ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կորած հայեր...

Կորած հայեր...
07.05.2013 | 12:04

Ցեղասպանության հուշարձանի ճանապարհին, 100 հազարավոր հայերի թափորում հանդիպեցի ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրութան ինստիտուտի գիտաշխատող, «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ: Ամբողջ աշխարհի հայերը ապրիլի 24-ին նշում են Ցեղասպանության տարելիցը, հետաքրքրվեցի` ինչպե՞ս են այդ օրը դիմավորում Թուրքիայի հայերը:

«Վերջին տարիներին Ստամբուլի նշանավոր Թաքսիմ հրապարակում թուրք և այլազգի ձախակողմյան մտավորականները, կրոնափոխ հայերը, այդ թվում` համշենցիներ, դերսիմցիներ, ուրիշներ նշում են Ցեղասպանության տարելիցը: Բուն Ռիզեի և Արդվինի նահանգներում, որտեղ ապրում են կրոնափոխ համշենցիները, որևէ միջոցառում, բնականաբար, չի իրականացվում»,- ասաց Սերգեյ Վարդանյանը:
Նրա տեղեկացմամբ` Արդվինի նահանգի Խոփայի գավառում կան 20-ից ավելի համշենցիների գյուղեր, որտեղ հայերեն են խոսում: «Ռիզեի նահանգում, ցավոք, արդեն հայախոս համշենցիներ չկան»,-ասաց «Ձայն համշենականի» խմբագիրը, նշելով, որ թուրքական քարոզչամեքենան ոչ միայն թաքցրել է Ցեղասպանության փաստը, այլև այս մարդկանց փորձել է համոզել, որ հայերն են կոտորել թուրքերին, և որոշակի հաջողության հասել է, մարդիկ կան, որ հենց այդպես էլ մտածում են:
«Երկու տարի առաջ էր, փոքր խմբով Ռիզեի նահանգի Չամլըհեմշին գավառում էինք, բարձրացել էինք լեռներում գտնվող Գիթո յայլա, որտեղ հանգրվանել էինք «Քոչիրա» կոչվող իջևանատանը,- պատմում է Սերգեյ Վարդանյանը:- Տերը` Սերհան Փիրփիրը, համշենցի էր, Խաչափիտ գյուղից: Նրա մոտ էր երեկոները գալիս զրուցելու մի ամերիկաբնակ 40-50 ամյա համշենցի` Էնգին Սանալ անունով, որի ծնողներն ապրում էին այդ յայլայում: Ասում էր` կարոտել է ծնողներին, ամռանը եկել է տեսության: Երբ մենք այնտեղ էինք, նա նորից հյուր եկավ իջևանատիրոջը: ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանը սկսեց ամերիկաբնակ համշենցու հետ թուրքերեն զրուցել, թեման ինքնաբերաբար եկավ հասավ հայ-թուրքական հարաբերություններին: Սովորաբար մենք ինքնության մասին խոսելիս շատ զգույշ ենք լինում: Նախ պետք է պարզել, իսկապե՞ս դիմացինդ հայկական ծագում ունի:
Զրույցի ընթացքում Էնգինն ասաց, որ 1915-ին հայերն են կոտորել թուրքերին: Բնականաբար, վեճ ծագեց: Ասեմ, որ Ռիզեի նահանգի շուրջ 60 հազար համշենցիներից շատերը կարծում են, որ իրենք թուրքական ծագում ունեն: Մի մասը գիտի, որ հայկական ծագում ունի, բայց թրքացել է, մի մասն էլ գիտակցելով, որ թուրք չի, բայց կտրվել է ազգային արմատներից, իրեն անվանում է համշենցի:
Վեճը թեժացավ, որպեսզի հարթեմ իրավիճակը և համշենցին նեղացած չբաժանվի մեզնից, ես նրանց թողեցի սրահում, ու գնացի իմ սենյակ, որպեսզի հայկական հեքիաթների անգլերեն ժողովածուն, որ ինքս էի կազմել և հրատարակել, բերեմ և նվիրեմ հյուրին: Մինչ իմ վերադարձը նա հեռացել էր, իսկ Լուսինեն հուսահատությունից, թե համշենցիների շրջանում ինչքան խորը արմատներ է գցել թուրքական կեղծարարությունը, գլխահակ արտասվում էր: Կես ժամ անց Էնգինը հետ եկավ, ասաց, որ մորը պատմել է մեր մասին և նա ուզում է մեզ տեսնել: Մթի ու մշուշի միջով գնացինք նրանց տուն: Փայտաշեն, փոքր տանը մեզ էին սպասում Էնգինի ծնողները: Մայրը մեզ ջերմորեն տուն հրավիրելով, ձեռքը թափ տվեց ամուսնու ու տղայի կողմը և ասաց` սրանք արդեն թուրք են դարձել: Հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ենք եկել: Ասացինք, որ հայության հետքերն ենք փնտրում, յայլաների, աղբյուրների անուններ ենք գրի առնում, աղոթքներ, բառեր: Համշենցիների լեզվում պահպանվել են բազմաթիվ հայերեն բառեր և այդ պահին Էնգինը հորն ասաց, որ դրսում «մեշուշ» է, օգտագործելով հայերեն մշուշ բառը: Մենք իսկույն նրան փաստի առաջ կանգնեցրինք և ասացինք, որ մշուշ բառը հենց հայերեն է, թուրքերենը` սիս է: Նա զարմացավ:
Մայրը մի քանի հայերեն տեղանուններ թվարկեց, նաև ասաց, որ ցավի դեմ մանկությունից մի աղոթք է հիշում: Լուսինեն բողոքեց, որ գլուխը ցավում է, խնդրեց աղոթի: Կինը թել ու ասեղ վերցրեց, ասեղը թելից կախած օդում շրջան էր գծում և աղոթք էր ասում` «Սուրբը էկավ, ցավը տարավ…»: Նա աղոթք էր մրմնջում ու մեզ հարցնում, թե ինքը ի՞նչ է ասում, որովհետև բառերը չէր հասկանում: Շատ ուրախացավ, որ թարգմանեցինք և իմացավ ինչի մասին էր մանկության աղոթքը: Տղան ապշած մեզ էր նայում, այնքան էր շփոթվել, որ հյուրասիրության համար բերած կոկակոլայի շիշը ձեռքից վայր ընկավ: Նա հարցնում էր մորը, թե այդ ի՞նչ լեզվով է խոսում: «Մինչև հիմա չգիտեի, որ հայերեն աղոթքներ գիտես, փաստորեն մենք հա՞յ ենք»,- ասում էր` նայելով մորը և այդ ամբողջ ընթացքում լուռ նստած հորը: Վերջինս ժպիտով դիտում էր այդ անցուդարձը: Նրա պահվածքից, դեմքի հասկացող արտահայտությունից երևում էր, որ ամեն ինչից տեղյակ է:
Համշենցին ասաց, թե ում պատմի, չեն հավատա, որ ինքը հայ է: Մեզ ուղեկցեց իջևանատուն, որտեղ տիրոջը դեռ հեռվից հարցրեց. «Սերհան, դու գիտեի՞ր, որ համշենցիները ծագումով հայ են, գիտե՞ս, որ իմ մայրը հայերեն աղոթքներ գիտի»:
Մեր նոր ծանոթն ասաց, որ հիմա արդեն ուզում է տեսնել Հայաստանը, եթե գա Երևան, կօգնե՞նք իրեն: Նա դեռ չի եկել, ներկայումս ԱՄՆ-ում է` Նյու Յորքի Միդլ Իսլանդում, բայց ֆեսյբուքով կապը պահում ենք»:
Սերգեյ Վարդանյանը նշեց, որ այսպիսի հարյուր հազարավոր հայեր կան Թուրքիայի գավառներում, որոնք իրենց ծագման մասին պատահական են իմանում կամ այդպես էլ չեն իմանում: «Փաստորեն, Ցեղասպանությունը շարունակվում է»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Գիթո յայլա
  • Էնգին Սանալ
  • Էնգինի հայրը
  • Լուսինե Սահակյանը` Էնգինի մոր հետ
  • Սերգեյ Վարդանյան
Դիտվել է՝ 7507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ