Վտանգներով լի տեղանքով անցնելու ժամանակ մարդը երկու խնդիր ունի՝ մեկ ոտքի տակ նայի, որ փոս-մոս չընկնի, մեկ էլ չորս կողմն ու մի քիչ էլ հեռուն նայի, որպեսզի գազան-մազանի հետ չբախվի։
Էլ չեմ ասում, որ պետք է ձեռքին մի հաստ փայտ լինի, որ գոնե մանր-մունր գազանի հախից կարողանա գալ։
Նույնն էլ պետությունը, որն ապրում է մերի նման պոտենցիալ վտանգներով լի տարածաշրջանում և որը պետք է և՛ զինված լինի, և՛ կարողանա ոտքի տակ նայել ու այնքան խելք ունենա, որ մի քիչ էլ հեռուն նայի։
Բայց այնքան տգետ ու գավառական ենք եղել, որ ոչ թե մեր առաջ դրած խնդիրները լավ չենք լուծել, այլ նույնիսկ չենք էլ ենթադրել, որ նման խնդիրներ կան։
Պետական կյանքում ամենավտանգավոր կենդանին ինքնագոհ տգետն է, որը նույնիսկ կարող է լինել ակտիվ ու գործունյա մեկը, բայց դա անկարևոր է դառնում, եթե նա, բարձր մակարդակի սիստեմային մտածողության փոխարեն, առաջնորդվում է իրեն շատ հուսալի թվացող չոբանահաշվով։
Հույս ունենալ, որ գավառական չոբանահաշիվը կարող է մրցակցել ժամանակակից սիստեմային գիտելիքի և տեխնոլոգիապես զինված այլոց հետ, ահա թե որն է այն մեծ պոտենցիալ փոսը, որի մեջ մենք հեշտությամբ ընկանք։
Ժամանակակից աշխարհում թույլ ու պետական կյանքի փորձ չունեցող մեկը կարող է շատ թե քիչ նորմալ կյանքով ապրել միմիայն հզոր կոալիցիայի մաս լինելով։
Դատարկ մեծախոսությամբ զբաղվելու փոխարեն նայեք ձեզնից անհամեմատ ուժեղների ներկա վիճակին, որ նույնիսկ նրանք բազմաթիվ ռիսկերի ու անորոշությունների մեջ են, էլ ուր մնաց, որ դուք ինքնուրույն քայլեր կատարեք։
Դուք ինքնուրույն քայլերով կարող եք միայն դեպի կործանում գնալ, որն էլ հենց կատարվում է։
Մի՞թե չեք տեսնում, որ «сила есть - ума не надо» սկզբունքը նույնիսկ ամենաուժեղների համար չի աշխատում՝ առանց խելքի ուժը ոչինչ է դարձել։
Մեր տարածաշրջանը սիստեմատիկորեն գնում է դեպի գերլարվածություն, որը լոկալ բախումով չի կարող լիցքաթափվել, դրա համար մեծ բախում է պետք, իսկ մենք էլ դրա ճիշտ կենտրոնում ենք։
Իրավիճակն ինքն է հղի բախման մեծ պոտենցիալով, և շատ բան կախված է Ուկրաինական կոնֆլիկտի հետագա դինամիկայից՝ դեպի գլոբալ ժամանակավոր հավասարակշռություն կամ էլ անհավասարակշռության հետագա աճ։
Նույնիսկ եթե տենդեցը դեպի գլոբալ հավասարակշռության կողմը լինի, այն շատ ջուր տանող խմոր է ու երկար ժամանակ կքաշի և, դժբախտաբար, նաև ուժի մեջ է «մինչև առվով ջուր կգա, գորտի աչքերը դուրս կգան» ասացվածքը։
Պավել Բարսեղյան