«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՐԲ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՕԳՆԵԼ, ԴԱ ԱՐԴԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է»

«ԵՐԲ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՕԳՆԵԼ, ԴԱ ԱՐԴԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է»
21.01.2011 | 00:00

«Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնությունը կա, եղել է և կլինի: Հայ ընտանիքներում նույնպես առկա են բռնության այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են ծեծը, ահաբեկումը, խոշտանգումը: Եվ առհասարակ, քանի կան կին-տղամարդ հարաբերություններ, ընտանեկան բռնությունը կլինի, այլ հարց է, թե ինչ ձևով է այն դրսևորվում»,- ասում է «Կանանց իրավունքների կենտրոնի» տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
Նրա խոսքով, թեև Հայաստանում դեռևս չկա ընտանեկան բռնության մասին օրենք, բայց մասիսցի Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահն ստիպեց ավելի գործնական և հաստատուն քայլերով գնալ դեպի այդ օրենքի ընդունումը (հիշեցնենք, որ ամուսնու և սկեսուրի դաժան ծեծից մահացավ 20-ամյա հարսը): Զարուհու դեպքը ևս ապացուցում է, որ հայ ընտանիքներում կատարվում են բռնարարքներ, այլ բան է, թե ինչ աստիճանի են դրանք: Հետազոտությունների արդյունքներով` Հայաստանում յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվում է ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնության: «Ոչ ոք չի կարող ասել` իրական պատկերն ինչպիսին է, որովհետև կան շատ պատճառներ, որոնք ազդում են հարցումների վրա, և կանանց պատասխանները հիմնականում անկեղծ չեն լինում: Նրանք ամաչում են պատմել իրենց ընտանեկան ծանր վիճակի մասին, թե ինչպես են տանը ծեծում իրենց: Մեզ դիմում են ֆիզիկական, հոգեբանական և ամենաքիչը` սեռական բռնությունների ենթարկված կանայք»,- ասում է կենտրոնի տնօրենը: Կանանց իրավունքների կենտրոնի 24-ժամյա «Ազգային թեժ գիծ» զանգողների թիվը, նրա տեղեկացմամբ, տարեցտարի ավելանում է: «Բայց դա չի նշանակում, որ դեպքերն են ավելանում, պարզապես մարդիկ մեզ վստահում են և հասկանում, որ իրենց վիճակի մասին պետք է պատմեն, խոսեն, դարձնելով այն հասարակության քննարկման առարկա, քանզի, եթե լռում ես մի հարցի շուրջ, այն երբեք լուծում չի ստանում»։ Կենտրոնի «Թեժ գիծ» օրական 10-15 մարդ է զանգահարում:
2009 թվականի նոյեմբերից մինչև 2010-ի սեպտեմբեր «Ազգային թեժ գծի» հեռախոսահամարով հնչել է 1323 զանգ, որոնցից 730-ը` առաջնային, 503-ը` կրկնվող զանգեր: 1323 զանգից 443-ը եղել է ընտանեկան բռնության դեպքերի կապակցությամբ: Ընդ որում, 320 զանգերից 228-ը` հոգեբանական, 167-ը` ֆիզիկական, 10-ը` սեռական բռնության դեպքեր: Մարզերում նույնպես գործում է չորս ճգնաժամային կենտրոն, որտեղ մարզերի կանայք օգնություն են ստանում:
Կենտրոնի տնօրենի խոսքով, կանայք, նախորդ տարիների համեմատ, այժմ ավելի իրազեկված են և ավելի հաճախ են դիմում «Կանանց իրավունքների կենտրոն»:
Ինչպես ասաց Սուսաննա Վարդանյանը, այս տարին շրջադարձային էր իրենց համար, քանի որ կատարվեցին դրական տեղաշարժեր և փոփոխություններ: Վարչապետի հրամանով, փետրվար և մարտ ամիսներին ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որում ընդգրկված տարբեր կառույցների ներկայացուցիչներն զբաղվում են բռնության որևէ տեսակին առնչվող խնդիրներով: «Մենք, օրինակ, զբաղվում ենք ընտանեկան բռնությամբ և կանանց ու նրանց երեխաների խնդիրներով: Հանձնաժողովում ներկայացված տարբեր մասնագետներից կազմված 5-հոգանոց աշխատանքային խումբն ստեղծեց ազգային ծրագիր` ընդդեմ գենդերային և ընտանեկան բռնության: Մինչև անցած տարեվերջ այն պետք է ներկայացվեր կառավարությանը: Մեր կողմից իրագործված հաջորդ կարևոր աշխատանքն ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքի նախագծի մշակումն էր, որը պետք է քննարկվեր և շրջանառության մեջ դրվեր: Բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարված են, սպասում ենք արձագանքների, պատասխանների»,- տեղեկացրեց կենտրոնի տնօրենը:
Հասարակությունում կանանց դերի բարելավման ազգային ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ, որոնց իրագործման դեպքում հնարավոր կլինի նվազեցնել երկրում բռնությունների դեպքերը:
Ի դեպ, Հայաստանում գործում է նաև ժամանակավոր կացարան, որը նախատեսված է ընտանեկան բռնությունից տուժած կանանց և նրանց երեխաների համար: Ապաստարանը հինգ ընտանիքի համար է, որտեղ նրանք կարող են հանգստանալ և ապրել: «Թեև տխուր է աշխատանքի բնույթը, բայց ուրախալի բաներ շատ կան: Մեզ դիմող կանայք սկսում են վստահել իրենց ուժերին, սկսում են հասկանալ, որ իրենք էլ են մարդ, որ կարող են դիմադրել: Երբ ստանում են հոգեբանական խորհրդատվություն, և իրավաբանն օգնում է նրանց ճանաչելու իրենց իրավունքները, նրանք փոխվում են, դառնում այլ մարդիկ»:
Հարցին` ինչպե՞ս եք գնահատում ողջ տարվա գործունեությունը, Սուսաննա Վարդանյանը պատասխանեց. «Եթե չտեսնենք նրանց ուրախությունը, չենք կարող աշխատել, արդյունքներն են մեզ ոգևորում։ Երբ կարողանում ենք որևէ մեկին օգնել, աշխատանքի տեղավորել, ոտքի կանգնեցնել, դա արդեն հաջողություն է»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1720

Մեկնաբանություններ