ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Իշխանությունն այնքան թուլացած է, որ ստիպված կլինի ձևավորել ազգային համաձայնության կառավարություն»

«Իշխանությունն այնքան թուլացած է, որ ստիպված կլինի ձևավորել ազգային համաձայնության կառավարություն»
15.05.2009 | 00:00

«ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՄԲՈՂՋ ԶԻՆԱՆՈՑԸ»
«Իրավունքը de facto»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի աշխատանքները համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ

-Պարոն Զուրաբյան, դառնանք «օրվա» մյուս խնդիրներին. կա տեսակետ, որ ՀԱԿ-ի շարքերում, բոլոր դեպքերում, ինչ-որ բան այն չէ, և ինչ-ինչ պրոբլեմներ կան:
-Որևէ պրոբլեմ չկա մեր շարքերում, կա առողջ քննարկում, բազմակարծության մթնոլորտ:
-Ըստ պնդումների` Տեր-Պետրոսյանի որոշումը` ղեկավարել ՀԱԿ-ի համամասնական ցուցակը, անչափ անսպասելի է եղել բոլորիդ համար. նա վերադարձել է Ֆրանսիայից, ասել, որ «երեկ չէ մյուս օրը որոշեցի, որ պետք է առաջադրվեմ», և առաջադրվել է: Այդպե՞ս է:
-Բացարձակապես ո՛չ:
-Որոշումը վաղո՞ւց էր կայացված, և Դուք տեղյա՞կ էիք:
-ՀԱԿ-ի քաղաքական խորհրդում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու տասնյակ տարբերակներ, տասնյակ ֆորմատներ են քննարկվել: Տեր-Պետրոսյանի` ցուցակը ղեկավարելու տարբերակը քաղխորհրդում առաջարկվել է քանիցս, տարբեր կուսակցությունների կողմից: Այլ բան է, որ բավականին երկար ժամանակ Տեր-Պետրոսյանն այդ տարբերակը չէր դիտարկում որպես հնարավոր լուծում:
-Ի՞նչը պատճառ դարձավ որոշում կայացնելու համար:
-Վերլուծություններ կատարվեցին` իրավիճակին և հետագա զարգացումներին առնչվող, և ինչ-որ պահից սկսած մենք բոլորս հասկացանք, որ այս ընտրությունները կարող են դառնալ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
-Իսկ ցուցակը կազմելուն վերաբերող խնդիրնե՞րը:
-Ես ընդհանրապես Ձեզ խորհուրդ կտամ ամեն խոսակցություն, ամեն բամբասանք չհամարել իրականություն:
-Չէ՛, պնդում կա, որ ցուցակը կազմել եք Դուք, Ավետիս Ավագյանը, Մանուշակ Պետրոսյանը:
-Կրկնում եմ` դրանք բոլորը բամբասանքներ են. ցուցակը, քաղխորհրդի հանձնարարությամբ, կազմել է կենտրոնական գրասենյակը:
-Իսկ ինչո՞ւ ձերբակալված տղաներին ու Նիկոլ Փաշինյանին չներառեցիք ցուցակում:
-Նիկոլ Փաշինյանը Երևանի գրանցում չուներ: Բոլոր այդ հարցերը հիմնավոր քննարկվել են քաղխորհրդում: ՀԱԿ-ի ցուցակը կազմվել է շատ պարզ սկզբունքով. որոշվել է, թե կուսակցություններն ինչ քվոտաներ կստանան, որից հետո ամեն ինչ որոշվել է այբբենական կարգով, և կոնկրետ դեպքում Մեսրոպ Մաշտոցն ավելի մեծ դերակատարություն է ունեցել այդ ցուցակի ձևավորման հարցում, քան Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և կամ Մանուշակ Պետրոսյանը: Ցուցակը կազմել են 14 կուսակցություններ, և ամեն մեկն ինքն է որոշել` տրամադրել կենտրոնական գրասենյակին իրենց նախընտրությունը, իսկ մեր գործն է եղել, համաձայն նախապես մշակված այդ սկզբունքների, նրանց ավտոմատ գրանցել:
-Ի դեպ, պարոն Զուրաբյան, որքան էլ Ձեզ դուր չգա, որ ես մեջբերում եմ փորձագիտական տեսակետներ, այնուհանդերձ, ՀԱԿ-ի շուրջ վերջին զարգացումները հիմք են տվել փորձագետներին պնդելու, որ Դուք ինչ-որ առումով այս շարժման, Լևոն Տեր-Պետրոսյանի «իրավահաջորդներից» մեկն եք: Ինչի համար, ես, ի դեպ, շատ ուրախ եմ:
-Դա Ձեր ոճն է` շատ հեռու գնացող եզրակացություններ անել փաստերից, որոնք իրականում ոչ մի նման եզրակացության հիմք չեն տալիս:
-Մի՛ խլեք ինձնից իմ և փորձագետների «չերչիլյան իրավունքը». թողեք կանխագուշակեմ-ապականխագուշակեմ: Ի դեպ, եթե հաղթեք, անձամբ Դուք կաշխատե՞ք:
-Քաղաքապետարանո՞ւմ:
-Այո, ավագանիում:
-ՀԱԿ-ի ընդհանուր մոտեցումը հետևյալն է. մենք ունենք և՛ քաղաքական ծրագիր, և՛ Երևանի ծրագիր: Եվ այդ խնդիրների սպասարկման համար որևէ դերի ես պատրաստ եմ: Բայց որևէ նախնական պայմանավորվածություն, պաշտոնների բաժանում մեզանում չի եղել և չէր էլ կարող լինել: Մեր թիմը միավորված է ծրագրի շուրջ, և հաղթանակից հետո այդ ծրագրի իրագործման համար ինչ անհրաժեշտ լինի, ում ինչ դերակատարություն տրվի, կստանձնի այդ դերակատարությունը:
-Հաղթանակի դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը կպահի՞ պորտֆելը, թե՞ կասի` երկրորդ համարը թող դառնա քաղաքապետ:
-Լևոն Տեր-Պետրոսյանը կաշխատի քաղաքապետ այնքան ժամանակ, ինչքան պետք է մեր ընդհանուր` քաղաքական և մայրաքաղաքային ծրագրի իրագործման համար:
-Քանի՞ տոկոս եք ակնկալում այս ընտրություններում:
-Եթե Հայաստանում անցկացվեն օրինական ընտրություններ, մենք մեծ պաշարով կանցնենք 40- տոկոսանոց շեմը:
-Եթե` ո՞չ:
-Եթե` ոչ, նշանակում է, որ ռեժիմը ևս մեկ անգամ կկիրառի ամենաեղկելի զեղծարարությունների զինանոցը, որն իրացնելու դեպքում այլևս չի կարողանա մարսել, և շատ կարճ կյանք կունենա:
-Ի՞նչ կլինի, որ չի «մարսի»:
-Եթե նկատել եք, ռեժիմի փլուզումն արդեն իսկ ընթանում է: Այն սկսվել է իրավական ոլորտից։ Առաջին` պարզվեց, որ 2008-ի մարտի մեկին ընդդիմությունը չի փորձել հեղափոխություն իրականացնել. հիշենք, որ դա էր ընկած պաշտոնական վարկածի հիմքում: Երկրորդ` փաստահավաք խմբի աշխատանքների արդյունքում արդեն իսկ պարզվել է, որ սպա Համլետ Թադևոսյանը չի զոհվել ցուցարարների նետած նռնակից, ինչպես փորձ էր արվում մատուցել նույն պաշտոնական վարկածով, այլ մահացել է նռնակի պայթյունից, որը եղել է իր մոտ: Երրորդ` հետագա բացահայտումները կանխելու նպատակով կասեցվել են փաստահավաք խմբի աշխատանքները: Չորրորդ` մարտի մեկի դատավարությունները բոլորի, այդ թվում և` միջազգային ատյանների, գնահատումներով ունեն խայտառակ ընթացք, փլուզվում-պայթում են հենց դատարաններում, բոլոր վկաները հրաժարվում են իրենց ցուցմունքներից, ցուցմունքները ձեռք են բերվում 37 թվին հարիր մեթոդների, խոշտանգումների միջոցով: Այսինքն` մարտի մեկի առնչությամբ իշխանության կառուցած սխեման հիմնահատակ ավերվում է: Վստահեցնում եմ Ձեզ, որ դա ստեղծում է համապատասխան մթնոլորտ պետական ապարատում, իրավապահ, նաև ուժային մարմիններում:
-Այն, որ պետական ապարատը, ուժային կառույցները փլուզվում, կազմաքանդվում են, ընդդիմությունն ասում էր ողջ 2008-ի ընթացքում և, մանավանդ, միտինգներում, բայց ոնց տեսնում եք...
-Ճի՛շտ եք, այն ժամանակ էլ փլուզվում էր բայց այն ժամանակ դեռ մարտի մեկ չէր եղել, և փլուզումը կանխելու միակ միջոց ընտրվեց ժողովրդի նկատմամբ բռնությունը: Հիմա դա էլ չեն կարողանալու անել, ռեսուրս չունեն:
-Սերժ Սարգսյանն ասել է` չի լինելու հունիսի մեկ, ավելի ճիշտ` լինելու է, բայց ոչ մարտի մեկի «կրկնությամբ»: Դո՞ւք ինչ եք ասում-անում:
-Մենք կօգտագործենք ժողովրդական պայքարի ամբողջ զինանոցը: Ամբո՛ղջ: Մենք ունենք հզոր շարժում, ունենք ցույցերի, երթերի, մամուլում աշխատանքի, համապատասխան մթնոլորտի ձևավորման հնարավորություններ: Չկարծեք` որևէ բռնապետություն չունի անվերջ իշխանության մնալու երկարատև պաշար, նրանց ռեսուրսները թուլանում են ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան: Փետրվարի 19-ին ժողովուրդը չուներ սոցիալ-տնտեսական այս կարգի խնդիրներ. ռեժիմն այսօր չունի տնտեսական կայունության արգումենտը. տնտեսությունը ևս փլուզվում է: Երկրորդ` ռեժիմն այսօր չունի նաև այն արգումենտը, որ ինքը Ղարաբաղը պահող և Թուրքիայի հետ քիրվայության դեմ հանդես եկող իշխանություն է։ Իրականում դա էլ է կորցրել: Եվ երրորդ` փետրվարի 19-ին չէր եղել մարտի մեկ: Այս երեք գործոնները, գումարած ընդդիմության աննախադեպ կայուն միավորվածությունը, ստեղծում են մի իրավիճակ, որին ռեժիմը երկար դիմանալ չի կարող:
-Շատ կարճ և կոնկրետ հարց. հնարավո՞ր է մարտի մեկի կրկնություն` այս ընտրություններից հետո:
-Երկրորդեմ. այսօր ռեժիմն այդ «հնարավորությունները» չունի: Ի վերջո, այն ժամանակ ունեին մեկ հաշվարկ` մարտի մեկի բռնություններից հետո ընդդիմությունը «կվերջանա»-կջախջախվի, և վերը մատնանշված խայտառակ փաստերը ջրի երես դուրս չեն գա: Բայց փաստերը «դուրս են գալիս», և այս ամենից հետո պահպանել բռնության ապարատը սարքին վիճակում հնարավոր չէ:
-Այսինքն` չեն լինի բռնություններ:
-Կարող են լինել փորձեր, բայց չեն պսակվի հաջողությամբ:
-Իսկ շուրջօրյա հանրահավաքներ կլինե՞ն:
-Կլինեն օրենքի մեջ տեղավորվող պայքարի բոլոր այն միջոցները, որոնք մենք արդյունավետ կհամարենք: Եթե մենք հանգենք այն կարծիքին, որ շուրջօրյա հանրահավաքներն արդյունավետ միջոց են, դրան էլ կդիմենք: Կարող ենք ավելի արդյունավետ այլ միջոցների էլ դիմել:
-Ասենք` համաձայնության կառավարությո՞ւն: Առաջարկը մնո՞ւմ է ուժի մեջ:
-Մեր կողմից նման համագործակցության առաջարկ երբեք չի եղել: Դա եղել է կանխագուշակում, որի էությունը հետևյալն էր. իշխանությունն այնքան թուլացած է և այնքան մարտահրավերների կբախվի, որ ստիպված կլինի փնտրել ելքեր` ձևավորելով ազգային համաձայնության կառավարություն: Եվ ես չեմ բացառում, որ, ի վերջո, դա լինի, բայց երբ լինի, հնարավոր է նաև այլևս շատ ուշ լինի:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2575

Մեկնաբանություններ