«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՄԵՆ ՄԻ ԱՆՀԱՏԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ»

«ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՄԵՆ ՄԻ ԱՆՀԱՏԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ»
30.11.2010 | 00:00

Ստեփանակերտում տեղի ունեցավ «Արցախի աշնանային գույները» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։ Այն արդյունք է նկարչական փառատոնի, որը «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Փյունիկ» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացել է հոկտեմբերին` Արցախի Մարտակերտի և Շահումյանի (Քարվաճառի) շրջաններում։ Տասը նկարիչ ներկայացրել է 70-ից ավելի աշխատանք։
Օրվա բոլոր բանախոսները ողջունեցին ցուցահանդեսի բացումը, այն կարևորելով Արցախի մշակութային կյանքում։ Դիմելով ներկաներին` Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ցուցահանդեսը համարեց ինքնատիպ մշակութային իրադարձություն, քանի որ արվեստագետները, տվյալ դեպքում նկարիչները, փորձել են յուրովի հասկանալ Արցախ աշխարհի բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, բնակավայրերն ու ավելի շատ հենց տեղերում ստեղծած կտավներով ներկայացել արվեստասերին։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ավելացրեց, որ այս ցուցադրությունը թարմ շունչ ու ոգի է բերում արվեստասերներին, մանավանդ որ արվեստագետները մեզ են ներկայացնում Արցախի բնաշխարհը` իր բազմազանությամբ։
Մյուս բանախոսը` «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն, ասաց, որ նկարչական փառատոների ու ցուցահանդեսների հետաքրքիր կամուրջներ են ստեղծվում։ Լոռվա ձորում սկսվածը, անցնելով Վայոց ձորով, հասել է Արցախ, և ներկայացվող ցուցահանդեսը վկայում է, թե որքան նման և միևնույն ժամանակ տարբեր են հայոց աշխարհի տարբեր անկյունները, և ամենակարևորն այն է, որ նկարիչները կարողացել են խտացնել Արցախ աշխարհի աշնանային գույները։ Իսկ դրանք սկսվել են Գանձասարից, գնացել, հասել մինչև պատմական Ծար գյուղ` իր հրաշքով փրկված ու կանգուն Սուրբ Սարգիս եկեղեցով։
«Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանն էլ ընդգծեց, որ մեծ սիրով է օգնում և աջակցում նման նկարչական փառատոների և ցուցահանդեսների կազմակերպմանը, քանի որ գեղանկարչական խտացումների և ընդհանրացումների մեջ շատ իրողություններ են բացահայտվում, թեկուզ ինքնաճանաչման առումով։ Վստահ եմ, որ այստեղ արցախցին նորովի է ճանաչելու իր հայրենի եզերքը։
Ցուցահանդեսը լեփ-լեցուն էր արվեստասերներով։ Այստեղ էին նաև գեղանկարչական աշխատանքների հեղինակները։ Բոլոր այցելուների քայլերն ինքնաբերաբար ուղղվում են դեպի կենտրոնական հատվածում ցուցադրվող Գագիկ Ավետիսյանի «Թարթառի հովտում» եռանկարը, որի կենտրոնում Քարվաճառ քաղաքն է, աջ ու ձախ կողմերում` Դադիվանքը և պատմական Ծար բնակավայրը։
«Արցախում առաջին անգամ չէի լինում, բայց այն, ինչ զգացի Քարվաճառում, վեր էր ամեն ինչից,- ասում է գեղանկարիչը,- հզոր ստեղծագործական լիցքերով փորձում էի ներկայացնել ինքնատիպ գեղեցկություն ունեցող բնաշխարհը, պատմական մեծարժեք հուշարձանները և բնակավայրերի վերածնունդը։ Տրամադրությունն ու հոգեվիճակն այնպիսին էին, որ չէի ուզում ցած դնել վրձինը»։
Այստեղ ներկայացված բոլոր աշխատանքներն էլ հետաքրքիր ու ինքնատիպ են։ Ամեն մի նկարիչ իր ստեղծագործական ձեռագրի մեջ է փորձում տեղավորել ընդհանրական ասելիքը. սերը և մեծ հավատը հայրենի հողի ու եզերքի նկատմամբ։ Այս ամենը Վարդան Ավետյանը Քարվաճառի բնության մեջ է փնտրում («Քարվաճառի կիրճում», «Արցախյան հեքիաթ»), Սրապիոն Դանիելյանը` բնակավայրերի պատկերներում («Դրմբոնում», «Սարսանգի ափին»), Կարեն Դարբինյանը` հովվերգական մոտեցումներում («Աշխատասեր դրմբոնցին», «Քարվաճառը լեռների գրկում»)։
Սուրեն Խորենյանն իր կտավներում պատմական հուշարձաններ է մարմնավորում` փիլիսոփայական մոտեցումներ ցուցաբերելով («Դադիվանք», «Նորօրյա աղոթք», «Պատմական Ծար. փրկված եկեղեցի»)։ Նույն թեման շարունակում է Հովհաննես Մեծ-Գևորգյանը (Ադանացի)` մետաքսի վրա արված իր նկարներում` «Դադիվանք. աղոթք հանուն ապագայի», «Գանձասար. պատմական հիշողություն»։
«Իսկ ես փորձել եմ հասկանալ Արցախի, մասնավորապես, Մարտակերտի և Քարվաճառի բնության գեղեցկությունը,- ասում է գեղանկարիչ Սամվել Չիբուխչյանը:- Ինձ հաճախ են հարցնում` ինչո՞ւ կանաչ գույնի գերակշռությամբ: Որովհետև այդ ամենն ինչ-որ տեղ նաև վերածննդի վերընձյուղման խորհրդանիշ է («Արցախյան մոտիվ», «Դադիվանքը աշնանը»)»։
«Ես արցախյան յուրաքանչյուր պատկերում ազգապահպանության գույներ ու երանգներ եմ տեսնում,- ասում է Արամ Սարգսյանը (Ապարանցին)։- ՈՒստի ինձ համար Գանձասարը սոսկ եկեղեցի չէ, այլ կանգուն ամրոց, բերդ, նույնը և` Դրմբոնը։ Ես այն ձգտել եմ տեսնել Թարթառի ամբողջ հովտի հետ։ Թերևս ամենաարժանահիշատակ հանդիպումը Ծար գյուղում էր, որտեղ, բազմաթիվ արհավիրքների միջով անցնելով, կանգուն է մնացել Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն իր զորությամբ պահում, պահպանում է հայկական այս լեռնաշխարհը»։
Իսկ գեղանկարիչ Սևադա Սարգսյանն ավելի շատ բնապատկերային և հոգեբանական մոտեցումներ է ցուցաբերել։ Այդ ամենը նրա համար հիշողության ղողանջ է («Դադիվանք»), գույներ, լույսերի ինքնատիպ խաղ («Մարգագետին Քարվաճառում», «Արցախի առավոտը»)։
Անկասկած, այն ամենը, ինչ ներկայացված է ցուցահանդեսում, հարազատ է, արցախյան։ Եվ պատահական չէ, որ ցուցահանդեսը դիտելու են գալիս տարբեր տարիքի, կրթության մարդիկ։ Ավագ տարիքի մի մարդ ասում է, որ Դադիվանքն իրականում չի տեսել, բայց այստեղ այնքան գեղեցիկ է ներկայացված այդ պատմական հուշարձանը, որ կուզենար անպայման այնտեղ լինել։ Մյուսն էլ զարմանում է. «Մենք էլ գեղեցիկ ծով ունենք` Սարսանգի ջրամբարը։ Շատ եմ հավանել Սրապիոն Դանիելյանի և Սուրեն Խորենյանի աշխատանքները։ Մենք, գտնվելով հրաշալի բնության կողքին, շատ հաճախ դա չենք նկատում»։
Ի դեպ, գովելի է, որ ցուցահանդեսի այցելուների թվում շատ են ուսանողները, առանձնապես Երևանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանողները։ Այդ օրերին այստեղ է նաև համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը։
«Ագրարային մասնագիտություն ընտրած ամեն մեկը պետք է սիրի բնությունը, նրա գեղեցկությունը։ Ես ուրախ եմ,- ասում է նա,- որ մեր ուսանողները ոչ միայն ցուցահանդես այցելեցին, այլև հանդիպեցին նկարիչների հետ։ Շատ հետաքրքիր էին նրանց հարցադրումները։ Նման ցուցահանդեսները դաստիարակության հզոր դպրոցներ են, պարզապես եղած հնարավորությունները պետք է ճիշտ և նպատակային օգտագործել»։
Նկատենք, որ ցուցահանդեսի անցկացման օրերին Ստեփանակերտում էր նաև «Ոսկե ծիրանը» անիվների վրա» ծրագիրը, որը հանդիսատեսին փառատոնային կինոնկարներ էր ներկայացնում Ստեփանակերտում և Շուշիում։
Ինչ խոսք, սա եզակի և բացառիկ հնարավորություն էր հազարավոր մարդկանց հաղորդակից դարձնելու կինոարվեստի ժամանակակից ձեռքբերումներին։
«Նման շփումները երկուստեք հետաքրքիր են հանդիսատեսի և կինոգործիչների համար,- մեզ հետ ունեցած զրույցում ասաց «Ոսկե ծիրանի» գործադիր տնօրեն, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:- Հետաքրքիր հանդիպում եղավ Շուշիի «Նարեկացի» կենտրոնում ճանաչված կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի հետ։ Պետք էր տեսնել այն ոգևորությունը, որ ունեին շուշեցիները»։
«Ոսկե ծիրանը» անիվների վրա» ծրագիրը թույլ է տալիս կինոն տանել մեծ ու փոքր բնակավայրեր և ոչ միայն կինոնկարներ ցուցադրել, այլև հանդիպել կինոռեժիսորների, օպերատորների, դերասանների հետ,- ասում է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը։- Մենք առաջին անգամ հենց այստեղ` Ստեփանակերտում, փորձեցինք կինոն զուգակցել կերպարվեստի հետ։ Ինչո՞ւ ոչ. թող կինոնկար դիտելուց առաջ հանդիսատեսը հաղորդակցվի կերպարվեստի հետ։ Դեռ ավելին, մեր խնդրանքով իր գրքերն էր ցուցադրում «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը։ Այս ամենը մի հետաքրքիր եռամիասնություն է, որն անհրաժեշտ է ամեն մի անհատի գիտելիքների հարստացման համար։ Ի դեպ, այս ամենին կարող է միանալ արվեստի ցանկացած տեսակ։ Նկարչական փառատոնի և ցուցահանդեսների փորձը ցույց է տալիս, որ դրանք պետք է շարունակել ինչպես Ջավախքում, Հայաստանի տարբեր տարածաշրջաններում, այնպես էլ հայկական գաղթօջախներում, Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում։
Եվ, վերջին հաշվով, մի որևէ տարածաշրջանում արվեստագետների հայտնվելը, թեկուզ և ստեղծագործական նպատակներով, նշանակում է շփումներ տեղի արվեստագետների հետ։ Մենք նաև ավանդույթ ենք ստեղծում` փառատոներում և ցուցահանդեսներում ընդգրկելով այս կամ այն տարածաշրջանի արվեստագետներին»։
Ստեփանակերտի ցուցահանդեսում հետաքրքիր էին նկարիչների և այցելուների շփումները։ Սկզբում երկչոտ խոսակցությունը վեր էր ածվում երկխոսության` երկուստեք ինչուներով. ինչո՞ւ է Գանձասարը կարմիր, ինչո՞ւ դիմանկարներ չկան, ո՞ւր են մյուս բնակավայրերը։
Հարցադրումներ, որոնց պատասխանները պարտավոր ենք տալ մեր հաջորդ նկարչական փառատոներում և ցուցահանդեսներում։ Իսկ այդ օրը հեռու չէ. դեկտեմբերի 8-ից «Արցախի աշնանային գույները» ցուցահանդեսը կներկայացվի ՀՀ նկարիչների միության ցուցասրահում։
Ռուզաննա ՔԵՐՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ