ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Չենք մտածել վաղվա մեր կառավարչի, տնօրենի, վարչարարի կերպարի մասին»

«Չենք մտածել վաղվա մեր կառավարչի, տնօրենի, վարչարարի կերպարի մասին»
15.09.2009 | 00:00

«ՄԵՐ ՊԱՊԵՐԻ, ՆԱԽՆԻՆԵՐԻ ԱՐՅԱՆ ԿԱՆՉՆ Է ՄԵԶ ՕԳՆԵԼ»
«Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2001-ին, որի նպատակն է երիտասարդների մեջ սերմանել սեր դեպի հայրենիքը, մարդը, դաստիարակել քաղաքացիական հասարակություն։ «Ամբողջ խնդիրը մեր մեջ է։ Մենք անընդհատ բողոքում ենք, այնինչ բոլոր հարցերի պատասխանը մեր մեջ է։ Ամենակարևորը` մենք դաստիարակության կարիք ունենք»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով ՀԿ-ի ստեղծման նպատակներին, ասաց կազմակերպության պատվավոր անդամ ԱԼԵՔՍԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ, ով երկար տարիներ եղել է բարձրաստիճան զինվորական, Մոնթե Մելքոնյանի վարժարանի հիմնադիրը, զբաղվել քաղաքականությամբ։ «Մի առիթով ինձ հարցրին` ո՞ւմ կնմանեցնես հայերին, ասացի` ջայլամի, քանի որ գլուխներս մտցնում ենք ավազի մեջ` չցանկանալով տեսնել, թե ինչ է կատարվում մեր շուրջը,- անկեղծացավ պարոն Մինասյանը։- Մեր գլուխն ավազի մեջ է մնում, ու ով հասնում, մեզ հարվածում է»: Դուք ի՞նչ մեթոդներով եք փորձում փոխել իրավիճակը, հարցրինք մեր զրուցակցին:
-Յուրաքանչյուր տարի մի քանի օրով ՀԿ-ն երիտասարդների խմբեր է տանում Սևան, կազմակերպում դաստիարակչական, հայրենասիրական քննարկումներ։ Ստեղծման ժամանակահատվածից ցայսօր Հայաստանի տարբեր մարզերից ու սփյուռքից երեք հազարից ավելի երիտասարդներ են այս ծրագրով այցելել Սևան։ Տարվա ընթացքում ՀԿ-ն կազմակերպում է նաև գիտաժողովներ բազմաբնույթ թեմաների շուրջ, հրավիրում տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդկանց։ Սկզբունքը հետևյալն է. ոչ թե կազմակերպիչների խոսքն է գերակայում, այլ մասնակիցների տեսակետները, որոնք ընկալելի են ու առաջնորդող են դառնում։ Կլոր սեղանների միջոցով սովորեցնում ենք ճիշտ բանավիճել։ Թեմաները բազմազան են` հայրենիքից մինչև ներողամտության ճիշտ ընկալում։ Շուտով կազմակերպությունն ունենալու է իր կայքը, www.ardarutyun.am, մեզ կարող են դիմել նաև այս հեռախոսահամարներով` 23-13-00 և 23- 25-05: Կայքէջը ևս դաստիարակության խնդիրներն է վեր հանելու` սկզբունք ընտրելով ներելը, սիրելը, արարելը։ ՈՒնենք նաև ստուդիա, որը նկարահանում է կազմակերպված միջոցառումների, քննարկումների խտացված տարբերակը և բաժանում տեսահոլովակներ: Ի դեպ, ունենք նաև մեր ուժերով ստեղծված կազմակերպության հիմնը: Սկզբում ճամբարային այցերի շրջանակում ընդգրկում էինք զոհված ազատամարտիկների երեխաներին, այնուհետ և սահմանամերձ գյուղերի երիտասարդներին: Մեր գործունեությամբ ցույց ենք տալիս, որ մեզ համար անընդունելի է հայրենակցականությունը։ Քանի որ այսօր բոլորս հայրենակցականություն ենք խաղում, անվերջ տարանջատում` սա գորիսեցի է, արարատցի, երևանցի, ղարաբաղցի և այլն։
-Ասել է` դե՞մ եք հայրենակցական միություններին։
-Կողմ եմ հայրենակցականությանը միայն մշակույթում և սովորույթներում, այսինքն` տեսնել մշակութային տարբերություններ, որոնք գունավորում են մեր կյանքը։ Բայց, ենթադրենք, ինչ-որ մեկը գյումրեցի է ու տնօրեն է նշանակվում, մնացած աշխատակիցները ևս պետք է գյումրեցի՞ լինեն։ Լինի արարատցի, բոլորը պետք է արարատցի՞ լինեն, ղարաբաղցի` Ղարաբաղի՞ց։ Սա սխալ է։ Հայերին անվանում են հրացանային ազգ, որովհետև երբ մեզ վտանգ է սպառնում, պատից կախված ժանգոտ հրացանը վերցնում ենք ու գնում պատերազմ։ Վերադառնալ հաղթանակով, թե պարտությամբ, կարևորը դա չէ… Գալիս է արարման օրը, և երբ պետք է հրացանը վերածենք գնդացրի կամ հրթիռի, մենք դա չենք անում: Մենք տվյալ գործարանի, ֆաբրիկայի կամ զինանոցի ղեկավար պետք է նշանակենք այն մարդուն, որը հասկանում է այդ գործից, դրա փոխարեն նշանակում ենք մեր եղբորը, քրոջը, սանիկին, և հրացանը չի դառնում հրթիռ կամ որևէ այլ հզոր զենք, որպեսզի էլ ավելի ապահովի մեր ազգային անվտանգությունը: ՈՒստի մեր պապերի երազանքը մնաց մեր երազներում, ինչպես մեր «Երազ» մեքենան։ Իրականության աչքերին պետք է նայել, ոչ թե գլուխ գովել, թե հինգ հազար տարվա ազգ ենք և այլն։ Այս իրավիճակն իմ սերունդն այլևս չի կարող շտկել, դա պետք է անեն երիտասարդները, ովքեր դաստիարակման ճանապարհ ունեն անցնելու։ Այսօր բարոյահոգեբանական կերտվածքի փոփոխման անհրաժեշտություն կա։
-Ինչի՞ արդյունքում ձևավորվեց հայ մարդու նման կերպարը։
-Հայերս միշտ չէ, որ խորապես մտածել ենք դաստիարակության մասին։ Խոսում ենք ամեն ինչից, բացի դաստիարակությունից։ Այս իրավիճակը եղել է նաև խորհրդային տարիներին, պարզապես հիմա խորացել է։ Այսօր մենք ձերբազատվել ենք զսպաշապիկից, ու ազատությունը մեր իրական դեմքը բացահայտեց։ Մինչև պետական մտածողություն ունենալը, պետք է ազգային մտածելակերպ սերմանել։ Ամեն ինչ պետականության վրա չպետք է բարդել, հարկավոր է ազգային գաղափարախոսություն ձևավորել։ Այլ ազգեր, որոնք պետություն, պետականություն չեն ունեցել, կարողացել են այդ գաղափարախոսության շնորհիվ մեծ հաջողությունների հասնել։
-Այսօրինակ մտածելակերպ ունեցել ենք, ինչպես նշեցիք, և՛ խորհրդային, և՛ անկախության տարիներին, սակայն ղարաբաղյան պատերազմում կարողացանք հաղթել` ունենալով թե՛ ռազմական, թե՛ ֆինանսական շատ սուղ միջոցներ։
-Այդ ամենի համար մենք պետք է փառք տանք Նժդեհին ու Անդրանիկին, այսինքն` մեր պապերի, նախնիների արյան կանչն է մեզ օգնել։ Ցանկացած ազգի մեջ մեծ է գեների ուժը։ Մենք գենետիկորեն շատ հղկված ենք։ Եթե վերցնենք ազգերի «սերմը», հայինը շատ լավն է, բայց այդ «սերմը», ցավոք, միայն դրսում է լավ աճում, քանի որ մենք ներսում պայմաններ չենք ստեղծում:
-Երկար տարիներ եղել եք զինվորական. այսօրվա բանակի պատկերը Ձեզ հիմք տալի՞ս է ենթադրելու, որ անհրաժեշտ պահին հայոց բանակը ներուժ ունի դիմակայելու մի նոր պատերազմի։
-Նախ` երիտասարդը պետք է գիտակցված բանակ գնա, հասկանա` ի՞նչ է հայրենիքը, որ այն իր համար միայն կթու կով չէ, ինքն էլ նրան ինչ-որ բան ունի տալու։ Ինչ վերաբերում է բանակի ներուժին, այդ ներուժը մենք ունենք, պարզապես կազմակերպելու, դաստիարակելու խնդիր կա։ Ներուժը հենց մեր պապերի արյան կանչն է, որոնք մեզ թողել են հայրենիք, որը մենք պարտավոր ենք շենացնել մեր սիրով, ներողամտությամբ և արդարամտությամբ ։
-Ձեր կյանքի մի հատվածում զբաղվել եք նաև քաղաքականությամբ։ Հնարավո՞ր է, որ կրկին քաղաքական ասպարեզ վերադառնաք։ Առավել ևս, որ այստեղ էլ Ձեր նշած «դաստիարակության» խնդիրը կա։
-Այո՛, դաստիարակության հարց կա։ Նախ, պետք է ունենանք համախոհներ, որոնց մեջ պետք է լինի համամարդկային սերը։ Համոզված եմ` սեր տաս փայտին, այն ծաղիկ կդառնա, քարին` այն շունչ կառնի։ Եթե այս տեսակի մարդիկ այնքան շատանան, որ որակ կազմեն, ու զգամ, որ հնարավոր է այդ որակով քաղաքական լուրջ տեղաշարժ անել, կմտնեմ քաղաքականություն։ Լինելով քաղաքական գիտությունների թեկնածու` ցավում եմ, որ վարսավիրից մինչև ակադեմիկոս քաղաքականությունից են խոսում, բայց և չեմ մեղադրում վերջիններիս: Ժամանակներն են այդպիսին։ Խոսում ենք քաղաքականությունից` համապատասխան արժեհամակարգ չունենալով։ Նախ պետք է արժևորվենք, նոր միայն մտածենք այլ հարցերի մասին։ Մենք ներսից ենք հիվանդ։ Եթե կառավարման ողջ ապարատն անգամ փոխենք, չենք առողջանալու, քանի որ չենք մտածել վաղվա մեր կառավարչի, տնօրենի, վարչարարի կերպարի մասին, որը պատրաստ է իրենից պոկելու, կտրելու և իր հայրենիքին տալու իր սերը։ Այսօր մենք առաջնորդվում ենք միմիայն փողով։ Մարդ կա` գերին է փողի, մարդ էլ կա` տերն է աստղերի, ասել է թե` մարդու ինքնագիտակցությունն այնքան հասուն պետք է լինի, որ իրեն իր երկրի տերը զգա, տեսնի ամեն գեղեցիկն ու բարին։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2003

Մեկնաբանություններ