Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Համակարգը՝ ջրի բերած, ջրի տարած

Համակարգը՝ ջրի բերած, ջրի տարած
08.07.2008 | 00:00

ԵՏԸՆԹԱՑ` ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԽՈՍՏՄԱՆ ՖՈՆԻՆ
Մայրաքաղաքում ջրի կորուստներն ավելանում են, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետկոմիտեն «Երևանջուր» ընկերության ֆրանսիական կառավարչի հետ դիվանագիտությամբ է զբաղված։
Մեր այս ենթադրության հիմքում փորձագետների կողմից նշված թվերն են։ Ըստ դրանց, եթե երկու տարի առաջ մայրաքաղաքում ջրի կորուստը կազմում էր 82%, ապա այսօր՝ 85%։ Մինչդեռ հիշեցնենք, որ հայրենի կառավարությունը երբ «Երևանջուրը» օտարերկրյա առաջատար ընկերություններին կառավարման հանձնելու որոշում ընդունեց, հետապնդում էր մեկ գերնպատակ՝ տեխնիկապես արդիականացնել համակարգը, ինչը, բնականաբար, նպաստելու էր ջրի կորուստների նվազմանը և ընդհանրապես ոլորտի զարգացմանը։ Բայց, ինչպես ասում են, գործեց «ուզում էինք լավ ստացվեր՝ ստացվեց ինչպես միշտ» տարբերակը։ Իսկ դա նշանակում է օրական ընդամենը չորս ժամ ջրամատակարարում, ջրի մեծածավալ կորուստներ, փողոցներում պայթած ջրագծեր և այլն։ Բնականաբար, իր հերթին «Վիոլիա» ֆրանսիական ընկերությունը, որը շուրջ երկու տարի է ստանձնել է «Երևանջուր» ընկերության կառավարումը, կարող է և չհամաձայնել մեզ։ Ավելին, հավանաբար կներկայացնի փաստաթղթերով ամրագրված աշխատանքներ և իրականացված ներդրումների ծավալը։ Չենք վիճում. գուցե և այդ ամենը փաստաթղթերում ֆիքսված է, սակայն երբ գործ ունես սպառողի հետ, ապա ցանկացած կատարած գործի լավ ու վատն առաջին հերթին պետք է զգա սպառողը։ Թեև այս դեպքում ևս ընկերությունը կարող է մատնանշել ջրագողության խնդիրը և զուգահեռաբար ներկայացնել իրենց կողմից նման դեպքերի բացահայտման և ապամոնտաժման փաստեր։ Չժխտելով որոշ սպառողների կողմից ջրագողությունը, այնուհանդերձ փաստ է, որ «շոու» կազմակերպելու գործում Հայաստանի ցանկացած ընկերություն պետք է շատ հաց ու պանիր ուտի եվրոպական ընկերություններին այդ գործում հասնելու համար։ Սակայն համաձայնեք, որ ջրամատակարարումը և ջրի կորստի նվազումը ենթադրում են կոնկրետ գործընթաց, որը մայրաքաղաքի տարբեր թաղամասերի բնակիչների համար զգալի չէ։ Բացի այդ, կառավարումն ստանձնած ընկերության պարտավորությունը սոսկ ապօրինի ջրագծերի ապամոնտաժումը չէ։
Նախ հիշենք, որ վերջերս Կենտրոն և Արաբկիր համայնքներում ջրագծերը փոխվեցին «Լինսի» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ճանապարհաշինություն» ծրագրի շրջանակներում։ Մինչդեռ կառավարումն ստանձնած ընկերության պարտավորություններից մեկն էլ ջրագծերի նորացումն է։ Ավելին, նկատենք, որ ՀԲ-ի կողմից ֆինանսավորումը «Երևանջուր» ընկերության 2006-2008 թվականների աշխատանքների համար կազմում է 5,9 մլն դոլար, որի 1,5 մլն դոլարը պետք է ուղղվեր գոտիավորման աշխատանքներին, 3,4 մլն դոլարը՝ ջրամբարների վերանորոգմանն ու կառուցմանը, 400 հազար դոլարը՝ գյուղական և քաղաքային, ևս 400 հազար դոլար՝ այլ աշխատանքների համար։ Ինչի՞ վրա են ծախսված այդ գումարները, ի՞նչ ջրամբար կամ ջրագիծ է կառուցվել։ Այս հարցերի պատասխանը հույս ունենք ստանալ «Երևանջուր» ընկերության ղեկավարությունից։ Ի դեպ, սրանք հարցեր են, որոնք կարևորվում են նաև ժամկետային առումով։ Վեց ամիս հետո տարին կավարտվի, և եթե սրան հավելենք, որ 2008-2009-ի համար ՀԲ-ի կողմից նախատեսված է հատկացնել ևս 2 մլն 250 հազար դոլար, ապա կհամաձայնեք, որ հարցը հռետորական չէ։
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար, այնուհանդերձ նշենք, որ «Երևանջուր» ընկերության կողմից կատարված որոշակի աշխատանքներ կան, որոնք շոշափելի են եղել մարդկանց համար։ Մասնավորապես անցած տարի համակարգից կրճատման հետևանքով դուրս է մնացել 90-ից ավելի մարդ։ Մեր օրերում պարզ է, թե ինչ է նշանակում կրճատում ասվածը։ Չի բացառվում, որ «Երևանջուր» ընկերության ղեկավարությունը դա պայմանավորի համակարգի կառուցվածքային բարեփոխումներով։ Ի դեպ, բարեփոխումներ ասվածն այստեղ շատ են սիրում։ Համենայն դեպս նկատենք, որ ըստ որոշ տեղեկությունների, առաջիկայում ևս կառուցվածքային բարեփոխումներ են իրականացվելու համակարգում։ Մասնավորապես, մայրաքաղաքում առկա հինգ մասնաճյուղերը կրճատվելու են՝ դառնալով երկուսը։ Կարծում եմ առանձնակի պայծառատեսություն պետք չէ հասկանալու համար, որ այդ բարեփոխումների արդյունքում նոր կրճատումներ կլինեն. ըստ մասնագետների, մոտ 100 մարդ անգործ կմնա։ Բացի սոցիալական խնդրից, որն առաջ կգա կրճատման պատճառով, այդ բարեփոխումը, մասնագետների կարծիքով, չի լուծի ջրի կորուստների և պատշաճ ջրամատակարարման հետ կապված խնդիրները։ Տպավորությունն այնպիսին է, որ ընկերությունը չի կարողացել սահմանված կարգով ապահովել ջրամատակարարումն ու նվազեցնել ջրի կորուստները, որովհետև համակարգում գործում է հինգ և ոչ երկու մասնաճյուղ։ Միգուցե մեղավորն այն երեք մասնաճյուղե՞րն են, որ ջրի կորուստները 82%-ից դարձել են 85%։ Արդյո՞ք «Երևանջուր» ընկերության ղեկավարությունը ճշգրիտ հաշվարկ է արել կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելիս։ Եթե հինգ մասնաճյուղից երեքը կրճատվում է, ապա դա նշանակո՞ւմ է, որ տարբեր համայնքներ ջրամատակարարման հարցում միավորվելու են։ Արդյո՞ք մեծացնելով տարածքները և ավելացնելով մասնաճյուղի պարտավորությունները՝ ջրամատակարարման խնդիրը մայրաքաղաքում կլուծվի։ Իսկ այն, որ խնդիրը մեծ է, կարծում ենք անուն առ անուն փաստելու կարիք չկա։ Մեզնից շատերն այս քաղաքում են ապրում։ Մենք դեռ խմելու ջրի հետ կապված խնդրին փորձեցինք անդրադառնալ, սակայն եթե սրան հավելենք կոյուղու հետ կապված պարտավորությունները և չկատարած աշխատանքները, ապա պատկերը շատ ավելի տխուր կլինի։
Այն, որ ֆրանսիական ընկերությունն անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր իսկ ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ, ոչ այնքան ֆրանսիական կողմի, որքան մեր՝ հայկական կողմի մեղքն է, մենք ենք թույլ տալիս։ Եթե այդպես չլիներ, ապա ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությունը, քաջատեղյակ լինելով այդ բոլոր խնդիրներին, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր։ Իսկ եթե կոմիտեի ղեկավարությունն այդ մասին ուղղակի տեղյակ չէ, ուրեմն... ենթադրությունը թողնում ենք յուրաքանչյուրին։ Համենայն դեպս, այն խոսակցությունները, թե «Երևանջուր» ընկերությունը վերջերս դիմել է քաղաքապետարանին նշելով, որ թերացել է իր իսկ ստանձնած աշխատանքներում, փաստում են, որ նշված խնդրին չէր կարող անտեղյակ լինել հայկական կողմը։ Իսկ թե ինչով է պայմանավորված «Երևանջուր» ընկերության վերը նշված խոստովանությունը, դժվար է ասել։ Գուցե ընկերության տնօրեն Սերժ Պոպոֆֆի խի՞ղճն է արթնացել կամ գուցե ուղղակի մտավախություն ունի, որ կարող է զրկվե՞լ իր պաշտոնից, որը փոքր աշխատավարձ չի ենթադրում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հ. Գ. -Նյութը պատրաստ էր, երբ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում լրագրողները փաստերով նշեցին ջրամատակարարման հետ կապված խնդիրները։ Իհարկե, բանախոսը դրանք չժխտեց, սակայն ի՞նչ է փոխվում դրանից։

Դիտվել է՝ 11525

Մեկնաբանություններ