«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՃԵՐՄԱԿ ԵՂԵՌՆ, ՆԵԽԱԾ ՀԱՍԿԵՐ

ՃԵՐՄԱԿ ԵՂԵՌՆ, ՆԵԽԱԾ ՀԱՍԿԵՐ
22.04.2011 | 00:00

(ո՞րն է բաբո, մեր հայրենիք)
«Այն, որ 10-րդ դարում կործանվեցին Վասպուրականի թագավորությունը, Անին, պայմանավորված էր ոչ միայն սելջուկների տեղաշարժով դեպի մեր կողմերը, ոչ միայն Բյուզանդիայի` Հայաստանը նվաճելու ձգտումով, այլև, առավելապես այն հանգամանքով, որ հայերի մեջ էր նստած կորստյան գաղափարը, հայերն իրենք էին պատրաստ դրան»։
Վահագն ԳՐԻԳՈՐՅԱՆ, արձակագիր
ՕԺԱՆԴԱԿ ԴՊՐՈՑԻ ԱՆԱՐԳԱՆՔԻ ՍՅՈՒՆԸ
(խեղկատակությունների գարնանային ծփանքը)

Չէ, ինչ ուզում ես ասա, որքան էլ կամենամ բողոքել, անվանարկել և, վերջապես, անարգանքի սյունին գամել` մեր նորանկախ իշխանապետերի և բդեշխա-պետիկների գերագույն նորանկախ նպատակը հայ հանրությանը (իմա` շարքային քաղաքացիներին) բարոյահոգևոր թերապիայի ենթարկելն է։ Ինչպես արվում էր խորհրդային տարիների օժանդակ կրթօջախներում։ Ցավալի ու դառն էին կրթօջախների սաների անցյալն ու ներկան, անհույս` ապագան։ Բնության խեղկատակությունն էր, թե այլ բան, դժվար է ասել։ Մտավոր և ֆիզիկական արատները պահանջում էին հատուկ ուշադրություն, յուրահատուկ խնամք։ Եվ, անշուշտ, մեկուսացում հանրությունից։ Հասկանալի է` օժանդակ այս կրթարանների մանկավարժների աշխատավարձը գերազանցում էր հանրակրթական դպրոցների ուսուցիչների վարձավճարը։ Միանգամայն ընդունելի, բնականաբար, հարգելի պատճառներով։
Եվ ահա վերոնշյալն ամրապնդվեց լճիցլճյան իմ ներաշխարհում, երբ օրերս Ավան վարչական շրջան ինքնագործուղվեցի ՀՀ վրդովված քաղաքացի տիար Ջոն Մանուկյանի ահազանգով։ Վրդովվելու և ահազանգելու առիթը որքան առօրեական է, նույնքան էլ` արտառոց։ Իր մարտահրավերային համառությամբ։ Սակայն բանը, անկասկած, հերթական ապօրինության քայլարշավը չէ։ Ավելի խորքային ու վտանգավոր մի բան կա, որ արժանի է քննարկման։ Հակառակ պարագայում իսկապես հանրային բարոյականության ցուցիչ անարգանքի սյուները զորասյուն կկազմեն երկրով և մայրաքաղաքով մեկ։ Եվ ամենազարհուրելին` կդառնա սովոր ու... սիրելի։ Զի պայքարն այս դեպքում հողմաղացների դեմ չէ։
Պայքար է ընթանում «ընդամենը» պարզելու` մեր ինքնությունը, գիտակցությունն ու ապագայի նկատմամբ հավատը նման բիրտ ճանապարհով ոտնահարող իշխանական առանձին ուժակենտրոններն արդյոք վերջնագիր են ներկայացրել և հիմնավորո՞ւմ են համապետական օժանդակ դպրոցի գաղափարը։ Դպրոց, ուր, հասկանալի է` վարժապետներն ու տեսուչներն ուժակենտրոններ են, սաները, բնականաբար, մենք` այս դաժանորեն առկախված հանրա... ո՛չ, ո՛չ պետության, հանրախենթության քաղաքացի հորջորջվող սպառող-ընտրողներս։
Ավանի «առեղծվածը»։ Կենտրոնական փողոցում, թաղապետարանից ափաչափ հեռու, կանաչագեղ պարտեզ էր, երկհարկ շենքի առջև։ Շենքը սպասարկում է Ավանի ողջ բնակչությանը։ Առաջին հարկում «Հայփոստի» բաժանմունքն է։ Երկրորդում` «ՎՏԲ-Հայաստան» բանկի տեղական ներկայացուցչությունը։
Տարածքում կառուցվող բետոնակուռ շինության ազդագիրը հայտարարում է, որ այստեղ կառուցվում է հասարակական նշանակության օբյեկտ` ամենայն հավանականությամբ որևէ վաճառատուն։ Որն ի սկզբանե հակահասարակական է, ապօրինի և անբարո։ Փոստի և բանկի ծառայողներն այսուհետ զօր ու գիշեր զրկվում են արևի լույսից։ Այցելուները պետք է շրջանցեն նորակառույցը։ Եվ «մթության քողի տակ» կնքեն գործարքները։
Այսպիսով անդամահատվել է մայրաքաղաքի «կանաչ թոքերից» մի հատված ևս։ Բայց ինչպե՞ս են նման «քաղաքաշինական խեղկատակություններն» ի հայտ գալիս։
Բացահայտորեն պահպանելով խաղի վարչաօլիգարխիկ կանոնները։
Եվ ահա գործարարը տեղազննում ու հայտնաբերում է սեփական աչքի քունը փախցնող, գործամոլ յուր հոգու անդորրը խախտող տարածքը։
Դիմում է վարչական շրջանի ղեկավարին։ (Ղեկավարն ու ճարտարապետը սրտից թույլ են և չեն կարող դիմակայել գործամոլի սրտակեղեք գրոհներին)։
Տալիս-առնում են շրջանի գլխավոր ճարտարապետի հետ։
Առաջին բաղձալի շրջափուլն է` հանրային սեփականություն հանդիսացող կանաչ տարածքի մասնավորեցման մրցույթ է հայտարարվում քաղաքապետարանում։
Տասնյակ կնիքներ ու դրոշմներ, ստորագրություններ և վարչական այլ վավերագրեր կանաչ ճանապարհ են հարթում կանաչապատ տարածքի ահաբեկչի առջև։
Մեծագույն սիրով ընդունում ենք, որ այդ գործարքում մեկ դրամ ստվերային գումար անգամ շրջանառության մեջ չի դրվել։ Պարզապես վարչական շրջանի ղեկավար Ջավադյանն ու գլխավոր ճարտարապետ Վարդապետյանը բնույթով պետականամետ-առաջընթացային են և գործամոլի խնդրանքը ոչ մի կերպ մերժել չէին կարող։
Գործամոլը մրցույթի «բարաթը» ծոցագրպանում սուրում է քաղաքապետարան։ Զի միայն և միայն քաղաքամայր Երևանի քաղաքապետն է իրավասու օրինական կամ ապօրինի ճանաչելու շինարարության անցկացման մրցույթը։
Այս դեպքում քաղաքապետը գործնականում հիմնավորում է, որ ինքը ոչ պակաս նախանձախնդիր է եռանդուն քաղաքացու գործարար ջանքերը խրախուսելիս։
Եվ Ավան վարչական շրջանի ամենաբարձր կետից թքած, թե խրախուսում է ակնհայտ ապօրինի գործարքը և թիկունք կանգնում Ջավադյան-Վարդապետյան տանդեմի հակահանրային, հակաօրինական, հակապետական գործարքին։
Իսկ տասնյակ հազարավոր բնակիչների բողո՞քը։ Դե, ոչինչ, մեր ժողովուրդը թրծվել է հակաօրինականության հնոցում և էս մի աղբակույտի գարշահոտին էլ կվարժվի։
Ի դեպ, փորձեցի տիար Վարդապետյանից տեղեկանալ, թե քաղաքաշինական, ճարտարապետական և ուղղակի տարրական բանականության տեսանկյունից արդյոք իր բարձր դիրքը չի՞ չարաշահել քաղաքապետը` մրցույթը թույլատրելով։
Պատասխանը ցնցակաթվածային էր։ Վարդապետյանը գիմնազիստի անխարդախ անկեղծությամբ հայտարարեց. ինքը բարոյական, պաշտոնական, հումանիտար, նաև ճարտարապետական տեսանկյունից իրավասու չէ քննարկելու մայրաքաղաք Երևանի քաղաքագլխի որոշումը։ Քանի դեռ... այս շենքում է գտնվում։ Շնորհակալ եմ, եղբայր իմ պատվարժան, գերանկեղծ ինքնախոստովանանքի համար։ Զի քողազերծեցիր ապօրինությունների բուն բնույթը։ Որպես ՀՀ քաղաքացի, ընտանիքի հայր, դիպլոմավոր ճարտարապետ և նախանձախնդիր քաղաքաշինարար, հանրապետության պաշտոնատար ճարտարապետները գրասենյակներում հայիլ-մայիլ են լինում սեփական աջով կերտած ապօրինությունից, փողոցով շրջելիս 360 աստիճան շրջադարձվում են և անարգանքի սյունին գամում գործարար-նախաձեռնողին, վարչական շրջանի ղեկավարին և... գլխավոր ճարտարապետին։ Այսինքն` իրենք իրենց։ Այո՜։
Ի դեպ, Ավան համայնքի այս խեղկատակության մրցույթը թույլատրել է ո՞վ, ըստ ձեզ, Գագիկ Բեգլարյա՞նը։ Ո՛չ։ Բնա՛վ։ Ամենևին։ Բետոնակուռ շինվածքին կից փակցված հայտարարագրի տակ Կարեն Կարապետյանի «դրայվային» ստորագրությունն է։
Այսպիսով անարգանքի հանրային ընդվզման սյուներ են շարակարգվում Ավան համայնքի կենտրոնական փողոցի երկայնքով։
Գլխավոր սյունը` ի պատիվ քաղաքապետի։ Հաջորդներն ըստ զանցանքի թանձրության. Ջավադյանի, Վարդապետյանի, «Հայփոստի» և «ՎՏԲ-Հայաստանի» կառավարիչների (նրանց` հնազանդ համակերպման համար), գործամոլ Վաղոյի կամ Սքեի (անունները, իհարկե, պայմանական են)։ Նաև ապօրինության հարևանությամբ երանավետ հանգրվանած վարչական շրջանի ոստիկանության։
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲԱՐԻՔՆ ՈՒ ՉԱՐԻՔԸ
(սահանկումներ` լպրծուն դաշտում)

Հասկանալի է, երկիրը կեղեքվում էր պարտադրված պատերազմի, մամլիչային շրջափակման և իշխանական վայելքներից վայրագացած անկախական չինովնիկության մագիլներում, և ինչ-որ առումով հասկանալի էին բարեգործական ճաշարանների, ոսպի և լոբու, ժամկետանց հագուստի և նախընտրական ասֆալտի գերակայությունները մեր հանրային կյանքում։
Սակայն վաղո՜ւց ի վեր ազատական տնտեսակարգը հիմնավորել է իր գոյության անխուսափելիությունը։
Վաղո՜ւց ի վեր մեր իրականության անքակտելի մասն են համաշխարհային չափորոշիչների մենաշնորհատեր գերհարուստները, ամենատոտալիտար համակարգին անգամ երեք մատի կոմբինացիաներ հրամցնող ազգային-նորանկախ չինովնիկական դասը, ի վերջո` մեր անկախ վարքն ու ազատական բարքերը։
Սակայն օժանդակ դպրոցն իր օրինաչափություններով է ապրում, իր բարոյագեղագիտական կանոնակարգով։
Եվ ահա բարեգործական ձեռնարկների անվերջ-անխաթար մրցավազք է։
Օրնիբուն հեռուստաէկրաններին երևակվում են բազմացավ, թշվառության խորխորատներում դեգերող սովալլուկ ընտանիքներ, վիրահատման հույժ անհրաժեշտությամբ տառապող ազատամարտիկներ, ատամնազուրկ ալեհերներ և, առհասարակ, քարից հաց քամող հայության հայրենաբնակ հատվածի ամենատարբեր «ցոլարձակումներ»։ Եվ ահա փորձում ես դատել-բաղդատել բանական-բարոյականի միջակայքում։ Եվ փորձում ես ըմբռնել` որտեղ են տեղական իշխանության մարմինները, մարզպետարաններն ու գյուղապետարանները, զանազան տեղական հիմնադրամներն իրենց ոչ այնքան նվազ գանձարաններով, որ մենաշնորհատերերն են սերիալների միջակայքում տոգորվում բարեսիրական ավյունով և բան ու գործը թողած սլանում լեռնային կամ հարթավայրային այսինչ գյուղի ծայրամասում տեղակայված խրճիթն ու փրկօղակներ ագուցում ընտանիքների ավագների պարանոցին։ ՈՒ այս ամենը, անշուշտ, հեռուստաէկրանների բորբ ուշադրության ներքո։ Երբեմն ուղղակի ապշում ես, թե երբ է հասցնում ծառայական պարտականություններն իրականացնել ահա այն նշանավոր բարեգործը, եթե շաբաթվա յոթ օրերին այս ու այն սահմանամերձ խրճիթում է, այն ու այս վթարային գրադարանում... Բայց ասված է ի վերուստ` աջը պիտի չիմանա, թե ինչ է անում ձախը։
Այսինքն` բարեգործությունը երբևէ չպետք է դառնա շահարկումների առարկա։ Այնինչ անսկիզբ-անվերջ շահարկում են, չարաշահում, քաղաքական ու տնտեսական շահաբաժին գրպանում (առջևում ընտրություններն են)։
Անշուշտ` ամենը ստվերային գրպանումների հաշվին։ Սակայն գուցե, իսկապես, ժամանա՞կն է կերտելու օրենքներ իրական բարեգործության և շահեկան մեկենասության մասին։
Ամենից արտառոցն իշխանահլու հեռուստաէկրանի վարքագիծն է։ Ասենք, եթե իշխանահլու են (մի բան, որ պատմաքաղաքական ճշմարտություն է), այլ բան սպասել չի կարելի։ Այսուհանդերձ ստանձնենք հուշարարի ոչ շնորհակալ դերն ու հիշեցնենք, որ մենաշնորհատեր-բարեգործի հետքերով երկրի լայնքն ու երկայնքը հերկելու փոխարեն արժե նաև լուսաբանել այն արտառոցն ու հանցավորը, որոնք իրականացվում են դաժան հետևողականությամբ, ի հակադրում երկրի նախագահի իսկապես պետականակերտ գործողությունների։ Ասենք, ուշադրության կենտրոնում պահել քաղաք Արմավիրը, վարչական շրջաններ Քանաքեռ-Զեյթունը, նաև Ավանը... ու շատ այլ հակապետական ձեռնարկումներ։
ՄԵՐ ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ
(լրջախոհ վերջաբան)

Երկու օր անց` համազգային այց Հուշաբլուր։
Մեծ եղեռնի անմեղ զոհերի սուրբ հիշատակի հերթական խնկարկումն է։
Երկրի նախագահն ու այլևայլ կառավարիչներն առաջին այցելուներն են։ Եվ պատվավոր խնկարկուները։ Սակայն ժամանակը չէ՞, որ հենց ապրիլի 24-ին նրանցից յուրաքանչյուրն իր հոգու խորխորատները խորասուզվի և փորձի դատել իր և իր երկրի անցած ճանապարհը։ Լայնքով ու երկայնքով, անաչառ և լրջախոհ։ Երրորդ հանրապետությունը լայնքով կառուցվում է, երկայնքով ականապատվում։
Ինչ ասես, որ չարժե երիտասարդ գիտնականներին, այնուհետև, ստեղծագործական միությունների անդամներին բնակարաններ հատկացնելը։ Արտոնյալ պայմաններով։ Եվ ծրագիրը ծավալվում է հանրապետության մարզերում։ Սա պետականաշինություն է։
Սակայն զուգահեռ ընթացքի մեջ է...
Չանդրադառնանք ևս մեկ-երկու-երեք ստորակարգ դեպքերի, դեմքերի, դիպվածների։ Սրանցով մեր առօրյան գերհագեցած է։
Եվ, այնուամենայնիվ, հարցը վերաճում է գերխնդրի` ո՞րն է բաբո, մեր հայրենիք։
Արտոնյալ պայմաններ ազգի ու պետականության ողնուղեղը ձևակերպող գիտության, մշակույթի, արվեստի մշակների համար (սպասելի է ԳԱԱ աշխատակիցների աշխատավարձի «մերձեցումը» չինովնիկականին), և արտոնյալ խավի ցուցադրյալ ցոփությունը գրեթե ամենուր, գրեթե յուրաքանչյուր հաստաքսակի և քաղաքական բոսի ձեռամբ։
Արգո նախագահ, որքան քաջալերիչ ու հմայիչ, նույնքան էլ անհեռանկար-անհույս է աղվեսին վերակացու կարգելը ճտանոցում, գայլին` փարախում, արցախյան ազատամարտի հերոսական օրերին մոլեսմխուն կապիտալ կուտակած սինլքորներին էլ` պետական լծակներ ընձեռելը։
Այսպիսով երկրի նախագահը զբաղված է պետականաշինությամբ։
Այսպիսով, սակայն, նրա քաղաքական, վարչական, տնտեսական միջավայրը հիմնականում զբաղվում է նրա ծրագրերը սահանկելով։
Սակայն ամեն բան անհուսալիորեն կորած չէ։ Երկու օր անց սրբազան խնկարկման և ոգեկոչման հերթական առիթն է։
Եվ վերընթերցեք հոդվածի նախաբանը, արդյոք այսօր էլ մեր սերնդի մեջ չի՞ ամրակայվում կորստյան գաղափարը։
Երկրի, անկախ-ազգային պետականության կորստյան գաղափարը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ