Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Չեզոք տունը և հայ որբերի փրկությունը (ինքնության վերադարձ)

Չեզոք  տունը և հայ որբերի փրկությունը  (ինքնության վերադարձ)
20.04.2023 | 22:36

Հոդվածը երկար է, բայց շատերի նախնիների փրկության տունն է եղել Չեզոք տունը

ԱՌԱՔԵԼ ՉԱՔՐՅԱՆ, ԶԱՎԵՆ ՊԱՏՐԻԱՐՔ, ԶԱՐՈՒՀԻ ՊԱՀՐԻ....

«Ես այնքան եմ տառապել հայ լինելու համար, որ այլևս երբեք չէի ցանկանում նորից ասել, որ հայ եմ»...

Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի զանգվածային սպանություններին զուգահեռ՝ թուրքական կառավարությունը նպաստավոր պայմաններ էր ստեղծում ակնհայտ քաջալերելով կամ թույլատրելով հայ մանուկների և կանանց ձուլման գործընթացը մուսուլմանական տներում և այլ հաստատություններում։

Արդյունքում հազարավոր հայ մանուկներ հանձնվեցին մուսուլմաններին, մի մասը՝ որպես ստրուկ՝ իրականացնելով ամենախտրական ու ծանր աշխատանքը, քչերը՝ որդեգիր: Իսկ չափահաս աղջիկների մի մասին բռնի կնության տվեցին, մյուսներին հանձնեցին հարեմներին:

Թեև որևէ հստակ թիվ չկա այն մասին, թե քանի երեխա է բաժանվել մուսուլմանական հաստատություններին, սակայն հաշվվում է շուրջ 100 000-200 000 հայ դավանափոխ է արվել:

Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո հայ որբերի հավաքագրումն ու ազգային պատկանելության որոշումը դարձան բազմաթիվ հայ և միջազգային կազմակերպությունների ու անհատների առաջնային խնդիրներից մեկը:

Մուդրոսի համաձայնագրի 4-րդ կետը ենթադրում էր Օսմանյան պատերազմական գերիների ազատ արձակումը, ինչը շատերի կողմից ընդունվեց նաև որպես իսլամացած կանանց և երեխաների ազատագրման պահանջ: Տարհանված հայերն իրավունք ստացան վերադառնալու իրենց հայրենի տները: Մուդրոսի համաձայնագրով հայերին և հույներին վերաբերող կետերը գործնականում իրագործելու նպատակով 1919 թ. փետրվարին Բրիտանական բարձրագույն հանձնաժողովը ձևավորեց Հայ-հունական բաժինը (Armenian-Greek Section A.G.S.), որի նստավայրը Կոստանդնուպոլսի բրիտանական դեսպանատունն էր: Բաժինը զբաղվելու էր թուրք հանցագործների պատժի, օգնության, փոխհատուցման, բանտարկյալների, իսլամացված քրիստոնյաների և թուրքերի ձեռքում գտնվող քրիստոնյաների վերաբերյալ հարցերով:

Հայ-հունական բաժինը գործեց մոտ 4 տարի (1919 փետրվար – 1922 նոյեմբեր՝ կազմակերպելով շուրջ 87 հանդիպում):

1919 թ. մարտից աշխատանքներին միացան նաև հայկական և հունական պատրիարքարանների ներկայացուցիչները՝ հայկական կողմից՝ դոկտոր Դավիդյանը և պրն. Չաքրյանը, իսկ հունական կողմից՝ դոկտոր Թեոթոկասը:

Մուսուլմանների տներից և որբանոցներից հայ երեխաներին դեպի իրենց իրական ինքնությունն ու ազգային-կրոնական պատկանելությունը վերադարձնելու առաքելությունը ստանձնեցին և ի կատար ածեցին Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը և վերջինիս կողմից իբրև այդ գործի անմիջական կատարող նշանակված պոլսահայ արձակագիր, հայտնի գրագիտուհի Զարուհի Պահրին։

Ստեղծվեց Որբահավաք մարմին՝ 4 անդամներով՝ Ա. Չաքրյանի ղեկավարությամբ: Նրանցից յուրաքանչյուրը բրիտանական դեսպանատան կողմից ստացավ

հանձնարարագիր՝ ուղղված Դաշնակցական ոստիկանությանը՝ անհրաժեշտության դեպքում օժանդակություն ապահովելու համար:

Թուրքական կառավարական թերթերը պնդում էին, որ հայերը ծեծում և ահաբեկում են մուսուլման երեխաներին՝ ընդունելու իրենց «հայկական ծագումը»:

Երեխաները սովորաբար մեկ շաբաթից մինչև 3 ամիս ակտիվորեն ժխտում էին իրենց քրիստոնեական և հայկական ծագումը, վիրավորում էին քրիստոնյաներին, սակայն քանի որ նրանց պատմությունները բավականին կասկածելի էին, և նրանք պահվում էին հսկողության տակ, որոշ ժամանակ անց հայտնվում էին ապացույցներ երեխաների՝ քրիստոնյա լինելու մասին: Միջավայրի փոփոխությունը բերում էր նաև մտավոր փոփոխության, և երեխաները կարողանում էին բացահայտել իրենց ինքնությունը ու որոշ ժամանակ անց սկսում էին վերհիշել հայերեն բառեր, երգեր:

Չնայած դաշնակցային ոստիկանության` իր հրամաններին ենթարկվելու իրավասությանը, երեխա թաքցնելը պատժելի արարք չէր, ուստի խիստ բարդանում էր նրանց հավաքագրումը: Թուրքական Բարձր դուռն ընդդիմանում էր առանձին թուրքերի՝ հայ երեխաներին հանձնելու պահանջին չենթարկվելու համար բանտարկության բրիտանական պահանջներին: Իրավիճակը բարդանում էր նաև թուրքերի հարուցած խնդիրներով. թուրքական պաշտոնական և հասարակական կարծիքը դեմ էր իսլամացած հայ երեխաներին և կանանց հանձնելուն, ուստի սկզբից էլ բաժինը բախվեց բազմաթիվ դժվարությունների:

Բաժնի հայ անդամ Ա. Չաքրյանը բողոքում էր, որ թուրքական որբանոցների թուրք տնօրենները և այլ ներգրավված անձինք հետ չեն տալիս հայ երեխաներին: Միջդաշնակցային ոստիկանությունը նույնպես բողոքում էր թուրքերի հարուցած դժվարություններից երեխաներին վերցնելու ժամանակ, քանի որ երբեմն ստիպված էին լինում 4-5 անգամ գնալ մեկ երեխայի հետևից:

Բաժնի առջև ծառացած առանցքային հարց էր հայ կանանց ազատագրելու

խնդիրը, հատկապես, երբ նրանք ամուսնացած էին թուրքերի հետ: Հայ և հույն պատվիրակները պնդում էին, որ տարիքային շեմ պետք է որոշվի, որից ներքև գտնվող կանանց պետք է ուժով վերցնել թուրքական տներից՝ առանց հաշվի առնելու նրանց ցանկությունները: Սակայն, քանի որ այս հարցը դժվարություններ կհարուցեր թուրքերից երեխա ունեցող կանանց համար, որոշվեց, որ նման դեպքերում կնոջն ընտրելու իրավունք է տրվելու: Արդեն ավելի ուշ թուրքերի հետ բռնի ամուսնացած հայ կանանց այլևս չէին ստիպում վերադառնալ հայկական միջավայր, քանի որ հնարավոր չէր ապահովել նրանց անվտանգությունը: Բացի դրանից՝ որոշ հայ կանայք ևս դժվարություններ էին ունենում հայկական միջավայր վերադառնալու հետ կապված:

Հայկական կողմը հատկապես կարևորում էր 4-5 տարեկան երեխաների արագ ազատագրումը, որպեսզի հնարավոր լիներ փրկել նրանց վերջնական իսլամացումից, նաև մշտապես պնդում էր երիտասարդ որբերի՝ հայկական միջավայրում մեծանալու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լիներ վերականգնել նախնական գիտելիքները, որոնք մոռացվել էին թուրքական հաստատություններում ապրելու ընթացքում:

Հայ-հունական բաժնի ակտիվ գործունեությունը հանգեցրեց թուրքական կողմի դժգոհությանը, որը պնդում էր, թե ազատագրված երեխաներից շատերը թուրքեր են: Հայ ներկայացուցիչներին առաջարկվեց համապատասխան վայր ընտրել՝ որբերին և իսլամացած անձանց ընդունելու համար: Եվ անգլիական դեսպանատան պահանջով Հայոց պատրիարքարանը Կոստանդնուպոլսի Շիշլի թաղամասում վարձեց մի շինություն, որը կոչվեց ՉԵԶՈՔ ՏՈՒՆ։

ՉԵԶՈՔ ՏՈՒՆՆ ուներ հայ, թուրք և ամերիկացի մեկական կին տնօրեն (Զարուհի Պահրի, Նեզիհե հանում, տիկին Հուայթինկ): Բացի տնօրեններից, Չեզոք տանն աշխատում էին երեք հայ և մեկ թուրք կին: Ազատագրված երեխաների ծախսերը կազմում էին ամսական շուրջ L.T. 10,000, որի կեսից ավելին հատկացնելու էր Հայոց պատրիարքարանը, իսկ մնացածը՝ Ամերիկայի նպաստամատույց առաքելությունը: Չեզոք տուն բերվել են 396 կասկածելի որբ, իսկ նրա միջոցով՝ 184:

Չեզոք տանը երեխաներին խոստովանության էին բերում հոգատարությամբ, հորդորներով, հիշողություններ արթնացնելով, երբեմն փոքրիկ խարդավանքներով, բայց ոչ երբեք ծեծով, սպառնալիքներով, վախով։

Այստեղ պետք է բերվեին այն երեխաները, ում ազգությունը կասկած էր հարուցում՝ մինչև նրանց ինքնության վերջնական պարզումը: Չեզոք տունը գործում էր բրիտանական ոստիկանության վերահսկողության ու պաշտպանության ներքո։

Որբերի ազգության վերաբերյալ թուրքական իշխանությունների հետ բազմաթիվ վեճերից հետո որոշվում է ստեղծել նաև խառը հանձնաժողով՝ երեխաների ազգությունը որոշելու համար: Խառը հանձնաժողովը բաղկացած էր ամերիկացի, հայ և թուրք մեկական կանանցից, որոնք շաբաթական երկու անգամ հավաքվում էին՝ որբերին հարցաքննելու և նրանց ազգությունը պարզելու համար:

Չեզոք տան երեք տնօրենների համաձայնությամբ որբերին 8 օր պահում էին այդտեղ, որից հետո միայն ներկայացնում էին հանձնաժողովին:

Չեզոք տան հայ աշխատակցի գործը բավական բարդ էր. նրա պարտականությունն էր երեխայի մեջ հիշողություններ արթնացնել անցյալի մասին, փաստերի, բռնությունների:

Երեխաներն իրականում հավատում էին, որ թուրքերն իրենց պաշտպանում են ավելի դաժան ճակատագրից:

Թուրքական կողմը բազմաթիվ խոչընդոտներ էր ստեղծում, մեծ աղմուկ բարձրացնում՝ պնդելով, որ բազմաթիվ թուրք երեխաներ հայացվում են: Սակայն հայերը, խիստ վախենալով, որ թուրքերը կարող են մեծ աղմուկ բարձրացնել, մեծ զգուշավորություն էին ցուցաբերում հարցի նկատմամբ:

Ըստ Չաքրյանի` այն մի քանի երեխաները, որոնք երկար ժամանակ շարունակում էին պնդել իրենց մուսուլման լինելու հանգամանքը, ազատ էին արձակվում: Ամեն կերպ փորձում էին խափանելու հաստատության աշխատանքները:

Պատրիարքարանի աշխատակիցները հաճախ թուրքերի կողմից ենթարկվում էին ծեծի, տեղափոխվում ոստիկանական բաժանմունքներ, նրանցից փորձում էին առգրավել Բրիտանական հանձնաժողովի վկայագրերը:

1919 թ. մայիսի 7-ի Հայ-հունական բաժնի նիստում Չաքրյանը ներկայացնում է երեխաների հավաքագրման ժամանակ թուրք պաշտոնյաների հարուցած դժվարությունների մասին, և բաժնի որոշմամբ այդ նյութերը տպագրվում են թերթում:

Առաքել Չաքրյանի նյութերը՝ տպագրված «The Orient News»-ում

1920 թ.

Այն զարհուրելի խնդիրներից մեկը, որ պատերազմ վարելու թուրքական ձևն առաջացրել է մեզ համար, հազարավոր գողացված մանուկների և հայ որբերի որոնումներն են: Ենթադրվում էր, որ պատերազմն ավարտվելուն և հայերի բնաջնջումը դատապարտվելուն պես թուրքերը ստիպված կլինեին վերադարձնել գողացված երեխաներին, առնվազն որպես վճար իրենց կատարած ոճրի համար: Սակայն թուրքերն ամեն ձևով ձախողում են հայ որբերին գտնելու որոնողական աշխատանքները, որոնց թիվը շուրջ 100,000 է:

Շուրջ 15-17 հազար երեխայի հնարավոր է եղել գտնել, սակայն նրանք մեծ դժվարություններից հետո են ընդունել իրենց հայկական ծագումը: Պատճառները խիստ բազմազան էին. նրանցից շատերին վախեցրել էին տարբեր ձևերով (օրինակ՝ մեծ աղջիկներին հաճախ սպառնում էին ուղարկել վատ համբավ ունեցող տներ) կամ խոստացել նվերներ և այլն:

Տեղահանությունների ժամանակ նախօրոք ծրագրված քաղաքականությամբ թուրքերը բաժանել էին երեխաներին կառավարական որբանոցներ (մոտ 2000-ը գտնվել են Կոստանդնուպոլսում) կամ առանձին ընտանիքներ, որտեղ նրանք մեծանում էին որպես ծառաներ: Երեխաների միջին տարիքը 6-15 տարեկան էր: Նրանց մանրամասն սովորեցնում էին Իսլամ: Ոչ մի կասկած չկար, որ այդ ամենը թուրքական կառավարության կողմից ծրագրված քաղաքականություն էր:

2-3 ամիս ժամանակ էր անհրաժեշտ լինում՝ այս երեխաներին ստիպելու ընդունել իրենց հայկական ծագումը, քանի որ իսլամական կրթությունը և վախը բավական խորն էին նրանց մեջ:

Սկզբում որոնողական աշխատանքները համեմատաբար ավելի հեշտ էին ընթանում և ավելի քիչ դժվարությունների հանդիպում: Իսկ երբ աշխատանքները պաշտոնական բնույթ ստացան, թուրքերն ավելի կոշտացրին այն մեթոդները, որոնցով որբերին ստիպում էին մոռանալ իրենց ինքնությունը, և ավելի մեծ զգուշավորություն ձեռնարկեցին՝ նրանց թաքցնելու համար:

Թուրք պաշտոնյաները մշտապես նամակներ էին ուղղում Վերականգնման կոմիտե (Committee of Recovery)՝ մեղադրելով վերջիններիս թուրք երեխաների բռնի քրիստոնեացման մեջ, ներկայացնում կեղծ ծննդյան վկայականներ և այլն: Կոմիտեն, որ միշտ բարեխիղճ էր, նման դեպքերում վերաքննում էր գործը:

Օրինակ՝ հերթական անգամ, երբ հանձնաժողովը մի թուրք գեներալի պնդմամբ վերաքննում է գործը, պահանջում է գեներալին բերել երեխայի ենթադրյալ ծնողներին: Հանդիպման ժամանակ գեներալը ենթադրյալ ծնողներին հուշել էր ճանաչել երեխային, սակայն կոմիտեին հաջողվել էր, փոխելով երեխաների տեղերը, լիովին մոլորեցնել կեղծ ծնողներին և ձախողել գեներալի ծրագիրը:

Անհրաժեշտ էր լինում երեխաներին հանկարծակիի բերել և դանդաղորեն

հասցնել խոստովանության: Նրանց ուղեղն այնքան էր լցված հակաքրիստոնեական և հակահայկական զգացումներով, որ ոչ մի այլ մեթոդ գործնական չէր:

Օրինակ, մի անգամ հանձնաժողովի հայ անդամը բրիտանացի գնդապետին խնդրել էր կանգնել դռան մոտ, իսկ ինքը հանկարծակի մտել էր ու հայերեն հարցրել. «Ի՞նչ էր քո մայրն անում, երբ գնում էիք եկեղեցի»: Ենթագիտակցորեն երեխան սկսել էր խաչակնքել:

Տեղեկանալով, որ դեռ տասներեք հայ երեխա կա Կոստանդնուպոլսի մոտ

գտնվող N.C.O.’s դպրոցում, որտեղից 150 երեխա արդեն ազատագրվել էր, բրիտանացիներին հաջողվում է գտնել նրանցից 7-ին: Սկզբում երեխաները լիովին ժխտում էին իրենց հայ լինելը և ատելություն էին ցուցաբերում՝ մերժելով անգամ հաց և թեյ վերցնել բրիտանացի զինվորներից: Նրանցից երկուսը եղբայրներ էին, որոնց քույրը վերջերս էր գտնվել: Եղբայրներին վերցրին քրոջ ներկայությամբ, և նրանք անմիջապես սկսեցին հեկեկալ և հայհոյել աղջկան: Մեկը նույնիսկ վերցրեց փայտը ու փորձեց հարվածել նրան: «Դու դարձել ես հայ, իսկ մենք՝ ոչ: Դու ժխտում ես քո ազգը, և դու կգնաս դժոխք»: Միայն 24 ժամ անց եղբայրները և քույրը սկսեցին միասին խաղալ, և միայն ավելի ուշ տղաներն ընդունեցին իրենց հայկական ծագումը:

Համակված նոր և կեղծ գիտակցությամբ, հրեշային մղձավանջից ահաբեկված՝

այս երեխաները մոռացել էին իրենց ծնողների կորստի ողբերգությունների մասին հիշողությունները, ինչպես նաև իրենց ծագումն ու ծննդավայրը:

Թուրքական տնից ազատագրվել էր յուրահատուկ գեղեցկությամբ մի երիտասարդ աղջիկ՝ տասնհինգ տարեկանից էլ փոքր: Չնայած Չեզոք տան հանձնաժողովի բոլոր ջանքերին` հնարավոր չեղավ պարզել՝ նա հա՞յ է, թե՞ ոչ: Աղջիկը պնդում էր, որ թուրք է: Բայց վերջապես նա ինքը խոստովանեց, որ հայ է: Հանձնաժողովի անդամներից մեկը մեծ նմանություն նկատեց այդ աղջկա և թուրքական որբանոցից փրկված մի որբ տղայի միջև: Աղջիկը պատմել էր, որ իր հայրն ու մայրը սպանվել էին ութ քույրերի և եղբայրների հետ, և միայն մի եղբայրն էր կորել: Երբ տարբեր մարդկանց ներկայությամբ տղային բերեցին, բոլորն անմիջապես նկատեցին տարօրինակ նմանությունները: Տղան սկզբից նայում էր աղջկան և որոշ ժամանակ ոչինչ չէր ձեռնարկում: Ակնհայտ էր, որ նա փորփրում է անցյալի իր հիշողությունները: Որոշ ժամանակ անց տղան հասկացավ, որ առջևում քույրն է, մոտեցավ նրան, գրկեց՝ ասելով. «Իմ քո՛ւյր, Ազատուհի՜»: Քույրը հեկեկում է և գցում իրեն եղբոր գիրկը. «Իմ եղբա՛յր, Վահրի՜ճ»: Իսկ այն հարցին, թե ինչու չէր խոստովանում իր ծագումը, աղջիկը պատասխանում է.

«Ես այնքան եմ տառապել հայ լինելու համար, որ այլևս երբեք չէի ցանկանում նորից ասել, որ հայ եմ»:

Տասներկու աղջիկ, որոնց հայ էին համարում, վերցվեցին Կիաթանե թուրքական որբանոցից: Բոլորը դառնորեն ողբում էին՝ պնդելով, որ մուսուլման են: Նրանց մեջ

էր ինը տարեկան փոքրիկ Բրունը (Brune), որին կոչում էին Ջելիլ: Աղջիկը լացում էր և պնդում, որ ինքը մահմեդական է, որ իր ծնողներն ու եղբայրները սպանվել են հայերի կողմից, և միայն ինքն է կենդանի մնացել, որ այս մասին իրեն ասել էին

որբանոցում: Եվ միայն, երբ Չաքրյանը երդվում է իր ծնողների և Աստծո անունով, որ կվերցնի աղջկան որպես իր երեխա, Բրունը պատմում է իր պատմությունը.

«Մեր գյուղը սարի լանջին էր: Յուրաքանչյուր գյուղացի այնտեղ իր ագարակն ուներ, և բոլորը հարուստ էին: Իմ հայրն ամենահարուստն էր: Մի առավոտ գյուղի բոլոր տղամարդիկ և տղաները իմ հոր և եղբայրների հետ հավաքվեցին կարմիր գծավոր տաբատներով մարդկանց կողմից: Օ՜, ես երբեք չեմ մոռանա՝ ինչ դաժան և չար տեսք ունեին այդ մարդիկ: Երբ մտածում եմ նրանց մասին, վախից դողում եմ: Որքան էի խնդրում նրանց վերադարձնել հորս, բայց նրանք խփում էին և հեռու քշում ինձ, նրանք չէին խղճում նույնիսկ փոքր երեխաներին: Տղամարդկանց և տղաներին ծեծելուց հետո նրանք կապեցին նրանց երկուական և տարան, չգիտեմ՝ ուր: Օ,՜ որքան էի սիրում իմ հորը: Նա այնքան բարի էր ու մեղմ: Ամեն կիրակի մենք գնում էինք եկեղեցի, և քահանան, ով երկար սպիտակ մորուք ուներ, տալիս էր կլոր, հարթ հացի մի կտոր, որի վրա մեր Տիրոջ պատկերն էր: Մեր հոր գնալուց մի որոշ ժամանակ անց տեսա մորս լացելիս և հասկացա, որ հայրս մյուսների հետ սպանվել է: Որոշ ժամանակ անց մյուս կանանց և երեխաներին հրամայվեց լքել գյուղը: Չար թուրքերն այնքան էին ծեծել իմ մորը, որ ճանապարհի կեսին նա հիվանդացավ և մահացավ: Ճանապարհորդության ողջ ընթացքում տեսնում էիր միայն մահ և ուրիշ ոչինչ: Մեր քարավանից շատերը մահացան: Ոչինչ չկար ուտելու, խմելու, և մենք ստիպված էինք քայլել և քայլել ուժեղ արևի տակ: Ոչ մի վերջ չկար այս ամենին: Տեսնո՞ւմ եք, դեռ շատ փոքր եմ, բայց տեսել եմ բաներ, որ դուք երբեք չեք տեսել: Ողջ մնացածների հետ հասանք Հալեպ, որտեղ ինձ վերցրին և իմ անունը Սիրանուշից փոխեցին Ջելիլ և տարան թուրքական որբանոց, որտեղ ամեն առավոտ և երեկո մենք ստիպված էինք աղոթել թուրքերենով»:

Որոշ ժամանակ հետո նա ասում է, որ մյուս աղջիկները ևս հայեր են: Այսպես, հնարավոր է լինում հայտնաբերել տասնհինգ հայ իսլամացված աղջիկների, ովքեր պահված էին Կիաթանեի աղջիկների թուրքական որբանոցում:

Փրկություն հայ որբերին.

Առաքել Չաքրյանի հուշերը

Սերինե ՄԿՐՏՉՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4944

Մեկնաբանություններ