«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻ՞Ն», ԹԵ՞ ԻՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

«ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻ՞Ն», ԹԵ՞ ԻՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
24.09.2010 | 00:00

Անկախությունն ինչպես անհատի, այնպես էլ ազգի առողջ զարգացման նախապայմաններից է: Բայց ի՞նչ է նշանակում անկախություն, գիտակցո՞ւմ ենք, արդյոք, անկախության ամբողջ իմաստը։ Այս հարցերի շուրջ զրուցում ենք հոգեբույժ- հոգեվերլուծող, հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության նախագահ ԱՐԱ ՉԱԼԻԿՅԱՆԻ հետ։
«Անկախությունն ու ազատությունը բացարձակ արժեքներ են, որոնք իրականում գոյություն չունեն։ Բացարձակն ու կատարյալը միայն Աստված է, որին չենք տեսել։ Մնացյալը հարաբերական են։ Այսինքն՝ բացարձակ արժեքները կատարյալ են և անհնար է մարդկանց մոտ գոյություն ունենան։ Բացարձակ անկախությունը, բացարձակ անկեղծությունը, բացարձակ ազնվությունը մարդուն բնորոշ չեն,- ասում է Արա Չալիկյանը։- Երկրի կամ մարդու անկախության չափանիշն ազատության աստիճանն է։ Որքան ազատության աստիճանը բարձր է, այնքան անկախությունը շատ է։ Իսկ ազատության աստիճանը շատ գործոններով է պայմանավորվում։ Մարդն ունի բազմաթիվ պահանջմունքներ՝ սնունդը, սեռական շփումը, անվտանգությունը և այլն: Որքան այդ պահանջմունքները լավ են բավարարված, այնքան մարդն ազատ է։ Նա պետք է կարողանա այս կյանքում առավելագույնս ինքնաբավարարվել կամ ինքնաբացահայտվել, այլ կերպ ասած՝ ակտուալիզացվել։ Հոգեբան Մասլոուն տվել է ինքնաակտուալիզացման տեսությունը, ըստ որի, որքան մարդն ինքնաակտուալիզացված է, այնքան ազատ է և բավարարված։ Ցանկացած հասարակության մեջ ինքնաբացահայտման հնարավորությունները տարբեր են։ Մասլոուն այն պատկերել է բուրգի տեսքով՝ հիմքում դնելով ամենակենսական նյութական պահանջմունքները։ Աստիճանաբար բարձրանալով՝ այդ պահանջմունքները նյութականից դառնում են հոգևոր, իսկ բուրգի գագաթին գտնվում են բարոյական նորմերը։ Հոգեբանի տեսության համաձայն՝ մինչև մարդու մոտ ներքևի՝ նյութական ու կենցաղային շերտերը չբավարարվեն, հոգևոր և բարոյական պահանջմունքները կմնան թերի, անկատար։ Բուրգը պետք է լինի ներդաշնակ, և միայն ամուր հիմքի վրա կարելի է կառուցել ավելի բարձր արժեքներ։
Ազատություն-պատասխանատվություն. այս երկու հասկացությունները սերտորեն շաղկապված են միմյանց, ընդ որում, ազատությունն իր հետ որոշակի պատասխանատվություն է բերում, ինչը երբեմն ծանր է գիտակցել ու ստանձնել: Ազատությունը գիտակցության ձև է։ Եթե չենք պատկերացնում դրա չափը, ապա տիրում է ամենաթողություն, իսկ գիտակցելու դեպքում մեզ դնում ենք որոշակի սահմանների մեջ։ Եվ եթե ազատության չափը գիտակցում ենք, ուրեմն կրում ենք պատասխանատվություն նրա նկատմամբ»։
Արա Չալիկյանը համեմատում է մարդուն և հասարակությանը։ Հասարակությունը կազմված է անհատներից, բնականաբար, այն, ինչ կա անհատի մեջ, կարող է դրսևորվել հասարակությունում, և հակառակը՝ հասարակական երևույթները կարող են մասամբ արտացոլվել անհատի հոգեկան աշխարհում։
«Բացարձակ անկախ լինելն անիմաստ է։ Մարդը հասարակական էակ է և, առանց մյուս մարդկանց, վերածվում է Մաուգլիի։ Ստացվում է, որ մարդուն անհրաժեշտ են իր նմանները, որոնցից ինքը կախված կլինի, վերջիններս էլ՝ իրենից։ Այսինքն, հասարակական փոխհարաբերություններն ու շփումներն անպայման պետք են, իսկ ցանկացած հարաբերություն արդեն կախվածություն է ենթադրում։ Կախվածությունն ինքնին վատ բան չէ, խնդիրն այն է, թե կախվածությունը որքան է նպաստում զարգացմանը։ Եթե մեր անկախությունը նպաստում է դեգրադացիային, իսկ այսօր մենք դա ենք տեսնում, ավելի լավ է այդ անկախությունը չունենանք։ Հակառակ դեպքում, «անկախության» նման տեմպերը շուտով կհանգեցնեն նրան, որ հայերն իսպառ կվերանան Հայաստանից, և անկախ Հայաստանում անկախության ատրիբուտներից կմնան միայն սարերն ու ձորերը, լճերն ու գետերը, խոնարհված եկեղեցիներն ու հարևան երկրների բազմացող քաղաքացիները»,- ասում է հոգեվերլուծող Արա Չալիկյանը։
«Բայարդ հոգեբան-ամուսինները գտել են երեխային ճիշտ դաստիարակելու բանաձևը։ Ճիշտ դաստիարակման երկու օրենք գոյություն ունի. ծնողները պետք է ձգտեն երջանիկ լինել և երեխային ինքնուրույնության հնարավորություն տան։ Բնականաբար, ինքնուրույնությունը պետք է ուղեկցվի պատասխանատվության զգացումով։ Նույն մոդելն աշխատում է նաև հասարակության մեջ։ Մինչդեռ մեզանում բոլորովին այլ մոտեցումներ են. ծնողները երեխաներին մեծացնում են իրենց երջանկության հաշվին։ Արդյունքում երեխայի մոտ ձևավորվում է պահանջատեր սպառողի հոգեբանություն։ Երբ սնուցող ծնողի հնարավորությունները պակասում են, երեխայի մոտ սկսվում է դեկոմպենսացիա. պահանջատեր-սպառող երեխան դառնում է ըմբոստ, հակահասարակական վարքագիծ ունեցող մեկը։ Նման երեխաները կորցնում են «հավասարակշռությունը», քանի որ որպես մարդ ձևավորվելու հիմքերը նրանց մոտ ամուր չեն եղել։ Իսկ եթե երեխան դեռ առողջ մաս ունի իր մեջ, անպայման կըմբոստանա, կփորձի ինքնուրույն ապրել և, արդարության սկզբունքը պահպանելով, իր ուժերի չափով օգտակար լինել ծնողներին։
Նույնը հասարակական հարթությունում է։ Իշխանության իմաստը մեր հասարակությունում աղավաղված է։ Մարդիկ մոռանում են, որ իշխանությունը հասարակության ծառան է, ոչ թե առանձին մի խումբ, որ ինքն իր համար է իշխանություն ձեռք բերել։ Արդյունքում տեղի է ունենում օտարում իշխանությունների ու ժողովրդի միջև։ Բնականաբար, եթե կապ չկա այս երկու օղակների միջև (ինչպես ծնողի և երեխայի), համակարգը դառնում է երերուն։ Բացի այդ, հասարակությունը, որոշ մարդկանց օժտելով իշխանությամբ, իր բարեկեցությունն ակնկալում է անմիջապես իշխանությունից. թող նախագահը գնա փող ճարի ու մեզ էլ պահի։ Բայց դա հնարավոր չէ։ Իշխանությունը ժողովրդին ինքնուրույն լինելու հնարավորություն պետք է տա, ոչ թե կյանքը լավացնելու խոստումներ»։
Արա Չալիկյանն անկախությունը բաժանում է երկու մասի՝ «փաստաթղթային» և իրական։ Ըստ նրա՝ մենք այժմ ունենք «փաստաթղթային անկախություն»։
«Խոշոր հաշվով, ոչ մի երկիր էլ չունի իրական անկախություն։ Անկախության գաղափարը ձևական բնույթ է կրում։ Շատ անգամ էլ՝ ապակողմնորոշող։ Ավելին, չափից շատ անկախության ձգտելն էլ նորմալ երևույթ չէ, այն կարելի է համարել ծուղակ։
Անկախությունը պետք է դիտենք ոչ թե որպես նպատակ, այլ միայն որպես միջոց` երկրում նյութական, հոգևոր, բարոյական արժեքներ ստեղծելու և զարգացնելու»։
Պատրաստեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4077

Մեկնաբանություններ