Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սա աջակցությո՞ւն է, թե՞ «տնաքանդություն»

Սա աջակցությո՞ւն է, թե՞ «տնաքանդություն»
14.07.2009 | 00:00

ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԱԼԻՔ
Հայրենի իշխանություններն ընդգծել ու ընդգծում են, որ առկա ճգնաժամի պայմաններում պետությունը պետք է աջակցի, ձեռք մեկնի փոքր և միջին բիզնեսի ոլորտը ներկայացնող ձեռներեցներին։ Ինչ խոսք, նման հայտարարությունը հուսադրում է քաղաքացիներին, սակայն նրանք շատ ավելի գոհ կարող են լինել, եթե խոսքը գործ դառնա, գործնականում իրենց մաշկի վրա զգան այդ աջակցությունը։
«Էսպես չի լինի, գնացել եմ բանկ բիզնես վարկ ձևակերպելու, բանկը հրաժարվում է վարկի գումարն ամբողջությամբ տրամադրելուց,- ասում է ՓՄՁ ոլորտը ներկայացնող գործարարներից մեկը։- Հատկացնում է ընդհանուր գումարի 10 տոկոսը, իսկ մնացածը` ոչ։ Ասում են` ումից որ գնումներ կամ ում հետ որ գործարք եք իրականացնելու, նրա բանկային հաշվե համարները մեզ տրամադրեք, մենք տվյալ գործարքի գումարը կփոխանցենք նրանց հաշվե համարին։ Բայց որտեղի՞ց նման բան տրամադրենք բանկին, քանի որ հաճախ ապրանքը ձեռք ենք բերում արտերկրի մեծածախ շուկաներից, այսինքն` ոչ իրավաբանական անձանցից։ Իսկ մեզ ստիպում են միայն իրավաբանական անձանց հետ գործարք կատարել, ինչը մեզ վրա թանկ է նստում։ Բա իմ եկամուտը ո՞րը պետք է լինի»։ Գործարարները դժգոհում են հայաստանյան առևտրային բանկերի կողմից իրականացվող քաղաքականությունից։ Գուցե սխալվո՞ւմ են և բանկերի կողմից ներկայացված պահանջը ճիշտ չե՞ն ընկալում։ Այս ենթադրությունը ճշտելու նպատակով հարցում կատարեցինք առևտրային բանկերին։ Պարզվեց, գործարարները ճիշտ էին, իսկ նման մոտեցումը պարզաբանում են հետևյալ կերպ. «Ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի պայմաններում բանկերի ռիսկերը մեծանում են, և դրանով է պայմանավորված այդ քաղաքականությունը»։ Նկատենք, որ նշված քաղաքականությունը վերջերս է ներմուծվել առևտրային բանկեր, իսկ մինչ այդ բիզնես-վարկերը տրամադրվում էին գործարարներին առանց նման նախապայմանի։ Դա նրանց թույլ էր տալիս հանգիստ կազմակերպել իրենց գործը, ինչը ոչ միայն դրական ազդեցություն էր ունենում ոլորտի զարգացման վրա։ Այն, որ բանկերը պարտադիր պետք է իրենց ռիսկայնությունը հաշվի առնեն, ապացուցելու կարիք չկա։ Եվ բնական է, որ ինքնապաշտպանական այս գործոնը շատ ավելի սրված պետք է լինի առկա ճգնաժամի պայմաններում։ Սակայն չմոռանանք, որ պետությունը բանկերին մենակ չի թողել ֆինանսական ճգնաժամի թոհ ու բոհում։ Այս մասին վկայում են փաստերը։ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը օրերս նշեց, որ միայն տարեսկզբին ԿԲ-ի միջոցով առևտրային բանկերին փոխանցվել է 50 մլն դոլար, առաջիկայում էլ նախատեսվում է 60 մլրդ դրամ ներդնել տնտեսության մեջ։ Այսինքն, նշված գումարները վարկերի տեսքով պետք է տրամադրվեն գործարարներին, բայց արի ու տես, որ առևտրային բանկերն այնպիսի պայմաններ են ստեղծում, որ դժգոհության ալիք է բարձրանում։
Դժվար է չհամաձայնել գործարարների հետ այն պարզ պատճառով, որ արհեստական խոչընդոտներ էլ են առաջանում ոլորտում։ Փոքր և միջին բիզնեսը ներկայացնող գործարարներին բանկերը ստիպում են ավելի թանկ գործարքներ կատարել, քանի որ իրավաբանական անձից որևէ ապրանք ձեռք բերելը միշտ էլ ավելի թանկ է նստում, քան մեծածախ շուկայից ձեռք բերվածը։ Ընդգծենք, որ այս գործընթացը շղթայական ռեակցիայի պես ուղղակիորեն տեղական շուկայում առաջացնելու է ապրանքների թանկացում, ինչը տրամաբանական է։ Մեծ ծախսերի դեպքում եկամտաբերությունն էլ համարժեք պետք է լինի գործարարի համար։ Իսկ սա նշանակում է, որ բանկերի կողմից իրականացվող քաղաքականությունը ոչ թե նպաստում է ՓՄՁ ոլորտի աջակցմանը, այլ հակառակը` ոլորտում դժվարություններ է ստեղծելու։ ՈՒստի հարց է ծագում` քանի՞ ձեռնարկատեր նշված գործընթացի պատճառով դուրս կմնա դաշտից, կամ որքանո՞վ է նման մոտեցումն արդարացնում իշխանությունների տված խոստումը` աջակցել ՓՄՁ ոլորտին։ Մինչդեռ սա այն ոլորտն է, որի հաշվին վերջին 9 տարիներին քիչ թե շատ ձևավորվել է սոցիալական միջին խավը։ Եթե նկատենք, որ ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի արդյունքում պետական հիմնարկներում հունվար ամսից ընթանում է կադրերի կրճատում, և այն պարբերական բնույթ ունի, իսկ մասնավոր հատվածում 30-50 տոկոսով կրճատել են աշխատավարձերը, ապա պարզորոշ է, որ միջին խավի համար վարկային դժվարությունների ստեղծումն առաջացնելու է սոցիալական դժգոհության նոր ալիք։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3567

Մեկնաբանություններ