«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳԱԼԱՐՈՒՄՆԵՐ

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳԱԼԱՐՈՒՄՆԵՐ
04.03.2011 | 00:00

«Իրենց ագրեսիվությունը թոթափելու համար ծայրահեղ աղքատները սպանում են ոջիլ և փայտոջիլ։ Աղքատները և միջնախավը ճանճ են սպանում։ Հարուստները որսորդությամբ են զբաղվում, գերհարուստները` նաև մարդասպանությամբ։
Մայր հայրենիքը մեծացավ որբանոցում, կծկվում է ծերանոցում։ Հարուստի մահը միջակետ է։ Վերադասի մահը բութ է։ Թշնամու մահը վերջակետ է։
ՈՒշունցն ու քուֆուրը վիճեցին, հայհոյանքն ասաց` ամոթ է»։

Վարուժան Նալբանդյան, «Ստինքների ապստամբությունը»։


ՀԱՅԻ ԲԱԽՏԱՎՈՐ ԲԱԽՏԸ
ՈՒ մինչ «Հայկական Դավոս» Ծաղկաձորում կառավարական մակարդակով քննարկվում էր ճգնաժամի հաղթական հաղթահարման համահայկական տեսլականը, շաքարավազը թանկացավ ևս 10-15 դրամով։ Մոգական է, զի Ծաղկաձորից առաջ լրատվամիջոցներն ավետեցին գարնանամուտը հայոց առլեցուն շուկա-ջունգլիում։ Այն է` համաշխարհային քաղաքակիրթ շուկաներում շաքարն ու ավազը գնային անկում են արձանագրել։
Եվ ծայրահեղ աղքատներն անցան փայտոջիլների ու տարականների սպանդին։ Միջնախավ-աղքատաշերտն առավել գործունյա-օյաղ է ու գրոհով վերցրեց վաճառակետերի շաքարավազային բլուրները։ Զի նրանց սպառողական ուշիմությունը հուշում էր. սա հերթական աչքակապություն է գնաճի սպասվող ճախրանքից առաջ։ Եվ, վստահաբար, միջնախավի լրատվությամբ շուկան գալարվեց ու գործի անցավ. լուրեր հոսեցին Ավանից Չարբախ, թե շաքարավազի գինը հասնելու է 900 դրամի, և դա շաքարաձեթային կայսրի հերթական պատժամիջոցն է։
Բայց մինչ այս ու մինչ այն Ծաղկաձորից հուսաբեր զանգեր հնչեցին։ Էկոնոմիկայի նախարարը լավատեսորեն ժպտաց։ Եվ ամոթխած խոստովանեց. դրական տեղաշարժերը սպասելի են։ Ճգնաժամի մայրիկը, ասել է թե` լացացնում ենք։
Ի դեպ, ցանկացած գործարար-կառավարական հանդիպման ժամանակ գործարար (հատկապես մենաշնորհատեր) խավը պահանջատեր է, կառավարական ներկայացուցչությունը` հայցվոր։ Փաստաբանների դերում հանդես են գալիս անկախ տնտեսագետ փորձագետները, կառավարա-իշխանական թասիբը քաշում են իշխանամերձ տեսաբանները։ Փաստերն աղաղակող են։ Հանրության աչքին թոզ փչելն անհունորեն հնացած, անցած, մարսված փուլ է։ Գրոհի ուղղությունները փոխվել են, թափն ուժգնացել։ Այլևս թոզ չէ, այլ լվացքաջուր։
Գարնանամուտից առաջ «անսպասելի» թանկացավ գյուղերից ներկրվող կաթնամթերքը։ ՈՒ թե ինչ կապ կարող է լինել Տանջլու գյուղի անասնապահ Գերասիմի և Նիդերլանդներում կթվող Եղիսաբեթ կովի կաթի գների միջև, կարող են բացատրել, թերևս, Նուբարաշեն վարչական շրջանի գրբացները։ Ընդ որում, բավական է լուր սպրդի, թե կաթի փոշին թանկացել է եվրոպական շուկայում, ակնթարթային արձագանքը հերթական անգամ խուտուտ է տալիս ծայրահեղ աղքատի դրամապանակը։ ՈՒշագրավ է, որ գների իջեցման պարագայում, մասնավորապես գյուղաբնակ մենատնտեսը չափազանց ալարկոտ է դառնում և մոռանում այն իջեցնել... Մեղադրե՞լ գյուղի աշխատավորին։ Երբեք։ Զի գյուղական բնակչության ճնշող մասն իր սեփականության գերին է։ Այո, սա գերություն է սեփական տնամերձի ու օջախի սահմաններում։ Եվ որևէ բացահայտ բռնաճնշման կարիք չիք։ Գյուղաբնակի կենսամակարդակի ձևաչափն ու երկրի սոցիալական ազատականության չափորոշիչները բաղդատելիս անհնար է չհամոզվել, որ իրոք, հայկական գյուղական համայնքներում, չնչին բացառություններով թերաճ ֆեոդալիզմի պատմափուլն է։ Ավելի ճշգրիտ` շղարշված ճորտատիրության։ Այնինչ դեռ Եկատերինա II կայսրուհին էր համոզված. «Չի կարող հողագործությունը զարգանալ այնտեղ, ուր ոչ ոք որևէ սեփական բան չունի», «Ավելի լավ է ունենալ մի քանի հազար բավարար եկամտով լիացող հպատակներ, քան... մի քանի հարյուր մեծահարուստներ»։
Այո՛, երիցս ճիշտ է իմաստասերը, մայր հայրենիքը մեծացավ որբանոց կոչված անկախ-ազատ հայրենիքում և կծկվում է ծերանոցի վերածվող իր համայնքում։
Երբեմն թվում է, թե հանրապետությունը մի վիթխարի փորձակայան է, ուր նրա հասարակությունը երկարատև փորձարկման շրջափուլում է, անօգնական և գրեթե կաթվածահար։
Էլեկտրամատակարարման ավելցուկի պայմաններում մի՞թե հնարավոր չէ գյուղն ապահովել մատչելի ու նպաստավոր սակագին ունեցող հոսանքով։
ՈՒ մի՞թե անհնար է կոմունայի սկզբունքներով կառավարել հայկական բազմաչարչար գյուղը գեթ մեկ հնգամյակ։ Հետո գյուղաբնակը եռակին կվերադարձնի։
Լեռներից հազարամյակով հոսող ջուրը ինչ-ինչ բյուրոկրատական դիվախաղի է ենթարկվել։ Ի հայտ են եկել հարյուրավոր գրասենյակներ` հազարավոր աշխատակիցներով։
ՈՒ ահա բացվում է աբսուրդի նորհայկական թատրոնի վարագույրը։
ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ. գյուղական համայնք։ Գազաֆիկացման հաղթարշավն է։ Աթարի ծուխը երկինք է բռնել։ Եվրավարկերով գյուղ հասած ջրագծերը շփոթմունք են առաջացնում. արդյո՞ք Ֆրանսիայի հարավի կամ Իսպանիայի հյուսիսի գյուղում չենք։ Արծաթափայլ են խողովակաշարերը, մոդեռն-սոլիդ` չափիչ սարքերը։ Գազից ու ջրից օգտվում են գյուղապետն ու մարզպետի հեռավոր սանիկը։
Գյուղի եզրին գազաֆիկացման և ջրալիացման գրասենյակներն են։ Գերարդիական շինությունները նախատինք են ծույլ ու եվրակրթությունը մերժող գյուղաբնակներին։ ՈՒ եթե գյուղաբնակների վարկային առաջին գրոհներից հետո գրոհով վերածնվեցին պապենական սայլերն ու հայրական հեծանիվները, գրասենյակների և գյուղապետարանի մերձակայքում պորտապար բռնեցին ջիպերի այն տեսակները, որոնք ամոթ չէ որպես ընծա գործածել Բրունեյի սուլթանությունում։
ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ. նախընտրական բերքահավաքի թունդ օրերն են։ Գրասենյակների և գյուղապետարանի պատշգամբները զարդարված են տեղական բդեշխի և պատգամավորության թեկնածուի գունազարդ պատկերներով։ Գյուղը թմրած է, մոլորված, հուսահատ։
Գրասենյակներից հավքի թևով տուն առ տուն թևում են կոչնակները` կենսաբեր ու հուսալիցք, այլևս անկցի՛ հուսալքություն և թմրություն։ Գազի, ջրի, գույքի ու պարարտանյութի հնգամյա պարտքերը մարվել են բդեշխի կողմնակիցների խնայված միջոցներով։ Այսպիսով քոքում ենք սայլ ու հեծանիվ, ավանակ և մանկասայլակ ու օն անդր, հառա՜ջ... դեպի ընտրական տեղամասը` նախկին անասնաֆերմայի պարծանք «Իմպերատոր» ցլի նախկին թրքարանում։
Բախտավորվեցինք ընտրող ու ընտրյալ։ Մարեցինք եվրավարձի մեր կրակն ու մաքրվեցինք համայնքային մեր այիբից։ Իսկ ոմանք հայի բախտից ոչ մի կերպ չեն բախտավորվում։ Բա մի՞թե մոռանալու բան էր հետընտրական համայնքամաղարիչային սեղանը։
Խոստովանեք, որ աթարի շեղջի վրա արված խորովածից համեղ բան աշխարհս չի տեսել։ Հատկապես, երբ էդ անտերը ցողվում է շոտլանդական ամենաթանկ վիսկիով, գերմանական գարեջրով ու հայրենական կոնյակով։ Արտադրված բդեշխի կիսանկուղներում։
ՈՒ համայնքավորի զարմացած ստամոքսը զայրացած թառանչում է... մինչև հաջորդ ընտրություն։
ՎԵՐՋԵՐԳԻ ՓՈԽԱՐԵՆ
(տնտեսական տեղատվություն)
Էլի գարուն կգա, կբացվի վարդը։ Չէ, հարևան մարկետի խուժան գները չեն ստիպել անմահ տողերը հիշել։ Պարզապես դարձյալ ուղտը մեր դռանը կչոքի ու արևը մեր տանիքին պար կբռնի... ընտրություններ կլինեն, նախընտրական հոգեորսություն և քարոզարշավային փորկապեր։
Եվ կհիշենք 2010-ի դեկտեմբերը, ինչպես նաև ողջ 2011-ը։ Իսկ ինչ կանի Թամարը այս տարի ամառը։ Ըստ ոտանավորի փիլիսոփայության, պիտի որ գնա հյուր տատին։ Տատը պիտի որ ապրի Արտաշատում, Արմավիրում կամ էլ գուցե Դվինում։
Ասել է թե երրորդ անկախ-ազատ-միացյալի մրգաշատ մարզերից մեկում։ Զի տնտեսական ճգնաժամը պարտադրում է բարոյակրթական հեղաշրջումներ կատարել մանկապատանեկան մտքերում և կրքերում։ Եվ ինչ անի մանուկը Հանքավանում կամ Սևանում։ Էստեղ կրակի գներ են, Մոզամբիկից ժամանած հովեկներ և դոշն ու մնացյալը քամուն տված հովվաշներ։
Մրգաշատ շրջաններում այլ է։ Մանկապատանին նորհայկական կրթարանն է յուրացնում։ Որսում է օդում թևածող շուկայական շուռտվիկները։ Եվ իրենից (և այլ ոչ մեկից) է կախված` նա նորանկախում Կեսա՞ր է լինելու, Կեսարի ստվե՞ր, թե՞ քաղաքականացված սուբյեկտ։ Այսինքն` պատգամավորական խոստում։
Արարատյան մրգաշատ ու բերրի դաշտավայրը։ Շուկայական Հայաստանի ժամանակացույցն ու գնաչափը։ Հենց Արարատյան դաշտի քաղցրահամ ու անուշ-մեղուշ գյուղերից են քաղաքամայր իջնում ու դառնում երկրիս տեր` պահեստապետի ոգով, բուֆետապանի ուշիմությամբ։
Դե, ինչ է մնում մարդուն անելու, եթե բոստանդ երկու ափաչափ է, լավագույն տարբերակը պահակապետն է որևէ գերհզորի կալվածքում։ Նաև, թե բախտդ ժպտա, կհավակնես ավագ շնապահի կրտսեր օգնականի պաշտոնին։ Մայրաքաղաքային բդեշխի պարտեզում։
Բայց ժամանակներ առաջ կտրիճ տղերք էին լքում գյուղերը սքանչելի և հայրենիք կերտում Լաչինում, Դրմբոնում, Մարտակերտում։ Նայած թե մրգաշեն օջախում և դպրատանը ինչ էին ուսանել։ Աքեմենյան պարսիկներին մանկուց ուսուցանում էին ձիավարել, տիրապետել նետ ու աղեղին և... չստել։
Իսկ ոմանց Արարատյան դաշտավայրում ուսուցանել էին հաշիվ ու շահ և ստել։ Ստել համայնքի ու ամբիոնի առջև։ Ստել գրավոր ու բերանացի։ Ստել, մասնավորապես, դեկլարացիա լրացնելիս։ Այո՜, այո՜... Արարատյան դաշտի աչալուրջ-շահապաշտները հույժ անհանգիստ են գյուղական համայնքների անհույս հեռանկարներով։ ՈՒ ահա թե ինչ. որպեսզի գյուղաբնակն ազատվի իր չարքաշ աշխատանքի արդյունք սալորն ու դեղձը, ծիրանն ու խաղողը մայրաքաղաքի շուկաներ հասցնելուց և վերավաճառողների հետ անհամ խոսք ու զրույցից, հսկա սառցարան-քարշակները կայանվում են գյուղաբնակ-չարքաշի շեմին ու բառնում միրգ ու բանջար։ Անշուշտ, խիստ շահավետ` դեկլարացիայի կնքահոր և ամոթալի` բերք-բարիք ստեղծողի համար։ Եվ ահա մայրաքաղաքի շուկաներում ծիրանն ու ընկույզը գնագոյացման մրցավազքում համահավասար են Մոսկվայի և Բեռլինի գներին։
Բնականաբար, իշխանական կոալիցիան նույնքան վստահ է սեփական հավերժության մեջ, որքան եգիպտական բուրգերն ու բանգլադեշյան համբուրգերը։
Այնինչ արաբական աշխարհը խստորեն որոշել է պրոլետարական շղթաները խորտակել։
Մեզ մոտ` ոչ։ Մենք պարպվում ենք հանրահավաքներում։ Եվ ահա նախկին հեռուստաքուրմն ու արդի հանրահավաքային աճպարարը կարմիր քարտ է ի ցույց հանում։
Անգամ հայկական հեռուստասերիալներում է անհնար նման ցնդաբանությունը։
ՈՒ մինչ ընդդիմությունը պատեպատ է զարկվում, և քանի դեռ հանրությունը հավատ է ընծայում քաղաքական դուրսպրծուկներին, կոալիցիան մեղմանուշ հորանջում է։
Կներեք, իսկ ի՞նչ է մնում անելու։
Այնուամենայնիվ, երկրում բարեփոխումներ են։ ՈՒզենք, թե չուզենք։ Բարեփոխվել են անգամ արհեստավարժ ուզվորներն ու հիմա գրոհում են դաշինքով, կոալիցիոն համերաշխությամբ, ընդդիմադիր ավյունով։
Եվ այսուհանդերձ բարեփոխումներ են։ Հատկապես կոալիցիայի վնասազերծման բնագավառում։ Քանի-քանի մանր աստիճանավոր բռնվեց հանցանքի վայրում։ Ովքեր կամենում էին կոպեկանոց աշխատավարձը համեմել լումայանոց կաշառքով։
Լավ, գլուխը քարը, մենք սիրում ենք շրջանցել օրենքը, զի օրենքն օրնիբուն վազանցում է մեզ։ Բայց իրոք, մի՞թե բարեփոխման բաղադրիչ չէ պարզագույն ստուգումը, որ հարիր է անգամ օժանդակ դպրոցի հետնապահ աշակերտին։ ՈՒրեմն էսպես, համաիշխանական-ընդդիմադիր դեկլարացիայի օր է հայտարարվում շաբաթը մեկ (կային, չէ՞, սովետի ժամանակ ձկան և սանիտարական օրեր)։ Եվ շաբաթը մեկ օր ծանոթանալով էսինչ բարձրաստիճանավորի դեկլարացիայի չափորոշիչներին, կալանում ենք նրան դեպքի վայրում, այսինքն` դղյակում, հածանավում կամ մասնավոր գազանանոցում։
Անշուշտ, բարձրաստիճանավորն անմիջապես կփորձի խածել արդար ցասման ձեռքերը և հաջողության չհասնելով կդիմի Եվրադատարան։ Թքած։ Կարևորը փաստվեց, որ անհնար է աշխատավարձով սեփական զավակին ուսման գործուղել Քեմբրիջի համալսարան, 10 հազար եվրո արժողությամբ փողկապ կրել կամ էլ զոքանչի հոգեհացին պատվիրակներ հրավիրել Երկիր մոլորակի չորս աշխարհամասերից։
Կհասնե՞ն արաբական ցնցակաթվածները արարատյան հովիտներ և ապարանյան սարահարթեր։ Դժվար թե։
Քանզի զարտուղի ճանապարհներով դղյակի և առագաստանավի տիրանալն ուղղակի մեր գենոտիպի առանցքն է։
Եվ դժվար թե մեզնից ծնված ու սնված իշխանությունն ինչ-ինչ վճռական քայլերի դիմի։ Դրա կարիքը չկա։ Զի քսան տարում հաջողվեց մեր անկախ-ազատական հոգեմտակերպը կերտել, որն իշխանավորի մի քաղցր խոսքից հալումաշ է լինում և նախընտրական 30 արծաթը գերադասում է սերնդի ապահով ապագայից։ Եվ այլն, և այլն։
Ի դեպ, եթե ՀայՌուսգազարդի ծառայողների և աստիճանավորների աշխատավարձերն ու բոնուսները բանական-բարոյական չափորոշիչների բերենք, գազի սակագինը կնվազի հավանաբար, կրկնակի։ Զի այս կառույցում անգամ երկրորդական գործառույթ զբաղեցնող ծառայողի աշխատավարձը եռակի գերազանցում է երեսփոխանի վաստակը։ Արդար ու անարատ վաստակը նկատի ունեմ։
Այսպիսով, ո՞ւր գնա Թամարը այս տարի ամառը։
Վստահաբար` ոչ Սևան կամ Աղվերան։
Հավանաբար Հոլանդիա, Նոր Զելանդիա կամ էլ Լապլանդիա։ Գոնե էնտեղ դեմքիդ երկար ու խորիմաստ նայելով չեն թքում հօգուդ խորքերը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ