ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

2012-ի խորհրդարանական ընտրությունները ՀՀ-ում գործող «ընտրական մեքենայի» համատեքստում

2012-ի խորհրդարանական ընտրությունները ՀՀ-ում գործող «ընտրական մեքենայի» համատեքստում
22.01.2013 | 12:11

Բազմիցս ենք խոսել մեր հանրապետությունում գործառնող «ընտրական մեքենայի» գոյության և նրա գործառնման առանձնահատկությունների մասին: Մասնավորապես «ընտրական մեքենա» ասելով նկատի ունենք որոշ մեխանիզմների խիստ առկայությունը, որոնց միջոցով իշխանական ուժերն ընտրությունից ընտրություն ապահովում են իրենց համար ընտրությունների անհրաժեշտ արդյունք և որպես դրա ուղիղ հետևանք իրենց իշխանության վերարտադրություն: Բացառություն չէին նաև 2012-ի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքների վերլուծությունը մեզ հնարավորություն է տալիս առաջ քաշելու հետաքրքիր մի վարկած և դրա շրջանակներում վերլուծելու «ընտրական մեքենայի» գործառնումը:

Հայտնի է` ընտրություններին ընտրողների մասնակցությունը ոչ միայն կարևոր ինդիկատոր է, որի շնորհիվ կարելի է վերլուծել ընտրազանգվածի քաղաքական ակտիվությունը, այլև մեր տիպի երկրներում ընտրությունների արդյունքների վրա ազդելու գլխավոր միջոց: Քաղաքական ուժերը վարչական ռեսուրսների, ընտրակաշառքի, որոշ հեռավոր և անհասանելի տարածքներում բաց քվեարկության կամ այլ միջոցներով ապահովելով ընտրություններին բարձր մասնակցություն, ապահովում են նաև իրենց անհրաժեշտ արդյունքներ:
Առաջին եղանակի` վարչական ռեսուրսների օգտագործումը բավական ակնհայտ է և բոլորին էլ քաջատեղյակ, մասնավորապես, երբ տարբեր պետական և մասնավոր հիմնարկությունների աշխատողներին ստիպում են անպայման մասնակցել ընտրություններին և, դեռ ավելին, քվեարկել խիստ կոնկրետ քաղաքական ուժերի օգտին, հակառակ դեպքում հետևանքները բոլորիս հայտնի են։
Ընտրակաշառք բաժանելու հանգամանքը ևս պակաս ազդեցիկ չէ, քանի որ մեր երկրի սոցիալական ծայրահեղ պայմաններում, մանավանդ երբ նվազագույն աշխատավարձը 32 հազար դրամ է, ընտրողը միանշանակ կարող է դիմել այդ քայլին: Հետաքրքիր է, որ այդ քայլին (ընտրակաշառքի դիմաց համապատասխան թեկնածուին կամ կուսակցությանը քվեարկելուն) կարող են դիմել ոչ միայն նրանք, ովքեր ծայրահեղ սոցիալական վիճակում են, այլև բնակչության այն հատվածը, որը համոզված է, թե, միևնույն է, ընտրությունների արդյունքները կանխորոշված են` ինչո՞ւ չվերցնել այդ գումարը:
Երրորդ հանգամանքը, որը երբեմն ունի հստակ աշխարհագրական առանձնահատկություն, բաց կամ վերահսկվող քվեարկությունն է, որը կարող է տեղի ունենալ ծայրամասային և հեռավոր շրջաններում, ուր չկան ընտրությունների ընթացքը լուսաբանող լրատվամիջոցներ, ընտրություններին հետևող դիտորդներ (անկասկած, ընտրություններին մասնակցող դիտորդները զուտ ֆիզիկապես ի վիճակի չեն մեկ ամբողջ օր վերահսկելու ընտրական գործընթացը բոլոր ընտրատեղամասերում, որոնց թիվը անցնում է 1800-ից) կամ ուղղակի տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի վստահված անձերը մի դեպքում ի վիճակի չեն վերահսկելու գործընթացը (քանի որ մեր ընտրական գործընթացներում շատ հաճախ ներգրավված են տարբեր ենթակարգային մակարդակի թաղային ու քաղաքային «հեղինակություններ») կամ իրենք էլ են կուլ գնում ընտրությունների արդյունքների վրա ազդել ցանկացող ուժերի առաջարկած նյութական և այլ միջոցների գայթակղությանը:
Վերը նշված գործոնների հանրագումարային ազդեցությամբ ապահովելով բարձր մասնակցությունը ընտրություններին, մեր երկրում ապահովվում են նաև անհրաժեշտ քվեներ այս կամ այն քաղաքական ուժի օգտին: Եվ զարմանալի չէ, որ ընտրություններին մասնակցության և իշխանական ուժերի ստացած քվեների միջև ունենում ենք բավականին բարձր կոռելյացիոն կապ: Այսպես, եթե վերցնենք 2012-ի խորհրդարանական ընտրություններին մեր մարզերում և Երևանում ընտրողների մասնակցության արդյունքները և իշխանական ուժ ՀՀԿ-ի ստացած քվեների ցուցանիշները և հաշվարկենք կոռելյացիայի գործակիցը այս երկու ցուցանիշների միջև, ապա այն կկազմի մոտ 0,788 (վիճակագրական վերլուծությանը քիչ թե շատ տեղյակներին հայտնի է, որ 0,6-ից բարձր ցուցանիշի դեպքում կոռելյացիան համարվում է բավական հուսալի): Իսկ այս կոռելյացիայի էությունը տվյալ դեպքում այն է, որ որքան բարձր է ընտրություններին մասնակցությունը, այնքան բարձր է ՀՀԿ-ի ստացած քվեների բաժինը:
Սակայն չմոռանանք որ ԲՀԿ-ն ևս տիրապետում է ընտրությունների վրա ազդելու որոշ եղանակներին, որոնց տիրապետում է ՀՀԿ-ն, և որոնց մասին նշեցինք վերևում: Մասնավորապես, ունենալով քաղաքապետեր, մարզպետներ, տեղական գործարարներ և այլք, վերջիններս մեծ հաջողությամբ կարող են ապահովել ընտրազանգվածի անհրաժեշտ մոբիլիզացիա, բարձր մասնակցություն ընտրություններին և ԲՀԿ-ին անհրաժեշտ քվեների մակարդակ: ՈՒստի, երբ վերցնում ենք մեր մարզերում ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի ստացած քվեների մասնաբաժինների հանրագումարը և այդ նույն մարզերում ընտրողների մասնակցության ցուցանիշները ու կոռելյացիա հաշվարկում դրանց միջև, այս դեպքում ստանում ենք մեր վարկածը հիմնավորող էլ ավելի վստահելի գործակից` 0,952: Քաղաքագիտական և հասարակագիտական վերլուծություններում վիճակագրական նման հստակ և բարձր աստիճանի կապի գոյություն, հավատացեք, միշտ չէ, որ նկատվում է:
Վերը նշված ցուցանիշների փոխադարձ համեմատական հարաբերակցությունն ավելի պատկերավոր երևում է նկ. 1-ում:
Նկ. 1-ում կարելի է նկատել (ըստ մարզերի), որ որքան բարձր է եղել մասնակցությունը, այնքան բարձր են եղել ՀՀԿ-ի արդյունքները: Ընդ որում, եթե նկատում եք, Կոտայքի հատվածում այս կորերը և նրանց ֆիլտրված տարբերակները փոքր-ինչ սինքրոն չեն, ինչը պայմանավորված է Կոտայքում ԲՀԿ-ի ունեցած դիրքերով: Սակայն երբ արդեն համադրում ենք ՀՀԿ և ԲՀԿ գումարային արժեքը ընտրություններին մասնակցության ցուցանիշի հետ, ստացվում է բավականին հստակ և շեղումներ բացառող պատկեր (տե՛ս նկ. 2):
Այսպիսով, ակնհայտ է ընտրություններին մասնակցության և իշխանական ուժերի ստացած քվեների միջև ուղիղ համեմատական կապի գոյությունը: Սակայն անհրաժեշտ է խոսել մի հանգամանքի մասին ևս: Հնարավոր է այս երկու ցուցանիշների`ընտրություններին ընտրողների մասնակցության և իշխանական ուժերի ստացած քվեների միջև նման փոխկապվածություն բացահայտել նաև այն դեպքում, երբ չգործեն վարչական ռեսուրսները, ընտրակաշառքը կամ էլ բաց քվեարկությունն ու նմանատիպ գործոնները: Բնակչությունը կարող է իրոք աջակցելով այս կամ այն քաղաքական ուժին, մեծ հույսեր կապելով նրա ընտրվելու կամ վերընտրվելու հետ, ակտիվ մասնակցություն ցուցաբերել քվեարկության ընթացքում և քվեարկել համապատասխան ուժի օգտին, դա չի կարելի բացառել: Սակայն, համոզված լինելով, որ սոցիալ-տնտեսական նման ճգնաժամային պայմաններում, երբ իշխանությունը դեռ տարիներ առաջ ժողովրդի մեջ սպառել է առաջընթաց ապահովելու ցանկացած հույս, երբ հասարակության զգալի մասն ունի քաղաքական ապաթիա (քաղաքական պասիվություն և քաղաքական գործընթացներից լիակատար հիասթափություն), հուսալքություն և դժգոհություն, դժվար թե այս օրինաչափությունը, որի մասին քիչ առաջ խոսեցինք, լինի ժողովրդի կողմից իշխանական ուժերին աջակցելու դրսևորում, սա, անկասկած, մեր երկրում գործող «ընտրական մեքենայի» գործառնման արդյունքն է:


Հուսիկ ՂՈՒԼՅԱՆ

Հ. Գ.- Առաջիկայում նախագահական ընտրություններ են, և դիտարկումները ցույց են տալիս, որ դրանք ոչնչով չեն տարբերվի նախկիններից, իսկ դա նշանակում է, որ հայտնի «մեքենան» կգործառնի նույն սկզբունքներով և օրինաչափություններով, սակայն պետք է նկատի ունենալ, որ ցանկացած մեքենայի մեխանիզմ, ի վերջո, ֆիզիկապես և բարոյապես մաշվում է, ուղղակի մեքենայի վարորդը պետք է ուշադիր լինի` ընթացքի ժամանակ մեքենայի այդ ֆիզիկական և բարոյական մաշվածության արդյունք հանդիսացող հնարավոր խափանումներից խուսափելու համար, խափանումներ, որոնք երբեմն ոչ միայն վարորդի կյանքին կարող են սպառնալ, այլև այդ մեքենայի անձնակազմին, որոնց, ցավոք, այդ մեքենան այլևս չի հետաքրքրում, վարորդը նույնպես, վարորդի միացրած երգ-երաժշտությունից էլ չխոսենք. նրանց հետաքրքրում է ամեն գնով և հնարավորինս շուտ իրենց կանգառին հասնելը: Իսկ մեր պայմաններում, անճար ժողովուրդը, ոչ մեկից ոչնչի հույս չունենալով, իջնում է կանգառում միայն և միայն փոխելու մեքենան, իսկ այդ մեքենայի փոփոխության վառ, նյութականացված, թեկուզ և թվերով «շոշափելի» դրսևորումը` 3 մլն բնակիչ էլ չունեցող երկրից տարեկան ավելի քան 40 հազար քաղաքացու արտագաղթն է, այն էլ` պաշտոնական թվերով: Խորհուրդ տալը ինչպես միշտ անշնորհակալ գործ է, իսկ ինչ-որ բան առաջարկելը կամ ուղղություն ցույց տալը գուցե համարվի «պետական կարգի դեմ ուղղված հանցագործություն», այնպես որ մեկնաբանությունները և հետևությունները թողնում ենք ձեզ։

Դիտվել է՝ 3658

Մեկնաբանություններ