ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Անուշի» ֆրանսիական ցուցադրությունը

«Անուշի» ֆրանսիական ցուցադրությունը
03.06.2013 | 15:52

Սերժ Ավետիքյանի «Անուշ» օպերայի ցուցադրությունը Ֆրանսիայում արժանացել է ջերմ ընդունելության, հոտնկայս ծափողջույնների: Տեղի մամուլի, մասնավորապես «Ֆիգարո» պարբերականի կողմից դրական արձագանքներ են եղել ներկայացման, օպերայի երաժշտության, երգիչների, ինչպես նաև հայ ժողովրդի մասին:

Հիշեցնենք, որ «Անուշի» երևանյան պրեմիերան կայացավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Անուշի» նոր մեկնաբանությունը միանշանակ չընդունվեց հայ հասարակության շրջանում: Մի խումբ մտավորականներ հանրապետության նախագահին դիմեցին բաց նամակով` պահանջելով արգելել ներկայացման «արտահանումը» արտասահման, նաև խստագույնս պատժել մեր ազգային հպարտությունների հետ նման սրբապիղծ ձևով վարվողներին։
Նախագծի հեղինակներն անպատասխան չթողեցին նախագահին ուղղված նամակը` հիշեցնելով ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածը` «Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք»:
Անուշի դերում հանդես է գալիս Սոֆյա Սայադյանը, Սարոյին մարմնավորում է Լիպարիտ Ավետիսյանը, լիբրետոյի հարմարեցումը և բեմադրությունը Սերժ Ավետիքյանինն են, գործիքավորումն ու երաժշտության վերամշակումը` Անահիտ Սիմոնյանինը: «Անուշ» հայ-ֆրանսիական օպերային մասնակցում է նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը:
«Հովերի» գեղարվեստական ղեկավար և խմբավար ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ հետաքրքրվեցի` սպասո՞ւմ էին նման ընդունելության: «Համոզված էի, ոչ մի րոպե չէի կասկածում»,- ասաց նա:
Ի դեպ, Սերժ Ավետիքյանն ասել է, որ սա ոչ թե կրկնությունն է ավանդական «Անուշի», այլ ադապտացիան:
«Անուշը» կշրջի նաև եվրոպական այլ երկրներում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ