«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սպիտակ կտավի առաջ՝ ինչպես սպիտակ թղթի

Սպիտակ կտավի առաջ՝ ինչպես սպիտակ թղթի
11.03.2013 | 11:25

Հայաստանը նորից փոքրացավ, փոքրացավ ու կծկվեց` ինչպես ցավին դիմադրող սիրտը:

Հայաստանը նորից փոքրացավ, փոքրացավ ու կծկվեց` ինչպես ափով ջրվեժի դիմաց ջրի հորձանքը փակելիս:
Հայաստանը նորից փոքրացավ, փոքրացավ ու կծկվեց` ինչպես քաթանը կտավ դառնալուց առաջ, որ ուզում է ամփոփել սերը:
Հակոբ Հակոբյանը վախճանվեց:
Թող տարեգիրները գրեն նրա կենսագրության էջերը, տարիների ու կտավների մեջ տեղավորեն ապրած կյանքը: Ես չեմ կարող: Նա վախճանվեց` ինչպես Միքելանջելոն` 89 տարեկանում և ինչպես Միքելանջելոն` հավատարիմ ինքն իրեն ու իր կյանքի իր սահմանած դավանանքին: Չքանդակած իր երազանքների կղզին: Նա վախճանվեց` իր երկիրը սրտում ու մարդանց կողքին: Կտավների մասնատած իր երազանքների կղզին:
Նրա կտավները չոր ու ցամաք են` հույզը քամած ու հանած, ու երբ նայում ես չոր ու ցամաք հայրենիքիդ, կոկորդդ կծկվում է հույզերից:
Նրա կտավները պարզ ու բաց են` ինչպես հողի նման հողը ու երկնքի նման երկինքը` համարյա անգույն ու համարյա անգիծ, բայց հնարավո՞ր է նկարել հողը կամ երկինքը, նկարել ու հետո հանգիստ նայել այդ նկարին:
Նա նկարեց ամբողջ կյանքում` կտավին հավատալով ու կտավին ապավինած, կտավի մեջ տեղավորելով աշխարհն ու իր վերաբերմունքը աշխարհին: Նա նկարեց, և դա այն ամենն էր, որ նա չէր կարող չանել, քանի դեռ բաբախում էր սիրտը, քանի դեռ աջը զորում էր քաթանին թելադրել իր կամքը:
Հակոբ Հակոբյանը վախճանվեց:
Տարեգիրները, կենսագիրները, ժամանակագիրները ամեն ինչ երբևէ կգրեն: Բայց ոչ ոք այլևս չի գրի այնպես` ինչպես ինքն էր գրում` ամեն բառի մեջ աղոթք, ամեն բառի մեջ ամենապարզ ցավ ու հպարտություն, որ ինքը կա ու ինքը նկարում է իր երկիրը: Եվ դա մի բառով կոչվում է երջանկություն: Եթե նա` հայ նկարիչ Հակոբ Հակոբյանը, ապրեր ու նկարեր մեծ աշխարհի ցանկացած քաղաքում` Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Վիեննայում, նա աշխարհահռչակ հայ նկարիչ էր լինելու, բայց գուցե նրա կտավներում Հայաստանն այսքան հայելային պատկեր չէր ունենալու` անցած ոչ միայն սրտի ու հոգու, այլև` մտքի միջով:
Հիմա նրանք հանդիպել են` Հենրիկ Մալյանը, Հրանտ Մաթևոսյանը, Այդին Մորիկյանը, Հակոբ Հակոբյանը, և տիեզերքում ամեն մեկն իր կղզին ունի` Հայաստան անունով, և այդ կղզիներում կյանքը շարունակվում է:
Վախճանվել է Հակոբ Հակոբյանը:
Հայաստանը նորից մեծացավ, մեծացավ, ու բացվեց` ինչպես ցավին դիմադրող սիրտը:
Հայաստանը նորից մեծացավ, մեծացավ ու բացվեց` ինչպես ափով ջրվեժի դիմաց ջրի հորձանքը փակելիս:
Հայաստանը նորից մեծացավ, մեծացավ ու լուսավորվեց` ինչպես քաթանը կտավ դառնալուց առաջ, որ ամփոփել է սերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Ես նորից չհասցրի գալ և ասել բառերի բառը, որ ինձնից սպասում էին, բայց բառերը ևս կղզիներ են, ու քանի հնչում է բառը, կյանքը շարունակվում է:

Դիտվել է՝ 1869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ