ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գրական գիշերը` Երևանում

Գրական գիշերը` Երևանում
23.05.2013 | 12:41

Ռոբերտ Բըրնս, Օսկար ՈՒայլդ, Թոմաս Դիլան, Ջոան Ռոուլինգ և Վիդիադհար Սուրաջպրասադ Նայպոլ… Մայիսի 23-25-ին Երևանի տարբեր անկյուններում հայ դերասանները կընթերցեն Միացյալ Թագավորության հանրահայտ գրողների լավագույն ստեղծագործությունները:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանի տեղեկացմամբ` արդեն երրորդ տարին է, ինչ Բրիտանական խորհուրդը միանում է համաեվրոպական «Գրական գիշեր» նախաձեռնությանը և կազմակերպում գրական ընթերցումներ: «Այս տարի միջոցառումներ կկազմակերպվեն երեք օր շարունակ ու տարբեր վայրերում»,- ասաց նա:
«Գրական գիշերը» կմեկնարկի այսօր` ժամը 16.00-ին, ԵՄ կենտրոնում: Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը կընթերցեն Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը: Մայիսի 24-ին մայրաքաղաքի մետրոպոլիտենի չորս կայարանում դերասան Արսեն Գրիգորյանը կընթերցի Միացյալ Թագավորության չորս երկրի գրականության լավագույն նմուշները: Իսկ մայիսի 25-ին արդեն Եվրոպայի օրվա տոնակատարության շրջանակում Հյուսիսային պողոտայում Բրիտանական խորհրդի վրանում կկազմակերպվի թեյախմություն և ընթերցանության ժամ:
«Եվրոպական գիշեր» նախաձեռնությանն աջակցել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը, ԵՄ կենտրոնը և «Գրանիշ» գրական ակումբը:
Միջոցառումներն անցկացվում են Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ