ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ժողովուրդը հավատում էր, որ իր շահերը Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանն իրապես պաշտպանում են»

«Ժողովուրդը հավատում էր, որ իր շահերը Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանն իրապես պաշտպանում են»
04.09.2009 | 00:00

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻՑ, ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ԷԼ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆՔ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀԵԼ ԷՐ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԻՆ»
-Երկու ամսից լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության տասը տարին: Ձեր կարծիքով` դա բավարա՞ր ժամանակ էր հանցագործությունը գոնե ինչ-որ մասով բացահայտելու համար, թե՞ նման ոճիրներն ընդհանրապես չեն բացահայտվում:
-Դատական գործընթացի վերջին նիստերից մեկի ժամանակ, ինձ տրված վերջին խոսքի իրավունքից օգտվելով, ես հայտարարեցի, որ դատարանը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ոչ մի նոր բացահայտում չարեց, հասարակությունն ավելին չիմացավ, քան գիտեր 1999 թ. հոկտեմբերի 28-ին: Ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին: Անցած տասը տարիներին միշտ հիշել եմ 1999 թ. նոյեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի և նրա տիկնոջ այցը մեր տուն: Նախագահը եկել էր իր ցավակցությունը հայտնելու: Ես ասացի, որ միայն մի դեպքում ինձ ինչ-որ չափով մխիթարված կզգամ, եթե բացահայտվեն ու պատժվեն մեր պետության թշնամիները: Դատավարության արդար ընթացքին մտքովս էլ չէր անցնում կասկածել: Նախագահն ինձ պատասխանեց հակընդդեմ հարցով` իսկ եթե չպարզվի՞: Ես անակնկալի եկա այդ հարցից, բայց ասացի` կներեք, այդ դեպքում հասարակությունը Ձեզ կկասկածի: Ռոբերտ Քոչարյանն ասաց` գիտեմ: Մեր այդ խոսակցությունը ես ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ: Ես այդ պահին չհասկացա` ի՞նչ էր դա նշանակում, ինչո՞ւ այդպես ասաց նախագահը, բայց հետագա ամբողջ ընթացքը հասկանալի դարձրեց։
-Գուցե նա ուզում էր ասել, որ այդ մարդիկ ոչ թե երկրի ներսում են, այլ դրսո՞ւմ։
-Ես չգիտեմ` նա ինչ նկատի ուներ, բայց, իմ կարծիքով, ներսում հաստատ կային այդ մարդիկ, հետագա վերլուծությունները համոզեցին, որ, այո, դրսում էլ կան, հրապարակումներ եղան, հայտարարություններ: Ահաբեկչության նպատակների, պատվիրատուների, ընթացքի մասին այսօր ես ունեմ իմ պատկերացումները: Անցյալ տասը տարում, կարծում եմ, ոչինչ չի արվել մեր երկրում նման հանցագործությունները կանխելու համար, այնուամենայնիվ, ահաբեկչությունը մնացել է մեր պետության մեջ միջոց ինչ-որ հարցեր լուծելու համար: Իշխանությունն ահաբեկչությունը պախարակող քարոզչության ոչ մի քայլ չարեց, չխոսվեց, չասվեց, թե ինչ դժբախտություն էր, ինչ վնաս բերեց այդ ահաբեկչությունը, ինչպե՞ս երկիրը գլխատվեց... Ոչինչ չարվեց, վերջերս էլ ես զոհվածների ընտանիքների կարծիքը ներկայացրի ԱԺ նախագահին, որ հոկտեմբերի 27-ի 10-րդ տարելիցի կապակցությամբ ոչ թե ԱԺ այգում եղած հուշարձանը փոխեն, այլ ավելի լավ է` Երևանի այլ վայրում ահաբեկչության դեմ թեմատիկ մի հուշարձան լինի, որը և՛ նվիրված լինի զոհվածների հիշատակին, և՛ դատապարտի ահաբեկչությունը: Բայց, փաստորեն, մեր խնդրանքն անարձագանք մնաց, որովհետև որոշվեց Քոչարի արձանը տեղադրել ԱԺ այգում:
-Ձեր կարծիքով` մեր երկիրը ա՞յլ ճանապարհ կունենար, ու ա՞յլ զարգացումներ կլինեին, եթե 27-ը չլիներ:
-Ես համոզված եմ, որ այլ ճանապարհ կունենար, եթե ահաբեկչությունը չլիներ: Շատ լավ գիտակցելով եղած դժվարությունները, առանձին-առանձին սխալները, որ թույլ էին տվել այդ առաջնորդները, հասարակությունը վստահել էր «Միասնություն» դաշինքին, ժողովուրդը հավատում էր, որ իր շահերը Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանն իրապես պաշտպանում են, որ դա հանուն իշխանության ստեղծված դաշինք չէ: Սպարապետի մի քանի ամսվա գործունեությունը, որպես վարչապետի, դա էր վկայում: Կարեն Դեմիրճյանի հավասարակշիռ, փորձաշատ ներկայությունն Ազգային ժողովում հավատ էր ներշնչում: Իսկ հավատը քիչ բան չէ, նրանք մեծ ուժ էին, և այդ ուժը վստահության որոշակի պաշար ուներ: Եթե անգամ ինչ-որ բաներ այնպես չլինեին, ժողովուրդը նրանց ներելու էր, ընկալելու էր, որովհետև երբ մարդուն ընտրում ես, շատ ավելի ներողամիտ ես, քո վերաբերմունքով աշխատելու շանս ես տալիս, սխալվելու և նորին, լավին վերադառնալու հնարավորություն ես տալիս: Այնքան խնդիրներ կան երկրի առաջ, որ ես երբեմն հուսահատորեն մտածում եմ, որ աշխարհի վերջը հենց այս վիճակն է, որ այսօր մենք ունենք: Ահաբեկչության վտանգից, անպատժելիությունից մենք այսօր էլ պաշտպանված չենք: Մենք այսօր ունենք ավելի շատ հարցեր, քան այն ժամանակ, ու ես ուզում եմ հավատալ, որ բոլոր այդ հարցերին պատասխանելու ժամանակը գալու է: Ես չեմ հավատում, որ լինում են չբացահայտված հանցագործություններ, ես հավատում եմ արդարության և ճշմարտության հաղթանակին:
-Տասը տարի առաջ հոկտեմբերի 27-ը ամբողջ երկրի համար էր շոկ, կարծո՞ւմ եք, որ այդ շոկն իսպառ հաղթահարվել է այս ընթացքում:
-Այդպիսի շոկերը չեն հաղթահարվում, ընդամենն ընտելանում են այդ շոկի հետ ապրելուն, դա հաղթահարել հնարավոր չէ: Այսօր էլ անտարբեր մարդ չկա, հասարակության հիշողության մեջ մի թեթև հպումն էլ լուրջ անդրադարձ է տալիս...
«ՄԵՆՔ ՄԵՐ ԸՆՏՐՈՂՆԵՐՆ ՈՒՆԵՆՔ, ՈՐՈՆՑ ԲԱՑ ՃԱԿԱՏՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՍԵԼ, ՈՐ ԱՇԽԱՏԵԼ ԵՆՔ»
-Սեպտեմբերի 14-ին ԱԺ աշնանային նստաշրջանն է սկսվում, «Ժառանգություն» խմբակցությունն օրենսդրական նախաձեռնություններ ունի՞ շրջանառության մեջ:
-Կարծում եմ, որ այս քառօրյայում պիտի քննարկվի մեր ներկայացրած «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթը 1677 բանաձևում, հեռարձակման արտոնագրերի արդարացի և թափանցիկ մրցույթի անցկացման, «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռն ի կատար ածելու կապակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարելուն ուղղված Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» առաջարկը, իմ և Արմեն Մարտիրոսյանի օրենսդրական նախաձեռնությունը 2008 թ. սեպտեմբերի 10-ին ընդունած «Ա1+»-ի հետ կապված հաճախականությունների մրցույթը կասեցնելու վերաբերյալ:
-Դուք կարծում եք, որ խորհրդարանը կհամաձայնի՞ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել այդ նպատակով:
-Մենք համոզելու ենք:
-Քանի՞ հոգով, քանի՞ հոգու:
-Երբ վերադառնում են Ստրասբուրգից, թվում է` իրենք արդեն պատրաստ են հասարակությանը համոզելու, որ պիտի վերանայենք շատ քայլեր, Եվրադատարանի վճիռը պիտի ի կատար ածենք, բայց, ինչպես իշխանություններն են փաստարկում, դրան խանգարող գործառույթ կա` թվայնացման գործընթացը:
-Թվայնացման գործընթացը սկսվե՞լ է...
-Չի սկսվել ու չի էլ սկսվելու առաջիկայում, էկոնոմիկայի նախարար պարոն Երիցյանը մի քանի անգամ ժամկետ է ասել, որ պիտի ռազմավարական ծրագիրը ներկայացվի ու չի ներկայացվել, նորից ենք դիմելու նախարարին այդ հարցով: Առայժմ ռազմավարությունը չկա, ծրագիրը չկա, գումարը, վստահ եմ, ճգնաժամի պատճառով չի հատկացվելու, ուստի «Ա1+»-ի խնդիրը պետք չէ կապել թվայնացման հետ: Ամբողջ աշխարհում, ուր անցել են թվայնացման, ոչ մի տեղ մրցույթի դադարեցման գործընթաց չի եղել:
-Եթե ԱԺ-ն «Ժառանգության» առաջարկով ստեղծում է նման հանձնաժողով, ի՞նչ լիազորություններ պիտի ունենա այդ հանձնաժողովը:
-Մարտի 1-ի հանձնաժողովի նախադեպով ու նման լիազորություններով, բայց ավելի կարճ ժամկետով, որպեսզի հանձնաժողովը քննարկի բոլոր հարցերն ու ընթացք տա 1677 բանաձևին, արդյունքում պետք է պարզվի` իրավաչա՞փ էր այդ օրենքի ընդունումը, ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի օրենքի այդ փոփոխությունն անվավեր հայտարարելը:
-«Ժառանգություն» խմբակցության արդեն երկրորդ պատգամավորին եմ ստիպված հարցնելու` Դուք այդքան ռոմանտի՞կ եք:
-Ռոմանտիկ չենք, իսկ Դուք ուզում եք` ձեռքներս ծալենք-նստե՞նք, որովհետև մեր ցանկացած նախաձեռնություն` 7-ը 124-ի դեմ, դատապարտվա՞ծ է: Մենք մեր նպատակներն ու ծրագրերն ունենք, մեր ընտրողներն ունենք, որոնց բաց ճակատով կարող ենք ասել, որ աշխատել ենք, ներկայացրել ենք, քննարկել ենք, հայտարարություն ենք արել, գոնե ստիպել ենք Ազգային ժողովին այդ մասին խոսել, քննարկել, հասարակությունը տեսնում է, որ մեր առաջարկությունները մեծամասնության քվեարկությամբ մերժվում են...
-Իբրև պատգամավոր Ձեր աշխատանքը Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Ո՛չ, որովհետև երբ ես դպրոցի տնօրեն էի, գիտեի` ինչ էի անում, արդյունքը տեսնում էի, և արդյունքն ինձ լիցքավորում էր: Վամպիրի նման միայն ինձնից չէին տանում իմ էներգիան, ավյունը, ինչպես այստեղ, այնտեղ ես տալիս էի ու բազմապատկված ստանում էի: Ազգային ժողովում մենք իրապես աշխատում ենք, բայց արդյունքն այն է, որ չենք կարողանում մեր 7 հոգով ազդել որոշումների ընդունման վրա` ո՛չ բարոյականության, ո՛չ որակի, ո՛չ քանակի առումով, ստացվում է, որ հնչում է նաև մեր տեսակետը, այդ կերպ ծավալվում է անհրաժեշտ քննարկում, որին կոչված է Ազգային ժողովը: Դա էլ է կարևոր: «Ժառանգություն» խմբակցությունը ԱԺ-ում, որպես ընդդիմություն, գործելաոճի օրինակ տվեց:
-«Ժառանգությունը» խորհրդարանում իբրև ընդդիմություն արդեն մենակ չէ, կա ՀՅԴ-ն: Եղե՞լ են համատեղ քննարկումներ ընդհանուր ռազմավարության կամ մարտավարական խնդիրների վերաբերյալ:
-Առանձին հարցերի շուրջ քննարկումներ եղել են, բայց շատ կարճ էր ՀՅԴ-ի ընդդիմության ընթացքը` երկու-երեք քառօրյա... ՀՅԴ-Ն որպես ընդդիմադիր քաղաքական ուժ ԱԺ-ում նոր-նոր ընթացքի մեջ է, վաղը-մյուս օրը կերևա, թե դա ինչ է նշանակում: ՀՅԴ խմբակցության պատգամավորներն իրենց տեսակետներով, ելույթներով, հայտարարություններով միշտ էլ հանդես են գալիս, այդ տեսակետները երբեմն չէին համընկնում իշխանության հետ, բայց քվեարկությունն այլ բանի մասին էր խոսում...
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԿԼԻՆԻ ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ»
-Հանրակրթության մասին օրենքը նախորդ նստաշրջանում Ազգային ժողովն ընդունեց, ի՞նչ է փոխվում կրթական համակարգում:
-Այս օրենքի նախագիծը 2005 թ. քննարկվում էր ԱԺ գիտության, կրթության և մշակույթի հանձաժողովում: Օրենքով ամրագրվում են 1999 թվականից Հայաստանի հանրակրթության ոլորտում եղած բոլոր բարեփոխումները, որոնք ներառված են եղել տարբեր վարկային ծրագրերում: Սովորաբար վարկային ծրագրի ավարտից հետո, երբ այլևս գումարներ չկան, միշտ փորձ էր արվում հետ դառնալու, հանրակրթության մասին օրենքը կանխում է այդ հետքայլերը: Օրենքն ամրագրում է հանրակրթության բնագավառում ժողովրդավար կառավարման սկզբունքների ապահովումը, ուսումնական հաստատությունների ինքնավարության հավասարակշռումը, ուսումնական հաստատության խորհուրդների կարևոր դերակատարումը, որը կար, բայց, որպես կանոն, չէր կատարվում...
-Այսինքն` անցած տասը տարիներին ինչ դրական փոփոխություն եղել է, որ գործողության մեջ ապացուցել է իր գոյության իրավունքը, օրենքի ուժ է ստացել:
-Խոսքը ոչ այնքան դրական փոփոխությունների մասին է, որքան վարկային գումարներով կրթության ոլորտում իրականացված բարեփոխումներն օրենքով ամրագրելու և օրենքի ուժ տալու մասին է և նույնիսկ այն բանի, ինչ, որոշ պաշտոնյաների կարծիքով, գոյության իրավունք չուներ, բայց դպրոցին պետք էր: Շատ կարևոր եմ համարում դպրոցի տնօրենի անկախության ապահովումը. դպրոցի ընտրված տնօրենն այսօր աշխատանքային պայմանագիրը կնքում է ոչ թե մարզպետի, այլ հիմնադրի անունից` ուսումնական հաստատության կառավարման խորհրդի նախագահի հետ: Դա իրապես կարևոր քայլ է:
-Ձեր գնահատմամբ` օրենքով բացառվո՞ւմ են կոռուպցիոն ռիսկերը:
-Եթե Ազգային ժողովը համարյա 100 տոկոսով օրենքն ընդունել է, բոլոր սկզբունքային փոփոխություններն օրենքով սահմանելու քաղաքական կամք է ունեցել, կարծում եմ` նույն կերպ պիտի այդ օրենքին տեր կանգնի: Հանրակրթության մասին օրենքը կլինի լակմուսի թուղթ` իսկապե՞ս իշխանություններն ուզում են ապահովել հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման սկզբունքներ, հանրակրթությունը դարձնել արդյունավետ, ուսումնական հաստատություններում արգելել քաղաքական գործունեությունն ու քարոզչությունը և երկրում քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար երաշխավորել ազատ և համակողմանի զարգացած անհատի, քաղաքացու կրթություն: Ժամանակը ցույց կտա:
-Ապավինելով մանկավարժական Ձեր անսահման փորձին, Ձեր կարծիքով, ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի օրենքը գործողության մեջ ինքն իրեն բացահայտի:
-Այն պահից, երբ ՀՀ կառավարությունը կհաստատի ՀՀ-ում կրթության զարգացման պետական ծրագիրը: Ցավալի ու ամոթալի է, որ մենք առայսօր դեռ չունենք կրթության զարգացման պետական ծրագիր, որին պիտի համապատասխաներ հանրակրթության մասին օրենքը: Եթե կառավարությունը մոտակա ժամանակներում ընդունի ՀՀ կրթության զարգացման պետական ծրագիրը և օրենքի ոգուն համապատասխան կարգերի վերաբերյալ որոշումներ ընդունի, ապա 5 տարի հետո հասարակությունը փոփոխությունը կարող է զգալ:
-Ձեր կարծիքով` քաղաքականությունը կապ ունի՞ մշակույթի ու արվեստի հետ:
-Անպայման, քաղաքականություն, մշակույթ, գիտություն այնքան են կապված, որ չեն կարող միմյանցից անկախ լինել: Քաղաքականությունը որոշակի մտածելակերպ է, որը ոլորտից ոլորտ կարող է փոխվել բառապաշարով, բայց քաղաքականության մեջ ներքին կապ կա, որն ընդհանուր է բոլորի համար:
-Գործում են ընդհանուր սկզբունքնե՞ր:
-Քաղաքականությունը տվյալ ոլորտի նկատմամբ գլոբալ ուղղությունների ճանաչումն է, որ կենսագործվում է մեխանիզմների միջոցով:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1822

Մեկնաբանություններ