեք հանդիսատեսին ձեր հույզերով, ձեր լացով: Հենրիկ Մալյանն ասում էր` Սոս Սարգսյանը կադրում այնքան ճշմարտացի էր, որ երկրորդ պլանում` կենցաղային իրերը սխալ էին թվում: Հազվադեպ է այդպիսի բան լինում, դա ֆանտաստիկ բան է: Նա իրեն չխնայելու չափ անկեղծ էր, իրեն չխղճալու չափ`անկեղծ»:



«ԱՅՍ ՄԱՐԴԻԿ ՊԻՏԻ ՀԱՎԵՐԺ ԱՊՐԵՆ, ԵԹԵ ՉԵՆ ԱՊՐՈՒՄ ՀԱՎԵՐԺ, ՈՒՐԵՄՆ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ԻՆՉ- ՈՐ ԲԱՆ ՍԽԱԼ Է»

Զրուցեցինք նաև վաստակավոր դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ: Նա պատմեց մի տխուր ճամփորդության մասին, երբ Սոս Սարգսյանի հետ գնացել են Անդրկովկասի ամենամեծ դերասանուհու` Վերիկո Անջապարիձեի թաղմանը: «Հիշում եմ, թե որքան ճիշտ հրաժեշտի խոսք ասաց և վերջում ավելացրեց` պետք է խոստովանել, որ պանթեոնը շատ հարստացավ, բայց բեմը դատարկվեց և աղքատացավ, որովհետև գնաց մեծագույն դերասանուհին: Այսօր նույն խոսքերը իրավամբ կարելի է ասել ՍոսԱրտաշեսիչի համար: Մեր պանթեոնը հարստացավ, բայց մեր բեմը, մեր կյանքը աղքատացավ: Եթե գնում են այսպիսի մեծ մարդիկ, ուրեմն աշխարհում ճշմարտություն չկա, որովհետև այս մարդիկ պիտի հավերժ ապրեն, եթե չեն ապրում հավերժ, ուրեմն, ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է: Այսօր մենք ականատես ենք լինում կյանքի այդ սխալին: Մեզ համար նա խորհրդանիշ էր և նահապատ: Այսօր մենք ճանապարհ ենք գնում նահապետին»:

«ԴԱ ՄԵՐ ԻՄԱՑԱԾ ԴԱՍԱԿԱՆ ԱՍՄՈՒՆՔԸ ՉԷՐ, ԴԱ ԽՈՍՔ ԷՐ` ՄԱՐԴՈՒ ՀՈԳՈՒ ՄԵՋ ՄՏՆՈՂ»

«Մշտապես մտածել եմ` այս կամ այն քայլս ի՞նչ տպավորություն կթողնի նրա վրա»

Ռեժիսոր, Երևանի քաղաքապետի խորհրդական ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ խոսեց Սոս Սարգսյանի թողած «մեծ բացակայության» մասին` թատրոնի, կինոյի աշխարհում, նաև մեր հասարակական կյանքում: «Նրանով ավարտվեց մի ամբողջական դարաշրջան, քաղաքացու այս կերպարը պարզապես ուսանելի է, նա շարունակելու է իր կերպարով մեզ բոլորիս ուղղորդել: Ես եղել եմ իր ուսանողը և մշտապես մտածել եմ` այս կամ այն քայլս ի՞նչ տպավորություն կառաջացնի նրա մեջ, շարունակելու եմ ենթագիտակցությանս մեջ ունենալ իր տեսակը, անընդմեջ փորձելու եմ հասկանալ` ի՞նչ կմտածեր իմ այս կամ այն քայլի, ստեղծագործական աշխատանքի, ընդհանրապես, գործունեությանս մասին: Կարծում եմ, ինձ ու շատ-շատերին առավել զգոն կպահի նրա կերպարը նաև այսուհետ»:

Արամ Սուքիասյանը հիշատակեց նաև ֆիլմերն ու ներկայացումները, որտեղ ֆենոմենալ, զարմանահրաշ կերպարներ է կերտել վարպետը` «Սպիտակ անուրջներ», «Լիր արքա», «Եռանկյունի», «Հեղնար աղբյուր», «Գիքորը»… Նշեց, որ նրա խոսքի կուլտուրան, անմիջականությունը, իրեն հատուկ, յուրօրինակ երաժշտականութունը երբեք կապկել չի լինի: «Ոսկե ֆոնդում առկա են նյութեր, որոնք մեր մշակութային գանձարանի լավագույն նմուշներն են, դրանք իրավամբ հուշարձաններ են` գրական արվեստի և դրա մատուցման ժանրում,-ասաց Արամ Սուքիասյանը:- Սոս Սարգսյանի ընթերցածը երբեք չէր կարելի ասմունք անվանել, դա մեր իմացած դասական ասմունքը չէր, դա խոսք էր` մարդու հոգու մեջ մտնող, լիներ Իսահակյան, Թումանյան, թե Նարեկացի: Բազմաթիվ փորձեր են արվել Նարեկացի ընթերցելու, լավագույնը շարունակում է մնալ Սոս Սարգսյանի ընթերցածը, այնքան հայերեն, այնքան մատչելի»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ