«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԲՈԼՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ»

«ԲՈԼՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ»
28.01.2011 | 00:00

Իրականն ու վիրտուալը այնքան են միախառնվել, որ դժվար է տարանջատել մեկը մյուսից: Գիտական հարթության մեջ վիրտուալ ասվածն այլ բնորոշում է ստանում: Որ աստղագիտությունը շքեղություն է մեր երկրի համար, արդեն ասվել է, գաղտնիք չէ նաև, որ գիտության զարգացմանը խոչընդոտում են հիմնականում ֆինանսական խնդիրները: Բայց և այնպես, աստղագիտության ոլորտում իր ուրույն ավանդույթն ունեցող Բյուրականի աստղադիտարանն այսօր էլ փորձում է քայլել ժամանակին համընթաց:
«Հայաստանը Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի 17 անդամներից մեկն է, աշխարհում այդ ոլորտի առաջատարներից»,- տեղեկացնում է ալյանսի գործադիր կոմիտեի անդամ, հայկական վիրտուալ աստղադիտարանի ծրագրի հիմնադիր և ղեկավար ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ:
Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսը ստեղծվել է 2002-ին: Հայկական ազգային վիրտուալ աստղադիտարանն ալյանսին է միացել 2005-ին: Այս համագործակցության շնորհիվ Հայաստանը մասնակցում է աշխարհում վիրտուալ աստղադիտարանների զարգացմանը:
Տիեզերական հետազոտությունները կարևոր դեր են խաղում նաև այլ գիտությունների զարգացման գործում, ավելին, ըստ աստղագետ Արեգ Միքայելյանի` ապագայում աստղագիտությունը դառնալու է ամենակարևոր գիտությունը: Անդրադառնալով վիրտուալ աստղադիտարաններին, նա նշեց, որ աստղագիտությունն այսօր զարգանում է հենց այդ ուղղությամբ: Ի տարբերություն առանձին դիտումների, ժամանակակից այս մեթոդը պարունակում է ամբողջական ուսումնասիրություն: «Քո առջև վիրտուալ երկինքն է, որը բազմիցս նկարահանվել է տարբեր աստղադիտակներով, տարբեր մեթոդներով, էլեկտրամագնիսական ալիքների տարբեր տիրույթներում»,- ասում է նա:
Հայկական վիրտուալ աստղադիտարանը ստեղծվել է Մարգարյանի շրջահայության, թվայնացման և հայկական աստղագիտական խոշորագույն տվյալների շտեմարանի հիման վրա: «Մարգարյանի սպեկտրալ շրջահայությունը եզակի դիտողական նյութ է ամբողջ աշխարհի աստղագիտության մեջ և հնարավորություն է տալիս ուսումնասիրելու 20 միլիոն տիեզերական մարմինների բնույթը»:
Սա չի՞ նշանակում, որ վիրտուալ աստղադիտարանների զարգացումը երկրորդական է դարձնում ավանդական աստղադիտարանների դերը: «Իհարկե` ոչ, վիրտուալ աստղադիտարանն աշխատում է այդ աստղադիտարանների տեղեկատվության հիման վրա` և՛ նախկին, և՛ ժամանակակից, և՛ ապագայի»,- ասում է Արեգ Միքայելյանը, ընդգծելով աստղագիտության մեկ այլ` համաշխարհային համացանցի նոր համակարգի մշակման աշխատանքներին մասնակցելու կարևորությունը: Աստղագետը փորձում է բացատրել, թե ինչու և ինչպես է իրականանում միջազգային ասպարեզում նշված փոփոխությունը. «Քանի որ ինֆորմացիան անհամեմատ արագ է զարգանում, պահանջվում են նոր լուծումներ` ինֆորմացիայի փոխանակման արագությունը բավարարելու համար: Ներկայումս Շվեյցարիայում գտնվող միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնն աշխատում է համաշխարհային համացանցի նոր համակարգ մշակելու ուղղությամբ: Ֆայլերի տեղափոխման սկզբունքից անցում է կատարվում ծառայողական համակարգիչ (server) ունենալու սկզբունքին»: Արեգ Միքայելյանը մասնավորապես ընդգծում է, որ միջուկագետ ֆիզիկոսների աշխատանքներին միացել են նաև աստղագետները, որոնք էական նշանակություն են տալիս վիրտուալ աստղադիտարանում համացանցային սկզբունքի կիրառմանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ