«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ, ՈՐՈՎՀԵՏև ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ, ՊԱՐԳև ՍՐԲԱԶԱՆԻ ՆՄԱՆ ՀՈԳևՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄԵՐ ԱՌՋևԻՑ ԷԻՆ ԳՆՈՒՄ

ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ, ՈՐՈՎՀԵՏև ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ, ՊԱՐԳև ՍՐԲԱԶԱՆԻ ՆՄԱՆ ՀՈԳևՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄԵՐ ԱՌՋևԻՑ ԷԻՆ ԳՆՈՒՄ
24.05.2011 | 00:00

Ավանդական խոսք է, որ մտածող արարածը պետք է չափ ու սահման ունենա, եթե անգամ շատ օրիգինալ է, դարձյալ այդ չափանիշից պիտի դուրս չգա, այլապես կարող է հայտնվել…
Բայց մինչ հայտնվելու վիճակին հասնելը, հիշեցի ուսանողական տարիներին չափազանց օրիգինալ երևացող իմ համակուրսեցուն, երբ www.religions.am կայքէջում կարդացի Արթուր Ավթանդիլյանի հարցազրույցը ՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ:

Համակուրսեցիս միշտ փորձում էր օրիգինալ երևալ, հատկապես ֆիզիկայի ժամերին: Անկեղծ ասած, առարկան որքան ճշգրիտ, այնքան էլ փիլիսոփայություն, երաժշտականություն ունի իր մեջ: Աշխարհի մեծագույն ֆիզիկոսները մեծագույն փիլիսոփաներ են, երաժշտական կախարդանքն ընկալող անհատներ: Համակուրսեցիս, ապագա կիբեռնետիկը, փորձում էր իր մտքի թռիչքով գերազանցել բոլորիս և առաջադրվող հարցերով փորձում էր հաստատել իր օրիգինալ լինելու կարգավիճակը: Մի անգամ, երբ նրա մտքի թռիչքն այլևս ֆիզիկայի որևէ օրենքներում տեղավորելի չէր, դասախոս Պապյանն ասաց. «Տղա ջան, օրիգինալությունը լավ բան է, բայց փորձիր, որ այն չանցնի ապուշության սահմանը»: Որ ՀՀ նախկին վարչապետ Բագրատյանը միշտ փայլել է օրիգինալությամբ, նորություն չէ: Բայց նրա` «Եկեղեցին սովորաբար հզորանում է պետության հաշվին» վերտառությամբ հարցազրույցը նշված կայքում ինձ հիշեցրեց ֆիզիկայի իմ դասախոսի օրիգինալ ուսանողին տված բնութագիրը:
Վերլուծել Բագրատյանի հարցազրույցն ամբողջությամբ կնշանակի անիմաստ ժամանակ վատնել, թուղթ ու թանաք փչացնել, ուստի կփորձեմ հեռու լինել բագրատյանական օրիգինալությունից և վերլուծությունն էլ կսկսեմ նրա քանքարաշատ վերջաբանից:
«Ես կուզենայի տեսնել ընթացք դեպի քրիստոնեական եկեղեցիներ և նրանց հետ մերձեցում: Պետք է աստիճանաբար արմատախիլ լինի «ազգային եկեղեցի» հասկացությունը: Ես դա ասում եմ որպես հավատացյալ (բա հավատացյալն այդպես հիմնովին կքանդե՞ր երկիրը- Ս.Հ.): Ես առայժմ մնում եմ հայ առաքելական եկեղեցու հավատավոր (ժամ առաջ քո հավատուրացությունը բարիք կլիներ հայ ժողովրդին- Ս.Հ.), բայց եթե իրադարձություններն այսպես շարունակվեն, եթե էլի մի քանի հոգի «բենթլի» գնի (իսկ ինչ է, հոգևորականի սքեմ հագած և սքեմի վրա էլ մեծ խաչ կախած Բագրատյանի պարտայգենոսե ՀՀՇ-ական տեր Հուսիկ քահանային ժողովուրդը մոռացե՞լ է- Ս.Հ.), ես նույնիսկ կառաջարկեմ իմ երեխաներին (երեխաներիդ համար ցավ կապրեմ- Ս.Հ.) ընդունել կաթոլիկություն կամ ուղղափառություն և վերջ: Այդպիսի եկեղեցի մեզ պետք չէ»:
Եթե «մեզ»-ի մեջ ինքն է ու իր ընտանիքը, իր գործն է, իսկ եթե ինձ էլ նկատի ունի, թող թույլ տրվի հարցնել, տո տղա, քեզ ո՞վ է այդ իրավունքը տվել, որ իմ անունից բարձրաձայնես. երբ դու վաուչերներով երկիրը ծախեցիր, իմ կարծիքը (ժողովրդի կարծիքը նկատի ունեմ) հաշվի առա՞ր: Ձեզնից մեկը հայոց այբուբեն է փորձում փոխել, մեկը` եկեղեցին ապազգայնացնել, մյուսդ պատմության ընթացքն է սխալ գնահատում, և ինչ հիմարություններ ասես, որ լսելի չէ մեզ ձեր պարտադրած օրերում:
«Որո՞նք են այսօր եկեղեցու տնտեսական շահերը» հարցին հետևում է ոչ թե երկրի ցավով տառապող պետական բարձր այրի, մտավորականի, պաշտոնյայի պատասխանը, այլ... Թո՛ղ որ կաթողիկոսն այսօր անբարո լինի, ընչաքաղց, շահամոլ և ոչ Աստծուն ծառայող (ինչպես կառավարման ապարատում, այնպես էլ հոգևորականության մեջ նման կարգի մարդկանց պակաս երբևէ չի զգացվել ու չի զգացվելու), բայց դա չի նշանակում թե հայոց եկեղեցին մեր բոլոր դժբախտությունների պատճառն է: Մի՞թե ձեզնով սկսված երրորդ հանրապետության թալանը (ինչպիսի՜ հարստություն էինք ժառանգել երկրորդ հանրապետությունից` հզոր արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ազգասիրություն, ինտելեկտ և այլն), որը շարունակվում է առայսօր, եկեղեցի՞ն սկսեց, կամ թե ներկայիս կաթողիկո՞սը: Ինչ վերաբերում է նրանց միջի ընչաքաղցներին, դա էլ հասկանալի է, եթե շուրջ բոլորը գիշատիչներ են, ապա իսկական հոգևորական դաստիարակություն չստացած մարդն ինչո՞ւ պետք է հետ մնա շրջապատից: Երջանկահիշատակ Վազգեն կաթողիկոսն ինչու այդպիսին չէր, որովհետև նա փիլիսոփա հոգևորական էր: Ես էլ եմ դատապարտում հոգևորականի զենք կրելը: Դատապարտում եմ նաև Երևանում կաթողիկոսի համար նոր նստավայր կառուցելը, որովհետև դա կխանգարի, որ երկիր ժամանող բարձրաստիճան հյուրերն Էջմիածնում հանդիպեն կաթողիկոսի հետ, նաև տեսնեն Էջմիածնի նստավայրի ողջ հարստությունը: Ինչ է, այդ հարստությունը պիտի Երևանի նոր նստավա՞յր տեղափոխվի: Երևանի նստավայրով խաչի զորությունը չի մեծանա, եթե խաչ կրողն իր էությամբ զորավոր չէ: Բայց ասված բոլոր խոսքերն ածանցյալ են, քանզի կարող են լինել վատ, շատ վատ և անհատականություն ունեցող կաթողիկոսներ: Ասվածով հանդերձ ամենևին չի նսեմանում և ոչ ոք բարոյական իրավունք չունի անհատի այս կամ այն հատկանիշով (լավ կամ վատ) գնահատելու հայոց եկեղեցին, ուրանալու նրա բազմադարյան ներդրումը հայի ինքնության պահպանման հարցում: Ստալինի նման եզակի անհատը լավ էր հասկացել հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը հայության կյանքում և Խորեն կաթողիկոսի մահից հետո փորձել է կաթողիկոսի աթոռին տեսնել անգրագետ, իր մանկության տարիների ծանոթ խեղկատակ մեկին: Բայց հրեշավոր միտքը չի իրականացել, որովհետև Մոսկվայից Երևան գնացքով ուղևորվելիս այդ անձը սրտի կաթված է ստանում և մահանում:
Կարդալով լրագրողի հարցերին (ասենք, որ հարցերն էլ միտված են նույն նպատակին) Բագրատյանի տված պատասխանները, ակամայից զարմանում ես, թե մարդը, որը պետական բարձր պաշտոն է զբաղեցրել, ինչպես կարող է այդքան թույն ունենալ իր դավանանքի նկատմամբ: Բագրատյանն իր հոգու ամբողջ մաղձը թափելու համար կառչում է կաթողիկոսի երբևէ ասած անհաջող ձևակերպումներից: «Նորից հիշենք կաթողիկոսի խոսքը, ստացվում է, որ մինչև 10-րդ դարը մենք հայ չենք ունեցե՞լ: Չէ՞ որ եկեղեցիները վերջնականապես բաժանվեցին 10-րդ դարում: Հիշում եմ, Լեոյի մոտ հանդիպեցի օսմանյան մի հետաքրքիր փաստաթղթի` գրված 19-րդ դարի սկզբին: Այն ժամանակ թուրքերը շատ էին անհանգստացած հայերի շրջանում կաթոլիկության տարածմամբ և պայքարում էին դրա դեմ (եթե Բագրատյանն իմանար թե ով և ինչու ստեղծեց Պոլսի պատրիարքարանը, նման հարց չէր տա): Լեոն նշում է, որ թուրքական իշխանություններն ավելի շուտ կուզեին, որ մնար Հայ առաքելական եկեղեցին, քան տարածվեին կաթոլիկությունն ու բողոքականությունը»: Ամեն ինչում օրիգինալ երևացողն այստեղ էլ անհասկացող օրիգինալ է: Ասածս փաստեմ. հույների ապուշ կրոնական քաղաքականության պատճառով Անտիոքը, Երուսաղեմը դարձան մուսուլմանական: Նրանք իրենց այդ քաղաքականությամբ հայկական գավառները դատարկում էին, հայ իշխանների հետ տարածքային փոփոխություններ էին կատարում (նույնը շարունակվում է առայսօր Երուսաղեմում հույների կողմից), միայն թե թուլացնեին Հայ առաքելական եկեղեցին: Անիի կործանումն ասածիս հաստատումն է և ոչ Բագրատունիների սխալ հողային քաղաքականության արդյունք: Դավաճան կաթողիկոս Պետրոս Գետադարձը (իսկ պատմության մեջ այդ խարազանը տրվել է միայն Վեստ Սարգսին) իր համախոհներով, որոնց թվում իր ստոր ներդրումն է ունեցել նաև Գրիգոր Մագիստրոսը, Անին ծախեց հույներին, և հույների խղճին է Անիի կործանումը, իսկ հետագայում` Կոստանդնուպոլսի առումը: Հենց նույն Գետադարձի ժամանակ շատ հայ հոգևորականներ ամեն կերպ ջանում էին օգնել Գագիկ թագավորին, ավելին ասեմ, երբ Գետադարձը կնքել էր Տրապիզոնի գաղտնի դաշնագիրը, նա երկար ժամանակ սարսափում էր Անի վերադառնալուց, վախենալով հոգևոր դասի դատաստանից: Թուրքերը վախենում էին, որ հայերը, ընդունելով կաթոլիկություն, կարող են, ի դեմս Եվրոպայի, ստանալ մեծ աջակցություն: Մի՞թե հույները ցանկացած ժամանակ հայերի առաջ արտաքին թշնամուց պաշտպանվելու օգնության դիմաց օրթոդոքսությունն ընդունելու պայման չէին դնում: Ինչը միշտ էլ մերժվել է հայերի կողմից: Մինչդեռ այդ նույն հույները սիրով էին օգնում իրենց դավանակից վրացիներին: Դա ես չեմ ասում, դա փաստում է պատմությունը: Իսկ օրիգինալ Բագրատյանն իրեն հատուկ ամբարտավանությամբ ամեն ինչ շուռ է տալիս միայն մեկ նպատակով` ամեն կերպ վարկաբեկել հայոց եկեղեցին, կրոնը:
«Հեթանոսական ժամանակաշրջանում ամեն ազգ իր կրոնն ուներ, և այս դեպքում խաղաղություն հաստատելու ուժ էր պետք: Քրիստոնեությունը ստեղծվեց որպես պահանջվող ուժին այլընտրանք: Հիմա հայերը այնքան են լկտիանում, որ ասում են` մենք հիմնել ենք մեր ազգային եկեղեցին: Սա աշխարհին նետված մարտահրավեր էր: Օտարազգի բոլոր նորմալ աստվածաբանները, որոնք հարկ են համարել ժամանակ հատկացնել սրան, որակել են որպես լկտիություն»: Ցանկալի կլիներ, որ օրիգինալ Բագրատյանն իրեն հայտնի մեկ-երկու «նորմալ աստվածաբանի» անուն հիշատակեր, որ փաստերով կարողանայինք «ֆիքսել» Հայ եկեղեցու «լկտիությունը»։
Ասեմ պարոն օրիգինալին (չեմ ուզում խոսել Քաղկեդոնի ժողովի, նրան տրված շատ հայտնի պատմաբանների գնահատականների մասին, դիմել անգամ Լեոյին և այլն), որ երբ պարսիկներին նվաճեցին արաբները (տեղին է հիշել, երբ Հազկերտին ասում են, թե արաբները գրավել են Պարսկաստանի ամբողջ հարավը, նա զարմացած հարցնում է` մի՞թե նրանք պետություն են) զրադաշտական Պարսկաստանում արաբին գիտեին որպես ստոր, տհաս առևտրականի: Պատմությունը վկայում է, որ Տիզբոնը գրավելիս արաբը ոսկին չի տարբերել արծաթից: Ոսկին ձեռքին Տիզբոնի փողոցում նվաճողը գոռում էր` դեղինը փոխում եմ սպիտակի (այսինքն` արծաթի) հետ: Ինչ պարսկական էր, ոչնչացվում էր: Ամբողջ զրադաշտական պարսիկից միայն լեզուն էր մնացել, այն էլ ոչ պաշտոնյաների մոտ։ Եվ այդ լեզուն փրկելու համար պարսիկները գնացին իրենց ազգային կրոնը ստեղծելու ճանապարհով: Եվ հասան դրան: Ընդունեցին իսլամը, բայց պարսկական իսլամը` շիա ուղղությունը (շիա պարսկերեն բառ է և նշանակում է կողմնակից, Ալիի կողմնակից): Ի՞նչ է, պետք է ասենք, որ պարսիկնե՞րն էլ լկտի են, որ հանդգնեցին դեմ գնալ աշխարհը նվաճող սյուննի մահմեդականներին: Եվ այսօր շիա մահմեդականը քրիստոնյայից ավելի է ատում սյուննի մահմեդականին: Մեր ազգային եկեղեցին ճիշտ նույն ճանապարհով է գնացել և ավելի առաջ, քան պարսիկները:
Պատմական մեկ փաստ ևս, որով կհիմնավորվի Բագրատյանի փաստած այդ «լկտիության» (ավելի լավ է նման լկտիությունը, քան էշությունը- Ս.Հ.) դարավոր իմաստնությունը: Լեհահայ գաղութը 300 հազար էր: Երբ մի ստոր օրիգինալ` լեհահայ թեմի առաջնորդը, ընդունեց կաթոլիկությունը և այն պարտադրեց համայնքին, 100 տարի հետո այդ հսկա գաղութից ոչինչ չմնաց: Եվ այդ երեք հարյուր հազարը ձուլվեցին ոչ թե որ լեհական կյանքը առավել գեղեցիկ էր կամ գրավիչ, այլ որովհետև հայն արդեն կաթոլիկ էր, այսինքն` կտրվել էր իր ազգային արմատներից: Այսօր փա՜ռք տանք այն փոքրիկ «մաֆիային» (խոսքն օրիգինալ խաղացողի լեքսիկոնից է), որ ոչ մի կոնֆեսիայի չմիացավ: Միանգամայն հասկանալի է, որ կյանքում ամեն ինչի հիմքը տնտեսականն է: Բայց միայն տնտեսականով բացատրել ասիմիլյացիան, իմ կարծիքով, սխալ է: Բյուզանդահայությունը ձուլվեց, որովհետև, ըստ օրիգինալի, այնտեղ «գնում էին զվարճանալու, ինչպես այսօր Մոսկվայում է»: Եվ ըստ օրիգինալի, «ցածր կուլտուրա ունեցող երկրներում ձևավորված հայկական գաղութի ասիմիլյացիոն գործընթացը դանդաղում է»: Թող թույլ տրվի հարցնել, եթե այդպես է, ապա կես դարից ավելի Գերմանիայում, քաղաքակիրթ, տնտեսապես հարուստ, զվարճանալու հոյակապ պայմաններում թուրքերն ինչո՞ւ չեն ուծացվում: Ասեմ ավելին, գերմանուհիներից ծնված թուրքի զավակը թուրք է մեծանում: Եզրակացությունը մեկն է` ինչով հնարավոր է հարվածել հայ եկեղեցուն, նրա դարավոր վաստակը սևացնել: Հարցազրույցում Բագրատյանն անցել է եկեղեցու բոլոր ոլորտների վրայով, անգամ կրթության:
«Այո, եկեղեցին կարող է երեխաներին գրագիտություն սովորեցնել, բայց դա դեռ քիչ է գիտելիք ստանալու համար այն աստիճանի, որ պետության միջին քաղաքացին կոնկուրենտ լինի ապագա արհավիրքներին, հանձինս մոնղոլների և օսմանցիների, դիմագրավելու համար»,- գրում է օրիգինալը:
Տո տղա, երբ մոնղոլը, օսմանցին եկան, նրանց համեմատ մենք պրոֆեսորներ էինք: Բայց ինչ կոնկուրենտ լինելու մասին է խոսքը: Այդ նույն տափաստանի ձիավորը Հռոմը գրավեց, Եվրոպայի կեսը նվաճեց: Կոստանդնուպոլսի պես անառիկ քաղաքը ոտքի տակ առավ: Նրա՞նք էլ էին ոչ կոնկուրենտ, ունակ:
Հարցազրույցը կարդալիս ավելի շատ ինձ մտահոգում էին ոչ թե Բագրատյանի վայ-մտքերը մեր եկեղեցու մասին, այլ այն, թե ով է եղել չորս տարի պետության կառավարիչը: Հիմա եմ հասկանում, որ էն մութ ու ցուրտ տարիներին խեղճ մարդը մանր մունր, խնայողություններով ո՜նց էր հազիվ հասցնում «Մարլբորո» ծխել:
«Փորձը ցույց է տալիս, երբ պետության մեջ գերակշռել է մանր սեփականատերը` գյուղացին, մենք անհաղթելի ենք դարձել: 1991-ին էլ մենք հաղթեցինք պատերազմում, որովհետև մեզ հետ կռվողները հողատերեր էին»:
Կեցցե՜ Բագրատյանը, որ 1991-ին հասցրեց հողը հանձնել մանր սեփականատերերին (խնդամ բախտդ, որ առայսօր չես հասկացել, թե ինչի ես հասցրել գյուղը, գյուղացուն- Ս.Հ.), այլապես կպարտվեինք արցախյան պատերազմում: Իսկ և իսկ Տեր-Պետրոսյանի նման, որը 1991 թվականին «Օգոնյոկ»-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, եթե մենք հողը չտայինք գյուղացուն, սովից կմեռնեինք:
Պատմաբանը, տնտեսագետը միտք մտքի տված խաբում են ու խաբում առայսօր:
Մենք հաղթեցինք, որովհետև սովետահայ դաստիարակությունը մեզ այլ ձևով էր կրթել: Թեկուզ երկիրը Աստծուն չէր «հավատում», բայց Վազգեն Առաջինի, Պարգև սրբազանի նման հոգևորականները մեր առջևից էին գնում: Հաղթեցինք, որովհետև մեր ներքին ուժը մեր հավատքով վեկտորվել էր:
Վերջում: Պարոն տղա, չգիտեմ քեզ ինչ եկեղեցի է պետք (կամ էլ թե պե՞տք է), բայց ինձ, իմ երեխաներին, իմ թոռներին հայոց ազգային եկեղեցին է պետք: Չորեքչյանի, Վազգենի, Պարգևի նման հոգևորականներ են պետք:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ