ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՈՒժային խաղերի սիրահարների թիվը Կրեմլում բոլորովին էլ չի նվազում

ՈՒժային խաղերի սիրահարների թիվը Կրեմլում բոլորովին էլ չի նվազում
23.09.2008 | 00:00

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
1978-ի սեպտեմբերին Խորհրդային Հայաստանը շքեղորեն տոնեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150-ամյա հոբելյանը։ Կրեմլի այն ժամանակվա տերը՝ Լեոնիդ Բրեժնևը, տոնական միջոցառումներին մասնակցելու համար Երևան գործուղեց ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի ՈՒստինովին։
1990-ականների սկզբներին բավական երկար զրուցելու առիթ ունեցա Հայաստանում Ռուսաստանի այնժամյա դեսպան Վլադիմիր Ստուպիշինի հետ։ Խոսք գնաց տարածաշրջանային խնդիրներից, և այդ կապակցությամբ նշեցի, որ ժամանակներ հետո Հայաստանում կձևավորվի մի սերունդ, որն այլևս կողմնորոշված չի լինի դեպի Ռուսաստան, և դրա պատճառն արդեն այն ժամանակ նկատվող Կրեմլի քաղաքական գիծն էր Երևանի նկատմամբ՝ «իսկ ո՞ւր են նրանք փախչելու» տարբերակով։
Հետագայում սա դարձավ սովորական, որովհետև Մոսկվան աշխատում է կա՛մ տնտեսական ճնշման և տոտալ վերահսկողության, կա՛մ էլ ռազմական ուժով վախեցնելու մեթոդով։ Բացի այդ, որպես կանոն, ռուսները հարաբերություններ են պահպանում միայն գործող վարչակարգի հետ։ Այս մոտեցմանը զուգահեռ՝ Արևմուտքը Հայաստանում աստիճանաբար ձևավորեց հասարակական կազմակերպությունների լայն ցանց, աշխատանք տարավ կուսակցական կառույցների և նրանց առաջնորդների, հատկապես ընդդիմության հետ։ Սովորական դարձավ եվրոպական և ամերիկյան խորհրդատվական և դոնոր կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում։ Մինչդեռ այս խորապատկերի վրա Ռուսաստանի դեսպանատունը Երևանում աստիճանաբար վերածվեց վիրտուալ իրողության՝ համապատասխանաբար կորցնելով ներքաղաքական իրավիճակի և զանգվածների տրամադրության վրա ներգործելու հնարավորությունը։
Այսօր փաստ է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանն աստիճանաբար դառնում է Մեծ Մերձավոր Արևելքի մի մասը, որի ձևավորմամբ ամերիկացիները զբաղված են արդեն շատ տարիներ։ Մինչդեռ Մոսկվան, ԱՊՀ երկրների իշխող վարչակազմերի նկատմամբ հարկադրանքի միջոցներից և տնտեսական մահակից բացի, այլ միջոցներ չի պահպանել իր ռեզերվում։ Ավելին, ուժային խաղերի սիրահարների թիվը Կրեմլում բոլորովին էլ չի նվազում, և Ռուսաստանում գնալով ավելի է հաստատվում այն ընկալումը, թե իրենց ազգային տեսակը համատեղելի չէ ազատ պետություն ունենալու գաղափարի հետ։ Համապատասխանաբար ենթադրվում է, որ Ռուսաստանի ազդեցության շրջագծում գտնվող պետություններին էլ կթելադրվի համանման պահվածք։
Չի բացառվում, որ Մոսկվայից հենց այս համատեքստում փորձեն ուղղորդել իրադարձությունների զարգացումը ռուսական «վերջին հենակետ» Հայաստանում։ Հատկապես Ադրբեջանի հետ տապալված սիրախաղից հետո, չնայած այդ ուղղությամբ հաջողության հասնելու համար Մոսկվայի կողմից գործադրվեցին բոլոր ջանքերը։ Այսօր ակնհայտ է, որ Ռուսաստանն ամեն գնով աշխատելու է պահպանել ազդեցությունը Հայաստանի վրա, և այդ համատեքստում հայկական ղեկավարության «արևմտամետ խաղերը» լուրջ մտահոգությունների տեղիք են տվել։ Դժվար չէ նկատել, որ Հայաստանի ներքին կյանքում քաղաքական վերջին զարգացումներն ունեն հստակ աշխարհաքաղաքական ուղղորդում, իրականացվում են Մոսկվայի օրհնությամբ և նպատակ են հետապնդում Հայաստանի իշխանություններին թույլատրված կոշտ շրջանակում պահելու։ Բայց այդպիսի վերաբերմունքն աննկատ մնալ չի կարող և, բնականաբար, բացասական ազդեցություն է թողնում հանրային տրամադրությունների վրա։
Այդքանով հանդերձ ակնհայտ է, որ «ռուսական ներգործության» ռեսուրսները Հայաստանի ներքին դաշտում, մեղմ ասած, ողբալի վիճակում են։ Հայ ազգային կոնգրեսի գործողությունները, չնայած Մոսկվայից ակնհայտ հրահրումներին, ընդդիմության առաջնորդի շնորհիվ շատ կայուն են և կանխատեսելի։ Միաժամանակ «արևմտամետ» Տիգրան Թորոսյանի փոխարինումը «ռուսամետ» Հովիկ Աբրահամյանով Հայաստանի իշխանական դաշտում ավելի շատ ազդեցությունների վերաբաժանում և պալատական ինտրիգ է հիշեցնում, քան Արևմուտքի հետ մրցակցություն։ Մանավանդ որ դրան չեն նպաստում ԱԺ նոր խոսնակի կենսակերպն ու աշխատանքային փորձը, քանի որ բոլոր դեպքերում նա մնում է կառավարելի ֆիգուր։
Այսպիսով, Ռուսաստանը քաղում է իր անգործության, անհիմն ինքնավստահության և ժլատության պտուղները։ Կորսված են գործնականում բոլոր լծակները Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա ներգործելու առումով, բացառությամբ մի քանի ոչ ազդեցիկ քաղաքական դեմքերի։ Իշխանական կուսակցությունների ցանկում Մոսկվան ոչ մի հավատարիմ գործընկեր չունի։ Նույնիսկ ԲՀԿ-ն, չնայած նրա առաջնորդի նկատմամբ ռուսական վերահսկողության բավական մեծ չափաբաժնին, շատ մեծ դժվարությամբ կարող է համարվել ռուսամետ, առավել ևս` գործնական և գաղափարականացված ուժ։ ՀՀԿ-ն ամբողջությամբ իր առաջնորդ նախագահի վերահսկողության տակ է և միանշանակ համամիտ «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականությանը։ Դաշնակցությունը, ինչպես միշտ, գործել ու գործելու է «բազմավեկտոր» արտաքին քաղաքական մոտեցումներով։ «Օրինաց երկիրն» այս իմաստով ավելի քան թափանցիկ է որպես ոչ ռուսամետ ուժ, և պատահական չէ, որ նրա առաջնորդը վերջերս գլխավորեց Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիայի հարցերով զբաղվող նոր ստեղծված հատուկ հանձնաժողովը։
Այլ կուսակցությունների դիրքորոշումների ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, որ հենարաններ գտնելու տեսակետից Մոսկվայի գործերն ուղղակի շատ վատ են։ Ամենանվիրված ուժը հայկոմկուսն է, որը Մոսկվայի թողտվության պայմաններում աստիճանաբար գերեզման իջեցվեց և վերակենդանացման ենթակա չէ։ Արտաշես Գեղամյանն իր «աշխարհաքաղաքական դեգերումներով» և քաղաքական ձեռնածություններով կորցրել է հեղինակությունը։ «Մոսկվայի մարդը» համարվող Արամ Կարապետյանն այդպես էլ չկարողացավ դուրս գալ «մանկական տարիքից» և ակտիվորեն կորցնում է կողմնակիցներին։ Ինչ վերաբերում է ռուսական կողմնորոշում ունեցող մյուս կուսակցություններին կամ խմբավորումներին, ապա հանրային կյանքում նրանց ազդեցությունը նվազագույնից էլ ցածր է։ Հետևաբար, այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսիք են «Բյուզանդական ժառանգությունը», «Քաղաքակրթությունների երկխոսությունը», տարբեր եվրասիական կողմնորոշում ունեցող միավորումներն ուղղակի չեն անցնում սեմինարական մակարդակից այն կողմ։ Իսկ Հայաստանում «հականատօյական» շարժումը միայնակ էնտուզիաստների գործն է միայն։ Ավելին, ժամանակին Ռուսաստանի դեսպան Դրյուկովի նախաձեռնությամբ փորձեր արվեցին տարբեր հասարակական կառույցների ձևավորման ուղղությամբ, և դարձյալ ոչինչ չստացվեց։ Գործարարների հայ-ռուսական ասոցիացիան, բանկիրների և արդյունաբերողների համապատասխան կառույցները ռուսական կողմի «մեկ էլ տեսար ստացվեց» մոտեցման արդյունքում այդպես էլ չդարձան արդյունավետ գործող մարմիններ։
Ինչ վերաբերում է գլխավոր ռուսամետ քաղաքական գործչի՝ Ռոբերտ Քոչարյանի գործունեությանը, ապա այն թաքնված բնույթ ունի։ Նա ոչ պաշտոնական ազդեցություն ունի կառավարման համակարգի վրա, բայց եթե այդ գործողությունները դառնան ակտիվ ու հրապարակային, ավելի մեծ վնաս կհասցնեն ռուսական շահերին, քանզի նախկին նախագահը հաստատ ամենամեծ ժողովրդականություն վայելող գործիչը չէ հայ հանրության շրջանում։ ՈՒշադրության է արժանի և այն, որ նոր ձևավորվող լիբերալ միավորումը ՀՌԱԿ-ի շուրջ, ուր, հավանաբար, Հարություն Առաքելյանից և Սամվել Բաբայանից բացի կընդգրկվեն Վարդան Օսկանյանը և միգուցե ուրիշներ, այնքան էլ պետք չէ կապել Ռոբերտ Քոչարյանի հետ և համապատասխանաբար այն համարել ռուսամետ։ Նախկին նախագահի ազդեցությունը այնքան էլ մեծ չէ այդ դաշտում, եթե նկատի ունենանք նաև հիշյալ քաղաքական դեմքերի ինքնուրույնության աստիճանն ու մինչև օրս արտահայտած բոլորովին էլ ոչ ռուսամետ ձգտումները։
Այսպիսով, Հայաստանն իր ազդեցության ուղեծրում պահելու և օտար շահերի գործիքի վերածելու համար Ռուսաստանին գնալով ավելի քիչ ժամանակ և քաղաքական հնարավորություններ են մնում, իսկ տնտեսական և ռազմական «փաստարկների» քննարկումն առանձին խոսակցության նյութ է։ Եվ այս ամենը՝ առանց կենտրոնանալու ԱՄՆ-ի և Եվրոպայի աննախադեպ ակտիվության վրա մեր տարածաշրջանում։ Հիշեցնենք միայն, որ ռուսական ազդեցությունն ամբողջ Արևելյան Եվրոպայում կորսվեց ընդամենը մեկ-երկու ամսում, իսկ Հայաստանը շատ ավելի փոքր է իբրև երկիր։ Ավելին, ԱՄՆ-ն ընտրություններից հետո ևս շարունակելու է ԱՊՀ տարածքը ռուսական ազդեցությունից դուրս բերելու իր քաղաքական կուրսը, ինչը նշանակում է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հետագա հակադրությունն անխուսափելի է։ Իհարկե, վասալական հոգեբանությունը խանգարում է մեզ դինամիկ, արագ և առանց հետ նայելու առաջ ընթանալ։ Միշտ այդպես է լինում, երբ Ռուսաստանը սկսում է նահանջել ժողովրդավարական արժեքներից դեպի ասիականություն։ Սակայն Հայաստանը հետագայում էլ հարկադրված է լինելու զարգացնել բազմավեկտոր հարաբերություններն իրեն շրջապատող աշխարհի հետ։ Իսկ դրան պետք է նախապատրաստվել արդեն այսօր։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5152

Մեկնաբանություններ