«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Է

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Է
20.05.2011 | 00:00

«ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ»
Չնայած հայկական կողմի փորձագետները մտավախություն ունեին, որ 1988-92-ին Ադրբեջանից բռնագաղթած առավել կարիքավոր փախստականներին բնակարաններով ապահովելու խնդրին նվիրված համաժողովն ուշացած կարող է լինել արաբական երկրներից սպասվող փախստականների ֆոնի վրա, այնուհանդերձ, համաժողովին ներկա օտարերկրյա կազմակերպությունների ղեկավարներն այլ տեսակետ ունեին։ «Համաժողովը ճիշտ ժամանակին է կազմակերպվել»,- մայիսի 17-ին կառավարության ընդունելությունների տանը հրավիրված համաժողովում հայտարարեց փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՏԵՐԵՇԻՆ։
Համաժողովում քննարկվեց 1988-92 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովման առաջնահերթ ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցը, որի համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ծրագրում ընդգրկված 1175 փախստական ընտանիքներին։ Նախնական հաշվարկով` պահանջվում է 40-45 մլն դոլարին համարժեք դրամ։ Սա նշանակում է, որ կառավարությունն անգամ ճգնաժամի պայմաններում ականջի հետև չի գցել փախստականների բնակարանային խնդիրը։ Այդ ժամանակահատվածը կառավարությունն արդյունավետ օգտագործեց` իրականացնելով աղետի գոտու բնակշինարարության ծրագիրը։ Նկատենք, որ աղետի գոտու անօթևանների խնդրի լուծումը դյուրացնում է փախստականներին բնակարաններով ապահովելու հարցը։ Իրաքից հայազգի փախստականների նկատմամբ ՀՀ-ում իրականացվող քաղաքականությունը ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը բարձր գնահատեց այն առումով, որ վերջիններիս տրամադրվում է ՀՀ քաղաքացիություն, և նշեց, որ այս քայլին պետք է հետևեն նաև մյուս երկրները։ Ընդհանուր առմամբ, համաժողովին ներկա կազմակերպությունները դրական գնահատեցին մինչ այս վերը նշված ծրագրի իրականացման գործընթացը, նշելով, որ 2005-ից 782 փախստական ընտանիքի խնդիր է լուծվել։ Ինչից կարելի է ենթադրել, որ, հավանաբար, պահանջվող 45 մլն դոլարը կտրամադրվի։
«ԱՐՏԱԳԱՂԹԻ ՇՈՒՐՋ ԱԺԻՈՏԱԺՆ ԱՆՀԻՄՆ Է»
Նշենք, որ 1988-92 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովման առաջնահերթ ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2004-ից։ Որքա՞ն գումար է մինչ այժմ հատկացվել, և ինչպիսի՞ն է ծրագրի արդյունավետությունը։ Այս և արտագաղթի թեմայի շուրջ համաժողովից հետո զրուցեցինք տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ հետ։
-Վերջին 4-5 տարում կառավարությունը 15 մլն դրամ է հատկացրել այս ծրագրին,- ասաց պարոն Եգանյանը։- Ինչ վերաբերում է արդյունավետությանը, այն բարձր է, կարողացել ենք 70-75 տոկոսով իրացնել բնակարանների համար նախատեսված սերտիֆիկատները, որոնց միջոցով անշարժ գույքի շուկայից ձեռք են բերվել բնակարաններ։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ բոլորը կարողանային օգտվել այդ սերտիֆիկատներից, սակայն հարցն այն է, որ սերտիֆիկատի իրացման համար սահմանված ժամկետ կա, և եթե վեց ամսվա ընթացքում դրանով բնակարան ձեռք չի բերվում, ապա այն մարվում է։ Միևնույն ժամանակ անձը շարունակում է մնալ ծրագրի շահառու։ Քանի որ մարզերում ծրագիրն ավարտել ենք, և 315 հոգի դեռևս չի կարողացել իրացնել իր սերտիֆիկատները, նրանք ընդգրկված են մնում ներկա ցուցակում, որում հաշվառված է 1175 շահառու։ Արտագաղթի մասին հրապարակված թվերի արժանահավատությունը հաստատելու համար պետք է ճշտել դրանց աղբյուրը։
-Աղբյուրը ճշտված է` «Արմենիա» միջազգային օդանավակայան։
-Յուրաքանչյուր մեկնող ուղևոր արտագաղթող չէ, և ամեն մի ժամանող էլ ներգաղթյալ չէ։ Կարծում եմ` երկու տարբերակ կա։ Առաջինը` լավագույն դեպքում արտագաղթի մասին խոսողները հստակ թվեր ունեն, բայց սխալ մեկնաբանություն են անում, և երկրորդ` թվեր չունեն, ուղղակի խոսում են։ Երկու դեպքում էլ ավելորդ աժիոտաժ է ստեղծվում։ Արդեն տարիուկես է, հստակ նպատակադրված քաղաքականություն է տարվում թվերը խեղաթյուրելու ուղղությամբ, ես այդպես եմ զգում։ Փորձում են մեծացնել ժողովրդի հուսահատությունը։
-Իսկ Ձեր ունեցած ցուցանիշներն ինչպիսի՞ն են։
-Չէի ասի, որ միգրացիոն տեղաշարժման մեջ արտառոց բաներ են նկատվում։ Եթե եղած ցուցանիշները համեմատենք անցած տարիների հետ, ապա տեղաշարժը 25-26 հազարից դարձել է 29 հազար։ Սա սարսափելի թիվ չէ, եթե նկատենք, որ ունեցել ենք տարի, երբ միգրացիոն շարժը կազմել է մինուս 150 հազար։ ՈՒղղակի զարմանում եմ, թե արտագաղթի մասին խոսելիս մարդիկ ինչ մեթոդաբանությամբ և հետազոտությունների հիման վրա են վերլուծություններ անում։
-Արաբական երկրներում ընթացող գործընթացների արդյունքում փորձագետները կանխատեսում են միգրացիոն նոր հոսքեր։ ՀՀ-ի ծրագրերի վրա դրանք ազդեցություն կունենա՞ն։
-Մինչ այժմ ազդեցություն չի նկատվել, սակայն ոչինչ չի բացառվում։ Պետք է հաշվի առնենք նաև, որ այդ երկրներում հոծ հայկական զանգված կա և, բնականաբար, նրանց շահերը նույնպես ինչ-որ չափով կարող են արծարծվել ներսում։
«ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՈՒՄ Է ԻՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ»
Ողջունելով համաժողովը` Հայաստանում Եվրամիության դեսպան ՌԱՈՒԼ ԴԵ ԼՈՒՑԵՆԲԵՐԳԵՐԸ հայտարարեց, որ 2011-2030-ին Եվրամիությունը պատրաստվում է կրկնապատկել իր օժանդակությունը։ Նշենք, որ այս կառույցը և նրան անդամակցող երկրները Հայաստանի հետ համագործակցում են 1988-ից։ Մասնավորապես, 90-ականներից ներդրվեցին «Մարդասիրական օգնություն» և «Պարենի անվտանգություն» ծրագրերը։ 2011-2030-ի համար որքա՞ն ֆինանսավորում է նախատեսված և կոնկրետ ի՞նչ ծրագրերի ուղղությամբ։ Այս հարցը փորձեցինք ճշտել Հայաստանում Եվրամիության դեսպանից։
-ՀՀ կառավարությանը Եվրամիության օժանդակությունը կտրուկ աճել է,- պարզաբանեց նա։- 2011-13 թվականներին կրկնապատկվել է օժանդակության չափը, մասնավորապես, տարեկան 25 մլն-ից այն դարձել է 50 մլն եվրո։ Տրամադրվող գումարները կուղղվեն ինչպես բարեփոխումների ծրագրերին, այնպես էլ սոցիալական կարիքներին։ Փարիզյան հռչակագրի համաձայն` տրամադրվող օժանդակության 50 տոկոսը կամ դրանից ավելին հատկացվում է որպես ուղղակի բյուջետային օժանդակություն։ Առաջիկա երեք տարիներին կտրամադրվի 150 մլն եվրո` յուրաքանչյուր տարի 50 միլիոն։ Միգրացիոն ծրագրով ՀՀ-ում սովորաբար աշխատում է ՄԱԿ-ը, մենք նույնպես նպատակ ունենք այս ոլորտում օժանդակություն ցուցաբերելու։ Այդ նպատակով այժմ ՀՀ-ի հետ պատրաստվում ենք քննարկել վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման խնդիրը։
Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ