«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԴԻՊՈՒԿԱՀԱՐ» ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

«ԴԻՊՈՒԿԱՀԱՐ» ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ
20.05.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի նախորդ համարում (թիվ 33, 17.05-19.05, 2011 թ.) հրապարակված «Նոր տնօրենի սպասումով» հոդվածում արծարծվել էին Արարատի մարզի Այգեստանի միջնակարգ դպրոցում իշխող, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ հարաբերությունները։ Մեր սկզբունքներին հավատարիմ` անկողմնակալ և հնարավորինս բարեկիրթ լուսաբանել էինք երևույթները, վերջնական գնահատականը թողնելով պատկան կառույցներին և ընթերցողին։
Սակայն դպրոցի տնօրենի պաշտոնակատար, կրոնի պատմության դասատու Վարսիկ Եղիազարյանին խիստ անհանգստացրել է մեր անաչառ քննադատությունը, որը վերաբերում էր և՛ իր, և՛ նախկին տնօրենի, և՛ մեկ-երկու մանկավարժի, վերջապես դպրոցի կառավարման խորհրդի գործունեությանը։
Եվ ահա թերթի լույսընծայման օրը, մայիսի 17-ին, տնօրենի պաշտոնակատարը ինքնաբացահայտվում է լիուլի։ Զանգահարելով տողերիս հեղինակին` լուտանքների և հերյուրանքների հեղեղ է թափում։ Նույն օրվա երեկոյան զանգը կրկնվում է։ Այս անգամ այդ չարաբաստիկ կրթօջախի տնօրենի աթոռին հավակնող «մեր սեփական թեկնածուի ինքնությունը» բացահայտելու նպատակով։ Ստիպված էի վերստին հասցնել Վարսիկ Եղիազարյանի գիտակցությանը, որ, առհասարակ, կնոջ (այն էլ չափ ու սահմանը կորցրած) հետ սովորություն չունեմ «մենամարտելու»։
Մայիսի 18-ին զանգահարեցին դպրոցից։ Պարզվեց` ինձ «դիպուկահարելուց» անմիջապես հետո տիկին պաշտոնակատարը զանգահարում է կրթօջախի հավաքարար, նաև բուֆետապան Ջուլիետային և հայհոյախառն սպառնալիքների հեղեղ թափում։ Չափը կորցրած պաշտոնակատարի երկրորդ զանգին պատասխանում է Ջուլիետայի մանկամարդ դուստրը։ Դարձյալ հայհոյանք և սպառնալիք։ Ի դեպ, այս հեռակա «լեզվամարտը» ձայնագրում է Ջուլիետայի դուստրը։ ՈՒշ երեկոյան գործին միանում է Վարսիկ Եղիազարյանի մայրը և լրացնում դստեր «բացթողումները»` Ջուլիետային ուղղելով անեծքների, բանսարկությունների, հայհոյանքների սեփական «թողարկումները»։
Այսպիսով, գործ ունենք արտառոց երևույթի հետ։ Եվ ավելի արտառոցն այստեղ Արարատի մարզի մարզպետարանի կրթության վարչության ակնհայտ կրավորական դիրքն է։ Ինչը խոսում է մեկ բանի մասին. Վարսիկ Եղիազարյանը բավականին ծանրակշիռ հովանավորներ ունի մարզպետարանում։
Ըստ մեր տեղեկությունների, երեկ` մայիսի 19-ին, Վարսիկ Եղիազարյանը տնօրենի պաշտոնում հաստատվելու քննությունը պետք է հանձներ ԿԳՆ-ում։ Հանձնե՞ց, թե՞ ոչ, կպարզվի այսօր կամ վաղը։ Մեր կարծիքով, սակայն, նա արդեն իսկ «բռնել է» քննությունը` ցանկացած կրթօջախից, առհասարակ, կրթությունից և մարդկանց հետ փոխառնչվելուց մղոններով հեռու մնալու, ինքնամեկուսացվելու քննությունը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ