«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՅԴԻՆԸ ԵՎ ԻՐ ԷՐԵԽԵՔԸ

ԱՅԴԻՆԸ ԵՎ ԻՐ ԷՐԵԽԵՔԸ
20.05.2011 | 00:00

Մայիսի 19-ին լրացավ Այդին Մորիկյանի մահվան երկու տարին

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆԻ ծննդյան հերթական տարեդարձի առթիվ լույս է տեսել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի` Այդինի դասավանդած խմբերի նախկին ուսանողների պատրաստած «Հանդիպում» խորագրով գրքույկը: Գրքի շապկի համար օգտագործվել է Արամ Զավենի Սարգսյանի` Այդինին նվիրած նկարը, իսկ գիրքը տպագրվել է Այդինի ընկերների աջակցությամբ: Ինձ համար դժվար է որևէ նոր բան ասել այս գրքի մասին, քան այն, ինչ ասել եմ նախաբանում: ՈՒստի կներկայացնեմ այդ նախաբանը.
Այդինը մտնում էր լսարան, և տասնհինգ րոպե հետո ամբողջ լսարանը սիրահարված էր նրան… Չէ, սխալ ասացի, սիրահարված չէր, տասնհինգ րոպե հետո ամբողջ լսարանը սիրում էր նրան…
Ինքը սկզբում չէր էլ ենթադրում, թե էդպես կլինի: Առաջին օրը, որ պիտի լսարան մտներ, վախ կար մեջը… «Հը՞,- ասում էր,- կկարողանա՞մ»:
Կարողացավ:
ՈՒ ո՜նց կարողացավ…
Մտնում էր լսարան, սկզբում աղջիկները հետաքրքրությամբ նայում էին իբրև հերթական տղամարդ դասախոսի… Անցնում էր հինգ րոպե, տասը, տասնհինգ… Անցնում էր առաջին դասը, հետո ամիսը, կիսամյակը, տարին… ՈՒ ողջ լսարանն ամբողջ էդ տարում Այդինի դասին գալիս էր առաջին օրվա առաջին տասնհինգ րոպեներին ծնված սերը գրկած, սերը շալակած…
Սա հենց էնպես չեմ ասում, և հերթապահ բառեր չէ, որ գրում եմ: Այդինը դրա կարիքը չուներ ու չունի: Դրա կարիքը մենք ունենք։
ՈՒ հիմա էս գրքով «իր էրեխեքը» (ինքն էդպես էր ասում) էն առաջին դասին ծնված ու հարատևող սերը բերել են, որ տան մեզ:
Ոչինչ, որ էրեխեքի խոսքերը տեղ-տեղ զգացմունքային-պարզունակ են ստացվել. լավ ճանաչելով բոլորին, հավատացնում եմ. դրանք անկեղծ են, ու դա ամենակարևորն է:
ՈՒ ինձ համար շատ դժվար էր խմբագրել Այդինի էրեխեքի գրածները: Փորձեցի շատ չմիջամտել. թող իրենցը լինի…
Որովհետև իրենցն են և՛ մտահղացումը, և՛ իրականացումը…
Որովհետև իրենք էստեղ ներկայացրել են իրենց ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆԻՆ:
Յուրաքանչյուրը` իր ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆԻՆ:
ՈՒ բոլորը միասին` մեր ԱՅԴԻՆԻՆ:
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Այդինին նվիրված Անահիտ Ադամյանի «ՆԱՎԸ ԼՈՂՈՒՄ Է» պատմվածքը կարդացեք մեր կայքի «Մշակույթ» բաժնում։

Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ