38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մարդիկ սպասելու են ծրագրերի իրականացմանը

Մարդիկ սպասելու են  ծրագրերի իրականացմանը
15.05.2012 | 00:00

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը, չնչին բացառությամբ, փորձեցին հավակնոտ նպատակներ դնել և խոստումներ տալ, սակայն, նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ, այս անգամ կուսակցությունների նախընտրական ծրագրերում որոշակի առաջխաղացում էր նկատվում: Այս ընտրություններին երեք-չորս կուսակցություն փորձեց ընտրողներին ներկայացնել ավելի կոնկրետ հաշվարկված տվյալներով ծրագրեր: Մյուսները նախընտրական ծրագրերի սոցիալ-տնտեսական հատվածները ներկայացրել են խոստումների նույն ոգով, ինչ արվել է նաև մյուս բաժիններում:

Ծրագրերում հաճախակի հանդիպում են մոլորություններ, մասնավորապես, աշխատատեղերի ցավոտ խնդրին անդրադառնալով, ուր շատերը միանգամից բազմահազար աշխատատեղեր են խոստանում մարդկանց: Չպետք է մոռանալ, որ Հայաստանի նման փոքր երկրում, եթե, ասենք, խոստանում են նույնիսկ 2000 աշխատատեղ, դա նշանակում է` հսկայական առաջընթաց կարելի է սպասել: Ակներև է, որ նման խոստումներից պետք է ձեռնպահ մնալ: Մեզ համար նախընտրելի են այն ծրագրերը, որոնցում նշվում է այնպիսի միջավայրի ձևավորմանն աջակցելու մասին, որը թույլ կտա սեփական նախաձեռնություններն առաջ տանել:

Միաժամանակ նախընտրելի տարբերակն այն է, որ կուսակցությունները ոչ թե ծրագրեր ներկայացնեն, այլ սցենարներ մշակեն, թե ինչ կլինի, եթե, օրինակ, Իրանում ռազմական գործողություններ ծավալվեն, կամ հակառակը` խաղաղ հանգուցալուծում լինի, ինչ կտան Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր նորմալացումը, տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի ակնկալվող մասնակցությունը և այլն, ու դրանից էլ բխեցնել իրենց տնտեսական ծրագրերը: Այսօր արդեն Իրանի շուրջ լարվածության աճն ու պատերազմի հավանականությունն այդ երկրից իրանահայերի արտագաղթի պատճառ են դարձել: Մի շարք իրանահայեր ներկայումս Հայաստանում անշարժ գույք` բնակարան ու արտադրական տարածքներ են փնտրում: Դա էլ անշարժ գույքի շուկայում կայունացրել է գները, թեև առկա է անշարժ գույքի շինարարության տեմպերի նվազում: Ընդհանուր առմամբ, Իրանում հնարավոր պատերազմի դեպքում կարող են դադարեցվել հայ-իրանական համատեղ ծրագրերը, ինչպես, օրինակ, համատեղ երկաթուղու կամ նավթամթերատարի կառուցումը: Բացի այդ, Հայաստանը կզրկվի դեպի ծով ելքերից մեկից, ինչից կարող է օգտվել Վրաստանը` հերթական անգամ բարձրացնելով փոխադրումների տրանզիտային գինը:

Ընդհանուր առմամբ դրվատելի է այն հանգամանքը, որ քաղաքական մի շարք կուսակցություններում այսօր կան մասնագետներ, որոնք թույլ չեն տալիս շատ քաղաքականացնել տնտեսական ծրագրերը, ինչը կարևոր է, քանի որ պետք է հաշվի առնել, որ գալու է հետընտրական փուլը, մարդիկ սպասելու են այդ ծրագրերի իրականացմանը, և կուսակցությունները նրանց առաջ հաշվետու են լինելու թվերով:

Իսկ հիմա` տնտեսության մասնավոր հատվածի մասին, որը համառորեն փորձում է իր համար զարգացման ճանապարհ հարթել: Դրա մասին են վկայում, մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակը բնութագրող վիճակագրության ազգային ծառայության հրապարակած տնտեսական ցուցանիշները:

Այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճի կայուն միտումներ են գրանցվել, որոնք նախորդ տարվա զարգացումների շարունակությունը կարելի է համարել: Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,1%: Դրական տեղաշարժեր են գրանցվել մի շարք ոլորտներում, մասնավորապես` արդյունաբերության ոլորտում` 16,4%: Ավելի մեծ տեմպերով աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը` 20,9%: Այստեղ կարևոր ցուցանիշ է համարվում նաև էներգիայի սպառումը, որը նշանակում է, որ ոչ միայն բնակչության, այլև ձեռնարկությունների կողմից էլեկտրաէներգիայի սպառումը ավելացել է, ինչը նույնպես խոսում է որոշակի աշխուժացման մասին: Որոշակի աճ է գրանցվել նաև ծառայությունների ոլորտում` 11,5 %:

Մեզ համար շատ կարևոր է արտաքին առևտրաշրջանառության ծավալների աճը: Արտահանման ծավալներն են մեծացել, և նախորդ տարվա համեմատ, կարելի է ասել, նույնիսկ արտահանման աննախադեպ աճ է գրանցվել` ավելի քան 32 %:

Բացասական միտումներից այս անգամ էական է շինարարության ոլորտում գրանցված անկումը` 5,5 %, ինչը, ընդհանուր առմամբ, նաև սպասելի էր: Այս ամենը խոսում է այն մասին, որ տնտեսության աշխուժացումը դեռևս օրինաչափ միտման չի վերածվել, որովհետև շինարարությունը, ինչպես հայտնի է, շատ արագ արձագանքում է տնտեսական աշխուժացմանը: Այս ոլորտում գրանցված անկումը պայմանավորված է որոշակի միտումների առկայությամբ, որոնք զսպում են շինարարության աճը, այս դեպքում` անկումը: Օբյեկտիվ պատճառներ են այն իմաստով, որ վերջին տարիներին հագեցած և նույնիսկ գերհագեցած է անշարժ գույքի շուկան, բայց դա չի նշանակում, որ անշարժ գույքի շուկան կարող է դրանով սահմանափակվել: Արտադրական տարածքների շինարարությունը կարող է աճել, և դրա հաշվին նույնպես տնտեսական աճ կարող է գրանցվել, այսինքն, կարիք չկա միայն անշարժ գույքի շուկայով պայմանավորել տնտեսական ոլորտը:

Առանձնապես կարևորվում է արդյունաբերության ոլորտը, ինչը մեծ կշիռ ունի տնտեսական աշխուժացման մեջ: Այստեղ հիմնականում գործ ունենք ոչ այնքան վերամշակող ճյուղի, որքան հումք արդյունահանող ոլորտի հետ, ուստի այստեղ լուրջ խնդիր կա զարկ տալու վերամշակող արդյունաբերությանը։ Փորձը վկայում է, որ սա, իր հերթին, փոխշաղկապվում է նորամուծությունների և նորարարությունների ներքին ներդրումների խթանման հետ: Հետևաբար, կարևորվում է նաև գիտության ոլորտը, որը ոչ այնքան ֆինանսական ներդրումների կարիք ունի, որքան կազմակերպական բնույթի «օգնության»:

Ընդհանուր առմամբ, տնտեսության այս տարվա արձանագրվող միտումները որոշակի լավատեսության հիմք են տալիս: Տնտեսության զարգացման համար բավականին կարևոր ցուցանիշներ են արձանագրվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բիզնեսը զգուշավոր է դառնում նախընտրական շրջանում:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները վկայում են, որ 2010 և հատկապես 2011 թվականի համեմատ այս տարի Հայաստանից կապիտալի արտահոսքի որոշակի նվազման միտում կա: Թեև կապիտալի արտահոսքի նվազման հետ կապված վիճակագրական ամփոփ տվյալներ չկան, սակայն 20-22 տոկոս նվազում է գրանցվել:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այս ոլորտում նույնպես կայունություն է: Իհարկե, ներդրումների մասով կրճատում կա, սակայն սա օրինաչափ է, քանի որ նախընտրական շրջանում տնտեսավարողները մեծ ռիսկերի չեն դիմում:

Առաջին եռամսյակի տվյալներով, գրեթե «անշարժ» է գյուղատնտեսությունը: Սա, բնականաբար, պայմանավորված է գյուղատնտեսական աշխատանքների սեզոնային բնույթով։ Սակայն, հաշվի առնելով անցյալ տարվա ընթացքում ագրարային քաղաքականության ասպարեզում իրականացված շտկումները, ինչպես նաև եղանակային բարենպաստ պայմանները, անցյալ տարվա համեմատ հնարավոր է կանխատեսել գյուղատնտեսական արտադրանքի անգամ երկնիշ թվերով աճ:

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Պրոֆեսոր

Դիտվել է՝ 1827

Մեկնաբանություններ