ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԺԱՄԱՆԱԿԸ ԹԱՆԿ Է ՎԱԶՎԶՈՑԻՑ

ԺԱՄԱՆԱԿԸ ԹԱՆԿ Է ՎԱԶՎԶՈՑԻՑ
14.05.2010 | 00:00

Անշարժ գույքի գրանցում, տարածքի վարձակալություն, ժառանգության հարցեր, նվիրատվություն, կտակ, պայմանագրերի վավերացում, անձնագրերի թարգմանություն. սրանք այն նոտարական գործառույթներն են, որոնց հետ կապված խնդիր կարող է ունենալ ցանկացած քաղաքացի։
Նախապես նշենք, որ հանրապետությունում գործում է 78 նոտար, տարեկան 450 հազար գործարք է կնքվում, պետբյուջե է փոխանցվում մոտ 700 միլիոն դրամի պետական տուրք: 2002-ից մեր երկրում գործում է լատինական անկախ նոտարական համակարգը, համաձայն որի` նոտարը պետական պաշտոնատար անձ չէ: Նրա ծառայությունները մասնավոր են և վճարովի: Նոտարը գանձում է պետական տուրք և ծառայության վճար` կառավարության հաստատած սակագներով: Գործող ամենաբարձր սակագինը 20 հազար դրամն է, գումարած 5 հազար դրամ պետական տուրքը (սովորական այլ գործարքների դեպքում նոտարը պետք է գանձի 500-3000 դրամ):
Մեր գործընկեր Արա Մարտիրոսյանը, օրինակ, տարածքի վարձակալության պայմանագիր վավերացնելիս բախվեց նոտարիատի կամայականություններին: Դրա դիմաց պետական տուրքը 5000 դրամ է. այդ մասին իրազեկումը փակցված է գրասենյակի պատին, բայց նոտարները գործարքի դիմաց տարբեր տեղերում տարբեր գներ են հնչեցնում` 20-25 հազար: «Երբ ասում էինք` պետական տուրքն այսքան է, ասում էին սա մեր ծառայության գինն է»,- նշում է Արան: Օրենքի իմացությունը նրան ոչ մի նոտարական գրասենյակում չի օգնել: Այլ գրասենյակներում ևս նույն գինն են նշել, ու նա, ի վերջո, գործարքը կնքել է 20 հազար դրամով: Ըստ նրա` երևույթը համատարած բնույթ է կրում: Հաճախորդի գրպանը նոտարական գրասենյակներում խիստ տարբեր եղանակներով է դատարկվում: Այսպես, պայմանագրի օրինակելի ձևը նախապես չեն տրամադրում, կազմում են տեղում, որոշակի վարձատրությամբ, ինչպես, ասենք, մեկ էջ համակարգչային շարվածքի համար սահմանվել է կամայական գին` 2500-3000 դրամ: Գումարը կրկին առձեռն մուծվում է, և դարձյալ ոչ մի տեղ չի ամրագրվում, որ քաղաքացին վճարել է:
Արան անօրինության դեմ փորձել է պայքարել նաև գրչով և ուղղակի բարձրաձայնել է այդ մասին: Նա իր հոդվածում հաշվարկել էր նաև այդ բիզնեսի եկամտաբերությունն ու առձեռն շահույթը: Այսպես, հաշվի առնելով, որ նոտարական գրասենյակները մշտապես լի են հաճախորդներով, և յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ հերթական գործարքն է վավերացվում, ուրեմն, ամենահամեստ հաշվարկներով, նոտարը յուրաքանչյուր գործարքից կարող է վաստակել նվազագույնը 15 հազար դրամ, 1 ժամում` 60 հազար, 8-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում` 480 հազար դրամ: Մեկ օրում 480 հազար դրամ, մեկ ամսում (20 աշխատանքային օրվա ընթացքում)` 9 մլն 600 հազար դրամ կամ ավելի քան 25 հազար դոլար:
Իրավաբան Գևորգ Սլոյանը, ապավինելով մասնագիտական կարողություններին, որոշակի պայքարից հետո գործարքի համար վճարել է օրենքով նախատեսված գումարը: Գևորգը նշում է, որ նոտարը հասկացավ` եթե հստակ սահմանված գումարի չափը գերազանցի և ավելին պահանջի, խնդիր կունենա: Գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ պայմանագրի վավերացման համար Գեղարքունիքի մարզի բնակիչ Պարգև Ալեքսանյանը հրաժարվել է սահմանվածից ավելի գումար վճարելուց, նա էլ, որպես ավագանու անդամ, քաջածանոթ է սակագներին: Սակայն մարզերում այլ խնդիր կա. Պարգևը կարծում է, որ այնտեղ դրամական չարաշահումների պատճառը նոտարների թվի պակասն է: Երբ նոտարը վստահ է, որ հաճախորդն իրեն ուրիշով փոխարինել չի կարող, իր ծառայությունները գերագնահատում է:
Չնայած նոտարներն իրենց գործունեությամբ անկախ են, սակայն նրանց նշանակում են ՀՀ արդարադատության նախարարությունում, որն ունի նաև նոտարական գործունեությունը վերահսկելու գործառույթ: Վերջինս այսօր իրականացվում է հիմնականում թեժ գծի հեռախոսահամարով: Հետաքրքիր է, բայց «նոտար-քաղաքացի դրամայի» արձագանքները նախարարության թեժ գծում չկան: Նախարար Գևորգ Դանիելյանը նման բողոքներ չի ստացել, ավելին, եթե բողոքներ ստանային ու կարողանային վերահսկել, բավարարված կզգային: Նախարարությունում սպասում են կոնկրետ անունների, նշելով, որ երբ անուններ չեն նշվում, իրողությունը կարող է բամբասանքի պես հնչել:
Թեև ֆինանսական չարաշահումների մասին բողոքները գերատեսչություն չեն հասել, սակայն նոտարական էթիկայի խախտումներից նախարարը տեղյակ է. գործարք են կնքում ոչ լիարժեք փաստաթղթերով, անհարկի ձգձգում են գործարքը, խախտում նոտարական գաղտնիության սկզբունքը` գործարքի ժամանակ այլ անձանց ևս ներս թողնելով և այլն։ Այս առումով կարգապահական տույժեր արդեն արձանագրվել են. 2009-ին նախարարության նոտարիատի բաժինն ահազանգերի հետքերով 9 նոտարի ենթարկել է կարգապահական տույժերի:
Նոտարիատների գործունեության մոնիթորինգն իրականացնելիս «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» արձանագրել է ֆինանսական չարաշահումների փաստեր: Ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատոմյանի դիտարկմամբ` սահմանված գումարից ավելին պահանջելը վճարումների հետ կապված միակ խախտումը չէ: Ըստ նրանց` նոտարները հիմնականում գումարն առձեռն են գանձում, և եթե քաղաքացին վճարի դիմաց անդորրագիր չի պահանջում, այն չեն էլ տրամադրում. լինում են դեպքեր` գրանցամատյանում նշվում է գործարքի կնքման մասին, բայց մուծված գումարի չափը չի նշվում, որպեսզի հետո ավելացնեն իրենց նախընտրած գումարը: Նոտար Օսան Հակոբյանի խոսքերով, որպեսզի քաղաքացին մի քանի տեղ հերթ չկանգնի, չչարչարվի, սեղանամատյան են նախատեսել, որտեղ մուծում է արվում, ասվում է` ինչի համար, սպասասրահում էլ գները կան, եթե քաղաքացին չի ընկալում, բացատրում են, առաջարկում: Կտրոն են ուզում` տալիս են, եթե քաղաքացին ուզում է բանկում մուծել` կարող է գնալ, բայց ոչ ոք չի ուզում գնալ. ժամանակը յուրաքանչյուր մարդու համար ավելի թանկ է վազվզոցից:
Նոտարներն իրենց հերթին բողոքում են, որ մարդիկ իրավագիտակից չեն և շատ հաճախ իրենց իսկ ներկայացրած փաստաթղթերից գլուխ չեն հանում: Համակարգի անկախացումից ի վեր նոտարը ոչ միայն գործարք վավերացնող է, այլև գործարքի գույքային պատասխանատու: Նրանք իրենց աշխատանքը բարձր են գնահատում և կարծում են, որ իրենց աշխատանքի դիմաց պատշաճ վերաբերմունք չկա: Առաջարկում են փոքր գործարքների համար սահմանել հաստատագրված վճար, իսկ խոշորների դեպքում հաշվարկել տոկոսով:
Իսկ առավել օրինավոր տարբերակն այն է, որ մարդիկ հստակ պետք է իմանան պայմանները` ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ունենան հայտի ձևը, վճարեն պետտուրքը և ներկայացնեն նոտարի վավերացմանը:
Նոտարական համակարգի հիմնախնդիրների լուծման միջոցառումները կառավարության 2010-ի ծրագրային գործողություններից են, ասել է թե` այն նախարարի անմիջական հսկողության տակ գտնվող առաջնահերթ խնդիրներից է: Պետությունը, իհարկե, մեծ միջամտություն չի կարող ունենալ անկախ համակարգի գործերում, բայց իր լիազորությունների շրջանակներում պետք է ոլորտում կարգուկանոն հաստատի: Բարեփոխումները ենթադրում են նոտարական գրասենյակներում վերացնել քաղաքացիների հերթերը, բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Հերթերից խուսափելու համար ժառանգության փաստաթղթավորման գործերն արդեն ապակենտրոնացվել են, վերանայվել սակագները: Այս տարի նախատեսվում է նոտարների թիվն ավելացնել առնվազն 5 տոկոսով: Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի դիտարկմամբ, օրենսդրական բարեփոխումներից բացի, պետք է նաև ամուր կամք և՛ քաղաքացիների, և՛ պաշտոնական անձանց կողմից օրենքի տառը չշրջանցելու համար:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2396

Մեկնաբանություններ