«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԽԱՂԸ ԿՅԱՆՔԻ ՄՈԴԵԼ Է, ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ»

«ԽԱՂԸ ԿՅԱՆՔԻ ՄՈԴԵԼ Է, ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ»
18.06.2010 | 00:00

Նորագույն տեխնոլոգիան, անսահմանափակ ինֆորմացիան, վիրտուալ կյանքը բնական, բայց, միևնույն ժամանակ, տագնապահարույց թեմաներ են:
Շատ երեխաներ հեռուստացույցի կամ համակարգչի առաջ են անցկացնում ժամանակի զգալի մասը: Կա կարծիք, որ համակարգիչը զարգացնում է երեխայի հիշողությունը, տրամաբանությունը։ Պարզվել է նաև, որ համակարգչով զբաղվող երեխաներն ավելի կայուն ներաշխարհ և արտահայտված ունակություններ ունեն: Բայց, մյուս կողմից, մեծանում է տեսողական, նյարդային, ողնաշարային մի շարք հիվանդությունների վտանգը: Հարկ է պահպանել չափի զգացումը, սակայն ծնողներին միշտ չէ, որ հաջողվում է վերահսկել իրավիճակը: Բժիշկները տեսախաղերի հակումը ներառել են պաշտոնապես ախտորոշվող մտավոր խանգարումների ցանկում: Ամերիկայի բժշկական ընկերակցության փորձագետների կարծիքով` կախվածությունը սպառնում է յուրաքանչյուրին, ով տեսախաղերի վրա ծախսում է օրական երկու ժամից ավելի: Այսպիսի կախվածություն ունեցողներին բուժում են այնպես, ինչպես հարբեցողներին, թմրամոլներին: Պակաս վտանգավոր չեն մուլտիպլիկացիոն կինոնկարները: Ըստ հետազոտությունների` երկար ժամանակ մուլտֆիլմեր դիտող երեխաների մեջ նկատելի է աորտային ճնշման բարձրացում, նման արդյունքներ չեն գրանցվել նույնիսկ համակարգչային խաղերով տարված երեխաների մոտ:
Բռնություն, պոռնոգրաֆիա, միասեռամոլություն, ագրեսիա, այս և նման երևույթները թաքնված կերպով սերմանվում են երեխաների մեջ շատ հայտնի ու սիրված, անվտանգ թվացող մուլտերի, խաղերի միջոցով: «Խաղը բնական երևույթ է, կարելի է ասել` խաղը կյանքի մոդել է, որի միջոցով երեխաները ճանաչում են աշխարհը,- ասում է հոգեբույժ, հոգեվերլուծող ԱՐԱ ՉԱԼԻԿՅԱՆԸ։- Հարցն այն է` ի՞նչ խաղեր է նախընտրում երեխան և օրական քանի՞ ժամ է անցկացնում մոնիտորի առաջ»:
Թեմայի շուրջ ներկայացնում ենք Արա Չալիկյանի պարզաբանումները:
Խաղի միջոցով մարդը սովորում է հաշվի առնել կյանքում առկա կանոնները, իմանալ նաև, որ լինում են դեպքեր, երբ կանոններից շեղվում ենք: Խաղը հոգեբանական կարևոր նշանակություն ունի, մարդը սովորում է ավելի հեշտությամբ հարմարվել իրականությանը, և պարտության դեպքում չի կորցնում կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, նյութական միջոցները կամ առողջությունը: Ինտերնետով արտարժույթի կուրսի տատանմանը հետևելով, մարդը կարող է վիրտուալ առք ու վաճառք կատարել, «շահում» է, թե «տուժում»` ոչինչ չի կորցնում, բայց սովորում է, հետո արդեն կարող է իրականում կիրառել ձեռք բերած վիրտուալ հմտությունը: Խորհրդային հոգեբանները սպորտսմենների շրջանում կատարել են մի այսպիսի փորձ. նրանց օգնում էին օպտիմալ մարտական վիճակի մեջ մտնել: Օրինակ, հրաձիգը մտովի պատկերացնում է, թե որ ձեռքն է վերցրել ատրճանակը կամ հրացանը, պատկերացնում է թիրախները, ձեռքի շարժումը, ատրճանակի ծանրությունը և, նշան բռնելուց հետո, կրակում է: Այս մարզումներից հետո, երբ սկսում է կրակել ռեալ կյանքում, անհամեմատ բարձր ցուցանիշներ է ցույց տալիս: Հետո նորից կրկնում է մտավարժանքն ու մտովի շտկում այն սխալները, որոնք եղել են իրականում: Մեկ ու կես ամիս պարապելուց հետո հրաձիգները դարձել էին սպորտի վարպետներ, հոգեբանն ինքն էլ նույն մեթոդով հասել էր սպորտի վարպետի աստիճանի: Սա չպետք է շփոթել մեդիտացիայի հետ, մեդիտացիան զուտ կենտրոնացում է, այստեղ կենտրոնացումն ուղղված է հատուկ ստեղծված պատկերի վրա, և այդ պատկերը դինամիկ է: Ամերիկացիները փորձ էին կատարել` երեք խմբերի նախապատրաստելով բասկետբոլի մարզումների: Մի խումբը ոչինչ չի անում, մյուս խումբն օրական մեկ ժամ մարզվում է, երրորդ խումբը մարզվում է մտովի: Մեկ շաբաթ պարապելուց հետո երեք խմբերին հրավիրում են դահլիճ: Բնական է, որ ամենացածր արդյունքները նրանցն են, ովքեր ոչինչ չեն անում: Մարզադահլիճում և մտովի մարզվող խմբերը նույն արդյունքներն են ցույց տալիս: Այսինքն, մտովի մարզումները չեն զիջում ֆիզիկական մարզումներին, որոշ առումներով նույնիսկ գերազանցում են, որովհետև ֆիզիկական մարզման ժամանակ մարդը հոգնում է, իսկ մտովի մարզվելով` անում է միայն անհրաժեշտ գործողություններ: Սա բնական երևույթ է, որ երեխաները կիրառում են խաղի ժամանակ: Ասենք, որևէ առարկա դնում են հեռվում ու քարերով խփում. երեխան քարը միանգամից չի նետում, նշան է բռնում, ձեռքը տատանում օդի մեջ, շարժումների ժամանակ զգում քարի մեծությունը, ձեռքի մկանային շարժումների դինամիկան, նույնիսկ ենթագիտակցորեն, եթե քամի կա, զգում է քամու ուժգնությունը, այդ բոլորը հաշվարկում է և անհամեմատ դիպուկ է խփում, քան եթե միանգամից նետեր քարը: Տուն-տունիկ, դպրոց-դպրոց խաղալով` երեխաները սկսում են պատրաստվել սպասվող մի իրադարձության: Մեծերը, ցավոք, այդ մասին մոռանում են. ամուսնանալուց առաջ, եթե մի լավ ամուսնություն խաղային, վատ չէր լինի: Մյուս կողմից` կա նշանդրեքի ավանդույթ, որը, կարծես, փոքր ամուսնություն լինի, մտովի պատկերացնում են համատեղ կյանքը, միանգամից չեն ամուսնանում, որ անակնկալի չգան: Դա էլ ինչ-որ տեղ խաղ է: Այսինքն, խաղերն ամենուր են, և խաղի ժամանակ մարդը շատ անգամ բացահայտում է իր ենթագիտակցության խորքային շերտերը:
Խաղը, իբրև միջոց, կարող է կիրառվել և՛ դրական, և՛ բացասական նպատակներով, նույնը կարելի է ասել հեռուստահաղորդումների, ֆիլմերի մասին: Եթե ծնողը տեղյակ չէ, թե երեխան ինչ է դիտում կամ ինչ խաղ է խաղում, կարելի է ասել` երեխան մատնված է «անտերության»: Երեխան չունի ընտրելու հնարավորություն, չգիտի` ինչ տարրեր են պարունակում հաղորդումը կամ համակարգչային խաղը, մտածում է, որ եթե սա ազատ է, մատչելի, ուրեմն, արգելված չէ: Չէ՞ որ մեծերը վստահում են հեռուստացույցին: Վերջում կամ ընթացքում գուցե երևա` ուր է տանում տվյալ խաղը, բայց երեխան արդեն մտել է դրա մեջ ու եթե մի օր սադիստական վարքագիծ դրսևորի, ծնողը կասի` մեր տանը նման բան չի տեսել: Հեռուստատեսությունը զանգվածային ազդեցության միջոց է, գովազդը, հաղորդումները, ֆիլմերը որոշակի արժեքներ են սերմանում: Որոշ տեղեկությունների համաձայն` ԱՄՆ-ի նախագահի երկու աղջիկներին թույլ է տրվում հեռուստացույց նայել շաբաթական երկու ժամ: Ես համամիտ եմ, ավելին նայելը վնասակար է: Տարբեր հաղորդումներ տարբեր տարիքի, արժեհամակարգի, խավի մարդկանց համար են, երբ հերթով նայում ես, նույնն է, թե անհրաժեշտ ուտեստից բացի, սնվես ինչով պատահի։ Պետք է չափավորել այդ ամենը, որ երեխայի հոգեկան աշխարհը չծանրաբեռնվի, չլցվի տարբեր տեսակի հոգեբանական աղբով:
Կա կարծիք, որ համակարգչային խաղերը, սոցիալական ցանցերը կախվածություն են առաջացնում: Խաղից կախվածություն չի առաջանում, ավելի շուտ` կախվածությունն արտահայտվում է նաև խաղերի միջոցով: Մարդը կարող է կախված լինել թմրանյութից, ալկոհոլից: Երեխաները կախվածություն ունենում են բակում խաղալուց, ծնողները մեծ դժվարությամբ են նրանց դրսից տուն բերում: ՈՒրեմն մեղավորը բա՞կն է: Եթե խաղը չլիներ, թզբեհը կպտտեիր ձեռքերիդ մեջ, ուրիշ շարժումներ կանեիր, այսինքն, դրանք կպչուն վիճակներ են, որ առաջանում են մարդու հոգու խորքում թաքնված ներանձնային կոնֆլիկտներից:
Պետք է տարբերակված մոտեցում ցույց տալ. որոշ ծնողներ ձգտում են, որ երեխան մեծանա հնարավորինս քիչ հոգսեր պատճառելով: Տվյալ դեպքում ավելի հեշտ է ասել, որ համակարգչային խաղերը վատ ազդեցություն ունեն: Ծնողը պետք է իմանա` ինչ է նայում երեխան, ինչ հաճախականությամբ, և ինչպես կանդրադառնա տվյալ հաղորդումը կամ խաղը երեխայի հոգեբանության վրա: Համացանցի միջոցով մարդիկ շփվում են, աշխատում, խաղում, օրինակ, խաղերի միջոցով այգի են ջրում, ինչը սովորեցնում է բույսերի խնամք, տուն են կառուցում և այլն: Այս ամենը չի կտրում մարդուն իրականությունից, ինչպես ընդունված է ասել: Ես կասեի` մոդելավորում է իրականությունը: Ասենք, բիզնես ծրագիր ես կազմում համակարգչով, կարող ես նաև նկարներ տեղադրել, դարձնել դրանք շարժական, որ տեսնես` ինչ պետք է անել այս կամ այն փուլում: Ստացվում է` խաղ ես խաղում, մի՞թե դա վատ է: Շատ խոշոր ֆիրմաներ խաղում են բիզնես-խաղեր, որոնց ընթացքում հմտություններ են մշակում, վաճառքի արվեստ: Երբ լայն առումով նայում ես, թվում է` կտրվում ես իրականությունից, բայց աշխարհն այսօր սա է: Թե որքանով է լավ կամ վատ տեխնիկայի զարգացման ազդեցությունը մարդու կյանքի, մարդկային փոխհարաբերությունների վրա, արդեն այլ թեմա է: Եթե հատուկ ծրագրով տարածվում են վատ ֆիլմեր, խաղեր, մենք էլ կարող ենք զգուշանալ, հրահանգել լավերը: Պայքարը երկրների, մշակույթների միջև երբեք չի վերանում, հիմա էլ տեխնոլոգիաների պատերազմ է, եթե պատրաստ չենք դրան` միջոցներն ի՞նչ մեղավոր են: Մեղքը համակարգչի կամ այլ նորամուծությունների վրա բարդելն ավելի հաճախ բնորոշ է թերզարգացած երկրներին, իսկ առաջատարներն օգտվում են այդ միջոցներից:
Պատրաստեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 9249

Մեկնաբանություններ