Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ճգնաժամը կօգնի դուրս գալ ճգնաժամից

Ճգնաժամը կօգնի դուրս գալ ճգնաժամից
24.04.2009 | 00:00

ՍԵՎ ՕՐԵՐԻ «ՏՈԿՈՍԸ»
Ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չէր կարող իր կնիքը չթողնել նաև զանգվածային լրատվամիջոցների վրա։ Հատկապես թերթերը բնավ էլ իրենց լավ օրերը չեն ապրում։ Խմբագրություններն անցել են խիստ խնայողության ռեժիմին, հրաժարվում են նախկին նախագծերից, թեմատիկ ներդիրներից։ Խնդիրներ են առաջացել հատկապես այն ԶԼՄ-ների մոտ, որոնք գոյատևում էին հիմնականում գովազդի հաշվին, որոնք չեն կարողացել իրենց տեղը գտնել լրատվական դաշտում ու ձեռք բերել սեփական լսարանը։
«Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գևորգյանի դիտարկմամբ՝ ճգնաժամն առաջին հերթին արտահայտվում է տպաքանակի նվազմամբ (թերթի իրացումը նվազել է մոտ տասը տոկոսով)։ «Խնդիրն առկա է բոլոր թերթերում, բայց քանի որ «Հայկական ժամանակն» ունի մեծ տպաքանակ, այդ տասը տոկոսը մեր գործունեության վրա ծանր ազդեցություն չի ունեցել։ Հուսով ենք` ճգնաժամի «ավերածությունն» այդքանով կսահմանափակվի»,- ասաց մեր գործընկերը։ Աշխատավարձերի ու կադրերի կրճատումներ «Հայկական ժամանակում» չեն եղել, պարզապես աշխատում են ծախսերն օպտիմալացնել։ Հակաճգնաժամային միջոցառումների շարքում Հայկ Գևորգյանը նշեց խնայողությունն ու ավելի որակյալ թերթ ստեղծելու ջանքերը։ «Գովազդի ուղղությամբ մենք լավ չենք աշխատում, դա, թերևս, մեր թերությունն է, և շուտով կփորձենք շտկել այն,- խոստովանեց թերթի պատասխանատուն,- սակայն կա նաև քաղաքական խնդիր. գովազդատուներին ուղղակի չեն թույլատրում գովազդ տեղադրել «Հայկական ժամանակում»։ Սակայն այդ առումով վիճակն այժմ կարծես թե փոքր-ինչ շտկվել է»։ Ի դեպ, գովազդատուների մասին։ Որոշ փորձագետներ նշում են, որ գովազդատուներն ու հովանավորները գումար, այնուամենայնիվ, ունեն։ Սակայն այժմ, երբ դժվար է կանխատեսել ճգնաժամի ընթացքը, միջոցներն ուղղակի պահում են սև օրվա համար։ Գործատուներն այսօր աշխատում են իրենց ապահովագրել և ոչ թե աջուձախ շռայլել։
Ճգնաժամը բացասական գործընթացների շատ լավ կատալիզատոր է, և մամուլի վիճակն է՛լ ավելի է ծանրանում հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցների հետ մրցակցության պայմաններում։ Համացանցում «օն-լայն» ռեժիմով գործող կայքերը սպառողին հաճախ ավելի մատչելի են, քան թերթերը։ Ինտերնետային լրատվամիջոցներն ընթերցողին գրավում են նախ և առաջ օպերատիվությամբ։ Ընդ որում, լրատվության այս տեսակն ավելի քիչ ծախսատար է։ Այս հանգամանքն ընդգծում է նաև «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը. «Ավելացել է համացանցով մեր թերթին հետևող ընթերցողների թիվը։ 750-800 ամենօրյա այցելու ունի «Ազգի» ինտերնետային տարբերակը, ինչն ուղղակիորեն անդրադարձել է մեր թերթի հատավաճառի վրա»։
«Ազգը» տարեկան պայմանագրեր ուներ երեք ընկերությունների հետ, որոնցից երկուսն անցյալ տարեվերջին ստիպված էին հրաժարվել համագործակցությունից։ «Հայաստանյան թերթերում հայտարարություն զետեղողները միջազգային կամ օտարերկրյա կազմակերպություններն են։ Հունվարից սկսած նվազել է նաև նրանց հատարարությունների թիվը, ինչը զգալի կորուստ է մեզ համար»,- նշեց Հակոբ Ավետիքյանը։ Աշխատակազմի և աշխատավարձերի կրճատումներ այստեղ ևս չեն եղել, և առաջիկայում էլ դժվար թե լինեն։ «Տարիներով աշխատել եմ այդ մարդկանց հետ և չեմ կարող նման քայլի դիմել։ Բայց աշխատավարձերը, որ նախկինում շատ կանոնավոր վճարում էինք, այժմ չենք կարողանում և որոշ պարտքեր ունենք մեր աշխատակիցներին»։ «Ազգ»-ում հրաժարվել են շաբաթօրյա երկու հավելվածներից, որոնք խմբագրության վրա տարեկան 24 հազար դոլարին համարժեք գումար էին «նստում»։ Սակայն մայիսից կվերսկսվի մշակութային հավելվածի տպագրությունը, որին ֆինանսական օգնություն կցուցաբերի արտասահմանյան մի կազմակերպություն։ Հակոբ Ավետիքյանը նշեց նաև, որ 2009-ին կսահմանափակվեն գործուղումները, աշխատավարձերի ծրագրված հավելումներ էլ չեն լինի։
Համեմատաբար լավ է պետական դոտացիայով տպագրվող թերթերի վիճակը։ Մանկական մամուլի օրգաններ «Ծիծեռնակը», «Կանչը», «Աղբյուրը» 1990-ին Գերագույն խորհրդի որոշմամբ վերցվեցին պետական հոգածության ներքո։ «Կանչ» թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե չլիներ պետական հովանավորությունը, մանկական պարբերականները մեծ դժվարությունների կհանդիպեին։ Նա նաև նշեց, որ ճգնաժամն իրենց գործունեության վրա առանձնապես մեծ ազդեցություն չի ունեցել, պարզապես փոքր-ինչ ձգձգվում է պետության կողմից հատկացվող գումարը, ինչը չի խաթարել աշխատանքի բնականոն ռիթմը։
Խմբագիրների առաջարկած դեղատոմսը մեկն է. այս դժվարին վիճակից դուրս գալու համար սպառողին հասցնել օպերատիվ, որակյալ նյութեր և ապահովել հետադարձ կապն ընթերցողի հետ։ Ընդ որում, ճգնաժամն ինքը ճգնաժամը հաղթահարելու միջոցներից մեկը կարող է լինել։ Մեր հարցումները ցույց տվեցին, որ ընթերցողն այսօր ամենաշատը ցանկանում է կարդալ հենց ճգնաժամի մասին, ծանոթանալ տնտեսական վերլուծություններին և ստանալ իրավիճակից դուրս գալու դեղատոմսեր, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել տնտեսական նոր իրավիճակում։
Կրպակավաճառները ևս փաստեցին, որ նվազել է թերթերի ու ամսագրերի սպառումը։ Առավել պակասել են շքեղ կազմերով, այսպես կոչված, «գլամուրային» ամսագրերի գնորդները։ Եթե մարդիկ թանկարժեք հագուստի և օծանելիքի գումար չունեն, ապա դրանց մասին կարդալու կարիք էլ չկա։
Հասարակական-քաղաքական թերթերին հուսադրում է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունը։ Ընտրությունները սովորաբար աշխուժացնում են խմբագրությունների առօրյան` հնարավորություն տալով գովազդի միջոցով համալրել սեփական բյուջեները։
Տիեզերական արագությունների մեր ժամանակներում ինֆորմացիայի պահանջարկը հսկայական է, և ֆինանսական ճգնաժամն է՛լ ավելի է մեծացնում այն։ ՈՒստի համոզված ենք, որ լրատվամիջոցները կհաղթահարեն այս դժվարությունը ևս։ Այլ հարց է՝ ինչպե՞ս և ի՞նչ կորուստների գնով։ Այդ մասին՝ ճգնաժամից հետո։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4398

Մեկնաբանություններ