38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ազգային դաշտի զինվորն ու մտավորականը

Ազգային դաշտի զինվորն ու մտավորականը
06.04.2024 | 21:07

Այսօր գրականագետ, պրոֆեսոր Սերժ Սրապիոնյանի ծննդյան օրն է, ով մեր կողքին ապրում է որպես ազգային մտավորական, իսկ պատմության մեջ մնալու է որպես արդի հայ գրականագիտության իսկական ռահվիրա` իր տեղն ունենալով մեր մեծերի փաղանգում։

Նա գիտնական է, ով տասնամյակներ ի վեր հայ գրականություն կոչվող օվկիանոսից մեկ առ մեկ վեր է հանում մեր ողջ ժառանգությունը` իբրև ազգի հոգևոր զենք ու վահան մեզ վերադարձնելով. պաշտպանում մեր հոգևոր դաշտը այն հարձակումներից ու հարվածներից, որոնք տարիներ ի վեր ուղղվել են մեր առանձին մեծերի դեմ` ջանալով խեղաթյուրել նրանց կերպարն ու դերը մեր պատմության մեջ։ Իսկ նա գիտնականի իր գրիչն ու խոսքn ուղղում է նաև այդ երևելի ու աներևույթ ուժերի դեմ, որ սերունդներն առանց մեր հոգևոր սյուների չմնան և հայոց hողը չփախչի նրանց ոտքերի տակից։

Սերժ Սրապիոնյանի նման պրոֆեսորի համար հայ գրական ժառանգությունը բացարձակ արժեք է, և բազում սերունդների սովորեցրել է դրա կրողը լինել։

Սերժ Սրապիոնյանը հայրենիքի զինվոր է հասարակական կյանքում նույնպես։ Եվ մեր ազգային կյանքի վերջին ողբերգական ` արդեն վեց տարիների ընթացքում չէր կարող չլինել նույն ըմբոստը, ինչպես իսկական ազգային մտավորական, ով ապրում է իր երկրի ճակատագրով և ամեն մի անմահացած զինվորի կորստի ցավով։

Սերժ Սրապիոնյանի նման մտավորականի խոսքը պետք է լսել միշտ, որովհետև դա հոգու ճանապարհներից մեկն է, թե ինչպես պետք է կարողանանք վերականգնվել որպես ազգ։ Եվ այդ հոգենորոգ ճանապարհը մեր մեծերին ճանաչելն է.

«Թումանյանի մեծության չափը նրա անչափելությունն է»,- մի առիթով գրել է գրականագետ պրոֆեսորը:

Իսկ մենք մեր մեծերին ճանաչում ենք նաև Սերժ Սրապիոնյանի նման գիտնականների մեկնությամբ։

ՈՒզում եմ, որ մեր կողքին ապրող այս կենդանի մեծության տարեդարձը շնորհավորենք ոչ թե միայն խոսքերով, այլև օրվա մեջ գոնե մի քանի րոպե նրա հարցազրույցները լսելով։

Նա մեր պայքարի ուղին է ցույց տալիս, թե ինչպես պետք է կարողանանք գնալ մեր մեծերի, հայ մշակույթի գագաթների գծած ճանապարհով, որոնցից յուրաքանչյուրի գրական ժառանգության օվկիանոսից պիտի դուրս բերենք այն ազգային գաղափարախոսությունը, որը պիտի դրվի մեր ընթացքի հիմքում։

Հայ ժողովուրդը ժամանակի հողմերին ու մարտահրավերներին հանձնվելու իրավունք չունի, անգամ եթե սա մեր վերջին գոյամարտը լինի։ Եվ սա նաև պրոֆեսորի անդավաճան համոզմունքն է, որը միշտ դնում է իր բոլոր ելույթների հիմքում` լինի պայքարի հրապարակներում, եթերային հարցազրույցներում։

Դրանցից մեկում պրոֆեսորն իրեն բնորոշ ձեռագրով խոսել է մեր երևելի ու աներևույթ թշնամիների, բոլոր հակահայ ուժերի մասին:

Եվ մեր ազգի համար այս դժնդակ օրերի համար հատկանշական է նրա այս խոսքը.

«Պետք է ճիշտ ճանաչել այն կենտրոնը, որտեղ հյուսվում է հայ ժողովրդի դավադրությունը և այդ կենտրոնը Հայաստանի կենտրոնում է․ մեզ համախմբվածություն է պետք։ Մենք գնալու ենք կենաց-մահու պայքարի, բայց մերը կենացն է լինելու, մահուն չի լինելու, կգան ժամանակներ և մեր կամքը կթելադրենք էրդողաններին, ալիևներին և նրանց ծառաներին»։

Այո, առջևում մեծ ու երկարատև պայքար է։

Ազգային արժանապատվության և գոյության պայքար։

Եվ այդ պայքարի դաշտում երկար պիտի հնչի Ձեր ծանրակշիռ խոսքը, հարգելի պրոֆեսոր ու լինի մեր ուղենիշներից մեկը։

Շնորհավորում եմ Ձեր տարեդարձը։ Մաղթում եմ առողջություն ու երկար տարիների կյանք։

Դուք պարտավոր եք ապրել երկար ու տեսնել, թե տարածաշրջանի հյուր ցեղերի դեմ ինչպես է պայքարում Ձեր սիրելի հայ ազգը` հանուն իր պատմական իրավունքների, և ինչպես է այսքան մաքառումներից հետո հառնում Կոստան Զարյանի բնորոշմամբ ` «Արարատյան մարդը», որի ճանապարհը այս հողագնդում և իր պատմական բնօրրանում հավերժ պիտի լինի:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ