«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԱՐԶԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՀԵԼ ՄԱՐԶՈՒՄ

ՄԱՐԶԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՀԵԼ ՄԱՐԶՈՒՄ
01.03.2011 | 00:00

2010-ին մեկնարկեց «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագիրը։ Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ ԱՐՍԵՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ, համաձայն նշված ծրագիրն իրականացնող «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկության՝ 2010 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորվել է 223 վարկ՝ 1 միլիարդ 800 միլիոն դրամ ընդհանուր գումարով: Այդ ծավալներից 147 վարկ (66 տոկոս) տրամադրվել է Երևանում, 76-ը (34 տոկոս)՝ մարզերում: Գումարի 78,8 տոկոսը վերաֆինանսավորվել է Երևանում, իսկ 22,2 տոկոսը՝ մարզերում։ Ասել է՝ մարզերում ձեռք են բերվել բնակարաններ ավելի ցածր գնով, քան ծրագրով սահմանված առավելագույն չափն է՝ 16 միլիոն դրամ։
Նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ կառավարությունը փոփոխություններ մտցրեց «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» ծրագրում։ Այդ փոփոխություններով նախատեսվում է մարզերում ծրագրի իրականացման գործընթացն ավելի ակտիվացնել և մատչելի դարձնել։
«Մասնավորապես, «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը (Երևանի համար այն 2 տոկոս է): Այսինքն՝ մարզերում վարկառուի համար վարկը կլինի 6,5-7 տոկոս: Իսկ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը (Երևանի համար այն առնվազն 30 տոկոս է), որի արդյունքում այդ գործընթացը մարզերում էականորեն կհեշտանա և ավելի մատչելի կդառնա: Այստեղ լուծում ենք նաև ժողովրդագրական խնդիր՝ աշխատելով մարզաբնակ երիտասարդին պահել իր ծննդավայրում»,- ասում է Ա. Սողոմոնյանը։
Այսօր հիմնականում հիփոթեքային վարկեր տրամադրվում են Երևանում, քանի որ այստեղ ռիսկայնությունն առևտրային բանկերի համար ավելի կառավարելի է, ինչը չի կարելի ասել մարզերի, համայնքների մասին: Մինչդեռ այս փոփոխություններով ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում, որպեսզի հիպոթեքային վարկերն առաջին հերթին հասանելի լինեն մարզերում:
Ըստ Ա. Սողոմոնյանի, մարզերում և Երևանում բնակարանային խնդիրները չի կարելի դիտել մի հարթության վրա։ Բնակարանի խնդիրն ավելի շատ առկա է մայրաքաղաքում. «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի շրջանակներում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ բնակարանի խնդիրն առաջնային է Երևանում։ Եվ դա բացատրելի է. վերջին տարիներին նախ բավականին մեծ էր երիտասարդների արտահոսքը մարզերից։ Բացի այդ, մարզ ասելով՝ պետք է հասկանանք նաև գյուղական համայնքները, որտեղ բնակարանի հարց գրեթե չկա»։
Վարչության պետը «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» ծրագրի իրազեկման խնդիրը համարում է հիմնականում լուծված. «Կարելի է ասել, ամբողջ հանրապետությունում տեղյակ են այս ծրագրի մասին, որովհետև բազմիցս ասուլիսներ են հրավիրվել, և լուսաբանվել է խնդիրը։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ ծրագրի մեկնարկից անմիջապես հետո ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության հետ համատեղ մշակվեց և 30 հազար տպաքանակով տպագրվեց ուղեցույց, որը հատկացվել է ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկեր տրամադրող բանկերին և վարկային կազմակերպություններին։ ՈՒղեցույցը քայլ առ քայլ բացատրում է, թե ինչպես դառնալ վարկառու։ Դատելով հեռախոսազանգերի և այցելուների թվից՝ կարելի է ասել՝ հանրությունը ծրագրի մասին բավականին տեղեկացված է»։
Ըստ Ա. Սողոմոնյանի, հիփոթեքի ձեռքբերման դեպքում որոշակի խնդիր առաջացնում է ընտանիքի եկամտի վերաբերյալ տեղեկության տրամադրումը. «Վարկատու կազմակերպությունը պահանջում է եկամտի մասին փաստաթղթեր, և 16 մլն դրամի դեպքում երիտասարդ ընտանիքը Երևանում 30 տոկոս կանխավճար պետք է մուծի։ Այստեղ, բնականաբար, հարազատները պետք է օգնեն, քանի որ երիտասարդ, նոր կայացող ընտանիքին դժվար կլինի այդ կանխավճարը մուծել»։
Նշենք, որ Երևանում հիփոթեքային վարկը տրվում է 10 տարի մարման ժամկետով՝ տարեկան 8-8,5 տոկոսադրույքով։ Ծրագրի շրջանակներում ներգրավված են 13 բանկ և վարկային կազմակերպություն։
Իսկ ովքե՞ր կարող են հավակնել մատչելի պայմաններով հիփոթեքային վարկավորում ստանալու։ Ըստ ծրագրի, երիտասարդ են համարվում այն ընտանիքները, որտեղ ամուսիններից մեկը երիտասարդ է, այսինքն՝ 18-30 (ներառյալ) տարեկան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը։ Ամուսինների տարիքների գումարը չպետք է գերազանցի 60-ը։ Որպես շահառու դիտարկվում են նաև երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողները։
Հաշվի առնելով նախորդ տարվա դիմումների և ստացած վարկավորման քանակը՝ 2011 թվականին նախատեսված է մոտ 300 ընտանիքի ֆինանսավորում։ Եթե պահանջարկը մեծ լինի, կառավարությունը կքննարկի լրացուցիչ միջոցներ տրամադրելու հարցը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ