«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻՑ ՁևԱՎՈՐՎՈՒՄ Է ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԻ, ՔԱՂԱՔԱՑՈՒ և ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄԱՍԻՆ

ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻՑ ՁևԱՎՈՐՎՈՒՄ Է ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԻ, ՔԱՂԱՔԱՑՈՒ և ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄԱՍԻՆ
10.11.2009 | 00:00

Թե քանի տաքսի ծառայություն կա Երևանում, ես չգիտեմ, հավանաբար, մի քանի տասնյակ` դատելով մեքենաների վրա դաջված անվանումներից: Առաջին հայացքից ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող մեծ թվով ընկերությունների գոյությունը պետք է ուղևորների համար շահեկան լինի, որովհետև մրցակցությունը պիտի շահագրգռի` որակյալ ծառայություններ մատուցելու: Երևանում այդ կանոնն էլ չի գործում: Բացի այն, որ տեխզննումն անցած լինելու փաստաթուղթն ապակուն փակցրած մեքենաները բացահայտորեն սարքին չեն, ինչը հաստատում են մեքենայի տարբեր մասերից ականջ սղոցող թխկոց-շխկոցը և յուղի-բենզինի-վիսկոզինի, ու ով գիտի էլ ինչի, գարշահոտությունը, դռան կամ պատուհանի բացել-փակելու կոտրած բռնակը և այլ հաճելի մամրամասներ, որոնց ուղղակի ուշադրություն չես դարձնում, որովհետև կյանքդ այդտեղ չես անցկացնելու, մի քանի րոպե կամ մի կես ժամ ամեն ինչի էլ կարելի է դիմանալ, հազվադեպ մեքենաներում կա ուղևորավարձի հաշվիչ, որն էլ ավելի հազվադեպ է միացվում: Հավանաբար` դա ևս հարկային դաշտում գտնվելու կարևոր գործոն է Հայաստանի պայմաններում:
Դեղին համարանիշերի պարտադրման երկար-բարակ պատմության ընթացքում ասվում էր, որ տաքսի ծառայությունները պետք է բերվեն հարկային դաշտ, և բոլորի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ: Ստեղծվեցի՞ն:
Ի վերջո, ո՞ւմ համար են տաքսի ծառայությունները:
Վարորդների՞, որ օրվա հաց վաստակեն:
Ընկերությունների ղեկավարների՞, որ վարորդների բողոքներից ելնելով` մեքենաների անվտանգության ու վարորդների մասին մտածում են ամենավերջում, խնդիր ունենալով հնարավորինս շատ եկամուտ ստանալու:
ՈՒղևորների՞, որ միշտ շտապում են ինչ-որ տեղ, չեն ուզում լռվել-մնալ խցանված փողոցներում, դժգոհ են, երբ վարորդը երկարացնում է ճանապարհը և այլ մեծ ու մանր խորամանկություններ է գործադրում` մի քանի դրամ ավելի վաստակելու համար:
Եթե տաքսի ծառայության նպատակն այս երեքի շահերի համադրումը չէ, այլ յուրաքանչյուր առանձին կողմի շահի գերակայությունը, ուրեմն դեռ մի քանի տասնամյակ շարունակելու ենք երթևեկել անսարք, ամրագոտիները ձևի համար հենց այնպես կողքից գցած, առանց հաշվիչների այն մեքենաներով, որոնք իրենց կյանքը սկսել են ԽՍՀՄ-ից ու մի կերպ քարշ են տալիս` շնորհիվ կամ ի հեճուկս վարորդների ու ուղևորների, որոնք այդ մետաղի ջարդոնից վերջին ճիգերը քամելով` ուզում են լուծել իրենց խնդիրները: Բայց այդ դեպքում գոնե թող երկար-բարակ չխոսեն, թե ինչքան ու ինչ են մտածում հանուն ուղևորի: Ո՛չ պետության, ո՛չ հանրային ու պետական շահերի, ո՛չ քաղաքի, ո՛չ ուղևորի մասին իրականում ոչ ոք էլ չի մտածում: Ամեն մեկը մտածում է իր փողի մասին: Վարչապետն էլ իր պարտադրած ամրագոտիներով երթևեկության անվտանգության ոչ մի հույս թող չունենա, մեքենայի նստատեղի աջից ձախ կամ ձախից աջ նետված այդ ժապավենները ոչ մի վթարից էլ չեն պաշտպանի, որովհետև ձևական են: Եթե երթևեկության անվտանգության մասին իրապես մտածում են, վերջապես գոնե քաղաքի բանուկ հատվածներում թող որոշարկեն հասարակական տրանսպորտի ու տաքսիների կայանատեղերը, որպեսզի տրանսպորտի կանգառներում շարված տաքսիները պարբերաբար վթարային իրավիճակ չստեղծեն ո՛չ ուղևորների, ո՛չ այլ մեքենաների համար, և քաղաքային ֆոլկլորը օրավուր նոր բարձունքներ չնվաճի հայհոյանքի ժանրում:
Եվ մի համարյա շռայլություն ևս, որ անհրաժեշտ է. աշխարհի ցանկացած երկրում տաքսու վարորդը միշտ ունենում է այն քաղաքի քարտեզը, որտեղ աշխատում է, իսկ ավելի զարգացած երկրներում մեքենաներն են ունենում էլեկտրոնային որոնման համակարգ: Երևանում վարորդին շատ երկար ու հանգամանալից` աջ շրջադարձ, ուղիղ, հետո ձախ, մի քիչ էլ աջ և այլն, և այլն, պիտի բացատրես, թե ուր ես ուզում գնալ, որովհետև վարորդի համար չափազանց հաճախ է չինական այբուբենի պես հնչում մայրաքաղաքի այս ու այն փողոցի անվանումը: Իսկ որ վարորդների մեծ մասի հագուկապը և մատուցած ծառայության մակարդակը ուղղակի ֆենոմենալ են, դա այլ խոսակցության նյութ է: Եվ չասեք, որ դա մանրուք է: Այդ մանրուքներից ձևավորվում է պատկերացում քաղաքի, քաղաքացու ու մեր բոլորի կուլտուրայի մասին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ