ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հայաստանի Հանրապետության վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության  վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
26.07.2013 | 00:30

Պարոն վարչապետ
Նախ չեմ ակնկալում Ձեր գոհունակությունը սույն նամակիս փաստով առ այն, որ իշխանությունների հանդեպ համազգային մերժողականության պայմաններում գրելով Ձեզ, ըստ էության, միանշանակորեն չեմ ընդդիմանում գործող վարչակարգին։ Դա այդքան էլ այդպես չէ։ Ցանկացած իշխանություն, ընդ որում նաև Դուք, մնայուն չեք, մինչդեռ հայրենիքն ու ժողովուրդն են մնայուն և, որպես կանոն, նրանց առողջ շարունակականության խթանիչը համարվում է նրանց անվտանգությունը։ Եվ հենց սա է գրելուս պատճառը, ներկայացնելու համար մի քանի բացասական իրողություններ, որոնք սահմանվում են արդարադատության նախարար Հ. Թովմասյանի և նրա ապազգային ու կրիմինալ կորպորատիվ գործունեության սկզբունքներում։
Հարկ է փաստագրել, որ ազատազրկումն ինքնին արդեն ծանր պատիժ է, որի մասին կալանք չտեսած մարդը երբևիցե կարծիք չի կարող ձևավորել։ Եվ հատկապես բանտային փակ կալանքը, որը նշանակում է «ապրել» մի փոքրիկ խցում միշտ միևնույն 4-6 խցակիցների հետ, որոնք հաճախ գաղափարապես և աշխարհայացքով, կեցությամբ ու տեսակով խիստ տարբեր են միմյանցից։ Ապա փորձեք փակվել Ձեր նախընտրած որևէ սենյակում, թեկուզ Ձեր ամենասիրելի ու հարազատ մարդկանց հետ, օրինակ, 1 շաբաթով, և փորձեք պատկերացնել` այդպես 20 տարի շարունակ ի՞նչ է նշանակում։
Մինչ այսօր ոչ մի պետական կամ հասարակական կազմակերպություն իրականում չի տիրապետում, թե ինչ պայմաններում և ինչ ռեժիմային սկզբունքներով են պահվում դատապարտյալները, որոնց նկատմամբ մահապատիժը իբր մարդկային բարձր համոզմունքների հիմամբ չի իրականացվել։ Մինչդեռ ցմահների 30 %-ից ավելին սպանվել է միջնադարյան մեթոդներով, իսկ մնացյալ 60 %-ից ավելին շարունակում է սպանվել արդեն ժամանակակից նորագույն մեթոդներով։
Դատապարտյալի տաժանակրության ողջ ծանրությունը ոչ այնքան ազատազրկման դժվարության և դրա անվերջանալի շարունակականության մեջ է, որքան այն բանի, որ դա հարկադիր է, անարդար, պարտադիր, բռնի ու մահակի սպառնալիքի տակ։ Ազատության մեջ շատ ավելի դժվարություններ և սպառնալիքներ կան, սակայն մարդը պայքարում է իր, իր ընտանիքի և իր հայրենիքի համար, բանական, խելամիտ նպատակով, և դա նրա համար ավելի հեշտ է, քան պայքարի նպատակից ու իրավունքից բռնորեն զրկված և ստիպողաբար ազատազրկված, միանգամայն անօգուտ ու իմաստազուրկ դատապարտյալի համար։ Եվ եթե հարկ է ճզմել, կոտրել և ոչնչացնել նրան, ապա բավական է նրա գոյությանը, կեցությանը տալ լիակատար անօգուտ և անիմաստ բնույթ, և դատապարտյալը մի քանի օրից կկախվի կամ կստանա հոգեկան խանգարում, կամ էլ կդիմի փախուստի փորձի, որպեսզի ազատվի այդ ճնշումից։ Նման ֆիզիկական և հոգեկան մաշումը մարդատյաց ռեժիմի և պարադոքսալ օրենքների կիրառման հետևանք է, որը, գործադրվելով դատապարտյալների վրա, նախ առաջացնում է հոգեֆիզիոլոգիական գերլարվածություն, որն էլ հանգեցնում է գիտակցության ջլատվածության, ինչն էլ խոչընդոտում է իմաստավորված որոշումներ ընդունելուն։
Մինչդեռ հարվածներից և խեղումներից զերծ չէ նաև բանտերի կամ գաղութ-հիմնարկների ադմինիստրացիան, որը կիրառում և իրականացնում է դատապարտյալների քչացման ու ոչնչացման մեթոդները։ Վերջիններիս վրա կիրառվող օրենք-տեխնոլոգիաներն ու վերահսկիչ-մեթոդները պարտադրում են ոչ միայն սպայի արժանապատվության իսպառ ոչնչացում, այլև անդառնալի մանկուրտացում։ Սրանց գաղափարափիլիսոփայական հենքը սահմանվում է` «Ով է՛շ, մենք վրան փալան» ստրկամտության վերջին ճիչով։ Հին դարերում ասպատակված երկրի անչափահասներին գերեվարելով ածիլում էին գլուխները, նոր մորթված անասունի տաք կաշին ագուցելով գլխներին` գամում էին ցցին կիզիչ արևի տակ։ Հակառակ ուղղությամբ մազաճի արդյունքում գլխուղեղի թաղանթն օտարվելով` մարդկային միտքն ու բանականությունը պատվում էր անթափանց մշուշով։ Մանկուրտն այլևս մեկ աշխարհ ուներ` ծառայել իրեն կերակրող տիրակալին։ Սա է նախարար Թովմասյանի «բարեփոխման» արդյունքը այս ոլորտում` սկսած 17.12.2010-ից։ Մինչդեռ սա ամենը չէ։
Կովկաս ներխուժած բարբարոս ցեղերի այլասերումից արտավիժեց մի տեսակ, որը պատմությունից հայտնի է «Չանդր» անունով։ Չանդրը նախկին հայերի թրքացած մի սերունդ էր, որը սեփական ազգի գլխին դարձել էր պատուհաս։ Հայկական գեները թրքականի փոխարինած չանդրը, կերպարանափոխվելով, դարձավ նախ բոլշևիկ, հետո ՀՀՇ-ական, ապա ազատական, հետո նվիրյալ դաշնակցական և այսօր էլ վերարտադրվելով արդեն ցեղակրոն նժդեհականի, ծնունդ տալով ժամանակակից կռապաշտությանը, ազգի գլխին մնաց մշտական պատուհաս։ Հենց սրանով է պայմանավորված Թովմասյանի մեֆիստոֆելական դեմքի կերպարանափոխումը նժդեհականի, քանի որ արդարադատության համակարգը ուղեկցվում է կոռուպցիայի ու քաղաքական հաշվեհարդարների իրողությամբ, ապա հարկ է նշել, որ այն սերտաճում է նաև քաղաքական-փողիշխանական էլիտայի հետ, որի քաղաքականությունը սահմանվում է միայն կերպարանափոխության շարունակական գործընթացով, և որի գերնպատակը իշխանական կերակրատաշտի մոտ մշտապես իր տեղը զբաղեցնելն է։
ՈՒստի ամենևին էլ տարօրինակ չէ, երբ արտագաղթի այս նոր աղետի սպառնալիքների տակ կքած մեր երազած հայրենիքում, ուր «օպտիմալացման» ու «բարեփոխման» պատճառով, սոցիալական հաշմանդամ դարձած հարյուրհազարավոր ծեր ու մանուկ, գործազուրկ ու հաշմանդամ, պետական ծառայող ու լքված ազատամարտիկ, աղքատ ու ծայրահեղ աղքատներ կան, արդարադատության նախարարության գրանտակեր լյուցիֆերներն ու բեհեղզեբուղները աստղաբաշխական գումարներ «փոշիացնելով», նոր, է՛լ ավելի խիստ ռեժիմի բանտեր են կառուցում` զավեշտալի օրենքների ոստայններում խճճված «հանցագործներին» նոր «եվրո-պատժարաններում» մի կերպ խցկելու դիվական ակնկալիքով։
Պարոն վարչապետ, հակառակ այն հանգամանքին, որ 21.06.2013 թ. Թովմասյանին թվագրված նամակով պահանջել եմ իր հրաժարականը, այնուամենայնիվ, Ձեզնից էլ պահանջում եմ անհապաղ կազմակերպել Հրայր Թովմասյանի գործունեության հետաքննությունը` նրան քրեական պատասխանատվության ենթարկելու։
Հ. Գ.- «15. Իրաւունքի գործադրումը ուրախութիւն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թվում չարագործներին» (Աստվածաշունչ. Առակներ 14.15.)։
Թող Տե՛րը լինի մեզ բոլորիս դատավոր։


Արմենակ Լևոնի ՄՆՋՈՅԱՆ
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ
ՊԱՉ-ի քաղբանտարկյալ

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ