«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԵԹԵ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՍԻՐԵՆ

ԵԹԵ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՍԻՐԵՆ
07.06.2011 | 00:00

Երեկ լրացավ Արամ Խաչատրյանի ծննդյան 108-ամյակը, ինչի առիթով էլ ներկայացնում ենք Դանիել Երաժիշտի մանրապատումը։
Լև Տոլստոյն այնքան էր հարգում ազնվազարմ կոմս Պաոլո Տրուբեցկոյին, որ հանդուրժում էր նրա անտարբերությունն ընթերցանության նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք Իգոր Շմիդտի` քանդակագործին նվիրված մենագրությունից: Ահա մի դրվագ Տոլստոյի և Տրուբեցկոյի երկխոսությունից:
-Պավել Պետրովիչ, Դուք չե՞ք ցանկանում կարդալ իմ գրքերը, բայց չէ՞ որ ես դիտում եմ Ձեր նկարները:
Տրուբեցկոյը շիկնեց և ասաց.
-Նկարներ դիտելն ավելի դյուրին է, քան կարդալը…
- Այդ դեպքում, եթե չեք սիրում իմ գրվածքները, ապա իմ ի՞նչն եք հավանում:
- Ես շատ եմ սիրում Ձեզ, Լև Նիկոլաևիչ, որովհետև Դուք բարի եք, որովհետև Դուք սիրում եք կենդանիներին, և որովհետև Ձեր գլուխը հիանալի է քանդակելու համար:
-Բայց Դուք կարող էիք ասել նաև, որ ես սիրում եմ մարդկանց (1964, Լ. ՄՎՌՊՑ, «ՁՐցոպՓՍՏռ», Ծ., էջ 15-16):
Տրուբեցկոյի համոզմամբ, եթե մարդիկ դադարեն կենդանիներին սպանելուց, նրանց միսը ուտելու նպատակով, ապա չարն աշխարհից կվերանա: Արվեստագետ Տրուբեցկոյը կարծում էր, որ պետք է այնպես դաստիարակել մարդկանց և կենդանիներին, որ նրանք կարողանան հաշտ ու համերաշխ ապրել: Նա օրինակ էր բերում իր վարժեցրած բուսակեր գայլին ու գառանը, որոնք նույն ափսեից էին խոտն ուտում։
Ինչպես տեսնում ենք, գառանն ու գայլին հնարավոր է հաշտեցնել, բայց հային հայի հետ` դժվարանում ենք, այլապես մեր հասարակությունը վաղուց միաբան կլիներ: Ավելի ստույգ` կպահպաներ այն միաբանությունը, որին հասել էինք արցախյան շարժման վերելքի պահին: «Այն ժամանակ, երբ հայերը սիրում էին միմյանց», այսպես էր արտահայտվել մի աշակերտ:
Լև Տոլստոյը միամտաբար կարծում էր, թե աշխատասեր մարդն ամենուր արժանի է հարգանքի, և ասում էր` եթե տերը տնային կենդանիներին կերակրում է, ապա, առավել ևս, մարդն իր աշխատանքով կարող է գլուխ հանել այս կյանքից: Մեզանում այդպես չէ: Երանի մեր իշխանավորները ժողովրդին սիրեին այնպես, ինչպես, օրինակ, գեղջուկն է սիրում իր ապրուստի աղբյուրը` եզանը, որին մեր երգերում նա դիմում է. «Ախպեր ջան, ծաղիկ ջան, քե մեռնիմ» և այլ մեղմ խոսքերով:
Ճիշտ է, «այս աշխարհի զորեղներն» էլ են սիրում կենդանիներ, բայց վանդակում, իսկ եթե ազատության մեջ, օրինակ, խոզ, տավար, ապա խորոված վիճակում (հիշենք չալաղաջը): Երբեմն էլ սիրում են Հռոմի կայսր Կալիգուլայի պես, որն իր ձիուն շնորհեց սենատորի պաշտոն, կամ Հուլիոս Կեսարի պես դափնու տերևներ են սիրում: Եթե այդ կայսրը դափնեպսակ էր կրում, պարզապես, իր ճաղատը ծածկելու համար, ապա մերոնք «լավրովի լիստը» սիրում են իշխան ձկան «հարևանությամբ»: «Ժողովուրդս» էլ են սիրում, բայց որ նա լինի հնազանդ, գործազուրկ, քնած վիճակում, այն էլ, ինչպես ժողովուրդն է ասում, դեմքով դեպի պատը, որպեսզի ընդդիմություն չհիշեցնի։ Մինչդեռ այդպիսին չէին մեր հսկաները, «այս աշխարհի ազնիվները»` Սբ. Վարդանը, Անդրանիկը, Նժդեհը, Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը և այլ երախտավորներ, ովքեր մշտապես կատարելագործվում էին ու կատարելագործում, սերմանում սեր, ներդաշնակություն, արժանավայել ապրում և ապրեցնում։
Դանիել ԵՐԱԺԻՇՏ


Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ