ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եպիսկոպոսների ամուսնական խնդիրների մասին

Եպիսկոպոսների ամուսնական խնդիրների մասին
20.02.2009 | 00:00

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
(սկիզբը` թիվ 10-ում)
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ, ՔԱՆ ԲՈՐԲՈՔՎԵԼ (ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅՐՎԵԼ),- ԱՍԵԼ Է ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ
Տեսնում ենք, որ առաքյալը չի ասում, որ եթե մարդը չի կարող կույս մնալ, պետք է նրան դատաստան անել կամ մատնել դժոխքի ու անհուսության, ապագա պղծության ենթակա դիտել և այլն: Բաներ, որոնք առաջ է քաշում պարոն Մեհրուժը: Երբ ճշմարիտ կուսակրոն առաքյալները նրանց, որ Աստծով կոչված չէին կուսակրոնության, ոչ թե մերժեցին, այլ արտոնեցին ամուսնանալ: Բայց ահա ոչ կուսակրոնը վախեցնելով արգելում է: Սակայն առաքյալները եթե Աստծով կուսակրոնության շնորհ չունեցողին բռնի կուսակրոն դարձնեին, վերջինս ծածուկ կարող էր մղվել շնական կամ պոռնկական հանցանքի` անվանարկելով և իր կոչումը, և եկեղեցին: Եվ Աստված այդ բանի դեմն առնելու համար է, որ Պողոս առաքյալի միջոցով արտոնեց նրանց ամուսնանալ և այդ ամուսնությունից եկեղեցու համար ևս բարիք ստանալ և ոչ թե ապականություն:
Պարոն Մեհրուժը գրում է. «Ըստ հայոց կանոնագրքերի, քահանայից բարձր աստիճանի ձգտողը պետք է զոհաբերի այսպես ասած` իր տեսակի բազմացման հնարավորությունը»: Ասես այլ մի օրենքի հրաման լինի, բայց ոչ առաքելական ըմբռնում, բայց ոչ սուրբ Ավետարան, որն ամեն մեկին ըստ նրա շնորհի է տալիս և ոչ թե ըստ օրենքի հրամանի: Երբ Աստված մարդկային լավ տեսակն էր կամենում բազմանար, իսկ վատին մատնում էր ոչնչացման:
Պարոն Մեհրուժը եպիսկոպոսների ամուսնության իրավունքը դիտել է տալիս որպես աշխարհից եկած պահանջ, որով եկեղեցին կարող է պղծվել միասեռականությամբ, երբ առաքյալի պատվերը եպիսկոպոսների ամուսնության մասին լրիվ հակառակ, այսինքն, առաքինի մնալու համար է հանձնարարություն: Որ ընտանեկան ամրությամբ, ընտանեկան պարիսպ ու ամրոցով աշխարհից եկող ապականությունների դեմը փակվի, ոչ թե անցք բացվի: Որովհետև Ավետարանը Ավետարան է նաև նրանով, որ յուրաքանչյուրին իր ուժերի չափով է բեռ տալիս` Հոգու շնորհներով այդ բեռը «քաղցր» ու «թեթև», ամենքին օգտակար դարձնելով:
Կրկին մեջբերենք պարոն Մեհրուժի խառնակ հրամանը. «Քահանայից բարձր աստիճանի ձգտողը պետք է զոհաբերի այսպես ասած` իր տեսակի բազմացման հնարավորությունը»:
Նախ` նաև արտահայտությունն է ոչ աստվածաշնչյան, քանի որ միայն հոգևոր առումով էլ հոգևորականը որքան բարձր աստիճան ունենա, այնքան պիտի ջանա, որ իր տեսակը բազմանա, բնականաբար, հոգևոր ծնունդներ տալով, ինչպես առաքյալն է ասում «Ես ձեզ ծնեցի ի Քրիստոս Հիսուս» կամ «Նմանվեցեք ինձ, ինչպես ես Քրիստոսին»: Երկրորդ, որ մարմնավորին է վերաբերում և կրկին առաջնային խնդիր է մարդու համար, նաև փոքր ազգերի ամրության բարօրություն, կատարյալ մարդուց են կատարյալ ծնունդներ լինում: Ինչպես, օրինակ` միայն Աբրահամից կարող էր Իսահակ ծնվել, միայն Դավիթ մարգարեի ցեղից` Տիրամայր, և միայն Մարիամ Կույսից կարող էր Քրիստոս Հիսուս ծնվել, միայն Գրիգոր Լուսավորչի ցեղից` Ներսես Մեծ, Սահակ Պարթև ու սուրբ Վարդան Զորավար: Հոգևոր այր հորից` Գրիգոր Նարեկացի: Քահանա հորից` Նժդեհ: Կարող էինք բազմաթիվ օրինակներ էլ բերել կամ թեկուզև հեռախոսի գրքում ազգանվան մեջ «Տեր» հավելումն ունեցողների ցանկը ընթերցել, ովքեր քահանաների զարմեր են, և նրանց մեջ քիչ թիվ չեն կազմում ազգաշեն, բարեշնորհ, տաղանդավոր մարդիկ: Պողոս առաքյալն է ասում, թե երբ եպիսկոպոսն ամուսնացած է ու լավ զավակներ է դաստիարակում, իր ընտանիքը լավ է հովվում, ապա թեմն էլ լավ կհովվի:
Մեջբերենք, տեսնենք, որ այդպես է.
«Սա՛ խօսքը վստահելի է. եթէ մէկը եպիսկոպոսութեան կը բաղձայ, բարի գործի կը ցանկայ։ ՈՒստի եպիսկոպոսը պէտք է ըլլայ անարատ, մէկ կնոջ ամուսին, զգաստ, խոհեմ, համեստ, հյուրասէր, սորվեցնելու ընդունակ, ոչ գինեմոլ, ոչ զարնող, հապա՝ ազնիվ, ոչ կռուազան, ոչ արծաթասէր, իր տան լավ վերակացու եղող, ենթարկուած զավակներ ունեցող՝ ամբողջ պատկառանքով. քանի որ եթէ մէկը չգիտնայ վերակացու ըլլալ իր տան, ինչպէ՞ս հոգ պիտի տանի Աստուծոյ եկեղեցիին»: (Տիմոթեոսին, 3-րդ գլուխ):
Ընդգծվածը վերստին կրկնենք. «Եթե մեկը չգիտենա իր տանը լավ վերակացու լինել, ինչպե՞ս պիտի հոգ տանի Աստծո եկեղեցուն»:
Այսինքն թե` եպիսկոպոսի ամուսնությունն առաքելական կարգով նաև Աստծով նպատակադրված է, նաև առաքելություն է` հավատացյալ ժողովրդի մեջ լավ հովվություն իրականացնելու, հավատի կյանքը կայունացնելու փորձառու ծառայությամբ: Եվ առաքյալն այս ասելուց առաջ կրկնակի ամրագրում է իր ասելիքը, թե «հավաստի է (ճշմարիտ է) իր շարադրած խոսքը»։

Այսինքն թե` առաքելական հրահանգ է եպիսկոպոսի ամուսնության իրավունքը, որ առաքյալը Սուրբ Հոգով ստուգվելուց հետո է մատուցում, որովհետև ասում է` հավաստի է այս խոսքը, և ապա հրահանգում է, որ եպիսկոպոսը մեկ կնոջ այր պետք է լինի և հոգևոր, արժեքավոր նպատակադրումով և ոչ թե ինքնանպատակ, և ոչ թե հենց այնպես, այլ այն առաքելական նպատակադրումով, որ «Եթե մեկը չգիտենա իր տանը լավ վերակացու լինել, ինչպե՞ս պիտի հոգ տանի Աստծո եկեղեցուն»: Որ եկեղեցին ևս ընտանիքի նման է իր բոլոր անդամներով:
Այսպես իսկ եպիսկոպոսի ամուսնությունը շնորհ է դիտվում և ոչ թե կուսակրոն չմնալու պարսավանք: Եթե պարսավանք լիներ, ապա, ինչպես սարկավագներին ու քահանաներին, Աստծո առաքյալը եպիսկոպոսներին ևս չէր հանձնարարի ամուսնություն:
Առաքելական կարգավորում, որ տանում է Տերունական երկրորդ կարևոր պատվիրանին, հիմնականում ընտանիքներից կազմված ողջ եկեղեցին անձի նման, սեփական ընտանիքի անդամներին համապատասխան հոգածու սիրելուն։
Եվ ամենքի Տերը` Քրիստոսը, իր հերթին կուսակրոն կամ ամուսնացյալ լինելու մասին ասաց. «Ով կարող է տանել, թող տանի», այդպես կամավոր, մարդուն տրված ուժերի սահմաններում հարցը դրեց, և կուսակրոն առաքյալներն իրենք կուսակրոնությամբ մեծ լինելով ամուսնացողներից` նրանց չարգելեցին ամուսնանալ, ինչպես պարոն Մեհրուժն է կեղծ անկեղծությամբ «առաքելահիմն»` արգելման որոշում ընդունել տալիս, երբ, ինչպես տեսնում ենք, նման բան ոչ միայն չկա, այլ հակառակը` կա:
Եվ որ Հայոց եկեղեցում էլ նախկինում ըստ առաքելական հրահանգի է եղել եպիսկոպոսների ամուսնությունը, այդ տեսնում ենք Սմբատ Սպարապետի օրենսգրքից.
«Հայտնի է, որ նախկինում եպիսկոպոսները բնակվում էին քաղաքներում, կին էին ունենում և որդիներ և լավ գիտեին այր ու կնոջ հետ կապված բոլոր դիպվածները: Այժմ եպիսկոպոսները կույսեր են, և վանքի միաբանության աբեղաներին են եպիսկոպոսի աստիճան շնորհում»,- գրում է Սպարապետը: Ընդգծված հատվածից երևում է նաև Սպարապետի վերաբերմունք-հավանությունը, թե` լավ գիտեին այր ու կնոջ հետ կապված բոլոր դիպվածները: Իսկ կուսակրոնները մեծ մասամբ աստվածաբանության, մշակույթի, հասարակական-ընդհանրական մեծամեծ գործերի մղվելով, այսպես թե այնպես, հարկ եղածին չափ ուժ, ժամանակ չէին գտնում հիմնականում ընտանիքներից կազմված հոտի կարիքներն արժանվույնս հոգալու: Իսկ ամուսնացած եպիսկոպոսն իր լավ ընտանիքով ևս օրինակ է ծառայում այլ ընտանիքների համար` նաև լավ հասկանալով նրանց խնդիրները:
Այլ բան է, երբ ամուսնացածների համար, որ արդեն շատ են խորացած լինում հոգևորի մեջ, բարձր են սովորական հավատի աստիճանից, առաքյալն ասում է. «Այսուհետև, ով կին ունի, որպես թե կին ունեցած չլինի»: Այս ամենն ըստ հոգևոր հասունացումների են հետևություն և ոչ թե ճնշմամբ լավ արդյունքի հասնելու բանալի, որովհետև ճնշումներից կարող են միայն ապստամբություններ առաջանալ և ոչ երբեք լավ արդյունքներ:
(շարունակելի)
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3767

Մեկնաբանություններ