«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՍՈՒՐԲ ԶՈՐԱՎՈՐ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ

ՍՈՒՐԲ ԶՈՐԱՎՈՐ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
03.05.2011 | 00:00

Երևան քաղաքի կենտրոնում, Բուզանդի և Պուշկինի փողոցների անկյունում, շենքերի մեջ ծվարած, գործում է երևանցիներին շատ սիրելի խոնարհ մի եկեղեցի` Սուրբ Զորավոր Աստվածածինը, որն իր համեստ արտաքինի ներքո պարփակում է դարերի խորքից եկած մեծ խորհուրդներ և եղելություններ, որոնց մասին, ցավոք, շատ քիչ բան է հայտնի մեր այսօրվա հանրությանը: Այս եկեղեցու տեղում ի սկզբանե մի փոքրիկ մատուռ է եղել` կառուցված Անանիա առաքյալի գերեզմանի վրա: Առաքել Դավրիժեցին վկայում է, որ դարեր առաջ այստեղ են բերվել և ամփոփվել Տիրոջ 72 աշակերտներից մեկի` սուրբ Անանիա առաքյալի նշխարները, որոնց վրա կառուցվել է մատուռ-դամբարան: Այն անվանվել է «Անանիայի դամբարան» և մեծ ուխտատեղի է դարձել, ապա դարեր անց վերածվել է նշանավոր մի Անապատի` կոչվելով «Անանիայի Անապատ»: Ի դեպ, նա «Գործք առաքելոցում» հիշատակված այն Անանիան է, ով բժշկեց Պողոսի աչքերը: Այս վայրը ոչ միայն եղել և մնում է Հայաստանի մեծագույն սրբատեղիներից մեկը, որտեղ դարեր շարունակ կենցաղավարել և գործել են մեր եկեղեցու մեծագույն այրերից շատերը` Մովսես Սյունեցի, Փիլիպոս Աղբակեցի, Մելիքսեթ Վժանեցի, Ոսկան Երևանցի, Սիմեոն Երևանցի և այլք, այլև հանդիսացել է դպրության և գրչության կարևորագույն կենտրոն:
15-րդ դարի կեսերից մինչև 17-րդ դարի սկիզբը, երբ ողջ Արևելքի համար «խավար դարեր էին, մշակութային և հոգևոր ճգնաժամ», կրկին հայ ազգը, Արևելքի մեջ առաջինը, արթնության և հարության նախաքայլն անելու պարծանքն ունեցավ, քանզի երկարատև, երկդարյա այդ խավարը Հայաստանում փարատելու համար Աստծու կամոք ասպարեզ եկավ վարդապետ Մովսես Սյունեցին, ով արժանապես կոչվեց «Մայր Աթոռի և արևելահայության զարթոնքի նախահայր»:
Բարեփառ այդ վարդապետը, ով հետագայում դարձավ Ամենայն հայոց կաթողիկոս, սրբակենցաղ և անսահման հավատքի տեր մի այր էր: Նա իր անձնուրաց հավատքի պատճառով անդադրում հալածանքների էր ենթարկվում Մելիքսեթ կաթողիկոսի կողմից, ուստի այդ հալածանքներից խուսափելու համար Էջմիածնից եկավ Երևան` Կարին գնալու համար: Սակայն Երևանում ծանոթացավ Ամիրգունա խանի հետ, որը հիացած նրա ախորժալուր և Աստծու շնորհներով լի խոսքով, խորհուրդ տվեց մնալ այդտեղ, վերանորոգել ժամանակին վայելուչ, բայց արդեն ավերված Անանիայի մատուռը և այդտեղից Աստծու խոսքը քարոզել ամենքին: Այդ մասին թախանձագին խնդրեցին նաև երևանցիները, որոնց նյութական աջակցությամբ էլ Մովսես վարդապետը Անանիայի մատուռի շրջապատում կառուցեց վանքային համալիր` բաղկացած եկեղեցուց, մատուռից, միաբանական խցերից, առաջնորդարանից: Ապա պարսպապատեց, միայնակյաց միաբանություն հավաքեց և վանական դպրոց հիմնեց, որն այնպիսի ծաղկուն վիճակի հասցրեց, որ նրա համբավը, ինչպես Դավրիժեցին է վկայում, «...հռչակեցաւ ընդ ծագս աշխարհի` ի Հռոմաստան, ի Վրաստան, ի Պարսկաստան, զի յամենայն աշխարհաց վաճառականք գային անդր և տեսանէին և զհամբաւն տանէին»: Այս դպրոցի հիմնադրմամբ Հայաստանում ոչ միայն վերելք ապրեց հոգևոր կյանքը, այլ նաև հայ մշակույթը: 17-րդ դարի Երևանը հայտնի էր որպես հայ գրչության կենտրոն, որում զգալի ներդրում ուներ Սբ. Անանիայի վանքի դպրոցը, որտեղ դասավանդվող առարկաների շարքում` աստվածաբանություն, գրչության արվեստ (բոլորգիր և նոտրգիր տեսակներով), քերականություն, հատկապես մեծ տեղ էր հատկացվում ձեռագրերի ընդօրինակման արվեստին: Արդյունքում, 17-րդ դարի 20-ական թթ., Մովսես Սյունեցու ծառայության շրջանում, վանքի պահոցները հարստանում են նոր գրված կամ ընդօրինակված բազմաթիվ նորանոր ձեռագրերով: Նրանցից մեկը` Քարոզգիրքը, 1623 թ. ընդօրինակել է հենց ինքը` Մովսես Տաթևացին: Սբ. Անանիայի վանքում ստեղծված ձեռագրերից հատկապես գիտական արժեք է ներկայացնում Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», որը 1633 թ. արտագրել է Մադաթիան: Ի դեպ, այդ ընդօրինակությունների մեծ մասն այսօր պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
Հայ մշակույթի պատմության մեջ անգնահատելի է նաև այս Անապատում գործած մյուս այրերի դերը: Օրինակ, Մելիքսեթ Վժանեցին, 15 տարի սովորելով արտաքին գիտություններ, դրանք 8 ամսվա ընթացքում փոխանցել է Սուրբ Անանիայի, Էջմիածնի և Հովհանավանքի միաբաններին: Դավրիժեցու պատմության ԾԷ գլուխը հետագայում ավելացվել է Վժանեցու աշակերտ Ոսկան Երևանցու կողմից` որպես լրացում Դավրիժեցուց հետո եղող դեպքերին: Այս գլխի հրապարակումով մեր մշակութային կյանքի պատմության մեջ ամրագրվում է տեսակետ, ըստ որի` Երևան քաղաքում 1631 թ. սկզբին երեք-չորս ամիս Սբ. Անանիա մենաստանում գործել է Մելիքսեթ վարդապետ Վժանեցու բացած դպրոցը, որտեղ իրականացվել է բացառապես բնական գիտությանը վերաբերող առարկաների` քերականության, փիլիսոփայության, տոմարագիտության դասավանդումը:
Ոսկան Երևանցու բերած այս հավաստիացումը միակ աղբյուրն է, որի միջոցով վավերացվում է Երևանում նման կարգի դպրոց լինելը, դպրոց, որի գոյությունը պետք է արժեքավոր և կարևոր ներդրում համարել Երևանի մշակութային պատմության մեջ:
Ոսկան Երևանցին նաև առաջին հայերեն տպագիր Աստվածաշնչի, ինչպես նաև 19 կտոր հոգևոր գրքերի հեղինակ է (1768 թ.): Իսկ Սիմեոն Երևանցի բազմաշխատ կաթողիկոսը, որը նույնպես այս Անապատում է ուսում ստացել, Հայաստանում հիմնադրել է առաջին տպարանը և թղթի գործարանը:
Հին Երևանի եկեղեցիներից ոչ մեկն այնքան վերակառուցումների չի ենթարկվել, որքան Զորավոր եկեղեցին: Ինչպես նշվեց, ի սկզբանե այստեղ եղել է Անանիայի մատուռը, որը հայտնի չէ, թե երբ է կառուցվել և երբ` ավերվել: Դավրիժեցու խոսքերից կարելի է եզրակացնել, որ այն հավանաբար կառուցվել է 12-13-րդ դդ., որի ավերակների տեղում 17-րդ դարի սկզբներին Մովսես Սյունեցի հայտնի վարդապետը կառուցել է վանքային համալիր, որը, սակայն, երկար կանգուն չի մնացել, քանզի, բացի Անանիայի քարակերտ մատուռից, բոլոր շինությունները փայտակերտ էին, ուստի և բոլորն այրվել ու ոչնչացել են 1635-1636 թթ. թուրք-պարսկական պատերազմի ժամանակ: Վանքի վերաշինությունը վերսկսվել է Մովսես Սյունեցու աշակերտ Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի օրոք, որը վերականգնել է բոլոր շինությունները` ժամատուն, սեղանատուն, խցեր և այլն: Բայց այս անգամ ոչ թե փայտից, այլ քարից: Սակայն Փիլիպոսի նորակառույց վանքին նույնպես վիճակված չէր երկար գոյատևել: 1679 թ. սոսկալի երկրաշարժի ժամանակ (ի դեպ, ստորգետնյա ցնցումները շարունակվել են շուրջ 4 ամիս) այն հիմնահատակ ավերվել է: Ցավոք, վանքում աղոթքի պահին իր հավատակից եղբայրների հետ փլատակների տակ զոհվել է նաև գիտնական և համբավավոր հռետոր Ստեփանոս վարդապետը` Գեղարդի (Այրիվանքի) վանահայրը:
ՈՒռհայեցի Նահապետ կաթողիկոսի օրոք (1691-1705) նույն տեղում, սակայն նոր հիմքի վրա, Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ կառուցվել է ներկա միջակ մեծությամբ Սբ. Աստվածածին եկեղեցին` վայելուչ գավիթով և զանգակատնով: Շինարարության ավարտից հետո գլխավոր մուտքի վրա տեղադրվել է մի հուշաքար, որը պատմում է եկեղեցու անվան և այն մասին, որ եկեղեցին կառուցվել է ի հիշատակ Խոջա Փանոսի նախնիների և սերունդների: Սակայն չնայած այս հուշաքարի առկայությանը` եկեղեցու կառուցապատման տարեթվի վերաբերյալ, այնուամենայնիվ, տարակարծություններ կան, քանի որ գաղտնագիրը գրեթե անընթեռնելի վիճակում է: ՈՒստի, կառուցման տարեթիվ համարվում է 1693-ը` հիմք ունենալով, հավանաբար, արևելյան նրբագեղ խաչքարի գրությունը:
Եկեղեցին նոր վերանորոգումների է ենթարկվել Ղուկաս կաթողիկոսի օրոք` 1793-ին: Գաբրիել հարյուրապետը նորոգել է տվել տաճարի խախտված տանիքը և իր վերանորոգության արձանագրությունը փորագրել տվել նույն արևմտյան դռան ձախ կողմում:
1889 թ. եկեղեցու հյուսիս-արևելյան անկյան մոտ կառուցվել է Սուրբ Անանիայի մատուռի նոր շենք, արևմտյան կողմից դեպի տապանատուն տանող սանդուղքներով: Առաքյալի գետնափոր դամբարանի մուտքն առաջ եղել է եկեղեցու միջից, 1890 թ. այդ գետնափոր դամբարանը զատվել է եկեղեցուց, նրա վրա շինվել է մի առանձին սիրուն կաթողիկե, և դրսից առանձին մուտք է բացվել:
Խորհրդային տարիներին տարբեր նպատակների ծառայեցվելուց հետո Սբ. Զորավոր եկեղեցին վերադարձվեց հավատացյալներին և դարձավ գործող: 1961 թ. Վազգեն Ա-ի ջանքերով սկսվեցին Սբ. Զորավոր եկեղեցու վերականգնման աշխատանքները, իսկ 1970-ական թվականներին Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռը, Արարատյան թեմի առաջնորդ Կոմիտաս արքեպիսկոպոսի օրոք, Սուրբ Զորավոր եկեղեցին հիմնական վերանորոգման ենթարկեց: Նորոգվեցին պատերի խարխլված հատվածները, կտուրի ծածկասալերը: Եկեղեցու ներսում արևմտյան կողմից երգչախմբի համար ավելացվեց վերնատուն: Նորոգման ենթարկվեց նաև Սուրբ Անանիայի մատուռը` կոնաձև վեղարով հանդերձ: Եկեղեցու հյուսիս-արևմտյան կողմում կառուցվեց երիցատան նոր շենք: Շրջապատը մաքրվեց կիսավեր դարձած շենքերից, հարավային և արևմտյան կողմի հարթակները սալարկվեցին քարով, իսկ Մայր Աթոռի ֆրանսահայ բարերար Սարգիս Պետրոսյանի նվիրատվությամբ Սբ. Զորավոր եկեղեցին հիմնական վերանորոգման ենթարկվեց ու շրջապատը բարեկարգվեց:
Այս եկեղեցին, որն այսօր Սբ. Զորավոր է կոչվում, ի սկզբանե Սբ. Աստվածածին անվանումն է ունեցել: Զորավոր անվանումը ստացել է ժողովրդի կողմից, որը, ի դեպ, տարբեր բացատրություններ ունի: Ոմանք նշում են, որ այս եկեղեցու «Զորավոր» անվանումը կապված է Սուրբ Անանիայի սրբասուն նշխարների հետ, քանզի նրանք իրենց մեջ կրել են սքանչելագործ զորություն: Այդ մասին եղած վկայություններից է վաղ շրջանի (1450 թ.) մի ձեռագիր, որի հիշատակարանում, որը թողել է գրիչ Հովհաննեսը, ասվում է, որ այն ընդօրինակվել է Երևանում, Անանիայի ամենազոր գերեզմանի հովանու ներքո:
Մյուսներն էլ պնդում են, որ այս անվանումը կապված է այդ եկեղեցում պահվող մի զորավոր Ավետարանի հետ: Համաձայն ավանդույթներից մեկի, որ գրի է առել Սբ. Ղազար կղզում Մխիթարյան միաբանության ճանաչված ուսումնասիրողներից Գ. Ինճիճյանը, թշնամական արշավանքների ժամանակ կողոպտվել է Սևանա կղզու վանքը: Գողացված արժեքների թվում է եղել նաև հրաշագործ (զորավոր) մի Ավետարան, որն ինչ-որ ձևով լիճն է ընկել: Լճից Զանգու (Հրազդան) գետի ջրով Ավետարանը հասել է մինչև Երևան և հայտնվել է աստվածապաշտ, հավատավոր մի կնոջ մոտ, ով և Սուրբ Գիրքը հանձնել է Սբ. Անանիայի վանքին: Այնտեղ Ավետարանը պահվել է մինչև 19-րդ դարի վերջը: Ցավոք, այսօր հայտնի չէ, թե որ Ավետարանի մասին է այս պատմությունը և թե որտեղ է գտնվում այն:
Ավետարանի հրաշագործ զորության նկատմամբ ունեցած հավատի ազդեցությամբ` ժողովուրդն առօրյա խոսակցության պահին, իր խոսքը հաստատելու նպատակով, երդվում էր «Զորավոր Ավետարանով»` երբեմն-երբեմն նաև եկեղեցին կոչելով «Սբ. Զորավոր»: Սակայն այս եկեղեցին Սբ. Զորավոր անվանումը վերջնական ստացել է 1835-ից հետո, երբ այստեղ վանական կյանքը դադարել է գոյատևելուց և եկեղեցին դարձել է Մարաղայից (Պարսկաստան) գաղթած և մոտակայքում ապրող հայերի ծխական աղոթատեղին: Այդ ժամանակներից սկսած էլ հետզհետե ընդհանրացել է ժողովրդի բերանում եկեղեցուն «Սբ. Զորավոր» ասելու սովորությունը: Մարաղացիների խոսակցության մեջ հաճախ լսվել են. «Էն սուրբ Զորավորը վկա, էն սուրբ Զորավորը գիտենա» խոսքերը, այսինքն` այդտեղ պահված զորավոր Սուրբ Ավետարանը վկա: Ծխական եկեղեցի դառնալուց առաջ, այն իբրև վանք, հայտնի է եղել իր իսկական անունով` «Սբ. Անանիա առաքյալի անապատ»:
Սուրբ Զորավոր եկեղեցին պատկանում է եռանավ բազիլիկների տիպին, անգմբեթ է: Արտաքուստ 11,7x18,0 մ չափսերի ուղղանկյուն պարագիծ ունեցող եկեղեցու աղոթասրահը զույգ մույթերի տեղադրությամբ բաժանված է երեք երկայնական մասերի` նավերի: Դրանք միմյանց և արտաքին պատերի հետ կապված են ջլապինդ կամարներով: Աղոթասրահի արևելյան կողմում ավագ խորանն է ավանդատներով` հարավային և հյուսիսային անկյուններում: Սկզբնապես եկեղեցին մուտք է ունեցել միայն արևմտյան կողմի եռակամար նախասրահից: Հարավային մուտքը և լուսամուտները բացվել են 19-րդ դարի վերջին: 1889 թ. եկեղեցու երեցփոխ Մ. Տ. Սարգսյանի ջանքերով և եկեղեցու արդյունքով բացվել են հարավային դուռը և լուսամուտները, շինվել է նոր խաչկալ, վերնատուն, վերանորոգվել են տանիքն ու պարիսպները և դրա արձանագրությունը փորագրվել է նորաբաց դռան վերին բարավորի վրա:
Եկեղեցու ներքին և արտաքին ճարտարապետությունը խիստ պարզ է: Աչքի է ընկնում հատկապես արևմտյան կողմի եռակամար նախասրահը` այն պսակող սյունազարդ կաթողիկեով հանդերձ: Արտաքին պատերի առանձին հարթություններում ագուցված են 17-րդ դարով թվագրված գեղաքանդակ խաչքարեր:
Երևանցիներին շատ սիրելի այս եկեղեցին այսօր էլ իր շուրջն է համախմբում բազմաթիվ հավատացյալների: Այն հատկապես կիրակնօրյա պատարագներին և Մայր եկեղեցու տաղավար տոներին միշտ լեփ-լեցուն է:
Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ